Jump to content

Կաթնամար աղբյուրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Մատը տարավ շուրթին եւ ցավ զգաց Սարգիսիկը։ Ծարավից շուրթը ճաքել էր։ Նայեց շուրջը։ Երաշտից հողը չորացել էր։ Թռչունները թփերի մեջ նվաղել էին։ Փորձեց քայլել դեպի Դերունց աղբյուրը, բայց կածանի վրա տեսավ եղնիկի մի ձագ, որի խոշոր-խոշոր աչքերում այնքա՜ն վիշկ կար։

-Ասենք՝ ես գնացի, աղբյուրից ջուր խմեցի,- մտածեց Սարգիսիկը,- բա այս եղնիկը, այս հավքերը, այս ծաղիկները ո՞նց պիտի անեն...

Այսպես, տարված մտքերով, քայլում էր, երբ այս ու այն կողմերից ձայներ լսվեցին։

-Սարգիսիկ, օգնիր մեզ, էլի,- բուրում էին ծաղիկները,- ծարավից հանգչում ենք։

-Սարգիսիկ, օգնիր մեզ, էլի,- ծլվլում էին թռչունները,- ծարավից մեռնում ենք։

-Սարգիսիկ, օգնիր մեզ, էլի, - սվսվում էին ծառերն ու թփերը,- ծարավից տոչորվում ենք։

-Սարգիսիկ, օգնիր, էլի...,- բայց չէ, եղնիկի ձագը խոսքը մինչեւ վերջ չի կարողանում ասել։

Եվ Սարգիսիկը եղնիկի ձագին փաղաքշաբար հարցրեց.

-Ո՞ւր է քո մայրիկը...

Մի կերպ բառերն իրար բերեց եղնիկի ձագը.

-Որսորդները սպանեցին...

Սարգիսիկն իր ծարավը մոռացավ։ Տխրությունից ու զայրույթից չգիտեր, թե ինչ աներ։ Եվ հանկարծ այնպիսի մի անհաղթելի ուժ զգաց իր մեջ։ Հիշեց Վարդան պապիկի խոսքը. «»Երբ ընդերքում ջուր է լինում, ունկդ դիր հողին՝ կլսես... Դա աշխարհի ամենալավ երգն է»։

Սարգիսիկը ականջը դրեց հողի վրա, որ ընդերքի ձայները որսա՝ արդյո՞ք ջրի մեղեդիներ չկան։ Եվ զգաց, որ հողի խորքերում ջրի շշուկներ կան։ Իսկույն թեւքերը վեր քշտեց Սարգիսիկը, ձեռքերը մեկնեց եւ դիմացի հսկայական ժայռը տեղից շարժեց, կամաց-կամաց հրեց մի կողմ։ Միանգամից աղբյուր բխեց այնտեղից՝ այնքան վարար, այնքան մաքուր, ջուրը՝ սիպ-սպիտակ։

Բոլորը կարծում էին, թե դա սովորական աղբյուր է։ Մինչդեռ այդպես չէր։ Որ հավք, որ ծաղիկ, որ եղնիկ կամ վայրի կենդանի ջուր էր խմում այդ աղբյուրից, էլ նրան որսորդի գնդակ չէր դիպչում։ Եվ գիտե՞ք՝ ինչու։ Որովհետեւ երբ նրանք ջուր էին խմում այդ աղբյուրից, դառնում էին անասելի ուժեղ եւ արագասլաց, էլ նրանց ետեւից գնդակ կհասնի՞։ Բայց դա դեռ բոլորը չէ։ Պարզվեց, որ մորը կորցրած եղնիկի ձագը դեռ կաթնակեր է։ Ահա թե ինչու ջուրը այնքան ճերմակ էր։ Փաստորեն ջրի փոխարեն կաթ էր հոսում։ Եվ աղբյուրը կուրծք տվեց եղնիկի ձագին, մեծացրեց։ Չե՞ք տեսել, ծաղիկներից շատերի ցողուններում էլ ջրի փոխարեն այդ աղբյուրի կաթն է։

Այս ամենը ե՞րբ է եղել։ Ոչ ոք չի կարող ասել։ Բայց որ այդ օրվանից ջուրը կոչվեց Կաթնամար աղբյուր, սա արդեն բոլորիս քաջ հայտնի է։ Տեսնո՞ւմ եք՝ ինչեր կարող է անել մեր Սարգիսիկը՝ Հարութի, Նարեկի եւ Տիգրանի փոքր եղբայրը։ Բա՞։ Նա այդպիսի տղա է։