Jump to content

Ծեգից մինչեւ մութ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ծեգից մինչեւ մութ շրջում ծմակում,
բերում էր հայրս ծառերը վայրի,
տնկում մեր բակում,
պատվաստներ անում մորս գեղեցիկ,
մորս աննման, տաք ժպիտներից.
եւ գերդաստանով ունենում էինք,
մի ճոխ ու շքեղ, աննման այգի։

Ծեգից մինչեւ մութ շրջում անտառում,
բերում էր հայրս մեղուներ վայրի,
մեր մեղվանոցում փեթակավորում,
եւ մեղուները հարսնանում էին,
ձագ էին հանում,
մեր տան տաք սիրո ծաղկունքին իջնում
ու լցնում էին մոմաթերթերը
իմ կիսավայրի ու գիժ մանկության։

Ծեգից մինչեւ մութ շրջում հանդերում,
բերում էր հայրս քարերը վայրի,
մեկը դնում էր պատին մեղվատան,
մեկը դնում էր պատին թոնրատան,
մեկը մեր բակում նստարան դարձնում,
մեկով նորոգում կրակատեղը.
եւ մանուկներիս սիրով քարերը
դառնում էին միշտ մերն ու ընտանի.
(քարերն այդ հիմա հիշում եմ այնպես,
ինչպես կարող ենք հիշել մեկ-մեկու)։

Ծեգից մինչեւ մութ... Հիմա ապրում է
հայրս քաղաքում։ Մռայլ էր այսօր,
ՈՒզեցի ասել, խոսել, հարցնել,
նա շատ կարճ կապեց.
- Հենց որ գարունքվա քիթը դուրս եկավ,
էլ հարցնողն ո՞վ է,
գյուղ եմ գնալու,
տղա է՝ մեկը մի բերան խոսի։