Կայծեր/Մաս I/Թ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ը Կայծեր

Րաֆֆի

Ժ

Թ

ԿԱՐՈՅԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Այստեղ ես ստիպված եմ մի փոքր կանգ առնել, թողնել ընկերներիս խորհրդավոր մինարեթի մեջ և դառնալ դեպի Կարոն: Այդ անձնավորությունը, որ գլխավոր դերերից մեկը պիտի խաղա իմ պատմության մեջ, արժանի է առանձին ուշադրության:

Կարոյի իսկական անունը ես չգիտեմ, գուցե նա ինքն էլ չգիտեր, միայն հայտնի էր, որ դա մի մականուն է նրա ծագումը և ազգատոհմը թաքցնելու համար: Նա մեր քաղաքի բնիկներից չէր, ո՞րտեղացի էր, — ոչ ոք չգիտեր, միայն ասում էին, մի անգամ հայտնվեցավ մեր քաղաքում մի անծանոթ կին և բերեց իր հետ փոքրիկ Կարոյին, որին կոչում էր իրա թոռը: Զումրուդը-այսպես էր կնոջ անունը — հմուտ էր ժողովրդական բժշկության, այդ արհեստով փող էր վաստակում, ապրում էր ինքը և սնուցանում էր իր որբ թոռնիկին:

Կարոյի հետ ես ծանոթացա մեր դպրոցում. այնտեղ բոլորը, բացի վարժապետից, սիրում էին նրան, թեև նա խիստ չար և անհանգիստ երեխա էր: Չգիտեմ, ո՞րպիսի զգացմունք կապեց իմ սիրտը այդ վայրենի վագրի ձագի հետ, որից ամեն օր մի փորձանք պակաս չէր լինում: Եվ ճշմարիտ, միշտ մի վերք կարելի էր տեսնել նրա մարմնի վրա. կամ ձեռքը վիրավորված էր լինում, կամ գլուխը կոտրած, կամ երեսը ճանկռած, վերջապես միշտ անդամներից մեկը փաթաթված էր լինում:

Թեև նա խիստ բարի սիրտ ուներ, բայց անկարելի էր բոլորովին մտերիմ լինել նրա հետ: Կարոն այն գազաններից էր, որին դժվար էր ընտելացնել: Այդ պատճառով, աշակերտների ակնածությունը դեպի նա ծագում էր ավելի երկյուղից, որ ունենում են տկարները դեպի իրանցից հզորները: Եվ արդարև, Կարոն համարվում էր մեր դպրոցի մեջ խիստ սրտոտ, համարձակ և աներկյուղ աշակերտ:

Նա խիստ վատ էր սովորում, թեև ընդունակ և բնական ձիրքերով հարուստ տղա էր: Նրա անհամբեր, անհնազանդ բնավորությունը շատ անգամ առիթ էր տալիս զեղծումներ գործել դպրոցի խիստ կարգապահությունների դեմ. շատ անգամ ևս նա պատճառ էր դառնում աղմկալի խռովությունների: Գրգռելով աշակերտներին, հարուցանում էր նա ընդհանուր ապստամբություն վարժապետի դեմ: Այսպիսի դեպքերում նրան շատ օգնում էին Ասլանը և Սագոն. առաջինը իր խելքով և խոհեմությամբ, իսկ երկրորդը` իր խորամանկությամբ, որ սատանայի պես մտնում էր աշակերտների դամարը և նրանց շուռ էր տալիս, որպես և ցանկանում էր:

Ես մինչև այսօր չեմ կարող երևակայել Կարոյի բնավորության զորությունը, թե ի՞նչպես նրան հաջողվում էր ազդել այն ապուշ, վարժապետի ճնշումներից հոգով և սրտով սպանված, աշակերտների վրա, որոնց երեսից երկյուղը երբեք պակաս չէր լինում, որոնց վախկոտ աչքերի մեջ միշտ կարելի էր նշմարել կույր հնազանդություն և ստրկություն: Բայց մարդկային ուժը իր մեջ աստվածային զորություն ունի, որ ստիպում է տկարներին խոնարհվել իր առջև, որ իր անձը պաշտելի է կացուցանում: Կարոն ուներ այդ հատկությունները:

Կարծես երեխաների հասակում կատարվում է նույնը, ինչ որ կատարվել էր ընդհանուր մարդկության տղայական հասակում: Ազգերի դյուցազունները, որոնց պաշտել է ամբոխը, որոնց անմահների կարգումն է դասել, եղել են նույն ազգի քաջ և հզոր տղմարդիկը, որոնք պատերազմում էին վիշապների և ամեհի գազանների հետ: Կարոն թեև այսպիսի քաջագործություններ չէր կատարում, բայց նա անում էր այն, որ մեր, երեխաներիս աչքերում ավելի մեծ նշանակություն ուներ:

