Խրճիթ
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Խրճիթ
Գետի է՛ն կողմ, լեռան վըրա
Կանաչ անտառն աղմըկում.
Լեռան տակին, գետի ափին
Մի խըրճիթ է երևում։
Այն անտառում երգ է երգում
Բըլբուլն անուշ, բարձրաձայն,
Այն խըրճիթում կին է ապրում
Այրի, ջահել, մեն-միայն։
Եվ այդ գիշեր—- կես գիշերին
Պետք է կըտրիճ, տաքարյուն
Ջահել մի տղա ջահել այրուն
Գար անպատաճառ տեսության…
Ուշ գիշերին ձուկ էր որսում
Ձկնորսն գետում թոռ գըցած.
Քեֆ անելու, գիշերելու
Դեպի խըրճիթ նա լողաց։
«Ա՛յ իմ ձըկնորս, ա՛յ իմ հոգյակ,
Մի՛ գար դու իմ օթևան
Իմ սկեսրարը տանն է այսօր,
Սիրելի չես դու նորան։
Մի՛ նեղանար ու ետ դարձիր
Ձըկնորսական քո տընակ.
Էգո՛ւց արի, մեկ տեղ ազատ
Մենք քեֆ կանենք մեն մենակ»։
— Ա՜խ, քամի՜ է, սաստիկ քամի,
Գիշերն է մո՜ւթ, ո՞ւր գընամ…
Լավ է այստեղ, գետի վըրա
Մինչև լուսը կը մընամ։
Ուշ գիշերին մի սովդաքար
Կես ճամփին էր մընացած.
Ճամփեն ծըռեց, ջահել այրուն
Գիշերելու նա գընաց։
«Ջան սովդաքար, ի՞նչով այրիս
Քեզ այս ժամին մեծարի…
Ո՛չ խրճիթն եմ վառել այսօր,
Ո՛չ խոտ ունեմ, ո՛չ գարի։
Լավ է, շտապես, դու գեղ գընաս,
Սանահերիս հյուր լինես.
Միայն, տե՛ս հա՜, էգուց ինձ գաս,
Աչքի՜ս վըրա տեղ ունես»։
— Գեղն հեռո՜ւ է, համ էլ խեղճ ձիս
Էլ շարժվելու հալ չունի.
Ես ամեն բան հետս եմ առել,
Հոգի՛ս, դու հոգս մի՛ անի։
Երեկ սաղ օր քաղաքն էի,
Այնտեղ առա ամեն բան.
Ահա վաղուց քեղ խոստացած
Ե՛վ իմ ընծան պատվական։
«Ա՜խ, չեմ ուզում ես քո ընծան…
Հա՛մ քեֆըս չէ իրա տեղ.
Գըլուխս սաստիկ ցավ է բըռնել.
Սանահերիս գընա՛ գեղ»։
— Է՛հ, էդ ցավը դատա՜րկ բան է,
Ես ճար ունեմ քո ցավին.
Երկու խոսք է, կասեմ, ձեռաց
Ցավըդ կանցնի, իմ անգի՛ն։
Ահա՛ շողաց լույս ու կըրակ
Ջահել այրու խըրճիթում.
Նա թանկագին իր հյուրերին
Արդեն հաց է պատրաստում։
Ձըկնորսի հետ հացի նըստած՝
Քեֆ է անում սովդաքար.
Պատուհանից աչք չի պոկում
Կըտրիճ տըղան՝ սիրտը վառ…
— Ձըկնո՛րս ախպեր, գինի խըմիր,
Հա՛մ ինձ ածա, հա՛մ այրուն.
Թե շնորհք ունես, վե՛ր կաց. մեկտեղ
Պար գա՛նք, երգե՜նք ես ու դուն։
Ես սիրում եմ միշտ մարդու հետ
Ջա՛ն ասել ու ջա՛ն լըսել.
Ձեր փեշակն է— որսը բըռնել,
Մեր փեշակը— որս գընել…
Դե՛, խնդրում եմ, հետըս վարվի՛ր
Պա՜րզ, հասարա՜կ, եղբոր պես.
Ամեն մի լավ, բարի մարդուն
Այ ի՛նչ խրատ եմ տալիս ես.—
Երբ դարդ ունես— դարդ մի՛ անի,
Երբ գործ ունես— գործ արա՛,
Իսկ տեդն եկավ— էդ երկուսն էլ
Մոռացի՛ր ու քե՜ֆ արա։
Ու ըսկսեց սովդաքարը
Ձըկնորսի հետ հա՛ երգել,
Հա՛ պար գալով՝ ջահել այրուն
Հա՛մ պաչպըչել, համ գըրկել…
Չըհամբերեց կըտրիճ տըղան,
Սիրտն ու հոգին կրա՛կ առավ.
Աչք ճըպելում՝ դուռը բացեց,
Կայծակի պես նե՞րս թըռավ…
Եվ այդ օրից էլ խըրճիթում
Մարդ չի ապրում… Նա միա՜յն
Եվ ամայի՜— լոկ բըլբուլն է
Շուրջը երգում բարձրաձայն…