Jump to content

Կայծեր/Մաս I/ԻԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կայծեր
 ԻԳ
ԻԵ 

ԻԴ

ՄԻ ՓՈՔՐԻԿ ՑՈՒՅՑ

Ծերունի որսորդը դարձավ տուն մյուս ավուր երեկոյան պահուն: Կարոն և իր ընկերները չհայտնվեցան: Նա ասաց, թե մի անակնկալ դեպք առիթ տվեց տղերքին մի օրով ետ ընկնել այն գործից, որի պատճառով պետք է գնային մի տեղ: Ի՞նչ գործ, ո՞րտեղ, — այդ մասին նա ոչինչ չխոսեց: Ես խնդրեցի նրանից պատմել դեպքը: Նա ասաց, որ շատ հոգնած է, պահանջեց մի բան ուտելու և խոստացավ ընթրիքից հետո պատմել բոլորը: Մարոն մի քանի րոպեում կատարեց հոր պատվերը. ես չմոտեցա սեղանին, որովհետև ամենևին ախորժակ չունեի: Ես միայն նայում էի Մարոյին, որ նստած հոր մոտ, մատների աննշմարելի արագությամբ գործում էր գուլպաներ, և առանց լռելու խոսում էր, թե ինչ դրության մեջ նա գտավ ինձ «քանդված մատուռի» մոտ, թե մտածում էր նա «իմ գլխին մի օյին խաղալ», ամենևին չցույց տալ, թե ինքը Մարոն է, և կողոպտել ինձ, որովհետև ես քնած էի, շատ անզգա կերպով քնած էի. այս դրության մեջ նա կարող էր իմ ձեռքերը, ոտքերը կապել և միանգամայն, «պլոկել» ինձ: Հետո նա իր ճարպկությունը կհայտներ Կարոյին և ինձ կամաչացներ նրա ընկերների մոտ և այլն: Ինձ թեև շատ ախորժ չէր լսել այս բոլորը, որով վիրավորում էր նա իմ հպարտությունը, բայց դարձյալ ես չէի կարողանում զսպել իմ ծիծաղը, երբ նա խիստ հեգնական սրախոսություններ էր անում իր պատմության մեջ: Հայրը նույնպես ժպտում էր, և շոյելով դստեր մազերը, ասում էր` «փոքրիկ ավազակս»: Բայց Մարոն ծռվեց դեպի իմ ականջը, կամաց ասաց.

— Դու խո չե՜ս բարկանա իմ հանաքներով, Ֆարհատ:

Ընթրիքից հետո որսորդը գտնվում էր հոգու լավ տրամադրության մեջ. նա սովորականից ավելի ուրախ էր, և ծխելով իր չիբուխը, անդադար խոսում էր այն անցքի վրա, որ այն օր պատահել էր: Ահա նրա պարունակությունը:

Կարոյի խումբը ծերունի որսորդի առաջնորդությամբ գնում էին Բարղուղիմեոս առաքելո վանքը, ուր վանահոր հետ պետք էր մի քանի կարևոր իրերի մասին խորհրդակցել: Նրանք անցնում են Հասբստանու սարերով, ուր արածում էին հոտերը մի հայաբնակ գյուղի, որ շատ հեռու չէր արոտատեղից: Հանկարծ լսում են աղմուկ, աղաղակ, և հովիվները կոտրած գլուխներով, արյունաշաղախ, վազում են նրանց մոտ, հայտնում են` թե քրդերը թալանեցին հոտերը, և խնդրում են օգնության հասնել: Կարոն իր ընկերների հետ շտապում են դեպի այն կողմը, որ ցույց են տալիս հովիվները: Բայց դեռ հոտերին չհասած, տեսնում են` գյուղացիք ետ են դառնում, բոլորովին հուսահատած և իրանց կայքը կորցրած: Նրանք հայտնում են` թե ամենայն ջանք իզուր էր, որովհետև ավազակներն իրանց ավարով արդեն անցել էին այս և այն սարը, որոնցից մյուս կողմը հետամուտ լինել անկարելի էր, որովհետև նրանք արդեն գտնվում էին իրանց սահմանի մեջ, որ բոլորովին անմատչելի էր: Կարոն հովիվներից տեղեկացած լինելով, թե որ ժամին սկսվեց թալանը, հայտնում է ոչխարների տերերին, թե դեռևս հույս կա ավարը ետ դարձնելու, որովհետև ավազակները ոչխարների դանդաղ քայլերով չէին կարող անցնել այնքան ճանապարհ, մի այնպիսի կարճ միջոցում: Եվ ավելացնում է, թե իրան, Կարոյին, լավ ծանոթ էր այն սարերի դիրքը, նա գիտեր մինչև անգամ ամենաաննշան շավիղները, և խոստանում էր տանել նրանց կարճ ու կտրուկ ճանապարհով, համոզում էր գյուղացիներին իր հետ գնալ: Իսկ այդպիսի դեպքեր խեղճ գյուղացիների կյանքում առաջին անգամը չլինելով, նրանք չեն համոզվում և արտասվալի աչքերով դիմում են դեպի իրանց տները:

