Jump to content

Կակաչ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿԱԿԱՉ


Հովը նվաղեց կրծքին կակաչի-
Կակաչն արեւի հալոցք ու հուր է,
Իսկ դեմքի վրա վառվող կակաչի՝
Ի՞նչ կակաչ, ի՞նչ խալ՝ աստղի համբույր է:

Հովի շուրթերը շիկնել են հրից,
Շուրթի կարմիրը կմատնի նրան.
Ու նա արբեցած փախչում լեռներից,
Փռում է երգն իր ձորերի վրա...

Գիշերը անցնում, մաքուր սիրո պես
Կակաչի ներսում փոխվում է լույսի.
Այդ պահին նրա սրտին թե նայես,
Թվում է, ոչ մի սեւ բիծ չես տեսնի...