Պատահում էին այսպիսի դեպքեր և այդ դեպքերը կրկնվում էին խիստ հաճախ: Ամեն երեկո, երբ աշակերտները դպրոցից վերադառնում էին իրանց տները, մահմեդականների փողոցներից անց կենալու ժամանակ, հավաքվում էին թուրքերի, պարսիկների երեխաները և ծեծում էին հայ երեխաներին: Ես մինչև այսօր չեմ մոռացել մի երգ, որ հնարել էին նրանք և մեզ տեսնելու ժամանակ երգում էին: Նրա բովանդակությունը մոտավորապես այս էր. «Հայը աղբի ջրաղաց է, պետք է գցել նրան տոպրակի մեջ և խփել պատին, որ երկու աչքերն էլ միասին կուրանան»... Մենք ուրախ էինք լինում, երբ մեր վիրավորանքը վերջանում էր այդ նախատական խոսքերով: Բայց նրանք ծեծում էին մեզ: Աշակերտները գանգատվում էին իրանց ծնողներին, բայց ի՞նչ կարող էին անել ծնողները: Մեծերը ծեծվում էին մեծերից, իսկ փոքրերը` փոքրերից...

Մի անգամ Կարոն ասաց մեզ.

— Գիտե՞ք ինչ կա, տղերք, այդ թուրքի լակոտները մեզ միշտ կծեծեն, քանի որ մենք նրանց առջևից կփախչենք: Պետք է մենք էլ ցույց տանք նրանց մեր ձեռքի զորությունը:

Աշակերտներից շատերը հակառակեցին, թե դա անկարելի բան է, թե ի՞նչպես կարելի է թուրքի, պարսկի երեխայի վրա ձեռք բարձրացնել:

— Ես չեմ ասում, որ մենք հարձակվենք նրանց վրա, բայց երբ որ մեզ վրա հարձակվելու լինեն, պետք է պաշտպանվենք:

— Ինչո՞վ, — հարցրեց մեկը:

— Առաջ մեր մուշտիներով, — ասաց Կարոն, — իսկ երբ այդ չի օգնի, սկսեցեք քարերով:

Դարձյալ աշակերտներից շատերը չհամաձայնվեցան. տասն հոգի միայն ընդունեցին Կարոյի առաջարկությունը, որոնց թվում գտնվում էինք` ես, Ասլանը և Սագոն:

Կարոն կազմակերպեց իր փոքրիկ գունդը, ինքն առաջ ընկավ, Ասլանին և Սագոյին կարգեց վերջապահ, իսկ ինձ կանգնեցրեց մեջտեղում, որովհետև ամենից փոքրն էի: Մեր գրպանները լիքն էին քարերի գնդակներով: Այսպես սկսեցինք առաջ գնալ: Մեր ընկերներից մի քանիսը, որ չմիացան մեզ հետ, հեռվից հետևում էին մեզ, որ տեսնեն, թե ինչով կվերջանա այդ «հիմարությունը»...

Թուրքերի փողոցի մեջտեղումն էինք, երբ մի խումբ մահմեդական երեխաներ, մեզ տեսնելով, սկսեցին իրանց սովորական երգը: — Դա կռվի հրավերքն էր:

— Տղերք, — ասաց Կարոն, — չվախենաք, հենց որ նշան կտամ, սկսեցեք...

Մահմեդական երեխաների խումբը մոտեցավ, մեր ճանապարհը կտրեց:

— Թողեք, որ անցնենք, — ասաց Կարոն:

— Չենք թողնի, մինչև ձեզ մոտ գտնված սպիտակ թղթերը մեզ չտաք, — ասաց նրանցից մեկը:

— Ոչինչ չեք ստանա, — պատասխանեց Կարոն:

Մահմեդական երեխաները սովորություն ունեին մեր ձեռքից խլել մեր գրելու թղթերը և երբեմն հափշտակում էին մեր գրքերը. թեև այս վերջինները նրանց պետք չէին, բայց քանի օրից հետո դարձնում էին, փոխարենը ստանալով փող, կամ մի ուրիշ բան: Մի անգամ իմ Նոր կտակարանը, որ գերի էր ընկած մի թուրք երեխայի ձեռքում, ես կարողացա ազատել, նրան տալով իմ զմելին: Ո՞վ էր սովորեցրել նրանց, թե նրանք իրավունք ունեին հափշտակելու հայ երեխաների իրեղենները...

