Կայծեր/Մաս I/Է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Զ Կայծեր

Րաֆֆի

Ը

Է

ՍԻՐՈ ԱՌԱՋԻՆ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ

Վարժապետիս ընտանիքը կազմում էին երեք հոգի` կինը, որդին և փոքրիկ Սոնան: Նրա կնոջը կոչում էին Գյուլ-Ջհան: Չնայելով իր գեղեցիկ անվանը, որ նշանակում է աշխարհի վարդը, երեցկինը աշխարհի ամենաայլանդակ արարածներից մեկն էր: Այսուամենայնիվ տեր հայրը, եթե չասենք սիրում էր, բայց բավականին հարգում էր նրան: Թեև պատահած ժամանակ մանր հայհոյանքներ տալիս էր, բայց շատ սակավ էր պատահում, որ ծեծեր նրան: Դա ուներ իր առանձին պատճառները. որպես մարգարեի առաջին երկրպագուն լինում է իր կինը, այսպես էլ «աշխարհի վարդը» տեր հոր ամենամոլեռանդ պաշտողներիցն էր: Նա էր հռչակում կանանց հասարակության մեջ, թե որպիսի հրաշալի ներգործություններ էին անում իր ամուսնի կախարդական թղթերը: Նա էր տարածում լուրեր, թե այսինչ և այնինչ տիկինը որպիսի բախտի հասավ տեր հոր կախարդությունների շնորհիվ: Այսպիսով ավելանում էր վարժապետիս հաճախորդների թիվը:

Որդին — Ստեփանը — վարժապետիս երեխաների անդրանիկն էր. դա մի սիրուն տղա էր, որ ամենևին նման չէր մորը: Միշտ լուռ, միշտ, մունջ, գունաթափ դեմքով և մարած աչքերով Ստեփանը մի ապուշ երեխա էր: Չէր կարելի առանց խղճալու նայել նրա երկչոտ երեսին: Նրա հետ խոսելու ժամանակ ես միշտ նկատում էի, որ առանց պատճառի ժպտում էր, ծիծաղում էր, արձակում էր մի քանի անմիտ, անկապ խոսքեր և իսկույն գժի նման փախչում էր, վախենալով, չիցե թե իրան ծեծեն: Խեղճը ցնորված էր: Երբեմն ամբողջ գիշերներ անցուցանում էր նա անհանգիստ զառանցության մեջ, շատ անգամ քնած տեղից վեր էր թռչում և անգիտակցաբար գնում էր, ուր որ հանդիպում էր: Այս պատճառով նրան կապում էին: Հոր բոլոր կախարդական հնարները, որոնք ուրիշների վրա հրաշալի կերպով ազդում էին, բոլորովին անզոր մնացին գեղեցիկ Ստեփանի առողջությունը վերականգնելու, խեղճը մնաց միշտ խելագար: Որքան ճիշտ էր, ես չգիտեմ, միայն պատմում էին, թե նրա խելագարության պատճառը եղել էր նույնիսկ հայրը: Ստեփանը ինձ նման չար և անհանգիստ տղա էր. մի օր, հայրը բարկանալով նրա վրա, կամեցել էր «խրատել» և այս պատճառով կախ էր տվել ջրհորի մեջ, — ասում էին, այն օրից խեղճ Ստեփանին պատահել էր այդ դժբախտությունը: Պատմում էին, որ դևերը այնտեղ զարկել էին Ստեփանին, որովհետև ջրհորը միշտ լիքն է լինում դևերով: Բայց լինում էին օրեր, որ Ստեփանի խելքը գլխին էր գալիս, նա խիստ քաղցր և բարի երեխա էր դառնում. մենք ամենքս ուրախանում էինք և սիրում էինք նրան:

Աղջիկը — Սոնան — նույնպես լուռ երեխա էր, և չնայելով իր փոքրիկ հասակին, կատարում էր տնային շատ գործեր: Սոնան կրում էր եղբոր հեզ, հանդարտ և մուգ-երկնագույն աչքերը, այն զանազանությամբ միայն, որ քրոջ աչքերը ավելի պայծառ և կենդանի էին, մինչդեռ եղբորը` բոլորովին կորցրել էին իրանց կենդանի փայլը: Սոնայի ծամերը նույնպես ավելի մուգ գույն ունեին, քան եղբոր շեկ, մետաքսանման մազերը, և ավելի խիտ էին, քան թե նրանը: Զարմանալին այն էր, որ այդ երկու երեխաներից ոչ մեկը նմանություն չուներ ոչ հոր հետ, որի կերպարանքի մեջ կային մի քանի որոշ մոնգոլական գծեր, և ոչ նման էին մորը, որի դեմքը վախեցնելու չափ տգեղ էր:

