Jump to content

Կայծեր/Մաս I/ԼԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կայծեր
 Լ
ԼԲ 

ԼԱ

ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐ

Մարոյի ձեռքի վերքն այնքան թեթև չէր, որքան նա կամենում էր ցույց տալ. դանակը կտրել էր բթամատի պտղուցը կես եղունգի հետ: Բայց նա դրա վրա ուշադրություն չէր դարձնում և ողջ օրը զբաղված էր ուխտագնացության պատրաստություններով: Ես տեսնում էի, թե որպես նա մի ձեռքով հունցում էր խմորը նազուքներ և յուղով հացեր թխելու համար, որպես եռանդով պատրաստում էր մեղրալի հալվաները:

Պառավ Խաթունը նույնպես ոչ սակավ զբաղմանց մեջ էր. նա ինքը վազեց խունկ և մոմ գնելու գյուղի մանրավաճառից իր սեփական արծաթով, որ ետ էր գցել այսպիսի հոգեշահ բաների համար: Նա աշխատում էր վերջացնել իր գործած գուլպաների երկրորդ ջուխտը, որ պատրաստել էր վանահորն ընծայելու, որպեսզի նա իրան հիշե իր աղոթքների մեջ:

Այդ բոլորը կատարվում էր խիստ ջերմ և բարեպաշտական ոգևորությամբ:

Տխուր էր միայն Մարգարիտը, — այդպես էր Հասոյի կնոջ անունը, — նա չէր կարողանում համբերել, որ Մարոն և Խաթունը ուխտ էին գնում, իսկ ինքը մնում էր: Ինչո՞ւ չէին թողնում նրան, մի՞թե նա հոգի չուներ, մի՞թե նա չէր ուզում վանքի սրբությունները համբուրել: Վերջապես նրան ևս պետք էր որսորդի փակված խրճիթից դուրս գալ և արձակ աշխարհ տեսնել: Մարոն կապը կտրած հորթի նման, ուր որ ասես, գնում էր, բայց ինքը պետք է տանից դուրս չգա, նրա համար, որ Մարոն դեռ աղջիկ էր, իսկ ինքը` հարս… Երևի այսպես էր մտածում Մարգարիտը, երևի, այսպես էր բողոքում նրա լռության դատապարտված լեզուն իր սրտի խորքում:

Եվ իրավ, հայ ընտանիքի մեջ խիստ տարբեր էր հարսի և դեռ չամուսնացած աղջկա վիճակը: Աղջիկը վայելում էր բավականին ազատություն: Նա, ում հետ ուզում էր, խոսում էր. նա կարող էր ոտքը շատ հեռու դուրս դնել հոր տան շեմքից, գնալ դրացիների տները, գնալ արտը, դաշտը, ուր որ ուզում էր ման գալ, իհարկե, պահպանելով համեստության բոլոր պատշաճը: Նրա երեսը ծածկված չէր քողով, և լեզուն արձակ էր: Իսկ այն օրից, երբ նա նշանվեցավ մեկի հետ, նա իր բոլոր հարաբերությունները կտրում էր դրսի աշխարհի հետ. նա դառնում էր իր տղամարդի սեփականությունը. նրա աշխարհը լինում էր ամուսնի տան չորս պատերը: Նրա բերանը փակվում էր. ոչ ոքի հետ խոսելու իրավունք չուներ, նրա երեսը ծածկվում էր թանձր քողով, ոչ ոքին ցույց տալու իրավունք չուներ: Նա ապրում էր իր ամուսնի համար, որպես նրա ծածկյալ և վարագուրված սրբությունը, որի ներսը նայելու օտար ոք կարող չէր:

Այս վիճակի մեջն էր գտնվում խեղճ Մարգարիտը:

Իր փակված դրությունը հարուցել էր նրա մեջ նախանձի նման մի բան դեպի ուրիշների ազատությունը, դեպի Մարոն, որ դեռ մանուկ աղջիկ էր, և դեպի պառավ Խաթունը, որ կյանքի համար անպիտանացած էր: Մանկության և զառամության — երկու հակառակ ծայրեր, որոնք ավելի չէին ենթարկվում ընտանեկան խստությունների պահանջներին:

Նույն ավուր երեկոյան պահն էր, որի մյուս առավոտը մենք պետք է ճանապարհ ընկնեինք դեպի վանքը: Ես գնացել էի ախոռատունը ձիս նայելու և պատանի Ատոյին — դա Մըհեի օգնականն էր — պատվիրելու, որ Մարոյի և Խաթունի նստելու ձիաների սարքը պատրաստեր, վաղ առավոտյան գարին տար, որ հովով ճանապարհ ընկնեինք: Դարձա իմ սենյակը մութը բավականին թանձրացել էր: Մարոն ամեն օր այս ժամուն ճրագ էր ներս բերում. այսօր, երևի, այնքան զբաղված էր, որ մոռացել էր, թե ես նստած եմ խավարի մեջ: Մեծ եղավ իմ զարմանքը, երբ տեսա փոխանակ Մարոյին հայտնվեցավ Մարգարիտը ճրագը ձեռին: Մոր փեշից բռնած, ներս մտավ և փոքրիկ Սալբին — Հասոյի անդրանիկը — և մի այնպիսի վախկոտ երես էր շինել չորս տարեկան երեխան, կարծես երկյուղ ուներ` չիցե թե մորը խլեն իր ձեռքից:

Մարգարիտը ձգած ուներ կարմիր քողը գլխին, որ առջևից ծածկում էր նրա երեսը մինչև գոտին, իսկ ետևից` բոլոր մեջքը: Նա առանց քողը բարձրացնելու, լուռ գլուխ տվեց և դրեց ճրագն իր տեղում: Ինձ երևաց, որ նա չէր ուզում հեռանալ, որպես ասում են` ոտքը քարշ գցեց, կարծես ուզում էր մի բան ասել ինձ: Նա կանգնեց ինձնացի փոքր-ինչ հեռու դռան մոտ, իսկ Սալբին տնկվեց մոր առջևը: Մայրը խթեց դստեր կողքը, դուստրն իր փայլուն աչքերը դարձրուց դեպի նա և հարցրուց.

— Ի՞նչ աշեմ:

Մայրը թեքվեցավ, Սալբիի ականջին փսփսաց մի խոսք:

— Աշա՛, ախպեր, ախար եշ էլ խեղճ եմ...

Սալբին շփոթվեցավ, նա մոռացավ մոր ասած պարբերության կեսը: Մայրը կրկին խթեց նրա կողքին և փսփսաց այս անգամ փոքր-ինչ լսելի ձայնով.

— Խորա՜ծ, էսպես չեն ասի:

Թարգմանը կրկնեց նրա խոսքերը.

— Խորա՜ծ, էշպեշ ցեն աշի:

Մայրը բարկանալով անհմուտ թարգմանի տգիտության վրա, այս անգամին ավելի սաստիկ խթեց նրա կողքին: Սալբին օրորվեցավ, ուզում էր ընկնել գետին, բայց հազիվ կարողանալով պահել իրան փոքրիկ ոտների վրա, տհաճությամբ հարցրուց.

— Բա՛ , ի՞նցպեշ աշեմ:

— Գլուխդ թա՜ղեմ, գիժ սատանա, տե՛ս, էդպես ասա՛ — ախպեր, բա ես խեղճ չե՞մ, ամենը գնում են ուխտ, ես մնում եմ տանը:

Սալբին հաղորդեց ինձ.

— Գլուխդ թա՜ղեմ, գիզ շատանա…

Մայրը բամփեց դստեր գլխին, փոքրիկ թարգմանը լաց ելավ, և ձգելով իր անախորժ պաշտոնը, դուրս փախավ:

— Ես հասկացա, քույրս, — ասեցի Մարգարիտին:

Նա անշարժ և լուռ մնաց իր տեղում, սպասելով իմ վերջին խոսքին:

— Դու ուզում ես Մարոյի հետ ուխտ գնալ, այդպես չէ՞:

Նա գլուխը շարժեց հավանական եղանակով:

— Ինչո՞ւ Հասոն չէ ուղարկում և քեզ:

Նա այժմ շարժեց ուսերը, որ նշանակում էր, թե ինքն էլ չգիտե:

— Դու ցանկանում ես, որ ես խնդրե՞մ Հասոյից:

Նա գլուխ տվեց, իբր թե շնորհակալ կլինի:

Նույն միջոցին ներս մտավ Մարոն: Նրա երեսի վրա երևեցավ զարմացման նման մի բան:

— Դո՞ւ այստեղ ինչ ես շինում, — հարցրուց Մարգարիտից:

Հարսը ձեռքով ցույց ավեց ճրագը, իբր թե ճրագն էր բերել:

— Մարգարիտն ուզում է գալ մեզ հետ, — ասացի ես Մարոյին:

— Թող գա, ավելի լավ: Բայց Հասոն ի՞նչ կասե:

— Ես Հասոյից կխնդրեմ:

Մարոն ուրախացավ, և դառնալով դեպի Մարգարիտը, ձեռքը տարավ դեպի նրա քողը, բարձրացնելով ասաց.

— Ումի՞ց ես երեսդ ծածկում, Ֆարհատի՞ց, ինչո՞ւ չես խոսում, քույրն եղբոր հետ չի՞ խոսի: Ֆարհատը ինչպես իմ, այնպես էլ քո եղբայրն է:

Մարգարիտը թեև շուտով քողը քաշեց երեսին, բայց ես կարողացա տեսնել նրա դեմքը. նա նմանում էր մի խամրած, դալկացած ծաղկի, որ երկար պահվել էր ծածկոցի տակ:

Մարոն կրկին ձեռքը տարավ դեպի նրա քողը: Մարգարիտը չկարողանալով դիմանալ նրա հանաքներին, մի բան ասաց Մարոյի ականջին և դուրս վազեց: Մարոն սկսեց ծիծաղել:

— Ինչ ասաց նա:

— Ասաց` «մեղք չէ՞, որ դու ասում ես` Ֆարհատն իմ եղբայրն է»:

— Ինչո՞ւ է մեղք:

— Տղան և աղջիկը երբ մեկմեկու հետ քույր ու եղբայր են դառնում, նրանք էլ…

— Չեն պսակվում:

— Հա՛: Մեր գյուղում մի տղա ու աղջիկ կային, խաչ-ավետարան համբուրեցին, քույր — եղբայր դարձան. հետո նրանց հերն ու մերն ուզեցին պսակել նրանց. նրանք չպսակվեցան, ասեցին` մեղք է. թեև մինչև հիմա էլ սիրում են մեկմեկու:

— Պսակվելու ժամանակ էլ խաչ-ավետարան են համբուրում:

— Բայց քույր-եղբայր չեն դառնում:

— Բա ի՞նչ են դառնում:

— է՜ հ, դու չե՞ս իմանում...

— Իմանում եմ: Դու շատ չար աղջիկ ես, Մարո, ի՞նչու այնպես արեցիր, երևի Մարգարիտը բարկացավ, որ նրա երեսը ինձ ցույց տվեցիր:

— Նա չի բարկանա: Մարգարիտը լավ սիրտ ունի. նա քեզ շատ է սիրում. երբ գնանք աստվածածին, ես ճանապարհին նրան քեզ հետ կխոսացնեմ: Այնտեղ քույր-եղբայր դարձեք, Ֆարհատ: Հետո նա քեզ հետ միշտ կխոսի, երեսը չի թաքցնի, բայց հիմա կարգ չէ, ամաչում է:

— Դու երբ որ հարս կդառնաս, դո՞ւ էլ երեսդ կծածկես, մարդու հետ չե՞ս խոսի:

— Բա ինչպե՞ս. դրա համար են հարս դառնում:

— Այդ բլբլացող լեզուդ ի՞նչպես պետք է լուռ պահես:

— Կսովորեմ: Ախար տղամարդը կծեծե, երբ կնիկը իր երեսը ուրիշին նշանց տալու լինի:

— Ես չեմ ծեծի...

Մարոն ծիծաղեց.

— ՈՒրիշներն ի՞նչ կասեն, չե՞ն ասի` անամոթ հարս է:

Ներս մտավ Հասոն: Նա իմանալով, որ մենք վաղ առավոտյան պետք է գնանք, եկել էր տան համար կարգադրություններ անելու:

Թեև խիստ դժվարությամբ, այնուամենայնիվ ես կարողացա Հասոյին համոզել, որ Մարգարիտին ևս մեզ հետ ուղարկել: Այժմ դժվարությունը մնում էր մի ուրիշ բանում: Ուխտավորների թվի վրա երկու հոգի ևս ավելացավ՝ Մարգարիտը և փոքրիկ Սալբին, որ լսելով մոր գնալը, լաց եղավ, թե ինքն էլ է ուզում սուրբ աստվածածինը տեսնել: Ուրեմն մեր ամբողջ քարավանը կազմվում էր հինգ հոգուց: Նրանց թվի համեմատ գրաստները չորս հատ էին` իմ ու Հասոյի նժույգները, մի մատակ ձի և մի ավանակ: Ավանակը որոշված էր մեր պաշարները բառնալու համար. խեղճի բեռան վրա ավելացրին և Սալբիին: Հասոյի նժույգը և մատակ ձին Մարոյի և Մարգարիտի մեջ բաժանելով, պառավ Խաթունը մնում էր առանց երիվարի: Գյուղից գրաստ վարձել անկարելի էր, որովհետև գյուղացիներից և ոչ մեկը, բացի ծերունի որսորդից, ձիաներ և ավանակներ չունեին: Այս խնդիրը վճռեց ինքը Խաթունը. նա ասաց` եթե գրաստ ևս գտնվեր, ինքը դարձյալ ոտով կգնար, նրա համար, որ ուխտ է դրել յոթն անգամ հետիոտ սուրբ աստվածածին գնալ. վեցը կատարել է, մնում է մեկը: Թեև խիստ դժվար էր պառավի համար երեք օրվա ճանապարհը անցնել ոտով, բայց նա հավատացրուց, թե կկատարե առանց նեղացնելու իրան և ընկերներին: Մենք մեր կողմից խոստացանք` երբեմն վայր իջնել մեր երիվարնեից և տալ պառավին, որ նստե հանգստանալու համար:

Ոչ սակավ տևեց վեճը Մարգարիտի և Մարոյի մեջ. նրանցից յուրաքանչյուրն ուզում էր հեծնել Հասոյի նժույգը. հաղթությունը տարավ, իհարկե, Մարոն. մատակ ձին որոշվեցավ Մարգարիտի համար:

Մարոն ուներ իր փոքրիկ փառասիրությունը. նա ուզում էր հայտնվել ուխտավորների մեջ, նստած գեղեցիկ նժույգի վրա, և ցույց տալ Հաղբակա աղջիկներին, թե ինքը նրանց երկրի «միրի» դուստրն է: Տղամարդերի մասին չէր մտածում. նա կամենում էր գրգռել իր ընկերուհիների նախանձը և նրանց ուշադրությունը գրավել:

«Միրը» մեծ նշանակություն ուներ հասարակության մեջ. նա ժողովրդի գլխավորը և ներկայացուցիչն էր, Հաղբակա հայերի «միրի» պաշտոնը վարում էր Մարոյի հայրը: Ամենքը կճանաչեին նրան, որպես դուստր այն մարդու, որ հասարակական դրության մեջ բռնել էր բարձր տեղ: Այդ պատճառով Մարոն աշխատում էր իր արտաքին փայլը հավասարեցնել իր հոր կոչման հետ: «Միրի» աղջի՜կ, մեծ բան էր Հաղբակում: Նա ոչ սակավ հոգ էր տանում և իր հագուստի ու պաճուճանքի մասին: Նրա զարդարանքները բաղկանում էին գույնզգույն հուլունքներից, քթի և ականջների օղերից, մատանիներից, պարանոցի մանյակից, գլխի արախչինից, նախշած ոսկի և արծաթի դրամներով, և արծաթյա քամարից: Վերջինը խիստ գեղեցիկ կերպով սազ էր գալիս բարակ մեջքին:

Նա մտածում էր և իմ մասին: Երևի, չէր ուզում, որ ես հայտնվեի ամբոխի մեջ իմ արդեն հնացած հագուստով: Այն օրից, որ ես փախա տեր Թոդիկի դպրոցեն, ես չէի փոխել իմ հագուստը, որովհետև ուրիշը չունեի: Գիշերից բավական անցել էր, երբ Մարոն, բոլորովին հոգնած, իմ մոտ եկավ: Նա հայտնեց, թե ինքը չէ ցանկանում, որ ես երևնայի ուխտավորների մեջ հնացած շորերով, ասաց, որ իր եղբայրը ունե մի ձեռք հագուստ բոլորովին նոր, որոնց ամենևին չէ հագել և ընծայեց ինձ հագնելու համար:

— Հասոյի շորերը իմ վրա չէին կարող նստել, — պատասխանեցի ես: — Հասոն ավելի հաստ է և հասակով կարճ. ես նրանից բարակ եմ և երկայն:

— Ես չեմ քնի, այս գիշեր կնստեմ, բոլորը կդրստեմ քո հասակի համեմատ:

Նա չափեց իմ հասակը և հեռացավ:

Հաղբակեցի կինը իր տան դերձակն է, նրանց հագուստներն այնպես էին ձևված, որ մեծից փոքրի համար և փոքրից մեծի համար փոփոխելու միշտ հնար կար:

Հայերի համար շատ թանկ էր նստում ուխտագնացությունը: Մի քանի գյուղի բնակիչները հավաքվում էին միասին, կազմում էին ամբողջ քարավան, շատ անգամ բաղկացած հարյուր երկու հարյուր հոգուց: Մի այսքան բազմություն դարձյալ չէր կարող առանց վտանգի կատարել իր ճանապարհորդությունը. նրանք վարձում էին քրդի ձիավորներ, որ իրանց պաշտպանեն ավազակների հարձակումներից և մարդագլուխ վճարում էին մի նշանակյալ արծաթ: Բայց քիչ էր պատահում, որ նույնիսկ պահապան քրդերի անհայտ ընկերները հարձակվում էին և կողոպտում էին ուխտավորների քարավանը: Պահապանները թեև ընդդիմություն էին գործում, բայց միայն ցույց տալու համար, թե իրանք ավազակների հետ առաջուց հարաբերություն չունեին:

Ուրբաթ օրը մենք ճանապարհ ընկանք, վաղ-առավոտյան, առանց քուրդ ձիավորների պահպանության, և ոչ խառնվեցանք գյուղացիների հետ: Մի այսպիսի համարձակությունը թեև հանդգնություն էր մեր կողմից, բայց նախ, իմ սնափառությունը չէր ներում ապավինել քրդերի պահպանությանը, երկրորդ, ծերունի որսորդի անունը, որ այնքան հարգված էր Հաղբակա մեջ, բավական էր նրա ընտանիքը քրդերի հարձակմունքից զերծ պահելու համար:

Քուրդը գիտե պատվել մեծությունը. նա ժողովրդի պետի վրա նայում է որպես աստուծո ձեռքին, որը հովանավորում է ժողովրդին : Ծերունի որսորդը Հաղբակա հայ ժողովրդյան գլուխն էր: