Jump to content

Կայծեր/Մաս I/Դ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կայծեր
 Գ
Ե 

Դ

ՈՐՍՈՐԴԸ

Անցան մի քանի ամիսներ այն օրից, երբ հարկապահանջները ծախեցին մեր տան կայքը, — անցան մի քանի դա՜ռն և մահաբե՜ր ամիսներ...

Մեր շուրջը տիրում էր արդեն ձմեռ, որ սառն ձեռքով խլեց դաշտերի և լեռների բոլոր գեղեցկությունները: Ցուրտը օրըստօրե սաստկանում էր և մուգ — մոխրագույն երկնքի երեսը ավելի և ավելի խոժոռ կերպարանք էր ստանում: Արեգակը, կարծես, խռովել էր երկրից և չէր ուզում իր դեմքը ցույց տալ: Վերջապես եկավ ձյունը և թանձր պատանը տարածեց երկրի վրա:

Մութ փոթորկային գիշեր էր: Դրսում քամին կատաղի կերպով մռնչում էր և նորեկ ձյունի փխրուն տարափը ահագին քանակությամբ տարուբերում էր մի տեղից մյուս տեղ: Մեր խրճիթը դողդողում էր սարսափելի մրրիկից: Մտածում էինք, ահա րուֆանը հիմքից կխլե նրան և խառնելով ձնային լեռների հետ, կտանե հեռու և հեռու և կփշրե դաշտերի մեջ:

Մայրս նստած էր յուղային ճրագի մոտ, կարում էր մի բան: Նա այնքան խորին կերպով ընկղմված էր իր մտածությունների մեջ, որ ամենևին չէր զգում, թե ինչ էր կատարվում դրսումը: Մարիամը և Մագթաղը երկար լաց եղան, որ մի բան ուտեն, և երբ ոչինչ չգտան, այնպես քաղցած քնեցին: Ես նստած էի վառարանի մոտ և շուտ-շուտ դնում էի նրա մեջ ցամաք տերևներ և չոր մացառներ, որ քույրերիս հետ հավաքել էինք այգիներից: Նրանք հանկարծ բռնկում էին, բոցավառվում էին և քանի րոպեից հետո կրկին հանգչում, մոխիր էին դառնում: Այդ խաղը պատճառում էր ինձ ավելի զվարճություն, քան խրճիթի մեջ որևիցե տաքություն:

Դուռը սաստիկ զարկեցին: Մայրս չլսեց. ես գնացի բաց արի: Ներս վազեց սպիտակ գնդակի նման մի բան, երբ անցավ շեմքից, կատվի պես թափ տվեց իր մարմինը և ձյունը բամբակի գլուջների նման թափվեց ցած:

— Տո, Մարո, գետի՜նը մտնես, ո՞րտեղից եկար, — հարցրի ես:

Փոքրիկ աղջիկը ոչինչ չպատասխանեց և իմ վրա ուշադրություն անգամ չդարձրեց, միայն գցելով մորս մոտ թաշկինակի մեջ կապած մի բան, վազեց դեպի վառարանը և սկսեց իր լրջացած ձեռքերը տաքացնել արդեն մարած կրակով: Երբ նկատեց, որ ջերմություն չկա, գնաց մորս մոտ, և գրկելով նրա պարանոցը, կպավ կուրծքին:

— Հայրս ուղարկեց, — ասաց նա, ցույց տալով կապոցը:

Հետո դարձավ դեպի ինձ, կարծես նա չէր կարող համբերել, որ իմ կոշտ հարցմունքը թողեց առանց պատասխանի:

— Ես քեզ նման պառավ տատիկ չեմ, որ կրակի մոտը նստեմ, ու տնից դուրս չգամ:

Մորս տխուր դեմքի վրա երևաց մի անսովոր ժպիտ, նա դրեց Մարոյի սառած ձեռքերը իր ծոցի մեջ, և գրկելով նրան, սկսեց տաքացնել: Նրա լեզուն բացվեցավ:

— Հարսի՛, — ասաց նա մորս մի առանձին ուրախությամբ, — ա՜յնքան ձյուն է եկել, ա՜յնքան ձյուն է եկել, ուղիղ մի արշին, — տես այսքան (նա ձեռքով չափեց իր ոտքից մինչև գլուխը): — Ֆարհատ, — դարձավ նա դեպի ինձ, — առավոտյան ձնագնդի կխաղանք, այնպես չէ՞: Ո՞ւր է Մարիամը, — խոսքը փոխեց նա, — թո՛ղ լուսանա, ես նրա աչքը կհանեմ... Մագթաղին ձյունով չեմ խփի, նա լավ աղջիկ է: Բայց այդ սատկած Մարիամը, բերնումը ինչ որ գալիս է, դուրս է տալիս... Թո՛ղ լուսանա...

— Ես ինքս կծեծեմ Մարիամին, կպատվիրեմ, որ քեզ վատ բան չասե, — հանգստացնում էր նրան մայրս:

— Լեզուն կտրե՛ր, որ սուս կենա:

— Կկտրեմ... — պատասխանեց մայրս ժպտալով:

Մարոն տեսնելով, որ պատիժը ավելի սաստիկ պետք է լիներ,քան այն վիրավորանքը, որ Մարիամը հասցրել էր նրան, ետ առեց իր խոսքը:

— Չէ, մի՛ կտրե, ասա, որ ինձ վատ բան չասի, թե չէ ծամերը մեկ-մեկ կփետրեմ...

Մայրս սեղմեց նրան իր կուրծքին և համբուրեց:

— Հարսի, — առաջ տարավ շատախոս Մարոն, — ի՛նչ լավ է ձյունը... վազում ես, վազում, չես կշտանում... ընկնում ես, այնքան փափուկ է, որ կողքդ չէ ցավում... — Հարսի, ե՞րբ կսառչի մեր լիճը:

Մարոյի վերջին հարցմունքը մեր տան մոտ գտնված փոքրիկ լճակի մասին էր, որը ձմեռը սառչելով, մեծ զվարճություն էր պատճառում խաղասեր երեխաներին: Մայրս այդ մասին ոչինչ չպատասխանեց, միայն հարցրուց, արդյոք վախեցա՞վ նա, որ այնպիսի մթին և վատ եղանակում մեր տունը եկավ:

— Ինչի՞ց պիտի վախենամ, — ասաց նա մի առանձին հպարտությամբ, — գայլ չկա, սատանա չկա, բոլորը ցրտից փախել, մտել են իրանց ծակերը: Ես խո Մարիամը չեմ. որ վախենամ: Ո՜ւհ, սատկած, հիմա կքնե՞ն: Տես, ի՞նչպես քնել է, մտիկ տո՛ւր, Ֆարհատ, մտիկ տուր, հարսի...

Վերջին խոսքերի միջոցին Մարոն այնպիսի մի հեգնական ծամածռություն գործեց իր սևուկ դեմքի վրա, որ չէր կարելի առանց ծիծաղելու նրա երեսին նայել: Բայց հանկարծ նրա մեծ և գեղեցիկ աչքերը վառվեցան, նա դուրս թռավ մորս գրկից և վազեց մահճի մոտ, ուր քնած էին քույրերս: Նա խոնարհվեցավ, համբուրեց Մագթաղի երեսը, բայց Մարիամի մազերից այնպես սաստիկ ձիգ տվավ, որ խեղճ աղջիկը ծվաց, սարսափելով քնած տեղից վեր թռավ, և տեսնելով իր ոխերիմը կշտին նստած, գոչեց վրդովված ձայնով:

— Տո, սև սատանա, այստեղ ի՞նչ ես շինում:

Դեռ քնաթաթախ Մարիամը ջանք արեց, որ նրան բռնե, վրեժը առնե, բայց վայրենի Մարոյի ճարպիկ մատները պինդ սեղմվեցան նրա կոկորդին և շնչասպառ աղջիկը գլորվեցավ բարձի վրա: Ես մոտ վազեցի, որ ազատեմ քրոջս: Նույն միջոցին Մարոն կատվի արագությամբ դուրս թռավ, և աներևութացավ գիշերային խավարի մեջ: Մայրս չգիտեր` ծիծաղել թե բարկանալ. նա ասաց ինձ, որ գնամ և այն «դևի ծնունդին» հասցնեմ իրանց տունը, չիցե թե ճանապարհին փորձանքի հանդիպի: Ես դուրս վազեցի, նա արդեն անհետացել էր, միայն փողոցում տեսա մի ահագին կերպարանք, որին մոտեցավ Մարոն: Դա նրա հայրն էր:

— Մի՞թե կարելի է թողնել փոքրիկ աղջկան այս խավարում, այս ձների մեջ, տնից դուրս գալ, — հարցրի նրանից:

— Թո՛ղ սովորե՛... — պատասխանեց հայրը և հեռացավ:

Այդ սառն և խստասիրտ պատասխանը ինձ խիստ օտարոտի երևաց: Ի՞նչ պիտի սովորեր փոքրիկ աղջիկը: — Գիշերային փոթորիկի ժամանակ, ձյունի և սառնամանիքի մեջ միայնակ ման գալ: Ես չէի հասկանում դրանում ինչ միտք կամ նպատակ կարող էր լինել: Այդ ինչ տարապայման կրթություն էր, որ խստասիրտ հայրը ցանկանում էր տալ մանկահասակ աղջկան: Մարոն առանց դրան ևս վայրենի բնավորություն ուներ: Ամեն անգամ, երբ մեր տունն էր գալիս, առանց մեկին կծելու, առանց մյուսին ճանկռելու չէր հեռանա: Նա անպատճառ մեկ ղալմաղալ պետք է սարքեր: Այս պատճառով վերջին անկարգությունը մեզ երևաց բոլորովին սովորական: Նա խիստ չար աղջիկ էր, բայց մենք ամենքս սիրում էինք այդ կյանքով լի և միշտ ուրախ փոքրիկին: Իսկ Մարիամի հետ նրա ոխակալությունը ուներ իր պատմական պատճառները. չգիտեմ մի տարի առաջ, թե երբ, մի անգամ Մարիամը նրան կոչել էր «բոշա». այդ վիրավորանքը Մարոն երբեք չէր կարող մոռանալ, թեև քրոջս խոսքը բոլորովին հեռու չէր ճշմարտությունից, որովհետև Մարոյի մեջ կար շատ ինչ բոշայական: Մարոն չէր կարող համբերել, երբ նրան հիշեցնում էին, թե նրա երեսը սևուկ գույն ունի, թե նրա մեծ, կրակոտ աչքերը «ֆալ բացողի» (կախարդի) աչքեր էին, նրա մանր գանգուրներով թուխ ծամերը միայն արաբները կարող էին ունենալ: Հարկավոր չէր ուղղակի նկատողությունը, բավական էր ասել, թե Մարիամի երեսը ճերմակ է կամ նրա մազերը շեկ ոսկու գույն ունեին, — այն ժամանակ Մարոն իրանը հասկանում էր: Նա մինչև անգամ նախանձվում էր, որ Մարիամը միևնույն անունն է կրում, ինչ որ ինքն ուներ, և այս պատճառով ամենևին չէր բարկանում, երբ նրան կրճատած կերպով Մարո էին կոչում. դրանով գոնե իր անունը զանազանվում էր:

Ինձ հետ Մարոյի հարաբերությունները նույնպես բարեկամական չէին. երբ ես բարկացնում էի, նա պատրաստ էր պատառոտել ինձ, բայց զգալով իր ուժի անհավասարությունը, միշտ սպառնում էր, թե «գիշերը, իմ քնած ժամանակը, նա կգա և կխեղդե ինձ»: Մարոն հաշտ էր միայն Մագթաղի հետ, որովհետև չափազանց փափուկ բնավորություն ունեցող Մագթաղը թեքվում էր նրա առջև և համարյա բոլորովին ենթարկված էր նրա ազդեցությանը: Այդ պատճառով Մագթաղի նույնպես ճերմակ երեսը և շեկ մազերը չէին բարկացնում նրան և չէին հիշեցնում, թե ինքը բոշայի դեմք ունի:

Մարոյի այն գիշեր բերած կապոցը այնպիսի սովորական բան էր, որ մենք առանց բաց անելու, գիտեինք նրա միջում ինչ կար: Դա որսի խորոված միս էր հացի հետ, որ երբեմն ուղարկում էր նրա հայրը, չնայելով, որ ինքն էլ ոչ սակավ աղքատության մեջ էր ապրում: Երբ Մարիամին հրավիրեցին ուտելու, նա հրաժարվեցավ, ասելով, թե ինքը քաղցած կմեռնի և այն «սև սատանայի» բերած ողորմությանը չի մոտենա: Բայց մայրս միշտ գոհությամբ էր ընդունում բարերար ձեռքի օժանդակությունը այն մարդից, որի հետ ամենևին ծանոթություն չուներ, որը մի անգամ ևս ոտքը ներս դրած չէր մեր շեմքից, թեև մեր ամենամոտ դրացին էր: Միայն Մարոն, որ հաճախ գտնվում էր մեր խրճիթում, պատմել էր իր հորը մեր թշվառ դրությունը, և նա համարյա ամեն գիշեր չէր դադարում ուղարկել իր տնում գտնվածից մեր բաժինը, և այնպես ծածուկ, որ ոչ ոք չէր հասկանում:

Մարոյի հորը կոչում էին Ավո — նրա իսկական անունը ես չգիտեի: Նա ահագին բարձրությամբ, մի վիթխարի տղամարդ էր, որ պարապում էր որսորդությունով: Ավոն մեր քաղաքի բնիկներից չէր, բայց մի քանի տարի առաջ, մի սաստիկ ձմեռնային եղանակում նա հայտնվեցավ մեր քաղաքում, բոլորովին միայնակ, որպես մի փախստական: Հետո փոքր առ փոքր կազմվեցավ նրա ընտանիքը: Այդ ընտանիքը շատ մեծ չէր, — ինքը` որսորդը, իր միակ զավակի` Մարոյի հետ — ահա բոլորը: Դրանց թվում գտնվում էին` մի մշտական ծառա Մըհե անունով, մի տնակալուչ կին, որին կոչում էին Խաթուն, և մի պատանի, որին կոչում էին Հասո: Այս վերջինը որսորդի որդեգիրն էր: Ո՞վքեր էին դրանք և ո՞րտեղից եկան — հայտնի չէր: Միայն մեր քաղաքում որսորդի մասին խոսվում էին շատ զարմանալի պատմություններ, իբր թե նա տաճկական Հայաստանի արևելյան կողմերիցն էր, թե նա իր հայրենիքում մի նշանավոր մարդ է եղել, թե նա շատ կռիվներ է ունեցել քրդերի հետ և իր գլխի մազերի համբարքով մարդիկ է սպանել և այլն: Ո՞րքան ստույգ էին այդ զրույցները, մենք չգիտեինք, մեզ այսքանը միայն հայտնի էր, որ Ավոն մի բարի մարդ էր և մեր ամենալավ դրացին, թեև ամենքն ատում էին նրան և խորշում էին նրանից, որպես մի սարսափելի եղեռնագործից:

Ճշմարիտ է, որ Ավոն իր միշտ լուռ, միշտ տխուր և ծածկամիտ բնավորությամբ մնաց ամենի համար որպես մի մթին հանելուկ: Նրա ճակատի վրա դրած խոր սպին իր ահավորությամբ մի առանձին արտահայտություն էր տալիս դեմքի խոշոր, միևնույն ժամանակ ավազակային գծագրությանը, որ հարուցանում էր նայողի մեջ ակամա երկյուղ և կասկած: Այսուամենայնիվ, նա շատ բարեսիրտ մարդ էր. ես, Մարիամը և Մագթաղը ամենևին չէինք վախենում նրանից: Երբ գնում էինք նրա տունը, նա առնում էր մեզ իր երկայն և ահագին ծնկների վրա, օրորում էր, և «պոչը կտրած մկան», «քոսոտ այծի» հեքիաթներն էր պատմում. մենք թուլանում էինք ծիծաղելուց: Մարոն չէր կարողանում համբերել, երբ տեսնում էր, որ իր հայրը Մարիամին նույնքան սիրում էր, որքան Մագթաղին և ինձ: — «Նա էլ քո քույրն է», ասում էր հայրը և խրատում էր նրան նախանձոտ չլինել: Ամեն անգամ, երբ մենք գնում էինք որսորդի տունը, նա անսահման զվարճություն էր պարգևում մեզ: Ավոն տալիս էր մեզ իր որսած թռչուններից, որը դեռ կենդանի էր մնացած. մենք կապում էինք նրա ոտը թելով և օրերով խաղ էինք անում նրա հետ:

— Ֆարհատ, — ասաց ինձ մի անգամ որսորդը, — դու շատ ես չարչարում թռչուններին, եթե այսպես կվարվես, ես մյուս անգամ քեզ ոչինչ չեմ տա –

Ես, սկսյալ փոքր հասակիցս, խոսքի ետևից ման եկողներից չէի. իսկույն պատասխանեցի.

— Ես խո չեմ սպանում, բայց դու սպանում ես թռչուններին ու ինձ ասում, թե ի՞նչու ես չարչարում:

— Սպանելու և տանջելու մեջ մեծ զանազանություն կա, — ասաց նա ժպտելով, — վերջինը ավելի վատ է:

Ամեն անգամ, երբ մեր թաղի մեջ ձայն էր տարածվում, թե Ավոյի ծուղակի մեջ գայլ, արջ կամ մի ուրիշ գազան է ընկել, ամբողջ թաղը թափվում էր այնտեղ տեսնելու: Նա իր ծուղակը կազմել էր քաղաքից դուրս, որ շատ հեռու չէր մեր բնակարանից: Դա մի բոլորակ վիրապ էր, բավական ճարտարությամբ գետնի մեջ փորած, և քսան արշինի չափ խորություն, հինգ արշինի չափ լայնություն ուներ: Երևակայեցեք ձեզ մի սամովար. որի ջուր լցնելու տեղը դատարկ է, իսկ կրակ լցնելու տեղը ամբողջ է. — վիրապը մի այսպիսի ձև ուներ: Վիրապի մեջտեղում, ուր մի հաստ սյունի նման պինդ գետին էր բարձրանում, նրա վրա ամեն գիշեր դրվում էր մի գեշ, իսկ սյունի չորս կողմի դատարկությունը ծածկվում էբ եղեգներով, այնքան թույլ կերպով, որ եթե մի հավ անցնելու լիներ ծածկոցի վրա, իր ծանրությամբ կարող էր իսկույն ցած գլորվել: Գազաններր գեշի հոտը առնելով, մոտենում էին նրան, բայց դեռ գեշին չհասած, ընկնում էին վիրապի մեջ:

Վաղ — առավոտյան հայտնվում էր որսորդը Մըհեի հետ: Բազմությունը հետաքրքրությամբ սպասում էր, թե ինչպես պետք է դուրս բերեն գազանին, որը կատաղած, զայրացած և անհանգիստ կերպով պտտվում էր վիրապի մեջ, մռնչում էր, զարհուրելի ձայներ էր արձակում և փորձեր էր փորձում դուրս գալ, բայց չէր կարողանում: Այդ միջոցին վիթխարի Մըհեն, աջ ձեռքում մի ահագին երկաթե մահակ բռնած, իսկ ձախ ձեռքում բռնելով շղթաներով ամրացրած քալափչեն2, իջնում էր վիրապի մեջ: Բազմությունը սարսափում էր կիսախելագար որսորդի աներկյուղության վրա: Լիներ այնտեղ գայլ, արջ, վագր, ինծ, մի երկչոտ աղվես, — միևնույն էր Մըհեի համար. նա բոլոր գազանների վրա նայում էր, որպես ոչխարների վրա:

