Գետը երբեւէ չէր հասնի, եթե չլինեին երկու
ափերի վրա նրան ուղեկցող ծաղիկները։
Ինչքան էլ հեռանամ,
քեզանից չի հեռացվում։
Մի՛ ասեք՝ լերկ ժայռն իր վրա վարդ ունի,
ասեք՝ վարդն իր արմատներից կախված հսկայական
ժայռն ինչպես է պահում՝ առանց հոգնելու։
Չեմ կարող տանել «օրենք» բառը, որի մեջ
անպայման ինչ որ ենթակայություն կա։
Աչքերիդ ետեւում կա մի անհայտ հայացք, որով
թեպետ դու դեռ չես նայել ինձ, սակայն
մեկ-մեկ ես տեսնվում եմ նրանով։
(Չեմ գրում,
ես պարզապես ամենուրեք նկարում եմ իմ աչքերը։ Իսկ երբ
բանաստեղծության մասին եմ խոսում, թող
չթվա ձեզ, թե որեւէ ծաղիկ, վայրկյան,
օձ կամ մեղու կարող է դուրս մնալ իմ ձայնից)։
Ես իմ ժամանակը ինձանից խլում,
տնտեսում եմ ձեզ համար, առեք՝ բառս։ Չեմ
հիշում հիմա՝ Սիմոնը՝ խաչը շալակին, Քրիստոսի
առջեւից էր գնում, հետեւից, թե՞ կողքից։ Նրանց դեմքերը,
թվում է, նույնը պետք է որ լինեին։