Jump to content

Ծաղկածեծ կրունկների երգը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԾԱՂԿԱԾԵԾ ԿՐՈՒՆԿՆԵՐԻ ԵՐԳԸ


Աչքերս ընծայել եմ գիշերային ճանապարհին, դու կարող ես հանգիստ քայլել։
Առուն դաշտերի լսողությունն է,
գույնը՝ լույսի մրցարան,
մարմինս՝ սրինգ։

Ինչ լավ է, որ քո համաձայնությունը եւ չհամաձայնությունը
միասին են լինում. նրանց արանքում մի վարդ կա, դրանով
Եվան զարդարում էր չխուզված վարսերը,
որոնք թիկունքից հասնում էին բոբիկ ու ծաղկածեծ կրունկներին։

Հովը դաշտերի ծաղկարածն է,
լույսը՝ երգերի մառանը,
հոգիս՝ պահապան հրեշտակ։

Ես երկու ափ եմ։ Եվ գետը, որ բաժանում է ափերը, վաղուց
տարել է կամուրջը, ոչ ոք չի իմանում, թե՝ որտեղ։
Երկու թեւեր, առանց տերերի, անընդհատ թռչում են երկնքում։

Արեւ - նշանակում է՝ ես քեզ սիրում եմ,
չարեւ - չգիտեմ՝ ինչ է նշանակում, գուցե՝
հակառակը։
Երկինքը կախվել է ոչ թե դաշտի, այլ
մի աննշան փլվածքի վրա։ Պատուհանի բաց փեղկն անվերջ
խփում է քամու դեմքին եւ ջարդված լուսնի փշրանքներում
շողշողում է մի համաձայն ու բոբիկ երեկո։

Ճանապարհը անծանոթ հասցե է,
եւ քայլերը միայն
ընթերցանություն են սովորական։

Ճանապարհի անփոխարինելի ընկերը դարձյալ ինքը՝
ճանապարհն է։ Դուրս եկ անդունդից, ուր դեռ չես գլորվել,
քարե կարծր զանգվածները հունցիր
քո մատներով եւ,
քանի դեռ չես ուշացել, անպայման հասիր։