— Ես չեմ մեղադրում ավազակներին, որոնք կողոպտել են ձեզ, նրանք հավատարիմ են մնում իրանց արհեստին, — ասում է Կարոն վրդովվելով: — Ես մեղադրում եմ ձեզ, որ դուք չգիտեք պահպանել ձեր կայքը: Շատ ուղիղ է ասում քուրդը, թե «հայրը մի կույր հավի սիրտ չունի»...

— Տղերք, — դառնում է նա դեպի իր ընկերները, — գնանք մենք և ցույց տանք քրդերին, թե ամեն հայ այնպես չէ, որպես նրանք կարծում են:

Կարոն հայտնում է իր ընկերներին, թե ավազակները մինչև իրանց տեղը հասնելը, անպատճառ պետք է անցնեին այնինչ կիրճը. թե նրանք ոչխարների համրաշարժ ընթացքով հազիվ թե մինչև կեսօր կհասնեին այնտեղ, ուրեմն ժամանակ դեռ շատ կար: Իրանք կարող էին մի ուրիշ, ավելի կարճ ճանապարհով, կեսօրից կես ժամ առաջ հասնել հիշյալ կիրճի մոտ և փակել անցքը. այդ կլիներ միևնույնը, որպես փակել որսը որոգայթի մեջ:

Եվ իրավ, Կարոյի տարած ճանապարհը լինում է ավելի կտրուկ, թեև նա անցնում էր ամենավտանգավոր սարավանդների և դժվարին քարժայռերի միջով: Այն ճանապարհով անհնար է ձիավոր մարդուն անցնել, ուր մնաց ավազակներին իրանց ավարով, այդ պատճառով նրանք զանց էին արել մոտավոր ուղին:

Ճիշտ Կարոյի նշանակած ժամին տղերքը հասնում են հիշյալ կիրճի մոտ. նա լինում է մի նեղ փապար, որի միջով հազիվ կարող էր անց կենալ մի ձիավոր: Փապարի մի կողմում բարձրանում էր ապառաժյա ահագին պատ, մյուս կողմում ընկած էր խորին անդունդ, մի սխալ քայլ բավական էր գլորվելու ճանապարհորդին դեպի այն վիհը: Ավազակները թվով ավելի քան հիսուն ձիավոր, հասնում են այնտեղ: Կարոն իր խումբը բաժանում է երկու մասի, ինքը Ասլանի հետ կտրում են կիրճի մուտքը, իսկ ծերունի որսորդը Սագոյի հետ բռնում են նրա ելքը: Կարոն պատվիրում է իր ընկերներին սպանություն չգործել, միայն երկյուղ տալ ավազակներին, որ նրանք թողնեն ավարը: Որովհետև սպանությունը կարող էր ենթարկել խեղճ գյուղացիներին ավազակների վրեժխնդրությանը:

Եվ այսպես էլ լինում է:

Կարոն իր դարանից ձայն է տալիս ավազակների գլխավորին, որ թողնեն ավարը, եթե ցանկանում էին կենդանի անցկենալ կիրճից: Նա պատասխանում է արհամարհանքով և հրամայում է քշել հոտերը:

Կարոն կրկին ձայն է տալիս` թե նա դեռևս խնայում է պարոն ավազակապետի գոռոզ գլխին և փորձում է իր գնդակի զորությունը նրա գդակի վրա: Այդ խոսքերի հետ Կարոյի հրացանը որոտում է, և ավազկապետի գդակը թռչում է գլխից:

Նա դարձյալ մնում է իր համառության մեջ:

Կարոն մյուս անգամ ձայն է տալիս` երևի պարոն ավազակապետի գդակը մեծ կորուստ չէր իր համար, բայց նա դարձյալ խնայում է նրա անձին, և այս անգամին իր գնդակը դիպցնում է նրա ձիու աջ ականջին: Հրացանը երկրորդ անգամ որոտում է և ավազակապետի ձին գլորվում է գետին, իր տիրոջն ևս իր տակովն առնելով:

Կարոյի օրինակին հետևում են նրա և մյուս ընկերները. Ասլանը իր հրացանի գնդակին նպատակ է ընտրում մեկի մտրակը, որ վայր էր դնում առանց տիրոջ ձեռքը վնասելու: Սագոն խփում է մեկի ձիու թամքի դաշին: Ծերունի որսորդը խիստ ճարպիկ կերպով թռցնում է մեկի նիզակի ծայրը: Ավազակների կողմից ամենայն ջանք անցնում է իզուր, որովհետև Կարոն իր ընկերների հետ պատսպարված են լինում ժայռերի ետևում, որոնք բարձր կանգնած էին կիրճի վրա: Կռիվը տևում է կես ժամ: Ավազակները դեռ չեն կամենում անձնատուր լինել:

— Տղերք, — ասում է Կարոն, — պետք է մի փոքր ճանկռտել դրանց:

Եվ սկսում են այնուհետև իրանց գնդակները դիպցնել մեկի ձեռքին, մյուսի ոտին, երրորդի ականջին, մի խոսքով, մարմնի այն մասերին, որոնց վերքը մահացուցիչ չէր կարող լինել:

Ավազակները ստիպվում են թողնել ավարը:

Կարոն հայտնում է` թե նրանք պետք է թողնեն իրանց ձիերից չորսը, որովհետև ինքն իր ընկերների հետ ոտով եկած են և բավականին հոգնած են, և թե, ոչխարներն իրանց տերերին հասցնելեն հետո, ինքը Կարոն խոստանում է ետ դարձնել նրանց ձիերը, որոնց կգտնեն այնինչ տեղում, որ նշանակում է Կարոն: Ավազակները հոժարվում են և այդ առաջարկությանը:

Այնուհետև Կարոն հայտնում է` թե ավազակները պետք է այնքան ժամանակ մնան կիրճի մեջ, մինչև իր ընկերները հոտերը կդարձնեին և բավականին կհեռացնեին այնտեղից: Ավազակներն ընդունում են և վերջին պայմանը:

Կարոն ծերունի որսորդի հետ մնում են պահելու կիրճի ելքը, իսկ Ասլանը Սագոյի հետ հեծնում են ավազակների թողած ձիաները և դարձնում են հոտերը: Երբ նրանք բավականին հեռացած են լինում, Կարոն բաց է թողնում ավազակներին:

Հոտերը հասցնում են գյուղը այն ժամանակ, երբ բոլորովին մթնած է լինում: Գյուղացիք անպատմելի ուրախությամբ վազում են նրանց առաջ և զանազան օրհնություններով հայտնում են իրանց շնորհակալությունը: Կնիկները համբուրում են նրանց զենքերը, ասելով.

— Ձեր ոտերի հողը թո՛ղ մեր տղամարդերի գլխի՜ն լինի...

Որքան խնդրում են, որ տղերքը այն գիշերը մնան գյուղում, հյուր լինեն, նրանք չեն ընդունում, միայն Կարոն պատվիրում է, որ առավոտյան իրանց նստած ձիերը տանեն և կապեն այնինչ տեղում, որովհետև ձիերը պատկանում են ավազակներին:

Ավարտելով իր պատմությունը, ծերունի որսորդը ավելացրուց.

— Տեսնո՞ւմ ես, որդի, «մարդ կա, որ հազար մարդու արժե. հազար մարդ կա, որ մի մարդ չարժե»: Կարոն, Ասլանը և Սագոն էլ մարդիկ են, այն գյուղացիքն էլ մարդիկ են: Բայց ի՞նչպես: Երկուսի մեջ այնքան զանազանություն կա, որքան առյուծի և կատվի մեջ: Հայ գյուղացին մի քուրդ տեսնելիս փախչում է, իր տունն է մտնում, դռները փակում է, որ գոնյա իր գլուխն ազատե. ապրանքը թողնում է դրսում, թշնամին թալանում ու տանում է: Իսկ Կարոն իր երկու ընկերների հետ ապրանքը ետ են խլում: Այդ ինչի՞ց է: Չէ՞ որ երկուսն էլ մի հոր զավակներ են. չէ՞ որ երկուսի դամարներումը միևնույն արյունն է վազում:

— Ասում են, այստեղ մեղավոր է ստրկությունը, — առաջ տարավ որսորդը: — Ո՞վ կարող է մարդից խլել նրա ազատությունը, ո՞վ կարող է ստրկացնել նրան, եթե ինքը, մարդը, ցանկություն չունի, եթե նա չէ պատրաստել իրան մի այսպիսի անբախտ վիճակի համար: Մարդն ինքն է թույլ տալիս ուրիշներին նստել իր շլինքի վրա: Եվ այդ շատ ձեռնտու է բռնավորի համար. նա էլ այդ է ցանկանում: Այո՛, մարդն ինքն է պատրաստում իր համար ստրկությունը, և նրա արմատը դրած է ընտանիքի մեջ: Այն օրից, երբ երեխան աչք է բացում, նրա ձեռքը, ոտքը կապում են և դնում օրորոցի մեջ, — այդ ստրկության սկիզբն է: Առաջին խոսքերը, որ մայրը խառնում է օրորոցի երգերի մեջ, լինում են հոգին թուլացնող, եռանդը մաշող, կամքը և միտքը սպանող, և նախապաշարմունքներով լի խոսքեր, — դա ստրկության առաջին դասն է: Հետո մեծանում է մանուկը, նա միշտ ընդունում է ծնողների ապտակը, միշտ զգում է նրանց կոպիտ վարմունքը, միշտ լսում է նրանցից սպառնալիք, սարսափեցնող, բթամտացնող և մանուկի ուժը, զորությունը խլող խոսքեր: Դպրոցի մասին ես չեմ խոսում, որովհետև այդ դու ինքդ փորձել ես, սիրելի որդի: Բայց ավելի քան դպրոցը, մեծ չարիք է գործում քահանան, այն ևս աստուծո անունով: Ի՞նչ մեղք ունի խեղճ գյուղացին, նրան սովորեցնում են լինել ստրուկ: Նա ամեն օր տերտերից այդ խոսքերն է լսում` «ով որ քեզ կծեծե, դու նրան խոնարհություն արա, ով որ քո վերարկուն կխլե, դուն շապիկդ էլ տուր. եթե ձախ երեսիդ զարկեն, աջն էլ դարձրու, ամենևին սուր չբանեցնես, որովհետև սուր բարձրացնողը սրով կմեռնի, դրա համար էլ մեր տերը Պետրոսի ձեռքից սուրը խլեց»: Ո՞վ է իմանում, հազար ու մեկ այսպիսի հիմարություններով լցնում են խեղճ մարդու զլուխը, և նա դառնում է ոչ թե մարդ, այլ «կույր հավ», որպես քուրդն է ասում:

— Իսկ մեր կարդացվորներն այդ հիմարությունները կոչում են կրթություն, դաստիարակություն...

— Բայց քուրդը, պարսիկը, թուրքը, որոնք մեր հացը մեր ձեռքից խլում են, որոնք մեր արյունը ծծում են, նրանք բոլորովին ուրիշ եղանակով են դաստիարակվում: Ընտանիքի մեջ աճում, զարգանում են նրանք, ինչպես վայրենի ծառը մայր հողի վրա արմատ է գցում, ազատ, արձակ ճյուղեր է բարձրացնում, և ոչինչ չէ ճնշում, ոչինչ չէ նվազեցնում նրա աճելությունը: Ղպրոցի մեջ նրանք կարդացած գրքերը մեր Այսմավուրքը և Նարեկը չեն. նրանք սովորում են իրանց ազգի հերոսների պատմությունը, ոգևորվում են իրանց բանաստեղծություններով, որը մեծ մասամբ նվիրված է զանազան հսկաների, փեհլեվանների քաջագործություններին: Նրանց կրոնքը և կրոնական գրքերը մինչև անգամ բանաստեղծություն են, որոնց մեջ շնչում է պատերազմական ոգին: Որովհետև սկսյալ Մուհամմեդից մինչև խալիֆաները, իմամները և այլն, — բոլորը պատերազմող մարդիկ էին: Լսի՛ր, ի՞նչ է քարոզում մահմեդականի մոլլան`«ով որ քեզ կծեծե, դու էլ նրան ծեծիր. նա, որ քեզանից չէ, նրա ապրանքը քեզ հալալ է, կռիվ տո՛ւր թշնամուդ հետ, այն կռվի մեջ թե սպանես, դրախտը կերթաս, թե սպանվես, դարձյալ դրախտը կերթաս»: Բոլորովին հակառակն է խոսում նա, ինչ որ ասում է հայի տերտերը մեզ:

— Մուհամմեդը տվեց իր ժողովրդին սուր, բայց Քրիստո՛ս — խաչը. ահա զանազանությունը մեր և մահմեդականների մեջ:

— Արյուն թափելը, ուրիշի ապրանք խլելը` վատ բաներ են.բայց շատ հաճելի էլ չէ, որ մարդ թույլ տա իր արյունը թափեն, իր ապրանքը խլեն, իր զավակները հացից զրկեն: Ամբողջ աշխարհը մեկ կռվի դաշտ է, ուր զորեղն անզորին կլանում է, ոչնչացնում է. թե ուզում ես ուրիշի կերակուր չդառնաս, պետք է քո գլուխը պահելու ճարը գիտենաս: Մի՞թե գայլի հետ կարելի է գառն դառնալ. — գազանի հետ պետք է գազան լինել, որ կարողանաս գլուխդ պահել: Շունը, որ շուն է, երբ նրան փոքր-ինչ նեղացնում ես, կծում է: Կատուն, որ կատու է, թե նեղացնես, կճանկռտե, նրա համար, որ նրանց հայրն ու մայրը, նրանց վարժապետները չեն սովորեցրել համբերել: Բայց մեր գյուղացիներին այսքան նեղացնում են, կաշին մաշում են, հոգին հանում են, նրանք դարձյալ համբերում են, որովհետև երեխայությունից սովորել են համբերել...

— Բայց Կարոն և իր ընկերներն ուրիշ տեսակ մարդիկ են, իստակ այնպիսի մարդիկ, որպես պետք է լինի մարդը: Նրանք հորից և մորից որբ են մնացել, այդ պատճառով ընտանիքը չէ փչացրել նրանց: Քահանա-վարժապետից շուտ հեռացան, և դպրոցը չկարողացավ բոլորովին մեռցնել նրանց մեջ մանկության կենդանությունը: Ընկնելով այլ շրջանի մեջ, օրինավոր մարդկանց ազդեցության տակ, տարբերվելով աշխարհի փոթորիկների մեջ, նրանք ստացան բոլորովին այլ բնավորություն: Եթե հայոց զավակների գոնյա մի փոքր մասը այնպես լիներ, որպես Կարոն և սրա ընկերները, այդ ազգը շատ բախտավոր կլիներ...

— Հայերը այս երկրի ազգաբնակչության մեջ բազմություն են կազմում.բայց քուրդը, որ ավելի սակավ է թվով, տուն-տեղ չունեցող, թափառական քուրդը տիրում է հային, նրա վրա աղայության է անում: Ի՞նչ է պատճառը, — այն, որ քուրդը կենդանի մարդ է, իսկ հայը մեռած: Բանը շատության ու քչության մեջը չէ, գլխավոր բանը սրտի մեջն է. ի՞նչ կարող է շինել մի մարդ, երբ որ սիրտ չունի: Այսօր ես իմ աչքով տեսա, թե որպես երեք հոդի հայ տղերք կռվեցան ավելի քան հիսուն ձիավորի հետ. բայց ես այն ավազակներին ճանաչում եմ, նրանց գլխավորը Մուրադ– բեկն էր, որ իր խումբով մի ամբողջ երկիր կարող է թալանել:

— Հիմա լսիր, որդի, — ծերունի որսորդը խոսքը դարձրուց դեպի ինձ. — թե ուղում ես այս աշխարհում ապրել, պետք է գայլի հետ գայլ դառնաս. գառան հետ` գառն. գլուխդ մի՛ խոնարհեցրու, թե չէ, ծեծողներ շատ կգտնվեն, ողորմած եղիր դեպի քեզնից տկարները, բայց թշնամուդ մի՛ խնայիր. սրբիր անբախտի արտասուքը, մխիթարե նրան, եթե այդ կպահանջեր մինչև անգամ քո կյանքը, քո արյունը:

Ծերունի որսորդի այս երկար քարոզի միջոցին ես ոչ այնքան լսում էի նրա խոսքերը, որքան նայում էի Մարոյի վրա. իմ բոլոր ուշադրությունը գրավել էր նրա երեսը իր շարժուն և զգայուն բացատրություններով: Հոր խոսքերը, երևում էր, թափանցում էին նրա սրտի խորքի մեջ, որպես բարեբեր սերմը պատրաստված հողի մեջ: Նրա աչքերն ավելի և ավելի վառվում էին, բարակ շրթունքները դողում էին. թշերի կարմրությունը բոլորովին թռավ, մնաց միայն մուգ-դեղնությունը, որ տալիս էր նրա դեմքին պղնձի գույն: Ի՞նչ էր, որ այնպես վրդովեց կիսավայրենի աղջկա սիրտը: Մի՞թե նրան ևս տանջում էր հայի թշվառությունը...