Ծերացել է մայրս արդեն,
ճամփա տվեք ծեր մայրիկիս,
Օգնեցեք, որ մայթը անցնի,
իմ ձեռքերով բռնեք ձեռքից,
զգույշ, դուք էլ, էյ, վարորդներ,
մայր է անցնում երբ փողոցով՝
որդիների ու ձեր որդոց
համար դարձած բարության ծով։
Նա թռչկան է եղել մի օր
եւ վարսերը սեւ են եղել,
ճամփաներ է բացել բազում,
սանձել քանի սամում, հեղեղ
ու թե պետք էր՝ ուրագն առնել,
տղամարդ է դարձել հաճախ,
ջինջ է պահել պատիվն իմ հոր,
շենացրել տուն ու օջախ։
Ու երբ գալու լուրից առաջ
հայրս տուն է վերադարձել,
մորս դեմքին հազար ու մի
արշալույս է մեկեն բացվել,
եւ ես նրանց սիրով թաքուն,
գորովանքով նվիրական,
ձգվել դեպի երանություն
ու լցվել եմ այնքան, այնքան։
Գարնան անխաբ օրվա միջով
վերընձյուղվող հասկի նման,
կանաչության հմայքը սուրբ
նա փոխել է ոսկով ամռան,
հատիկ-հատիկ լուսարձակել,
մեզ պահել է իր հայացքում.
որ մեր հոգին միշտ ջինջ մնա՝
որպես կաթը կանաչ հասկում։
Հարսնատեր է, սակայն հլու
հարս է մնում մայրս էլի.
ծայրը ծայրին բերում, մերում,
լույս է դառնում անմարելի,
նա չի հոգնում կյանքում երբեք,
ոչ մի անգամ նա չի հոգնել,
իր հոգնելուց ամաչում է,
երբ փորձում ենք նրան օգնել։
Ծերացել է մայրս արդեն,
ճամփա տվեք ծեր մայրիկիս,
Օգնեցեք, որ մայթը անցնի,
իմ ձեռքերով բռնեք ձեռքից,
զգույշ, դուք էլ, էյ, վարորդներ,
մայր է անցնում երբ փողոցով՝
որդիների ու ձեր որդոց
համար դարձած բարության ծով։