Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 12, 2017 թ.

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հայկական ժողովրդական հեքիաթ՝ «Սումբաթի հեքիաթը»

Ժամանակով մի բազրգյան կար, շատ հարուստ էր։ Դրան ուներ մի տղա՝ անումը Սումրաթ։ Էդ բազրգյանը քառասուն չրաղ ուներ, երոր էթում էր խրդի, քառասուն եզի բեռ էր բռնում, քառասուն չրաղին էլ հետը տանում էր։ Երոր Սումբաթը էլավ տասնութ տարեկան, հերը դրան պսակեր, մի սիրո՜ւն, փնփո՜ւշ, սիպտակ աղջիկ ուզեց, կասես թե՝ նոր էկած ձին ըլներ: Մի քանի տարուց եդը Սումբաթի հերն էլ մեռավ, մերն էլ մեռավ: Սումբաթը մնաց մենակ։ Սումբաթն էր՝ առավոտն էթում էր դուքան, օրական էրկու, իրեք անգամ գալիս էր կնկանը մտիկ էր անում, էթում էր, ընքան սիրում էր։ Մի օր էկավ տեհավ՝ իրանց քառասուն չրաղն էլ իրանց դռանը նստած են։

Եբոր հասավ դրանց, բարև տվեց։— Խի՞ եք դռանը նստել, խի՞ չեք նեքսև էթում։

— Դու տանը չիր, մենք էլ խանըմի հետ անծանոթ ենք:

— Վե՛ կացեք, է՛թանք տուն։

Վե կացան, գնացին նեքսև: Հաց բերեցին, նստեցին կերան, Սումբաթն ասեց.— Խե՛ր ըլնի ձեր գալը։

Ասեցին.— Էկել ենք, որ ո՛նց որ քու հերը մեզ մտիկ էր անում, ընենց էլ դու մեզ մտիկ անես:

Ասեց.— Ես ախար մենակ եմ, չեմ կարա, օրական իրեք անգամ գալիս եմ տուն, կնկանս մտիկ եմ անում, թողում էթում դուքանը, ես ո՞նց կարամ թողա, ըստիան էթա: Քառասուն հոգի եք էկեք ամեքիդ հինգ հարուր մանեթ տամ, գնացեք ձեզ հմար ապրեք:

— Ախար չէ՞ նաղդ փող ա, կտանենք, կփչացնենք, կմնանք քու մոտին ամոթով։

Կնիկն ասեց.— Դրուստ են ասում, նաղդ փող ա, հինգ շահի մեկին, տասը շահի մեկին, կփչանա կէթա:

— Լա՛վ, ամեքիդ հազար մանեթ կտամ, գնացե՛ք։

Ասեցին.— Մեկ ա, էլի կփչացնենք, կմնանք ամոթով քու կշտին, ոնց որ քու հերը մեզ պահպանել ա, ընենց էլ դու պտի պահպանես։

Կնիկն ասում ա.— Դրուստ են ասում, նաղդ փողը կտանեն, կփչացնեն, գործ տո՛ւ, գո՛րծ: