Jump to content

Մոծակը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Մոծակը պղտոր ճահճահայելում տեսավ իրեն եւ ուրախությունից «թեւեր» բուսան.

-Վայ, ես կնճիթավորների ցեղից եմ, չգիտեի։

Իսկապես, երկար-երկար կնճիթ ուներ Մոծակը, դա էլ բավական էր, որ նա փղերի շարքն անցնի։ Մեկ այս փղի ականջի տակ էր բզզում, մեկ այն, մեկ մյուս... Բայց իր տոհմական փեշակը՝ խայթելը չէր թողնում, թեպետ նրա խայթն ինչ պիտի աներ փղերին, մանավանդ, որ արդեն իմունիտետ էին ձեռք բերել։ Փղերը, սակայն, այդպես էլ չճանաչեցին նրա «փղությունը»։

Կատաղեց Մոծակը, թույնը լրիվ դեմքին տվեց, ինքն իրենից դուրս եկավ։ Իր փիղ չլինելու վրեժը որոշեց առնել փղերից։ Մի օր էլ, երբ ճահճաջրի հայելում տեսավ իր «թեւերը», զարմանքից քար կտրեց.

-Վա՜յ, էս ինչ թեւեր են... Չէ, ես ռազմական ռմբարկու եմ... Գնամ փղերին կոտորեմ։

-Բայց ինչո՞ւ փղերին...

-Եթե մոծակների վրա ռումբ գցեմ՝ կոտորեմ, դրանից ի՞նչ,- փղերից ունեցած իր ժառանգական դժգոհությունը թաքցրեց Մոծակը,- պիտի փղերին կոտորեմ, որ տեսնողն ասի՝ տես ի՜նչ ուժ ունի, հա՜...

Ու այդ օրվանից, ասում են, մինչեւ հիմա Մոծակը որտեղ փիղ է տեսնում, «հարձակվում է», ականջի տակ բզզում ու արագ անցնում՝ իրեն ռմբարկուի տեղ դրած... Ճիշտ է, հաճախ տարբեր ձայներ է հանում, տարբեր ձեւեր ընդունում։ Օրինակ, մեկ էլ տեսար վնգստում է շան նման (շան էն փոքրիկ տեսակը, ֆոքստեյրերը չի, չէ, ավելի փոքրիկ, Տերյերը, էն, որ գրպանում են դնում նույնիսկ), մեկ հոնորարահաչ է տալիս, հաճախ չախկալ է դառնում ու կաղկանձում, ոռնում, մարդկային լացի ձայներ հանում, հաճախ էլ թռչող օձի կերպարանք է առնում... Բայց մեկ է, մի շփոթեք ոչ մի շունչ-կենդանու հետ, տոհմիկ Մոծակ է...