Իսկ այս անգամ նրանց պահանջը հանդիպեց սաստիկ ընդդիմադրության: Երբ Կարոն պատասխանեց, թե «ոչինչ չեք ստանա», այդ միջոցին մահմեդականներից մեկը վրա պրծավ և խլեց նրա գդակը: Կարոն մի հարվածով ցած գլորեց անզգամին և խլեց գդակը: Առաջին անգամն էր, որ մահմեդական երեխաները տեսան «գավուրի» հարվածը և՛ այդ հանդգնությունը սաստիկ բարկացրեց նրանց:

— Սպանեցե՛ք... — ձայն տվեցին միմյանց:

— Սկսեցե՛ք... — ասաց մեզ Կարոն:

Ես երբեք չեմ մոռանա այն փոքրիկ, երեխայական կռիվը, որ սկսվեցավ մեր և նրանց մեջ: Սկզբում մահմեդականները փոքր էին թվով, բայց մի այնպիսի վայրենի ճիչ և աղաղակ բարձրացրին, որ նրանց ձայնից մի քանի րոպեի մեջ հավաքվեցավ այնքան բազմություն, որի թիվը մեր կրկնապատիկը եղավ: Բայց ես չգիտեմ, ի՛նչ էր պատճառը, որ կռվի մեջ մեզ տիրեց մի այնպիսի կատաղություն, որ բոլորովին մոռացանք, թե մենք հայի զավակներ ենք, թե մեր բազուկները կապված են, թե մենք համարձակություն չի պիտի ունենանք մահմեդականի վրա բարձրացնելու, մեր «պիղծ» և միշտ անգործության դատապարտված — ձեռքը: Կարոն մի սարսափելի փոթորիկի նման, դեպի ո՛ր կողմը և դառնում էր, իր առջևից ցած էր գլորում թուրքի երեխաներին: Նրա օրինակը մեզ սիրտ և խրախույս տվեց: Ասլանը, ասլանի3 ձագի նման, իր զորեղ ճանկերով բռնում էր նրանց, և ձեռքը կոկորդներին դնելով, կիսախեղդ էր անում: Փոքրիկ Սագոն իմ աչքում ավելի աճել և ավելի մեծացած էր երևում: Նա դևի նման կռվում էր իր մարմնի բոլոր անդամներով. ձեռքով մուշտի էր խփում, ոտքով քացի էր տալիս, գլխով նաղդա էր գալիս4, ատամներով կծում էր, եղունգներով ճանկռում էր: Ոչ սակավ քաջությամբ հանդիսացան և մեր մյուս ընկերները, որոնց ճարպկությունները մի առ մի նկարագրելը շատ երկար կլիներ: Միայն այսքանը կասեմ, որ բոլորից թույլը, բոլորից անվարժը կռվի մեջ էի ես... Ես այս րոպեիս էլ առանց ծիծաղի չեմ կարող գրել այս տողերը, թե ի՛նչով էի օգնում ընկերներիս. — ես միայն գետնից ափերով հող էի վեր առնում, ցրում էի թուրք երեխաների երեսի վրա, որ նրանց աչքերը լցնեմ հողով, որ նրանց կուրացնեմ, որ ոչինչ չտեսնեն, և այսպիսով հեշտացնեմ ընկերներիս ջարդել նրանց:

Չնայելով, որ մահմեդական երեխաները մեզանից կրկնապատիկ թվով ավելի էին, այսուամենայնիվ, նրանք խույս տվեցին կռվի դաշտից և սկսեցին հեռվից մեզ վրա քարեր արձակել:

— Դուք էլ քարերով... — ձայն տվեց Կարոն:

Մենք կատարեցինք նրա հրամանը: Այդ միջոցին վրա հասան մի քանի չափահաս մահմեդական պատանիներ, և մենք ստիպված էինք փախչել:

Մեր ընկերներից մի քանիսը վնասվեցան. մի տղա թևքի վրա դանակի վերք ստացավ, մի ուրիշի ատամները ջարդվեցան քարի հարվածքից, իսկ իմ գլխի փոքրիկ սպին, որի նշանը մնացել է մինչև այսօր, այն օրվանից ստացված է:

Վերադառնալով տուն, մայրս սաստիկ բարկացավ, երբ լսեց մեր «հիմարությունը»: Նա պատրաստվում էր ինձ ծեծել, որ խրատվեմ, որ թուրք երեխաների հետ գործ չունենամ, բայց գլխիցս հոսող արյունը մի փոքր մեղմացրեց նրա բարկությունը: Նա չէր մեղադրում նրանց, որ իմ գլուխը պատառել էին, այլ մեղադրում էր ինձ թե ինչո՞ւ ես մասնակցեցի կռվի մեջ: Այդ պատճառով կսեց սաստիկ անիծել ինձ.