Չնայելով, որ տեր Թոդիկը 700 ընտանիքից բաղկացած մի ամբողջ թաղի ավագ քահանան էր, չնայելով, որ բացի դրանից, նա վիճակավոր առաջնորդի գործակալի պաշտոն էր կատարում, և այդ բոլորից առատ արդյունք էր ստանում (էլ չեմ խոսում դպրոցի մասին) — այնուամենայնիվ, նրա ապրուստը, նրա կեցությունը խիստ չքավոր էր: Մի քանի մթին սենյակներ, ծեփած սպիտակ կավով, նեղ բակ ցածրիկ շրջապարիսպով, — այդ բոլորը կացուցանում էին նրա անշուք բնակարանը, ուր տիրում էր մշտական փոշի, աղտ, խորին տխրության հետ: Դրացիները տեր հոր այսպիսի չքավոր կեցությունը վերաբերում էին նրա անփառասիրությանը և նրա աշխարհի վայելչություններին չցանկացող բնավորությանը: Դա մասամբ իրավացի կլիներ, եթե ագահներն էլ այնպիսի հատկություններ չունենային: Ժլատները նույնպես անապատի մեջ են ապրում, որպես տեր Թոդիկը իր մերկ ճգնարանում: Դերվիշությունը առհասարակ գրավիչ է լինում և հրապուրում է ռամկի սնահավատությունը, թեև դերվիշի քրքրված վերարկուի տակ շատ անգամ ծածկվում է մի շահասեր և հարստահարիչ ոգի...

Վերջին տարիներում, մայրս չկարողանալով վարժապետի ամսականը վճարել, ինձ բոլորովին ծանրաբեռնեցին տնային գործերով, այնպես որ ժամանակ չէի գտնում դասերս պատրաստելու: Ամբողջ ցերեկը հոգիս դուրս էր գալիս կամ երեցկնոջ, կամ տեր հոր պատվերները կատարելով: Մնում էր պարապվել միայն գիշերով, իսկ այդ ևս շատ անգամ չէր հաջողվում, որովհետև ճրագ և լույս չունենալու համար միշտ ստիպված էինք քնել շատ վաղ: Քեռուս տան հետ ավելի հարաբերություններ չունեինք. մայրս իր եղբայրներից ոչինչ օժանդակություն չէր ստանում, և եթե հնար լիներ, նա կթողներ այն խեղդված խրճիթը, որ քեռիներս շնորհել էին մեզ բնակության համար: Մեր հույսը մնացել էր մեր բարերարի` որսորդ Ավոյի վրա: Սա էլ դպրոցի վերաբերությամբ ինձ չէր օգնում, և մինչև անգամ խիստ անախորժ էր թվում նրան, որ ես այնտեղ ուսում էի առնում: Ես դեռ չեմ մոռացել այն խոսքը, որ մի օր հայրական բարեսրտությամբ որսորդը ասաց ինձ.

— Ֆարհատ, դուրս եկ այդ դժոխքից, դու բոլորովին կբթանաս այնտեղ:

— Դուրս գամ ի՞նչ անեմ, ի՞նչ սովորեմ, — հարցրի ես:

— Մտի՛ր քեռիներիդ արհեստանոցը, զենք շինել սովորի՛ր, — պատասխանեց նա:

— Մի՞թե ուսումը վատ է:

— Այդ ուսում չէ, որ դու սովորում ես:

Հետո նա սկսում էր երկար ու երկար բացատրել ինձ, թե ի՛նչ բան է ճշմարիտ ուսումը, բայց ես այն ժամանակ չէի հասկանում, միայն զարմանում էի, թե ի՛նչպես այդ կոշտ, կոպիտ մարդը, որ անդադար գազանների հետ պատերազմելով, գազանի բնավորություն էր ստացել, — այնքան լավ, այնքան հիմնավոր կերպով խոսում էր ուսման վրա...

Որսորդը շատ մոտ բարեկամ էր իմ քեռիներից մեկի հետ, որին կոչում էին Մինաս. դա բոլորովին ձրի շինում էր, նորոգում էր որսորդի զենքերը, երբ նրանց որևիցե մասը խանգարված էր լինում: Այդ Մինասի հետ խոսել էր որսորդը, համոզել էր նրան, որ ինձ վեր առնեն իրանց արհեստանոցը որպես աշակերտ: Ես սիրում էի այդ արհեստը, իմ սիրտը դողդողում էր ուրախությունից, երբ քեռիներիս արհեստանոցն էի մտնում, և ամբողջ ժամեր նստած այնտեղ, խորին հոգեզմայլությամբ նայում էի գեղեցիկ, փայլուն զենքերին, որ դուրս էին գալիս քեռիներիս ճարտար ձեռքից: Բայց մայրս սատանայի նման հակառակ եղավ և չթողեց, որ ես այդ արհեստը սովորեի: Նա ատելով քեռիներիս, ատում էր և նրանց արհեստը: Նա կրկնում էր միևնույն խոսքերը, որ ես շատ անգամ լսել էի վարժապետիցս, թե բոլոր զինագործները մեղավոր մարդիկ են, բոլորն էլ դժոխքը կգնան:

— Ի՞նչու, — մի անգամ հարցրի ես:

— Նրա համար որ, թուր, սուր, հրացաններ են պատրաստում, և այդ զենքերով մարդիկ միմյանց կոտորում են, — պատասխանեց նա:

Թե այսպես, թե այնպես, քեռիներիս արհեստանոցը մտնելը ինձ չհաջողվեցավ. ես դարձյալ մնացի այն «դժոխքի» մեջ, որպես կոչում էր նրան որսորդը:

Բայց նույն «դժոխքի» մեջ ես ունեի մի մխիթարիչ հրեշտակ, որ թեթևացնում էր իմ կրած վշտերի դառնությունը: Դա Սոնան էր-վարժապետիս աղջիկը: Թե ի՞նչ զգացմունք էր այն, որ կապել էր իմ սիրտը այդ նազելի արարածի հետ, — ճշմարիտ, ես էլ չգիտեի և մինչև այսօր չեմ կարողացել հասկանալ:

Սոնան ինձ շատ էր օգնում, առավել այն աշխատությունների մեջ, որ ես պետք է կատարեի վարժապետիս տնտեսության մեջ: Երբ միասին գնում էինք այգին կովերի համար խոտ քաղելու, նա ասում էր ինձ.

— Ֆարհատ, դու նստիր, դասդ սերտիր, ես կքաղեմ խոտը:

— Դու մենակ չես կարող բոլորը քաղել, դու կհոգնես, — ասում էի նրան:

Նա ժպտում էր և իր հրեշտակային անմեղ բարեսրտությամբ ասում էր ինձ.

— Չէ, կարող եմ, ես չեմ հոգնի: Դու սովորիր, որ հայրս չծեծե քեզ:

Թեև Սոնան շատ էր ցանկանում միշտ օգնել ինձ, որ ես ժամանակ գտնեի դասերս պատրաստելու, բայց չէր կարողանում, որովհետև վերջին օրերում նրան արգելեցին մոտենալ ինձ, և ես այնուհետև միայնակ էի գնում այգուց խոտ քաղելու, և միշտ տխուր էի լինում, երբ նա ինձ հետ չէր:

Այսպես անցուցի ես յոթն բոլորակ տարիներ. — մի խորհրդավոր թիվ, որի մեջ թաքնված են իմ մանկության սկզբնական տանջանքները... Այս յոթն տարվա ընթացքում, ես անցա գիտության բոլոր աստիճանները, այսինքն, սովորեցա այնքան, որքան կարող էր սովորել այն ժամանակ մի բարձր ուսում ստացող աշակերտ: Ես կարդացել էի բոլոր գրքերը, որ հայտնի էին մեր երկրում, — Սաղմոս, Ժամագիրք, Ավետարան, Հին կտակարան, Նարեկ և մինչև անգամ այն ահագին գիրքը, որ ես փոքր հասակումս դժվարությամբ կարողանում էի վեր առնել: Ես կարողանում էի գրել և գրածս կարդալ, ես գիտեի և մի քանի կանոններ հայոց հին լեզվի քերականությունից: Բայց մի բան, որ չկարողացա ձեռք բերել ես — դա էր վարդապետիս խորին գիտությունը ոգիների և կախարդությունների մասին. այդ գիտությունը վարժապետս պահում էր իր մոտ որպես մի գաղտնիք, որին մասնակից լինելու համար պետք էր տասն-քսան տարի ծառայել նրան:

Նրա դպրոցում աշակերտները երկար տարիներով անշարժ մնում և ծերանում էին: Մորուքավոր, անմորուք, չափահաս, անչափահաս, երեխա և երիտասարդ, բոլորը խառնված էին միմյանց: Տասն տարեկան էի ես, երբ մտա այդ դպրոցը. այն օրից անցել էր ավելի քան տասն և երկու տարի դա փոքր ժամանակ չէ. այժմ ես բոլորովին հասուն պատանի էի: Բայց, չնայելով իմ հասակին, վարժապետս վարվում էր ինձ հետ, որպես մի երեխայի հետ — դարձյալ նույն ֆալախկան, դարձյալ նույն «խրատի» հարվածները ափերիս մեջ, դարձյալ նույն մերկ ոտներով չոքելը աղյուսի կտորտանքի վրա... մի խոսքով, պատիժների թվից ոչինչ չէր պակասել: Բայց զարմանալին այն էր, որ ես այն աստիճան սովորած էի այդ պատիժներին, այն աստիճան մեռած էր իմ մեջ պատվի, հպարտության և անձնասիրության զգացմունքը, որ ես անտրտունջ կերպով համբերում էի բոլորին, որպես էշը, եզը, ձին համբերում են իրանց տիրոջ անգութ հարվածներին: Բայց մի անգամ ընդհակառակը պատահեց:

Մեծ զատկի տոնն էր. աշակերտներից ոչ մեկը չկարողացավ պատրաստել «Դանիելի գիրքը» եկեղեցում կարդալու համար: Այդ գիրքը կարդում էին սովորաբար հարուստների որդիքը և նրանց ծնողները մի նշանակյալ նվեր էին տալիս եկեղեցուն: Իսկ այն տոնին վարժապետը իր աշակերտների հառաջադիմությունը ժողովրդին ցույց տալու համար, պահանջում էր, որ այդ գիրքը կարդային անգիր: Բայց հարուստների որդիների մեջ ո՞րտեղից էր այնքան ընդունակություն, որ կարողանային ամբողջ «Դանիելին» անգիր պատրաստել: Մեծ պասի սկզբից նրանք ամեն օր սերտում էին ու սերտում, բայց հենց որ մոտեցավ զատիկը, վարժապետը որից որ հարցրեց, չկարողացավ կարդալ: Էլ ուրիշ ճար չկար. վարժապետը ստիպված, ինձ հանձնեց պատրաստել «Դանիելին»: Այն օրը մեծ պասի վերջին ավագ ուրբաթ օրն էր – Հիսուս Քրիստոսի խաչելության և չարչարանքի օրը... մի այնքան չարչարանք պետք էր` մի օրվա մեջ «Դանիելին» պատրաստելու համար: Ավագ շաբթի կեսօրին վարժապետը հարցրեց, ես կարողացա կարդալ երեք քառորդ մասը միայն: Գուցե մինչև երեկոյան պատարագի սկսվելը ես կարող կլինեի մնացածն էլ սերտել, բայց նա համբերել չկարողացավ, սաստիկ բարկացավ և նախատեց ինձ ամենակեղտոտ հայհոյանքներով: Ես էլ համբերել չկարողացա, պատասխանեցի նրան մի քանի կոպտություններով: — «Սատանայի լակոտ, ես քո հերը կանիծեմ»... գոռաց նա կատաղելով, և որովհետև ավելի ժամանակ չուներ, բանտարկեց ինձ ախոռատան մեջ և հրամայեց այնտեղ փակված պահել, մինչև ինքը ճրագալույցի երեկոյան պատարագը կվերջացներ և եկեղեցուց վերադառնալով, իմ հոգին կառներ...

Ոչինչ ինձ այնքան չէր տանջում, որքան այն զգացմունքը, որ ամբողջ քառասուն օր ծոմ ու պաս էի պահել, առավոտյան, կեսօրին և երեկոյան ժամ էի գնացել, աղոթք էի արել, իսկ այս գիշեր, որ զատկի ճրագալույցի գիշերն էր, նույնպես պիտի եկեղեցի գնայի, պատարագ տեսնեի և «Սուրբ-սուրբը» երգելու ժամանակ` պետք է մորս տված կարմիր ձուն տաճարին ցույց տայի ու այնուհետև պասս բաց անեի. — այս բոլոր ջերմեռանդ ցանկություններս անկատար մնացին, բոլորից զրկվեցա... Կրոնական զգացմունքը վառ էր իմ մեջ, իմ հոգին լի էր ջերմ հավատքով: Եկեղեցու ամեն մի ծեսը, ամեն մի արարողությունը, ամեն մի պաշտամունքը ինձ համար սրբազան նշանակություն ուներ, և այս պատճառով մեծ ցավ էի զգում, որ այն օր զուրկ մնացի եկեղեցուց: Մյուս կողմից, ինձ տանջում էր մի սարսափելի նախանձ. ես մեր դպրոցի առաջին աշակերտն էի, իսկ ինձանից հարյուր անգամ ստոր ընկերներս այն գիշեր պետք է եկեղեցում «փոխ» ասեին, «գիրք» կարդային, շարականներ երգեին և իրանց ծնողներին ուրախացնեին, — իսկ իմ խեղճ մայրը պետք է իր որդու ձայնը չլսեր... Այս բոլոր մտածություններն այն աստիճան պաշարել էին ինձ, որ ես բոլորովին մոռացել էի վարժապետիս սպառնալի պատիժը, որ սպասում էր ինձ մի քանի ժամից հետո: Զարմանալի՜ հակասություն: Նա պիտի պատժեր ինձ, նա պիտի բարբարոսի նման նահատակեր ինձ, այն խոսքերից հետո, որ այսօր աստծո սուրբ սեղանից, իբրև քահանա, պիտի ավետեր աշխարհին — «Քրիստոս յար եաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց»:

Իսկ իմ բա՞նտը... ես իմ անձնամոռացության մեջ դեռ նրան ուշադրության չէի առել: Չնայելով, որ ապրիլ ամիսն էր, բայց շոգերը սկսվել էին արդեն: Գոմը, ուր բանտարկված էի ես, լիքն էր զանազան միջատներով, որոնք իրանց սուր խայթոցները խրում ու խրում էին մարմնիս մեջ: Մի կողմից անասունների հոտած աղբի արտաշնչությունը խեղդում էր ինձ, մյուս կողմից սիրտս թուլանում էր քաղցածությունից: Ողորմա՜ծ աստված, ի՞նչ անեի, փախչել չէի կարող. դուռը ամուր կերպով փակած էր. իսկ համբերել այն տարտարոսի մեջ, — մահվան չափ սպանիչ էր...

Արևը վաղուց արդեն մտել էր. խավարը ավելի և ավելի թանձրանում էր գոմի մեջ: Ես բոլորովին կատաղեցա, ինձ տիրեց մի տեսակ խելագարություն: Երկաթե վանդակի մեջ նոր բռնված գազանի նման, ես այս կողմ և այն կողմ էի թռչում, աշխատում էի մատներով քանդել պատերը, խորտակել սյուները, ծակել առաստաղը, կոտրել դուռը, լայնացնել նեղ լուսամուտները, որ մի հնար գտնեմ ազատվելու: Այդ կռիվը տևեց մի քանի ժամ, մինչև ես բոլորվին հոգնեցա, թուլացա և վեր ընկա հատակի վրա: Այդ միջոցին ինձ տիրեց երևակայության բորբոքումը և հրեշավոր ցնորքների խառնափնթորությունը: Տատիս հեքիաթների մեջ լսած յոթնգլխանի վիշապները, եղջյուրավոր դևերը, պոչավոր սատանաները, ահագին խումբերով գալիս ու գնում էին աչքիս առջև: Մտածում էի ահա խավարը բոլորովին կպատե, և դրանք կխեղդեն ինձ...

Թե քանի՞ ժամ ես մնացի այդ տենդային դրության մեջ, — չգիտեմ. միայն լսեցի, հանկարծ դուռը ճռաց: Ես ամբողջ մարմնով սարսափեցա: Բայց սոսկումն անցավ շուտով: Տեսնում ես, ներս է մտնում Սոնան, մի այցելու հրեշտակի նման, ձեռքում բռնած յուղային ճրագը: Նա վեր բարձրացրեց ինձ ընկած տեղիցս, և նրա քնքուշ ձայնը բոլորովին սթափեց ինձ:

— Փախի՛ր, Ֆարհատ, — ասաց նա, — փախի՛ր, քանի հայրս տանը չէ...

Ես կամեցա գրկել, համբուրել իմ ազատչին, բայց նա ոգիների նման աներևույթ եղավ:

Ես դուրս եկա իմ բանտից, ես թողեցի դպրոցը – իմ մանկության, իմ տանջանքների «դժոխքը» — և մյուս անգամ չվերադարձա այնտեղ...