Jump to content

Ծառը կախվել է իր կենտ տերևից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԾԱՌԸ ԿԱԽՎԵԼ Է ԻՐ ԿԵՆՏ ՏԵՐԵՎԻՑ


Լացը տխուր երգ է, երգը՝ ուրախ լաց։ Վիշտը միակ վայրն է, որտեղ
երկրագնդի բոլոր մարդիկ հայրենակիցներ են։ Մանավանդ, երբ չես քայլում՝
չկա ճանապարհը, իսկ ծաղիկը կայանում է այն պահին, երբ պոկում ես։

Առաջնորդում են մեզ հաճախ դիպվածները։ Այդ ովքե՞ր են անուղղելի հավատացած, թե
միակ ճիշտն իրենց ընտրած ուղին է։ Ծառ է նաեւ այն, ինչ ծառ չէ, իսկ
Դեկարտը-կասկածի փիլիսոփան-զբոսնում է ոչ թե ծառի, այլ «ինչ ծառ չէ»-ի տակ։

Չկա ճշմարտություն, կա միայն պատկերացում, թե կա ճշմարտություն։ Թե արեւի լույսը, իբրեւ,
ութ րոպեում է երկիր հասնում։ Ցանկացած հանդիպման մեջ նստած է հա-
սունացող հրաժեշտի զգացողությունը։ Մի՛ արի։ Ամեն գալ՝ գնալ է։

Մառախուղը բնակվում է լույսի մեջ։ Անկործանելի։ Աշխարհում ոչինչ
ոչ մեկինը չէ։ Խավարը վերցնում է գույները, լույսը՝ վերադարձնում։ Այն, ինչ որոշ է՝
անցյալ է, այն, ինչ տեսնում ենք... Բայց ինչու ենք խաբում մեր չխաբվող աչքերին։

Գույները հառնում են բույրերից։ Տիեզերքի մասնակցությամբ։ Եռանկյուն շրջանագիծ։
Եվ ես կորցրել եմ, թեպետ չգիտեմ, թե ինչ։ Ես քեզ տեսնելով՝
հաստատում են աչքերս, իմաստավորում լույսը։ Բառերն աչքեր են։

Տերեւից, քարից, մութից, ցավից, չգիտեմ՝ էլ ինչից ստեղծում եմ ժամանակը
լույսի։ Երկնքի սպիտակ էջից հեռացնում եմ մառախուղը։ Իսկ ծառն
օդում պահվող իր կենտ տերեւից կախվել է հասակով մեկ։