Jump to content

Վիքիդարան:Շաբաթվա ստեղծագործություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Գիտեի՞ք որ

«Շաբաթվա ստեղծագործություն» նախագծի նպատակը ամեն շաբաթ Հայերեն Վիքիդարանում գլխավոր էջում որևէ ստեղծագործության ընդգրկումն է։

Նախագիծը վերահսկվում է GeoO (քննարկումներդրում) մասնակցի կողմից։ Եթե ինքներդ ցանկանում եք ակտիվ մասնակցություն ունենալ, ապա հայտնեք ձեր ցանկության մասին նախագծի քննարկման էջում։

↱ ՎԴ:ՇՍ

Նախագծի ենթաէջեր

Կաղապարներ

Վերահսկող մասնակիցներ

Այս շաբաթվա էջը

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 52, 2024 թ.

Շաբաթ 1

Վահան Թոթովենց՝ «Հրկիզված թղթեր»

Նա բարձրացավ քաղաքների փողոցներից և գյուղական դաշտերից՝ ինչպես վարարուն հեղեղը դարավոր երաշտից հետո։

Նա բարձրացավ, երբ ժողովրդական մասսաները տկլոր էին, քաղցած ու մռայլ։

Երկրի ամենատիպական ֆիգուրան որբն էր՝ բազմագույն և բազմահազար։

Առուները չէին երգում, և խաղողի ողկույզները կախվում էին միայն հին մատուռների քարերի վրա՝ անշող ու անարյուն։

Սրածություն էր հին այս երկրի սահմանների վրա և սահմաններից ներս։

Թռչունների երամները, ահաբեկված երկրի մթին երկնակամարից, փախել էին դեպի ավելի լուսավոր երկրներ։

Մուրացկանությունը դարձել էր օրինական, և ձեռքերը կարկառվում էին անդողդոջ ու համառ։

Թնդաց «Ինտերնացիոնալը»։ Ժամանակը հանկարծ շրջվեց, ցեխի մեջ խրված անիվներն սկսեցին դառնալ կատաղի թափով, գյուղացու ճակատի վրա փայլեց քրտինքի կաթիլը՝ ինչպես աստղը մռայլ երկնքում, փոկերը շարժվեցին, և շչակները ձայնեցին լուսաբացը։


Շաբաթ 2
Կոմիտաս՝ «Ձմեռնամուտ»

Երբ երկիրը պատեց
Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,

Ճերմակ-ճերմակ ու թիթեռնիկ-թիթեռնիկ,
Ձյունիկն իջավ արծաթ երկնքով,
Եվ երկիրը պատեց։

Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,
Հողիկը շիջավ ոսկի երկունքով,
Եվ աչուկները փակեց։

Արգանդ-արգանդ ու դարավանդ-դարավանդ,
Ջըրիկը պառկեց հողի գրկին,
Եվ ըստինքը սառեց։

Մարմանդ-մարմանդ ու ադամանդ-ադամանդ
Արևը զարկեց պաղի սրտին,
Եվ աստղուկները շարեց։


Շաբաթ 3
Ատրպետ՝ «Տժվժիկ»

Սրանից շատ տարի առաջ Էրզրումի մեջ ապրում էին տնանկ Ներսես-ախպարն ու մեծ կարողության տեր Նիկողոսաղան։ Վերջինս Կ. Պոլսում երկար ապրած լինելով՝ լավ հունարեն գիտեր, այդ պատճառով էլ կարնեցիք նրան մյուս Նիկողոս-աղաներից զանազանելու համար Ուռում-Նիկոզոս էին կանչում։

Ներսես-ախպարն էլ ժամանակին շատ հարուստ է եղել մեծ օջախի որդի, խոսքը փաշաների, վեզիրների քով անց, բայց չարաչար ձախորդությունների է հանդիպել։ Նրա ապրանքների քարավանները Կ. Պոլսի, Դամասկոսի ճանապարհների վրա ավարի են մատնվել ավազակների ձեռքը, նավերը Սև ու Միջերկրական ծովերում ծովահենների ձեռքն են անցել, ոչխարների հոտերը քշել տարել են, իսկ քաղաքում ունեցած ապրանքների մթերանոցները և հացի շտեմարանները կրակի են տվել, վառել նրա հակառակորդները։ Այնպես քայքայվել էին նրա մյուլքերը, խաները, խանութները, որ բոլորի հիմքն արեգակն էր ելել, այս ու այն եկել, բռնի տիրացել ու իրենց համար կալվածներ էին շինել։ Ներսես-ախպարն այնպես մոլորվել, այնպես հուսահատվել էր, որ ամեն բան՝ ապրելը, կյանքն անգամ աչքից ընկել էր, զզվել չարասիրտ դրացիներից և տանջանքով քաշքշվում էր։


Շաբաթ 4
Հովհաննես Թումանյան՝ «Հոգուս հատոր...»

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում։


Շաբաթ 5
Վահան Թոթովենց՝ Մի կարճ և պարզ պատմություն

Նվեր ամերիկահայ բանվորներին

Երբ գարեջրի սառը բաժակները դատարկեցինք, իմ բարեկամը երկար մի շունչ քաշեց, հոգնության մի երկար շունչ, որ կարծես ծնունդ է առնում ճարճատող ոսկորների խորքից։

— Երևի ճանապարհորդությունը քեզ շատ է հոգնեցրել,Պիտր,— ասացի,— մի՞՛թե երրորդ կարգով եկար։

— Ո՛չ,— պատասխանեց Պիտրը,— Նյու-Յորքից մինչև Պոլիս և Պոլսից մինչև Նյու-Յորք ճանապարհորդել եմ առաջին կարգով, հանգիստ, ուրախ և առողջ։

— Բայց քո հոգոցը լայն հոգնություն է արտահայտում,– հարցրի։

— Այո՛, հոգնած եմ,— ասաց Պիտրը,— հոգով հոգնած եմ, կարծես դատարկված եմ, անսահման պարապություն եմ զգում։

Թուխ գարեջրի երկրորդ բաժակը դատարկեց Պիտրը և աչքերը հառեց հեռուն, կարծես մի պանորամա էր դիտում։

— Ի՞նչ ես դիտում,— հարցրի։

— Անցյալս եմ դիտում,— պատասխանեց Պիտրը։

Ես լռեցի։ Պիտրը շարունակեց․ 90 թվականներին ես փախա Թուրքիայից և երկար թափառելուց հետո հասա Եգիպտոս։ 17 տարեկան էի այն ժամանակ, թռվռուն և ուրախ, ինչպես մի քուռակ։ Երկրում նոր էի հնչակյան գրվել, պատրաստ էի ամբողջ կյանքս զոհել այս կուսակցության նպատակների համար Թուրքիայում։

(շարունակություն․․․)


Շաբաթ 6
Շուշանիկ Կուրղինյան
Նամակ Հովհաննես Մալխասյանին
23 հունվարի, 1907 թ․
Ռոստով֊Դոն


Հարգելի պ. Հովհ․ Մալխասյան․

Ուրախ եմ թերթիդ հաջողվելուն։ Ցանկանում եմ ուժ և տոկունություն այդ վսեմ ասպարեզում՝ որը հանդիսանալու է մի բուռն կեղծված և հարստահարված թշվառների <համար> որպես մի մտավոր փարոս, որպես գաղափարական նեցուկ։

Որպես բարեկամ, թույլ եմ տալիս ինձ Ձեզ խորհուրդ տալու, որ թերթը այնպիսի հիմքերի վրա դնեք, որ չլինի «ոտքերը-կապած, ձեռքերը-շղթա․․․»։ Կյանքի և մտքի այժմյան տեմպերամենտի պահանջները լա՜յն են․․․ ազա՜տ, ըմբոստ․․․ ուստի քիչ թե շատ, այսպես թե այնպես նորածին թերթը պիտի ձևվի նրանց չափերին համեմատ, հարմար։

Խուսափեցեք նեղ, սահմանափակ տենչերից, շատ լոզունգների հետ, որոնք Ձեր սրտին մոտ են, դրեք և այս «Пусть будут все живущие существа свободны от страданий․․․»։

Վերջապես քաջ եղեք, հառաջ տարեք առանց վհատվելու խոչընդոտներից։


Հարգանոք՝
Շուշանիկ Կուրղինյան

(շարունակություն․․․)


Շաբաթ 7
Հովհաննես Թումանյան

Հայոց վիշտը

Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին...
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:


Շաբաթ 8
Վահան Տերյան

Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...


Շաբաթ 9
Վահան Տերյան

Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...


Շաբաթ 10
Հովհաննես Թումանյան

Լինում է չի լինում՝ մի խեղճ մարդ, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թէկուզ սպաննէիր։ Օրը մինչեւ իրիկուն կնկայ կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Էս Վախկոտ Նազարը մի գիշէր կնգայ հետ շէմքն է դուրս գալի։ Որ շէմքն է դուրս գալի՝ տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս-լուսնեակ գիշեր՝ ասում է․

— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարւան կտրելու գիշէր է՜․․․ Սիրտս ասում է՝ վէր կաց գնա Հնդըստանից եկող Շահի քարւանը կտրի, բէր տունը լցրու»․․․

Կնիկը թե.

— Ձէնդ կտրի, տեղդ նստի, քարւան կտրողիս մտիկ արա․․․

Նազարը թե.

— Ա՛նզգամ կնիկ, ինչո՞ւ չէս թող անում ես գնամ քարւան կտրեմ բերեմ տունը լցնեմ։ Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակւում ես իմ առաջը խօսես։


Շաբաթ 11
Եղիշե Չարենց

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
Կապույտ երկնքի խորությամբ արբած։
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը— բաց։
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին
Ոլորապտույտ մեր առաջ փռված։

Եվ վերջին անգամ նայեցինք մենք ետ,
Ուր ոչինչ չկար մեզ համար դյութիչ.
Անցյալը կորել, ցնդել էր անհետ,
Որպես երազում արձակած մի ճիչ։
Ո՛չ մի տխրություն չէր ճախրում մեզ հետ՝
Կախարդել էր մեզ առավոտը ջինջ։


Շաբաթ 12

Հայկական ժողովրդական հեքիաթ՝ «Սումբաթի հեքիաթը»

Ժամանակով մի բազրգյան կար, շատ հարուստ էր։ Դրան ուներ մի տղա՝ անումը Սումրաթ։ Էդ բազրգյանը քառասուն չրաղ ուներ, երոր էթում էր խրդի, քառասուն եզի բեռ էր բռնում, քառասուն չրաղին էլ հետը տանում էր։ Երոր Սումբաթը էլավ տասնութ տարեկան, հերը դրան պսակեր, մի սիրո՜ւն, փնփո՜ւշ, սիպտակ աղջիկ ուզեց, կասես թե՝ նոր էկած ձին ըլներ: Մի քանի տարուց եդը Սումբաթի հերն էլ մեռավ, մերն էլ մեռավ: Սումբաթը մնաց մենակ։ Սումբաթն էր՝ առավոտն էթում էր դուքան, օրական էրկու, իրեք անգամ գալիս էր կնկանը մտիկ էր անում, էթում էր, ընքան սիրում էր։ Մի օր էկավ տեհավ՝ իրանց քառասուն չրաղն էլ իրանց դռանը նստած են։

Եբոր հասավ դրանց, բարև տվեց։— Խի՞ եք դռանը նստել, խի՞ չեք նեքսև էթում։

— Դու տանը չիր, մենք էլ խանըմի հետ անծանոթ ենք:

— Վե՛ կացեք, է՛թանք տուն։

Վե կացան, գնացին նեքսև: Հաց բերեցին, նստեցին կերան, Սումբաթն ասեց.— Խե՛ր ըլնի ձեր գալը։

Ասեցին.— Էկել ենք, որ ո՛նց որ քու հերը մեզ մտիկ էր անում, ընենց էլ դու մեզ մտիկ անես:

Ասեց.— Ես ախար մենակ եմ, չեմ կարա, օրական իրեք անգամ գալիս եմ տուն, կնկանս մտիկ եմ անում, թողում էթում դուքանը, ես ո՞նց կարամ թողա, ըստիան էթա: Քառասուն հոգի եք էկեք ամեքիդ հինգ հարուր մանեթ տամ, գնացեք ձեզ հմար ապրեք:

— Ախար չէ՞ նաղդ փող ա, կտանենք, կփչացնենք, կմնանք քու մոտին ամոթով։

Կնիկն ասեց.— Դրուստ են ասում, նաղդ փող ա, հինգ շահի մեկին, տասը շահի մեկին, կփչանա կէթա:

— Լա՛վ, ամեքիդ հազար մանեթ կտամ, գնացե՛ք։

Ասեցին.— Մեկ ա, էլի կփչացնենք, կմնանք ամոթով քու կշտին, ոնց որ քու հերը մեզ պահպանել ա, ընենց էլ դու պտի պահպանես։

Կնիկն ասում ա.— Դրուստ են ասում, նաղդ փողը կտանեն, կփչացնեն, գործ տո՛ւ, գո՛րծ:


Շաբաթ 13
Պետրոս Դուրյան

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,
Սիրել կայծերն երկնի կապույտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ։

Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ՝
Շրջազգեստ մը շրջեց իմ շուրջ։


Շաբաթ 14
Գրիգոր Զոհրապ
Փոստալ

Հաճի Տյուրիկը, սպասուհիների միջնորդը, տասնհինգ օր աշխատելեն վերջ միայն հաջողեցավ ձեռք ձգել կեսարացի Ղազար էֆենտիի կնոջ, Սուրբիկ հանըմին, Քատըգյուղի ամենեն հարուստ տիկիններեն մեկուն, ուզած սպասուհին:

Հաճին, պարտիզակցի մը, ինքն ալ սպասուհի, ստնտու, լվացարար, խոհարար կին եղած էր ատենով, պարագային համեմատ: Ծառայության ամեն աստիճաններն անցեր էր մեկիկ մեկիկ, Պոլսո հայ տուներուն, անոնց կարծեցյալ պարկեշտություններուն մեջեն հանելով իր հիմիկվան անկախ դիրքը:

Այդ տուներուն բոլորին մեջ, Հաճի Տյուրիկ, որ ան ատեն դեռ Երուսաղեմ գացած չըլլալուն համար՝ հաճի չէր, իբրեւ ճշմարիտ ու կատարյալ աղախին, աղաներեն մինչեւ սպասավորները ճանչցեր էր մոտեն, եբոր մեծ ու պզտիկ, գրեթե առանց բացառության, քիչ շատ զինքը սղմեր սղմըտկեր էին, հոս հոն, սենյակներուն մեջ, հանըմները տունը չեղած միջոցին, սանդուխին գլուխը, դուռներուն ետին, երբեմն խոհանոցներուն անկյունները: Շատ մը տուներուն մեջ իր տիրուհիներուն նախանձը շարժելու չափ ընդունելություն գտած էր առանց գանգատելու:

Շատ բան տեսած էր իր անձին վրա եւ ավելի շատ իրեն շուրջը, իր բարակի հետաքրքիր քիթովը, հոտվտալով ամեն ապականությունները եւ սուր ականջովը՝ դռներուն ետեւեն ունկնդրելով կամացուկ մը ըսված խոսքերուն:

(շարունակություն․․․)



Շաբաթ 15

Հակոբ Աղաբաբ՝ «Ոզնի»

Գունդ ու կծիկ,
Փշերդ ձիգ.
Այ ոզնի,
Դունչդ փորիդ
Ու ոտներիդ
Կհասնի։

Երբ կծկվես,
Գունդ կդառնաս
Կլորիկ,
Երբ կձգվես՝
Կերկարանաս
Սլուլիկ։

Դու մի պստիկ.
Բայց թշնամիք
Շատ ունես,
Ու էդ հալին՝
Շատ-շատերին
Կհաղթես։

Էդ փշերդ,
Սուր բզերդ
Անհամար,
Քեզ կպահեն,—
Զենք ու զրահ են
Անհամար:


Շաբաթ 16

Մաթեոս Դարբինյան

Կիկոսը

Անունը Կիրակոս էր. գյուղացիք կրճատել, Կիկոս էին կանչում։ Սուսուփուս իրեն գործին մարդ էր. ուրիշի ո՛չ խերին էր խաոնվում, ո՛չ շառին: Իր կյանքում գյուղի ոչ մի գործին չէր մասնակցել, ոչ մի բանի մասին ձեն-ծպտուն չէր հանել։ Գյուղը թեկուզ տակնուվրա լիներ, աշխարհն իրար գար, Կիկոսի հոգը չէր. իրեն ինչ... Ի՛նչ ուզում է թող լինի։ Եթե որևէ մեկը նրա մոտ բորբոքված պատմեր ու բողոքեր մի անարդար բանի դեմ, Կիկոսը կամաց ղրաղ կքաշվեր, որ իսկի չլսի էլ, թե ինչի մասին է խոսքը։ Իսկ եթե ստիպեին, որ կարծիք հայտնի, նա գլուխը տմբտմբացնելով կասեր.

— Աշխարհիս ծուռ բանը հո ե՞ս չեմ դրստելու...

Կիկոսն ամեն բանից էլ ուներ, լծկան, կթան, ձի, ոչխար, մի խոսքով՝ այն ամենը, ինչ պետք է մի միջակ գյուղացու։ Տունը կառավարելու հոգսը կինն էր քաշում, խարջ ու պարտքի հաշիվը նրա ձեռին էր. Կիկոսը միայն դրսի աշխատանքին էր։ Տանն էլ ինչ ուզում էին անեն՝ առնեն ծախեն, դեն ածեն, թե տուն կրեն, միևնույն էր նրա համար, ձեն չէր հանի, ո՛չ խեր կխոսեր, ո՛չ շառ։ Միայն թե իրեն մի կտոր հաց տային ուտելու, պատռվածը կարկատեին ու մաշված տրեխը նորոգեին։

(շարունակություն․․․)



Շաբաթ 17

Ալեքսանդր Աբելյան

Նամակ Բաքվից (1892, մայիսի 22)

Կ. Պոլսի աշխարհական պատգամավոր պ. Կյումյուշկերտյան և Զմյուռնիայի հոգևորական պատգամավոր Ծ. Վ. Արսլանյան կիրակի, մայիսի 17-ին այստեղից ճանապարհվեցին: Հարգելի հյուրերը մեր հասարակության վրա թողին շատ լավ տպավորություն և վայելեցին բուռն հարգանք և հյուրասիրություն այն բանի համար, որ նրանք հարգելով ընդհանուր հայ ժողովրդի ձայնը՝ նպաստել էին Խրիմյան Հայրիկի միաձայն ընտրության գործին: Կիրակի օրը մեր հասարակության մի նեղ շրջանում հյուրերին պատվեցին մի ճոխ ճաշով: Հայր Արսլանյան նույն օրը քարոզ խոսեց մեր եկեղեցում բնաբան վերցնելով «մի եմք» ավետարանի խոսքը. եկեղեցին հասարակությունով լի էր:

Նույն օրը հայր Խորենը պատարագից հետո կարճ կերպով բացատրեց ժողովրդին, խոսելով մեր մի քանի շռայլ սովորությունների վատ հետևանքների մասին և հորդորեց ժողովրդին գերեզմանատանը և տներում առհասարակ հոգեհաց տալու սովորությունը վերացնել: Պետք է խոստովանել, որ ճշմարիտ այդ սովորությունը շատերին թե պարտքի տակ է գցում ու թե վատ հետևանք է ունենում: Այդ սովորությունից առաջացել է մեզանում քելեխ ուտողների մի ահագին պրոլետարիատ, որը ապրելով գերեզմանատանը՝ անգործ սպասում են մի որևէ մեռելաթաղի: Այդ օր Խաչատուր Լազարյանց իր կնոջ մեռելահացի տեղ նվիրեց Շամախու օրիորդաց դպրոցին 100 ռուբլի, Բաքվի հայոց օրիորդաց դպրոցին 100 ռուբլի, իսկ իսկական աղքատների օգտին 50 ռուբլի: Օրինակը շատ մխիթարական է: (շարունակություն․․․)


Շաբաթ 18

Հռիփսիմե Արապյան

Ֆէմինիսմի ծագումը եւ պահանջները

Տասնիններորդ դարու ընկերվարական նոր գաղափարներէն ծագում առած է կնոջ իրաւունքներուն հարցը, ուրիշ շատ` մարդկայնօրէն բարձր բարենորոգիչ ազդակներուն հետ, որպիսիք են բարելաւում ընկերական, մտաւորական, քաղաքական և տնտեսական գոյավիճակի, նոր կարգերու հաստատում: Այդ շարժման հեղինակները կը մօտենան շօշափելու ընկերական վէրքը, կը խորհին զրկեալին համար կազմակերպել աշխատութիւններ, բարոյական ոյժերով պայքարիլ, դրամատէրին և աշխատաւորին ընդմէջ ստեղծելու իրաւանց հաւասարութիւն:

Սէն Սիմոնականք, առաջին անգամ, ընկերվարական վարդապետութեանց գլուխ կանգնելով` ընկերական հաւասարութեան հիմերը դրին, միացնելով իրենց վարդապետութեան խոր հաւատք, անձամբ կիրարկելով իրենց մեթոտը միսթիքական վերացումներով հաւատքի բուռն կիրքով աշխատեցան ամբոխին փրկութեան համար, և որովհետև ամբոխը կամ մարդկային ընկերութիւնը զոյգ տարրերէ բաղկացած է, միոյն բարենորոգման աշխատած պահերուն չէին կրնար մոռնալ միւսը. այր մարդուն գոյութեան պայքարած ատեն տրամագծապէս հաւասար կերպով իրենց առջեւ կը ցցուէր կնոջական հարց մէ: Եւ որովհետեւ կինը զոյգ տարրերուն ամէնէն անժառանգեալը, ամէնէն զրկեալն էր իր ընկերական դիրքով, այդ մտաւորականք սրտի պարտք մը համարեցին կիները դնել բարենորոգման կարգին առաջին գծին վրայ. այս եղաւ ահա ծագումը ֆէմինիսթ շարժման:

(շարունակություն․․․)


Շաբաթ 19
Շուշանիկ Կուրղինյան
Շղթաները

․․․Ես քնած եմ ծառի տակ ու զգում եմ իմ կազդուրվելը. արյունը մի հաղթական ուժով շրջում է երակներիս մեջ, զգալ տալիս առողջ քնի թովչանքը․․․

Տերևների արանքից ինձ են հասնում արևի շողերը, և ես զգում եմ իմ ուսին, կրծքին, ճակատին նրանց ջերմության ախորժահպումը։ Ջերմից տաքացած մարմինս կասես լցվում, մեծանում է։ Ես մեծ հաճույքով տարածվում եմ մեջքիս վրա։ Աջ ոտքս ընկնում է արևից անտես, զով խոտի վրա, զգում նրա պաղությունը։ Ինչ-որ շշուկ հոսում է գետնի միջից, թրթռում ականջիս մոտ ու կորչում իսկույն։ Ես էլ չեմ զգում մարմնիս անդամների գոյությունը։ Ինչ-որ կախարդական շնչից չքանում, անէության ծովն եմ ընկնում․․․

Երևի երկար է տևել իմ քունը ու մի երազ չէ ակոսել նրան: Զարթնում եմ գոհ, անհոգ բավականությամբ հորանջում մի քանի անգամ, տերևների արանքից նայում երկնքին ու բոլորովին արթնացած պառկում եմ երեսնիվայր և դեմքս հենելով արմունկներով բարձի մեջ խրված ձեռքերիս վրա, դիտում եմ, թե ինչ նորություն է կատարվել արդյոք շուրջս, ու ժպտում եմ, երկար ժպտում․․․

Ինչո՞ւ եմ ժպտում. զարմացած հարցնում եմ ինքս ինձ և քիչ նեղություն կրելուց հետո հիշում․․․

(շարունակություն․․․)

Շաբաթ 20

Աշոտ Գաբրիելյան

ՉԳԻՏԱԿՑՎԱԾ ՍԿԶԲՆԱՏՈՂ

1.
Աքաղաղը կանչում է
Լռության մեջ…
Անսաղարթ նոյեմբեր…
Քամին գուշակում է
Մեր մերկ ճյուղերը…

2.
Աղոթք
Մենք չենք մտածում.
Մեզ են մտածում…


Շաբաթ 21

Սիրվարդ Մկրյան

Երէկ, ամբողջ գիշերը, սարսափելի հով մը կատաղօրէն մռնչեց դողահար պատուհաններուս առջև, և ինծի անհանգիստ քուն մը անցընել տալէ վերջ, դեռ կը շարունակէ իր սպառնական նօթերը սուլել մինչեւ հիմայ: Այդ մռնչող քամիէն սահմռկած, կեանքը ամէն ատենուընէ աւելի տխուր կը զգամ այսօր և կը ջանամ այս քանի մը նախադասութիւններուն մէջ փնտռել մխիթարութիւնս. գրել կամ խօսիլ արդարեւ բաւական կը սփոփեն զիս:

Անցեալ օր, սրբազան նուագահանդէսէ մը վերջ նայուածքս ինկաւ քակի մը ինձմէ աւելի դեռահասակ աղջիկներու վրայ, մեր ամենալաւ ընտանիքներուն պատկանող: Զգացի թէ իրենց աշխարհը իրենց տունն էր միայն, և թէ իրենց խորհուրդներն ու զգացումները այդ սահմանափակ աշխարհին սակաւաթիւ առարակներէն էին ծնած: Հետաքրքրական էր ինծի գիտենալ թէ կը գուշակեի՞ն արդեօք դուրսի լայնատարած, կիրքերու և յուսախաբութիւններու աշխարհը, զոր օր մը իրենք ալ առաւել կամ նուազ մօտեն ճանաչելու պատեհութիւնը կամ հետաքրքրութիւնը պիտի ունենային: Հիմակուհիմայ սակայն յուսախաբութեանտարիքը չէր դեռ իրենցը, և տպիտութեան երջանկութիւնը վայելողներու ժպտուն բայց անշահեկան դէմքերը կը ներկայացնէին դիտող աչքերու: Արդեօք ես ալ ապրա՞ծ էի այդ վիճակը ասկից քանի մը տարի առաջ, երբ դեռ ճամբորդութիւնը, տունէ հեռի կեանքը, չէին տուած ինծի հիմակուան պզտիկ փորձառութիւներս, եւ երբ յարգելի բարեկամ մը կը գրէ ինծի. - «Սի՛րվարդ, դուն դեռ կեանքը պատուհանէդ կը դիտես միայն…:» Հիմայ սակայն պատշգամէս կը դիտեմ զայն անտարակոյս, և առանց մեծ դժուարութիւններու, խոշոր յուսախաբութիւններու, հալածող աստղ իմը տակ ծնած ըլլալուս, կը զգամ դարձեալ երբեմն ցուրտ շունչ մը կեանքին մէջ, որ կը կասեցնէ մէկէն շրթունքներուս ժպիտը, ճիշդ տաք սրահի մը մէջ բաց մոռցուած նեղ լուսամուտի մը պէս, որուն տեղը կ՚անգետանաք բոլորովին և որ պաղ սարսուռները կը մաղէ ձեր կռնակն ի վար:


Շաբաթ 22

Լևոն Լարենց

ԱՆԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆ

Մեծ անուրջիս աւերակին վըրայ ի զուր,
Կը չարչարուիմ նոր տաճար մը վերկանգնելու,
Հով մը կուգայ ընելով զայն ջարդ ու փըշուր,
Տարտղնելով մտածումներս ակընկալու։

Ո՞ր ամպերէն կ՚իջնայ այդ հովն կործանարար,
Ո՞ր երկինքին ուրուրն է ան, չեմ հասկընար,
Որ մանգաղէ քընքոյշ յոյսերս նորափետուր
Կոխկրտելով սիրոյս վրայ՝ հէգ առաթուր։

Ես բիւր անգամ համբուրեցի մատներն Անոր
Որ մէկ ժէսթով կրնար կերտել ինձ կեանք մը նոր,
Բայց Ան լըռեց։ Ու ես կ՚անցնիմ ոլորմոլոր
Յիմարութեանց անապատէն անծործոր։

Մեծ անուրջիս աւերակին շատ խորերէն,
Հոգիս կուլայ բուի մը պէս ցաւագնօրէն,
Մինչ Ան կանգնած՝ փըլատակին վըրայ սիրոյս,
Կ՚անգիտանայ թ՚ինչո՞ւ կուլայ հոգին անյոյս։



Շաբաթ 23
Ռափայել Պատկանյան
ԳԱՆԳ


Ցամքա՛ծ ոսկոր, ո՞ւր է հոգիդ, ինձ ասա՛,
Շիջած հնոց, ո՞ւր է հուրդ առաջվա.
Վանդա՛կ, ո՞ւր է քու քաղցրախոս թռչունը,
Ինչո՞ւ այդպես շուտ թողեց նա յուր բունը:

5 Լուռ ես կեցել, ինձ չե՛ս տալիս պատասխան,
Քու բերանը մահը կնքեց հավիտյան.
Միտքըս հեռու, հոգիս խըռով, մոլորած,
Քեզ ակնապիշ ես նայում եմ զարհուրած։

Ո՞վ էր արդյոք քու մեջ մեկ օր բնակում,
10 Աղքա՞տ, հարո՞ւստ, տե՞ր, ծառա՜, թե կույս սիրուն,
Գիտ՞ր արդյոք ինձ անծանոթ քու հոգին
Ինչպես սիրել, հուսալ կամ լալ դառնագին։

Թե անզգա, ինչպես որ դու ես հիմի,
Ամեն ազնիվ մտածմունքի թշնամի.
15 Անմարդամոտ, առանձնացած, անօգուտ,
Ագահ, ժլատ, արծաթասեր ու անգութ։



Շաբաթ 24
Ռափայել Պատկանյան
ԳԱՐՈՒՆ ԵՐԳ


Սոխակը նստած վարդենիի տակ,
Երգ էր հորինում հազար բյուր տեսակ,
Սեր, հույս, բերկրություն և ազատություն
Նորա երգերիցն էին դուրս փայլում։
Օրն էր Մայիսի, արփու շողերը
Հալածել էին ձյուն ու պաղերը,
Մայր–բնությունը խնջույք էր արել,
Աշխարհ արարած մեջլիս հրավիրել։
Ծիծառ, դեղձանիկ, կարմրալանջ, սարյակ,
Արտուտ, դրախտապան, կանեփուկ, տատրակ,
Ըշտապով թողին Հարավ հեռավոր,
Եկան Հայաստան, անդ էր մեջլիսը։
Սարից փլեցին հեզիկ սյուգերը,
Բացին ամոթխած վարդի թշերը,
Սառած ակերը փշրեցին շղթան
Ուրախ կարկաջմամբ սարն ի վայր իջան։


Շաբաթ 25

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 25, 2017 թ.

Շաբաթ 26

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 26, 2017 թ.

Շաբաթ 27

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 27, 2017 թ.

Շաբաթ 28
Խաչատուր Աբովյան

Շատ անգամ պարապ ժամանակս միտք էի անում, էնպես մեկ բան գրեմ, որ մեր խալխի սրտովն ըլի, բայց չէի գիտում, թե ինչ լեզվով գրեմ։ Մեր գրաբառ լեզուն անգին է, նմանը չունի, ինչքան լեզու էլ որ գիտեմ, մեկն էլ ա՝ էն համը, էն քաղցրությունը, էն ճոխությունը չունի. բայց մեր վատ բախտիցը` հազարիցը մեկը չի հասկանում, ի՞նչ պետք է արած։ Երանի էն սհաթին, որ մեր ազգը քիչ քիչ կարողանա էս կորած գանձը գտնիլ, ու իր լեզուն սովորիլ, իմանալ։ Բայց ով չի գիտի, որ սրան շատ ժամանակ կուզի. ու մինչև էն ժամանակը մնալ, ո՞վ գիտի, մարդ սա՞ղ կմնա, թե չէ։

Էս մտածելով՝ ուզում էի, որ գրած բանս ամեն մարդ հասկանա, ու էնդուր համար աշխարհաբառ գրեցի։ Թող գիտուն մարդիքը ինձանից չնեղանան, նրանք շատ գիրք են կարդում, իրենց սիրտը մխիթարում, ամա հասարակ մարդը մեկն էլա չունի, որ նա էլ նրանով իր պարապ վախտը՝ ժամանակն անց կացնի։

Շատ մարդ է գանգատ անում, թե մեր խալխը գիրք կարդալ, ուսումն չի սիրում. ախր ի՞նչպես սիրի մարդ, որ զորությունը չի հասկանում։ Կարելի է ես սխալվում եմ, բայց բնական է, մարդ միշտ էն բանը կսիրի, որն իր սրտովն ըլի։ Եվրոպացոց մուզիկեն շատ հիանալի է, խոսք չունիմ, ամա մեր սազն ու զուռնեն մեր ականջին ավելի յա դիր գալիս, չունքի երեխությունից էնդուր ենք սովոր։

Շաբաթ 29

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 29, 2017 թ.

Շաբաթ 30

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 30, 2017 թ.

Շաբաթ 31

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 31, 2017 թ.

Շաբաթ 32

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 32, 2017 թ.

Շաբաթ 33

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 33, 2017 թ.

Շաբաթ 34

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 34, 2017 թ.

Շաբաթ 35

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 35, 2017 թ.

Շաբաթ 36

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 36, 2017 թ.

Շաբաթ 37

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 37, 2017 թ.

Շաբաթ 38

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 38, 2017 թ.

Շաբաթ 39

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 39, 2017 թ.

Շաբաթ 40

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 40, 2017 թ.

Շաբաթ 41

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 41, 2017 թ.

Շաբաթ 42

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 42, 2017 թ.

Շաբաթ 43

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 43, 2017 թ.

Շաբաթ 44

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 44, 2017 թ.

Շաբաթ 45

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 45, 2017 թ.

Շաբաթ 46

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 46, 2017 թ.

Շաբաթ 47

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 47, 2017 թ.

Շաբաթ 48

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 48, 2017 թ.

Շաբաթ 49

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 49, 2017 թ.

Շաբաթ 50

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 50, 2017 թ.

Շաբաթ 51

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 51, 2017 թ.

Շաբաթ 52
Շուշանիկ Կուրղինյան՝ «Նամակ Հովհաննես Թումանյանին»
Նամակ Հովհաննես Թումանյանին
20 դեկտեմբերի, 1920 թ.
Վլադիկավկազ
Հարգելի Հովհաննես Թումանյան

Երևի չեք հիշում, որ անձամբ հին ծանոթներ ենք մենք, ահա հիշել եմ տալիս ու «օգտագործում» անցած-գնացածը։

Ուղիղ երկու ամիս է, որ Խարկովից եկել ու դեմ եմ առել սարերին։ Հիվանդ եմ և կարոտ կլիմայական բժշկության։ Ինձ բժշկող պրոֆեսորի խորհրդով անհրաժեշտ է ձմեռս անցկացնել Թիֆլիսում, սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում տեղական վրացական հյուպատոսից թույլտվություն ստանալ։

Պահանջվում է իրենց ներքին գործող նախարարի համաձայնությունը։ Այդ պատճառով էլ դիմում եմ Ձեզ, հատկապես խնդրելով, լինել բարի ու հանձն առնել այս նեղությունը, կարելիին չափ շտապ (սարերն արդեն ձյունով են ծածկվել) անպայման աչքի առաջ ունենալով, որ հետս բերելու եմ իմ անտիպ գրվածքները, անհրաժեշտ գրքեր, որոնց ապահովությունը, վրացական տերիտորիայում, օրինական կերպով պիտի խոստացվի Ձեզ, որպես եզակի մեկին, որին պարտադիր եմ հավատալ։

Հետս լինելու են աղջիկս ու որդիս։

Ողջույն՝
Շ. Կուրղինյան

Շաբաթ 53

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 53, 2017 թ.

Կաղապար:Գլխավոր էջի բաժիններ