Ես քո ես-ն եմ, իսկ իմ ես-ը չգիտեմ որտեղ
է։ Ես վառվում եմ մինչեւ վերջ, որ հուշերդ
անթեղելու համար ունենաս
մոխիր։
Ծաղիկ մի նվիրիր, վիրավորական է, թող նվիրվի ինքը՝
ծաղիկը, քանի որ նվիրվելն ավելին է, քան ծաղիկը։ Օդը
շնչառություն է խոտերի եւ ծաղկած
ջրվեժների։
Մի մեկնաբանիր խոտը (կամ՝ խոսքը), այն փչանում է, աղջկան մի՛ ասա՝
սիրում եմ, նա կորցնում է իր սերը։ (Մեկնելուց առաջ՝ գիշերը
մութի վերջին ծվեններով արքունիքում փաթեթավորում էր արյունոտ
մի գլուխ)։
Ես դավաճանում եմ քեզ անվերջ, որ առավել խորը տանջվեմ,
որովհետեւ վրձնի ծայրին քարն աճում է, եւ քեզ համար
տառապելը քեզ սիրելուց ավելի եմ
սիրում։
Ես քո ես-ն եմ եւ ինձ ճանապարհից ոչ պակաս ձգում են
ճանապարհի քարերը, որոնց մեջ բնակվում է հեռուն։ Քարերը,
պարզվում է, ավելի հոգի ունեն, քան
չունեն։