«Գետինը մտնես... գրողը տանե քեզ... չար սատանա... պատանդ կարեմ... անիծված... նաշդ տեսնեմ»... և այլ այսպիսի խոսքեր:

Մյուս օրը ես դպրոց գնալ չկարողացա, որովհետև մի ամբողջ շաբաթ տանը հիվանդ պառկած էի: Այդ հիվանդությունը ազատեց ինձ մեր վարժապետի պատժից: Ինձ պատմեցին, թե բոլոր աշակերտները, որոնք մասնակցել էին կռվին, սաստիկ ծեծ կերան: Նրանք ծեծ կերան նրա համար միայն, որ թույլ չտվեցին մահմեդական երեխաներին իրանց ծեծել... Մի՞թե ինքը, դպրոցը, չէր պատրաստում մեզ ծեծվելու համար... մի՞թե նա չէր մտցնում մեր մեջ ստրկությունը...

Թեև խիստ թանկ նստեց մեր կատարած անկարգությունը, բայց նրա հետևանքը բավական օգտավետ եղավ մեզ համար: Այնուհետև մահմեդական երեխաները սկսեցին վախենալ մեզանից և ավելի հարգանքով վարվել: Եվ շատ սակավ էր պատահում, որ նրանց փողոցներից անց կենալու ժամանակ մեր ընկերները ծեծվեին, մանավանդ երբ խումբերով էին անց կենում և պատրաստ էին ընդդիմադրել:

Այդ անցքից հետո Կարոն նշանակություն ստացավ իր ընկերների մեջ, և համարյա բոլորին պաշտելի դարձավ: Ամեն մեկը խոնարհվում էր նրա հեղինակության առջև:

— Տեսա՞ք, — ասաց մեզ Կարոն մի քանի օրից հետո. — «շանը մինչև չծեծես, չի բարեկամանա»...

Այդ բոլորը «անկարգությունների խմորը» (տեր Թոդիկի լեզվով) Կարոն էր: Վարժապետը վաղուց արտաքսած կլիներ այդ խռովարարին իր հիմնարկությունից, եթե մի քանի պատճառներ արգել չլինեին: Որպես վերևում ասեցի, Կարոյի տատը հմուտ էր ժողովրդական բժշկության մեջ. իր արհեստով նա վայելում էր քաղաքի ոչ միայն հայ հասարակության հարգանքը, այլև մահմեդականների մեջ մեծ պատիվ ուներ: Նրա պատվի համար Կարոյին ներում էին: Բացի դրանից, Զումրուդը իր բժշկական հնարներով ոչ սակավ օգնում էր միշտ հիվանդ տերտերակնոջը և ամենևին վարձատրություն չէր պահանջում:

Մի դեպքի պատճառով ինքը Կարոն հեռացավ տեր Թոդիկի դպրոցից:

Մեր դպրոցը ուներ մի վերակացու, որին կոչում էին Խալֆա-Թաթոս: Այդ Գոլիաթը կլիներ երեսուն տարեկան, այսինքն` հասակովը տասն և հինգ տարի մեծ Կարոյից: Նա վախենում էր կարիճից, վախենում էր ամեն տեսակ պողոճներից և մինչև անգամ ճանճերից: Միակ արարածները, որոնցից չէր վախենում Խալֆա-Թաթոսը, էին աշակերտները: Երեխայությունից այդ տիտանը ձրի ծառայում էր, սպասավորություն էր անում տեր Թոդիկի մոտ, որպեսզի նրա շնորքից, նրա գիտությունից մի մասն ստանա, որ ինքն էլ կարողանա քահանայական փիլոնը գցել ուսին և վարժապետական աստիճանին արժանանալ: Բայց խղճալին իր կյանքում մի անգամ միայն կարողացել էր եկեղեցում «Լույս զվարթ» երգել և այն օրից միշտ պարծանքով էր հիշում այդ փառքը: Աշակերտները նրան կոչում էին «դպրոցի շուն», այն պատճառով, որ ամեն օր, ճաշից հետո, յուրաքանչյուր աշակերտի սեղանից ավելցած փշրանքը Խալֆա-Թաթոսի կերակուրն էր: Բայց այնքան բազմաթիվ աշակերտներից ավելացած պաշարը դարձյալ չէր բավականանում կշտացնելու շատակեր Խալֆայի անհագ որկորը, որ պատմական Շարայի հետ կարող էր ազատ մրցություն անել: Նա, բացի դրանից, ստանում էր կաշառքներ խեղճ աշակերտներից, որոնք ծածուկ տալիս էին նրան մի ամբողջ լավաշ, որ չծեծեր, կամ իզուր չպատժեր նրանց:

