Ծիծաղ (Մատթեոս Զարիֆյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ոսկի վտակ Ծիծաղ

Մատթեոս Զարիֆյան

Կարեկցություն


Ծիծաղ


Գիշերի գույն անձկություն մը զիս կը խեղդե.
Ալ չեմ կրնար այս ափունքին վրա շնչել.
Մենությունը տակավ դագաղ մը կը դառնա,
Ալ չե՛մ կրնար...

Կարծես հուժկու և սառնեղեն մատները ծեր Ձանձրույթին
Կը գալարվին քանի օր է, նիհար վզիս միսերուն շուրջ.
Ու կուրծքիս վրա, ինձ կը թվի,
Լռությունը իմ մենավոր տնակիս,
Ուրվականի ձևեր առած,
Կապարի պես ծանր ոտքով մը կը ճնշե.
Ալ չե՛մ կրնար...
Ո՞ր չար ոգին այսպես ուժգին զիս կը սարսե.
Ուսերուն վրա հիր պարեգոտ մ’հողմածածան,
Հիմարության դեղին բաժակը ձեռքին՝
Ո՞ր չար ոգին...
Շրթունքներս կգունատին,
Ալ չե՛մ կրնար.

Ահ, ի՜նչ բոսոր մայրամուտ է.
Արյունի գույն, ծիծաղի գույն մայրամուտ է.
Այնպե՛ս լավ, է, այնպե՛ս լավ է,
Ծիծաղ մ’հոգվույս մեջ կը նավե...
Կրնա՛մ, կրնա՛մ,
Բե՛ր արբենամ՝
Դեղին բաժակը շրթներուս...
Նետե՛, նետե՛ հիր պարեգոտդ ուսերուս...