Jump to content

Ծաղիկ փերին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԾԱՂԻԿ ՓԵՐԻՆ

Ժամանակով երկու քույր են լինում։ Երեխա օրից մնում են որբ։ Մեծը սիրուն է լինում, աստղի նման պայծառ, стройн<а>, как колонна, բարեձև սյունի պես, ճոխ, ոսկեփայլ մազերով։ Իսկ փոքրը էնպես, ոչ լավ, ոչ վատ, լղարիկ, պստլիկ, մի քիչ էլ մի ոտի վրա կաղ։ Մեծ քույրը էնպես էլ նրա անունը դնում է Կաղլիկ։

Սրանք ունենում են մի պառավ տատ։ Նրա տանն էլ ապրելիս են լինում։ Էս պառավ տատին իսկի դյուր չի գալիս էդ ավել անունը ու մեծ թոռանը միշտ ասելիս Է լինում.

– Քեզ ի՞նչ է արել էս խեղճ երեխեն։ Մի՞թե ինքը մեղավոր է, որ կաղ է։ Ինչո՞ւ ես միշտ իր արատը միտը գցում։

– Ես ի՞նչ անեմ, եթե ճշմարիտ է, որ կաղ է։ Ես հո չեմ հնարել։ Ու հետն էլ ավելի էր ծաղրում, վրեն ծիծաղում։

Լավ կլիներ, թե բանը սրանով վերջանար։ Կաղը ուշադրություն չէր դարձնում քրոջ ծաղրին, կարծես իրեն չէր վերաբերում։ Բայց ավելի վատն էն էր, որ քույրը նրա <հետ> շատ վատ էր վարվում, էնպես էր հրամայում, կարծես թե իր աղախինը լիներ։

– Կաղլի՛կ, էս արա, Կաղլի՛կ, էն արա, Կաղլի՛կ, դեսը, Կաղլի՛կ, դենը․․․

Խեղճին ո՛չ հանգստություն էր տալիս, ո՛չ շունչ քաշելու ժամանակ, իսկ ինքը նստում էր ձեռները ծալում, որ կոշտ աշխատանքից չփչանային, և հայելուն էր նայում կամ լուսամուտից դուրս էր մտիկ տալիս։

Տատը շուտ–շուտ վրեն բարկանում էր.

– Էդ ո՞ւմ ես մտիկ տալի լուսամուտից։

– Թագավորի տղին։