Վիրապի մեջ սկսվում էր գազանի և Մըհեի ստորերկրյա կռիվը: Մենք ոչինչ չէինք տեսնում, միայն լսում էինք գազանի բարկացկոտ մռնչյունը, շղթայի ձայնը և երբեմն երկաթե մահակի ծանր հարվածները: Երբ գազանը հաղթված էր, Մըհեն մի առանձին փաղաքշական եղանակով ասում էր նրան. «հանգստացի՛ր, գառնուկս, ես քեզ երկար այստեղ չեմ թողնի»: Եվ իրավ, մի քանի րոպեից հետո հայտնվում էր Մըհեն, իր հետ դուրս քաշելով գազանին, որի գլուխը և բերանը կաշկանդված էին լինում քալափչեի մեջ, և այնքան ամուր կերպով, որ ոչ ոքին վնասել չէր կարող:

Խիստ սակավ անգամ էր պատահում, որ Մըհեն դուրս գար վիրապից երեսը արյունաթաթախ, ծվատված կամ մարմնի մի այլ մասը վիրավորված: Բայց երբեք չէր պատահում, որ նա չկարողանար զսպել գազանին: Ես մինչև այսօր հիշում եմ, թե ո՛րպիսի անհոգությամբ այդ երկաթե մարդը ձեռքով սրբում էր իր երեսից արյունը, կարծես թե քրտինք էր սրբում:

Ավոյի պարապմունքի մեջ Մըհեն օգնում էր նրան ավելի, քան նրա բոլոր որսորդական շները և բարակները: Նա զարմանալի ճարպկություններ և հասկացողություն ուներ որսորդության մեջ: Անասունների բնավորությունը և նրանց սովորությունները նա այն աստիճան ուսումնասիրած էր, որ բավական էր տեսնել նրանց թաթերի ձյունի վրա տպավորված հետքերը, այնուհետև նա գիտեր, թե ի՛նչ անասուն էր անցել, ո՛րտեղ կարելի է գտնել նրան կամ ի՛նչ հնարքով պետք էր որսալ:

Ավոն ուրիշ պարապմունք չուներ. նա ապրում էր որսորդությունով միայն: Մազոտ գազանների մորթերի գործածությունը մահմեդականների համար պիղծ համարվելով, թուրքերը, պարսիկները և քրղերը նրանց որսորդությունով չէին պարապում, և այս պատճառով ասպարեզը մնացել էր միայն Ավոյին: Նրա տունը մի կատարյալ գազանանոց էր: Ամեն անգամ, ես այնտեղ գնալիս, գտնում էի նրան զբաղված կամ գազանները կերակրելով և կամ աղվեսի, կուզի, գայլի, արջի, վագրի և այլ այս տեսակ անասունների մորթերը չորացնելով: Հրեա և հայ վաճառականները իրանք գալիս էին, և գնելով մորթերը, տանում էին հեռու երկրներ վաճառելու:

Մարոն այն աստիճան ընտելացած էր գազանների հետ, որ ամենևին նրանցից չէր վախենում: Մի անգամ նա ցույց տվեց ինձ մի ամեհի վագր, ասելով.

— Տես, Ֆարհատ, ի՜նչ գեղեցիկ բծեր ունի:

Ես սարսափեցա, երբ փոքրիկ աղջիկը մոտեցավ և սկսեց փայփայել գազանի ահագին գլուխը:

— Ի՞նչու ես վախենում, — ասաց նա ծիծաղելով, — դա մի մեծ կատու է, և ավելի ոչինչ:

Այդ վագրին մանուկ հասակից որսացել էր նրա հայրը, որովհետև Մարոն շատ սիրում էր նրան, այս պատճառով պահել, մեծացրել էին: Ինձ թվում էր, որ Մարոն էլ այն գազանների ձագերից մեկը պետք է լիներ, որովհետև նրանցից չէր վախենում և նրանց շատ սիրում էր: