Իմ թխպամած հավատի պես օրն ուր-որ է պիտի բացվի,
հարցում անի ինքն իրենից ու նրանցից, որ հեռացան՝
բզկտվելով արդարության պես համառող ու անձանձիր,
մի տեղ դրոշ, մի տեղ մոխիր, մի տեղ ակունք ու հուր դարձան։
Օրը պիտի հարցում անի, ի մի բերի «կան ու չկան»,
արեւի շուրջ պիտի ծագեն նոր առօրյա ու նոր լեռներ։
Նրանք, որոնք էլ չեն գալու հար-հավիտյան, էլի՛ կգան,
ճշմարտության հետ թեւանցուկ կելնեն մեկտեղ ու կհառնեն։
Ու կբացվի սրտամեջս, ինչպես վանքի դուռն է բացվում
մեծ հավատի, հյուրի՛ առաջ - ճռնչալով ցավի նման...
Ես կբռնեմ շողն արեւի՝ զանգի լեզվակ երկնի ծոցում-
ու կզրնգա աշխարհով մեկ հիմնը լույսի, արդարության։