Քարի շնչառությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ծաղիկ մի՛ նվիրիր Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Քարի շնչառությունը)

Վարդան Հակոբյան

Կրկնություն
ՔԱՐԻ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ


Հրեշտակների թեւերից ընկած ճերմակ հրդեհ է
Արարատի ձյունը, եւ
քարի շնչառության մեջ կենդանանում է մի ասպնջական ծաղիկ։

Վարուժանի երգը խրվել է ձյունի մեջ՝
Ակուռի գյուղից վեր,
այնքան խորը, որ բառի ծայրն արդեն դիպչում է
Նոյան տապանից մնացած տախտակե լաստերին։

Բոլորն ուզում եմ տուն հասնել,
բայց ոչ ոք ճանապարհը չգիտե։
Սովյալ ժամանակները ներսից
ուտում են
թոնրի պատերը։

Քաղաքական խաղերը, երբեմն հրդեհին կուլ գնացողի
 անզոր ոստոստումներ են հիշեցնում։ Հիմա, երբ հայ-
ազերական սահմանի վրա, երկու կողմերի միջեւ, խրամատներն են ձգվում՝
գնդակների հետ,
խաղաղությունը հավանական է ավելի, քան այն ժամանակներում, երբ
սուտ ու բռնակալ «բարեկամության» բառերն էին սավառնում օդում։

Վարժված շղթաները քայլում են
առանց ոտքերի ու ձեռքերի։

Վառեկները գիտեն, այդ Մարկ Տվենը չգիտե, թե երբ են անձրեւներ գալու։
Հայկական եղեռնի բոցը Կարսից ու Վանից բռնկվել է աշխարհով մեկ
ու ոչ մի ազգի չի շրջանցում (չէ՞ որ «Ամեն մարդ հայ է», Վ.Սարոյան),
սակայն ոչ մեկը չի ուզում կրակի ակունքը ճանաչել, իսկ լավան
վազում է։ Բոլորն ուզում են տուն հասնել՝
ոչ ոք ճանապարհը չգիտե։

Մասիսը մի օր՝
հայոց եղեռնի համար -
անպայման վրեժ է առնելու։

Հողմերը մեղմ ասվող երգեր են իմ մասին, գուցե նաեւ՝ վայրի
խոտերի, արահետների, արեւների տակ հալված-մոխրացած իմ պապի,
որն այնքան անմեղ էր շրջում Անիի սուրբ տաճարում՝ Անդրանիկի ու Չաուշի հետ,
որ նույնիսկ չէր էլ ճանաչում դեռ իր անսահման անմեղությունը, եւ
եթե անձրեւ էր անգամ աղերսում երկնքից՝ չէր մերժվում,
որովհետեւ գիտեր Աստծո հետ հաղորդության ճիշտ պահը։

Խնձորածաղկի ու զոդման կրակի պես սպիտակ է Մասիսի ձյունը, եւ
չեմ ուզում երկար նայել, որ
չվնասվեն ձեր աչքերը։

(Ի դեպ, երեկ հեռուստատեսությամբ հաղորդեցին,
որ Պետրարկայի գանգը՝ ինչ գեղեցկություն, գողացել են)։

Գագաթների քարավանը միշտ երկնքով է անցնում։ Ուղտերի
բեռը, ինչ խոսք, միայն աստղերը չեն սուտակե։ Իսկ
հոգում ունեցածը երբեք չի տեղավորվում ձեռքի մեջ։

Հրեշտակների թեւերից ընկած ճերմակ հրդեհ է
Արարատի ձյունը, եւ
քարի շնչառության մեջ կենդանանում է խիղճն աշխարհի։ Չարենցը
կանգնել է Կարսի կամրջին ու երգեր է ասում խելագար-խելագար, ապա
Կարինե Քոթանջյանին ձոնած տաղերը, թերթ առ թերթ, նետում է գետի ալիքների մեջ։