Խալֆա-Թաթոսը կոչվում էր «դպրոցի շուն» առավել այն պատճառով, որ ամենին կծում էր, ամենի վրա հաչում էր, աշակերտները հանգստություն չունեին այդ բարբարոսի ձեռքից: Կարոն սաստիկ ատում էր նրան. օր չէր անցնում, որ մի խայտառակություն չսարքեր նրա գլխին: Տեսնում ես, հանգստի ժամանակ նա ման է գալիս դպրոցի բակումը կարգ պահպանելու համար. աշակերտները երկյուղածությամբ նայում էին նրա վրա. Կարոն դևի նման ծածուկ մոտենում է, քարշ է տալիս Խալֆայի ետևից մի աղվեսի պոչ: Նա ոչինչ չէ նկատում, շարունակում է ման գալ և աշակերտներին սպառնալ, որ հանգիստ լինեն, մինչդեռ աշակերտների մեջ տիրում է ընդհանուր ծիծաղ և հռհռոց...

Մի անգամ կեսօրից հետո վարժապետը գնացել էր քնելու. այդ ժամանակ, ամենավուր սովորության համեմատ, մեզ հավաքում էին և ածում դասատան մեջ, որ լուռ մնանք, շարժում չգործենք, որպեսզի վարժապետի քունը չխանգարվի. որովհետև նրա սենյակը կից էր մեր դասատանը: Մենք քարե արձանների նման նստած էինք: Խալֆան երկար ճիպոտը ձեռին, փառավոր կերպով անցուդարձ էր անում դասատան մեջ, որպես սուլթանն իր պալատում: Տիրում էր գերեզմանական լռություն. ճանճի թռչելն անգամ լսելի էր լինում: Կարոն նայեց նրա վրա, և իմ կողքին խթելով, ասաց.

— Տես Ֆարհատ, այդ ավանակի ականջները եթե կտրես, մի ջուխտ լավ տրեխ դուրս կգա:

Վերակացուն, իհարկե, ոչինչ չլսեց, միայն Կարոյի սրախոսությունը Խալֆա-Թաթոսի ահագին ականջների մասին այնքան ճիշտ էր, որ ես չկարողացա իմ ծիծաղը զսպել, որով դարձրի իմ վրա ամբողջ դասատան ուշադրությունը:

— Չոքի՛ր, — գոռաց խալֆան, ցույց տալով անկյունը:

Ես պատրաստվեցա կատարել հրամանը:

— Դու չե՜ս չոքի, Ֆարհատ, — ասաց Կարոն:

— Ինչո՛ւ, — հարցրեց վերակացուն, ավելի բարկանալով:

— Նրա համար, որ ես ծիծաղեցրի նրան, նա մեղք չունի, — պատասխանեց Կարոն:

— Ուրեմն, երկուսդ չոքեցեք, — ասաց վերակացուն, կրկին անկյունը ցույց տալով:

— Ոչ ես կչոքեմ, ոչ` նա, — պատասխանեց Կարոն վրդովված ձայնով:

Ես նկատեցի, Կարոն գունաթափվեցավ, նրա ձեռքերը սկսեցին դողդողալ և աչքերը լցվեցան արյունով. — դրանք նրա կատաղության նշաններն էին: Չգիտեմ, վերակացուն այլևս ինչ խոսեց, միայն այն տեսա, որպես վագրը թռչում է փղի պարանոցի վրա և իր սուր ճանկերով բռնում է նրա կոկորդից, նույնպես և Կարոն բռնեց վերակացուի վզից, և մի քանի պտույտներից հետո, ահագին Գոլիաթը գլորվեցավ գետին... Կարոյի երկաթե մատները սեղմվեցան նրա կոկորդի վրա և ողորմելին սկսեց խռխռալ...Հետո թռչելով շնչասպառ Խալֆայի կուրծքի վրա Կարոն ասաց.

— Տե՛ս, ես այստեղ կչոքեմ...

Ամբողջ դասատունը հավաքվելով, հազիվ կարողացան ազատել թշվառ Խալֆային Կարոյի ճանկերից, որը այնուհետև մինչև կես ժամ ուշաթափ մնաց:

Կարոն առանց մի խոսք խոսելու, նույն րոպեում թողեց դպրոցը և կրկին չվերադարձավ այնտեղ...