Կայծեր/Մաս I/ԼԹ
ԼԹ
ԾԱԾԿԱՄԻՏ ԱՍԼԱՆԸ ԲԱՅՎՈՒՄ Է
Մենք գտանք «ճգնավորին» վանքից բավականին հեռու, լեռների մեջ, որ մոտ էին ծովեզրին: Նա նստած էր մի քարանձավի մեջ, որի մուտքը նայում էր դեպի Լիմ անապատը: Լուսավորված լուսնի արծաթափայլ շողքերով, այդ փոքրիկ կղզին երևում էր ծովակի մեջ մի մռայլ բծի նման: Քարանձավը, որի մեջ գտանք «ճգնավորին», մի հին միայնակյացի բնակարան էր, որի հատակի վրա դեռ մնացած փոսիկների մասին տակավին կային կենդանի ավանդություններ, թե նրանք առաջ էին եկել իր անձը աստծուն նվիրած մարդու ստեպ ծնրադրությունից: Այնտեղ ճրագ չկար, բայց մի անկյունում վառվում Էին մի քանի կտոր փայտեր, ոչ թե տաքացնելու համար, այլ լույսի համար:
Մի կողմում խորին քնի մեջ պառկած էր պառավ կախարդը: «Ճգնավորն» արթուն էր. նա իր փառահեղ մորուքով նստած, մտածում էր: Նրա ծնկների վրա գլուխը դրած, ննջել էր փոքրիկ Հյուբբին: — Հրաշալի՜ մի տեսարան էր այդ:
Երբ մենք ներս մտանք, «ճգնավորը» խիստ զգուշությամբ փոքրիկ վհուկի գլուխը դրեց իր վերարկվի վրա, որ նրա անուշ քունը չխանգարե, և վեր կացավ: Նա գրկեց առաջ ինձ և համբուրեց, հետո գրկեց և Մարոյին: Մարոն չընդդիմացավ նրան, որովհետև և մի աղջիկ չէր կարող մերժել այն անմեղ շրթունքը, որ այնպես եղբայրաբար մերձեցան սիրելի օրիորդի շրթունքին:
Այնուհետև «ճգնավորը» ոտքից մինչև գլուխ զննելով ծպտյալ և զինվորված Մարոյին, ասաց.
— Ահա այդպես լավ է. այդ սիրում եմ ես:
Մենք նստեցինք:
— Այժմ ես կխլեմ իմ դիմակը, — ասաց նա, — բարեկամներիս մոտ պետք չէ ինձ թաքնված մնալ:
Նա առեց իր կեղծամը, մորուքը և մեր առջև ներկայացավ Ասլանը իր բնական կերպարանքով:
Ես մի քանի խոսքերով հայտնեցի մեր գալու նպատակը. այնուհետև պատմեցի այն բոլորը, ինչ որ լսել էի Սոնայից «Կաթնաղբյուր» ձորում, այլև հաղորդեցի նրան` ինչ որ ասել էին ինձ քեռի Պետրոսը և տերտերն իրանց վրանում: Այնուհետև ավելացրի, թե որպիսի դավադրություն է պատրաստվում ծերունի որսորդի և նրա բարեկամների դեմ: Իսկ Մարոն իր կողմից հայտնեց իր արած կարգադրությունները, թե Մըհեի ձեռքով նա արդեն բոլորը իմացում տված է իր հորը:
— Շնորհակալ եմ ձեր հոգածության մասին, — ասաց նա տխուր կերպով: — Բայց այդ բոլորը ես արդեն գիտեի: Իմ աբեղայական կերպարանքը առիթ տվեց ինձ մտնել դավադիրների ժողովների մեջ որպես խորհրդակից: Բայց նրանց ճիգը անզոր է...
Որպես երևում էր, Ասլանը շատ տխուր էր, և մեր այցելությունն այնքան հաճելի չէր նրան: Գուցե նա չէր ցանկանում, որ իր կերպարանափոխությունը մերկացվեր մեր մոտ, գուցե նա մեզ այնքան անփորձ էր համարում, որ չէր կարող հավատալ մեզ իր գաղտնիքները, որ նա պետք է ծառայեցներ մեզ բոլորովին անհայտ նպատակների:
Առժամանակ մտածելուց հետո, նա խոսեց.
— Ես չեմ զարմանում գործերի այսպես լինելու մասին, այլ ցավում եմ, որովհետև ամեն ժամանակ, երբ հայի համար որևիցե դավաճանություն է պատրաստվում, նրա մեջ խառն է լինում դարձյալ նույնիսկ հայի մատնիչ ձեռքը: Դա մի պատմական եղեռնագործություն է, որ սկսյալ ամենահին դարերից, խիստ հաճախ կրկնվել է մեր ազգի կյանքում: Դա հայի վա՜տ հատկություններից մեկն է...
Ես առաջին անգամ տեսնում էի Ասլանին երկար խոսելիս. նա առհասարակ լուռ և ծածկամիտ երիտասարդ էր: Բայց նրա խոսելու ձևը շատ տարբեր էր Կարոյից: Կարոն ժողովրդի որդի էր. նրա խոսքերն անտաշ էին և պարզ, բայց նրանց մեջ ուժ և զորություն կար, նրանք ազդում էին ավելի մարդու սրտի վրա: Ասլանը ժողովրդի կրթված որդին էր, նրա խոսքերը կոկված էին և գեղեցիկ, ազդում էին ավելի մարդու մտքի վրա:
Նա շարունակեց.
— Թե ի՞նչ հետևանք կունենա մեր ձեռնարկությունը, մենք այժմեն նախագուշակել չենք կարող, միայն վստահ ենք նրա հաջողության մեջ, որովհետև մենք հետևում ենք բնության ընդհանուր օրենքներին : Թե բնության մեջ և թե մարդկային կյանքում ոչինչ բան առանց պատճառի չէ կատարվում: Մենք տեսնում ենք, ամեն մի ճնշված և սահմանափակված զորություն որքան ավելի սեղմվում է, այնքան ավելի զարգանում է նրա մեջ ընդդիմահարության ուժը: Այնուհետև նա պիտի պայթի, նա պիտի խորտակե իրան սահմանափակող պատվարը և իր բնական ազատ ծավալականությանը պիտի հետևի: ժողովուրդը, ամբոխը նույնպես մի զորություն է: Նա երկար չէ կարող համբերել իրան ճնշող և ստրկացնող կոպիտ ձեռքին: Նա վերջապես պիտի խլրտի, պիտի խորտակե իր շղթաները և պիտի թոթափե բռնակալի լուծը: Րոպեն հասել է... այս դրության մեջն է այժմ մեր ժողովուրդը:
— Քեռի պետրոսները, տեր թոդիկները, — շարունակեց նա, — ժողովրդի անհարազատ որդիքն են. նրանք կտրված են ընդհանրությունից, որովհետև իրանց եսական շահերին են ծառայում: Նրանց թիվը փոքր չէ, և ավելի ցավալին այն է, որ նրանք ժողովրդի առաջնորդող մասն են կազմում: Ահա այստեղ է մեր դժբախտությունը:
— Ի՞նչ առանձին շահեր պետք է ունենան, — հարցրի ես:
— Քեռի Պետրոսը մի երևելի քուրդ իշխանի տան «շահբանդան» է. նա մատակարարում է բոլոր պիտույքները, ինչ որ կհարկավորվի նրա տունը: Նա այնպիսի ընդարձակ իրավունքներ ունի իշխանի տնտեսության մեջ, որ առանց նրա հաճությունը ստանալու, առանց նրանից հարցնելու, կատարում է բոլոր խնդիրները, բոլոր ապսպրանքները` ինչ որ տանեցիք պահանջում են իրանից: Սկսած ուտելեղեններից, հագուստից, մինչև ամենամանր բաները նա է տալիս: Վաճառականությունից անտեղյակ քրդի հետ ցանկալի է այսպիսի առևտուր ունենալ: «Շահբանդան» ինքն է գնահատում, ինքն է գրում իր տետրակների մեջ իր տվածը, և տարեգլխին հայտնում է մի ահագին գումարի պահանջ : Միամիտ քուրդն ընդունում է, բայց նա փող չունի, որ պարտքը հատուցանե, բացի դրանից, նա զուտ արծաթով պարտք վճարելու սովորություն չունի: Նա իր ստացած նյութը փոխարինում է ուրիշ նյութով: Այս վերջինը նա ունի: Բավական է միայն, որ իշխանը բարեհաճեր մի արշավանք գործել դեպի երկրի որևիցե կողմը, և ահա նա վերադառնում է ոչխարների, ձիերի, կովերի, գորգերի ու կապերտների ահագին ավարով: Մի մարդ պետք է, մի վաճառականության գլուխ ունեցող մարդ, որ այս մթերքը տանե և մի հեռու երկրում արծաթի հետ փոխե: Եվ ահա քեռի Պետրոսը պատրաստ է. նա ամեն տեղ ունե իր գործակալները գողացած ապրանքը «սաղացնելու» համար: Նա իշխանից արծաթի պահանջ ունի և փոխարենը ստանում է այդ ավարը: Իսկ գողացած ապրանքը միշտ էժան է լինում...
— Քեռի պետրոսները, — շարունակեց նա, — մի տեսակ ավազակներ են, միայն վաճառականի կերպարանքով: Ամեն մի քուրդ իշխան ունի դրանցից մի-մի հատ: Քեռի պետրոսներին ցանկալի է, որ իրանց իշխանը միշտ հաստատուն մնար իր անսահման իշխանության մեջ, թեև նրանք գիտեն, որ իրանց ստացած մթերքը հափշտակված է հազարավոր թշվառ հայերից: Բայց փույթ չէ նրանց հայի արտասուքը, բավական է, որ իրանք շահվում են...
Ասլանը խոսում էր մեղմ և անվրդով կերպով, որպես թե շատ հասարակ առարկայի վրա լիներ նրա խոսքը: Բայց նա խոսում էր առանց լռելու, որովհետև նրա սիրտը լցված էր: Այդ ժամանակ ես չէի կարողանում առանց սարսափելու նայել Մարոյի երեսին. նրա շրթունքները դողում էին, գույնը ստեպ ստեպ փոփոխվում էր, և երեսի բոլոր արտասանության մեջ երևում էր խիստ կատաղի բարկությունը:
— Պետք է ոչնչացնել այս բոլոր քեռի պետրոսներին, — ասաց նա երկար լռությունից հետո:
— Դա մի առանձին օգուտ չի բերի, — պատասխանեց Ասլանը իր սովորական սառնությամբ: — Ոչնչացնելով մի հասարակության միջից ավազակներին, մենք դրանով ավազակությունը ոչնչացրած չենք լինի: Դա ասիական կոշտ միջոց է չարությունը բառնալու համար: Մարդկային կյանքի մեջ ոչ մի երևույթ` առանց նույն հասարակությանը հատուկ պատճառների` երևան չէ գալիս: Վեր առնենք մի ավազակ, մի մարդասպան, մի ստրուկ և քննենք նրանց կյանքի պատմությունը, կտեսնենք, որ նրանց կյանքն այնպիսի պայմանների մեջ է դրված եղել, որ ավազակը պետք է ավազակ լիներ, մարդասպանը` մարդասպան և ստրուկը` ստրուկ: Փոխի՛ր իրանց կյանքի պայմանները, և դու կտեսնես, որ նրանք օրինավոր մարդիկ կդառնան: Եվ այսպես, մենք միայն պիտի ցավենք, որ մեր մեջ հայտնվում են անպիտան մարդիկ, բայց դատապարտել նրանց չենք կարող, որովհետև մեր հասարակությունը իր փտած կազմակերպությամբ ինքն է ծնել այն մարդիկներին: Եվ եթե մենք ցանկանում ենք, որ չարագործությունը բառնանք, պետք է աշխատենք նախ ուղղել հասարակության վատ կազմակերպությունը, և այն ժամանակ նրա անդամները բոլորը լավ մարդիկ կլինեն:
— Ես ձեր ասածները չեմ հասկանում, — պատասխանեց Մարոն, — թե ինչու մարդիկ այսպես կամ այնպես են լինում: Ես գիտեմ միայն, որ պետք է օձի գլուխը ջարդել, երբ տեսնում ես, որ նա պատրաստվել է քեզ խայթելու: Ես երդվել եմ սատկեցնել քեռի Պետրոսին նրա համար, որ նա իմ հոր թշնամին է, և այս դիտավորությունը արդեն հայտնել էի Ֆարհատին:
— Քո նպատակը շատ մասնավոր է, — ասաց Ասլանը, — սրանով շատ չես օգնի «ընդհանուր գործին»: Եթե այստեղ լիներ մեր ընկեր Կարոն, նա գուցե կհամաձայնվեր քեզ հետ, բայց ես համարում եմ այդ մանուկ սրտի բորբոքում և ավելի ոչինչ:
Առժամանակյա մտածությունից հետո նա դարձյալ խոսեց.
— Եթե օձը մի հատ լիներ, որպես դու ասացիր, պետք էր նրա գլուխը ջարդել, այսպիսով մենք ազատված կլինեինք գոնե մի չարագործից, բայց դժբախտաբար նրանց թիվը շատ է: Ես եղել եմ Ասիական Տաճկաստանում, Կոստանդնուպոլսում, Եգիպտոսում, մի խոսքով ամեն տեղ, ուր կան հայեր: Ես բավականաչափ ուսումնասիրած եմ մեր ազգի թե ներկա և թե անցյալ կյանքը: Ես տեսել եմ, որ սկսած ամենաստոր քուրդ իշխանի դռնից, սկսած նահանգական կուսակալ փաշաների դռնից, մինչև վեզիրների դռները, մինչև սուլթանի բարձրագույն դուռը, բոլորը բռնված են քեռի պետրոսներով: Եվ որքան մեծ անձի մոտ է նրանց ծառայությունը, այնքան մեծ է և նրանց վնասակարությունը: Նրանք բոլորն էլ շատ նման են միմյանց. բոլորն էլ ավազակներ են. զանազանությունը միայն գողության տեսակի մեջն է:
— Բայց գողը այնքան վնասակար չէ, երբ մեկի ոչխարը, մյուսի ավանակը գողանում է. իմ ասածները այնպիսի գողեր են, որ նրանց վնասը հասնում է մեր ամբողջ ժողովրդին: Նրանք խիստ հարմար գործիքներ են մեր բռնակալների ձեռքում: Նրանք ճնշում են, ոչնչացնում են ամեն զորություն, որ գործ է դրվում թշվառ ստրուկին հանգստություն պարգևելու համար: Եվ այդ գողերը, այդ ավազակները, որպես ասեցի, մեր հասարակության առաջնորդող անձինքն են...
— Թողնենք մանր քեռի պետրոսներին, անցնենք դեպի խոշորները: Սուլթանի դռան համարյա ամբողջ տնտեսական և գանձային կառավարությունը հայ սառաֆների ձեռքումն է: Նրանք կրում են ավելի բարձր տիտղոսներ, — կոչվում են ամիրաններ: Տեսեք ի՛նչ է ամիրա սեղանավորի (սառաֆի) պաշտոնը. կառավարությունը տալիս է գավառների հարկահանությունը` միևնույն ժամանակ նրանց դատավորությունը փաշաներին կապալով: Բայց նա փաշայի վրա վստահություն չունի, թե նա իր ժամանակին կներկայացնե նշանակած տուրքը: Փաշան պետք է մի երաշխավոր տա: Ամիրա սեղանավորը միշտ պատրաստ է այս երաշխավորությունը իր վրա ընդունելու, որովհետև նրա մեջ մեծ շահեր ունի, որովհետև փաշայի կապալառության վաստակի մի մասն էլ ինքն պիտի վայելե: Բայց որտեղի՞ց է գոյանում վաստակը: — Բյուրավոր թշվառ հարստահարվածների քրտինքից: Փաշան սարսափելի անգթություններով հավաքում է իրան հանձնված վիճակից տերության հարկը և ուղարկում է երաշխավոր սեղանավորին, իսկ սեղանավորն իր կողմից պետք է արծաթը ներկայացնե տերության գանձարանը: Բայց նա զուտ արծաթ չէ տալիս, այլ փողի փոխարեն ետ է դարձնում գանձարանին թղթեր (փուսուլաներ), որոնց ինքը նույնպես փողի տեղ ընդունել էր գանձարանից: Այսպիսով նա «սաղացնում է» իր ձեռքի թղթերը:
— Բայց ո՞րտեղից ընկան նրա ձեռքը այդ թղթերը, — հարցրի ես, լավ չհասկանալով Ասլանի վերջին խոսքերը:
— Սեղանավոր ամիրան, — պատասխանեց նա, — զանազան առևտրական հարաբերություններ ունի բարձրագույն դռան հետ. կամ նա ընդունել է զորքը կերակրելու և հագուստ մատակարարելու պարտավորությունը և կամ նա իր ձեռքում ունի, օրինակ, հարեմի տնտեսությունը: Աշխարհի ամենապատվական գոհարներով զարդարում է նա սուլթանի բազմաթիվ կնիկներին, և աշխարհի ամենաթանկագին փարչաները մատակարարում է նրանց հագուստի և պաճուճանքի համար: Այս բոլորի փոխարեն նա չէ ստանում, որպես ասում են «նաղդ փող» — նրան տալիս են թղթեր միայն: Ահա նույն թղթերն է, որ նա կրկին ետ է դարձնում գանձարանին իր երաշխավորության պարտավորությունը կատարելու ժամանակ:
— Հիմա դուք տեսա՞ք, — շարունակեց նա, — որ ամիրա սեղանավորը, բարձրագույն դռան տնտեսը, զորքի և հարկերի կապալառուն նույնպիսի ավազակներ են, որպես քուրդ իշխանի «շահբանդան» — որպես քեռի Պետրոսը: Բայց նույն «ամիրաներն» են մեր «ազգապետները», նրանք են դարձնում մեր ազգի կառավարության սանձը դեպի ամեն կողմ, որ կողմը որ իրենց հաճելի է...: Այժմ ի՞նչ հույս կարող ենք ունենալ նրանցից, — մեր արյունը ծծողներից, մեր աշխատության վաստակը մեր ձեռքից խլողներից...: Նրանց համար միշտ ձեռնտու է մի անկարգ և բռնակալ կառավարություն, որի պղտորության մեջ կարողանում են որսալ իրանց շահերը: Հայի արտասուքը և թափած արյունը նրանց չէ ազդում. նրանք իրանց քսակը հարստացնելու համար են միայն մտածում...
— Եվ այսպես, մեր ժողովրդի դրամատերերը, այսինքն` այն անձինքը, որոնց ձեռքում կա նյութական կարողություն, փոխանակ օգնելու, որ մշակը և գյուղացին հաց և հանգստություն ունենան. ավելի իրանք են մաշում նրանց կենսական զորությունը, ավելի իրանք են ամրացնում նրանց ստրկության շղթաները: Թեև նրանց գործողությունները կատարվում են անուղղակի կերպով, բայց միևնույն է` լինել ավազակ, կամ ավազակի ձեռքում գործիք: Բայց ազգը, միամիտ և տգետ ազգը պարծենում է իր «ամիրաների» փառքով, խոնարհվում է նրանց առջև, և խորին հարգությամբ մատուցանում է իր խոնարհ երկրպագությունը...
— Բայց ի՞նչպես է լինում, որ այսպիսի վատ մարդիկ մեծամեծ պաշտոնների են հասնում, — հարցրի ես:
— «Հայը հավատարիմ է, ասում է թուրքը, նա լավ ծառայել գիտե»... Այո՛, հավատարիմ է նա և նրա հավատարմությունը հնար է տալիս վայելել կառավարության վստահությունը: Բայց հավատարմություն բառը բռնակալի լեզվում ունի բոլորովին այլ նշանակություն, — նույնիսկ նշանակությունը, որպես ավազակապետը իր ձեռքի տակ եղող սրիկաներին իր հավատարիմ պաշտոնյաներ է կոչում:
— Հայ դրամատերերի այս տեսակ «հավատարմությունը» մի կողմից առիթ տվեց նրանց իրանց գործունեությունը նվիրել կառավարության պիտույքներին, մյուս կողմից, զրկեց նրանց մի ավելի հաստատուն և ընդարձակ ասպարեզից, այն է` արդար և խղճմտանքով վաճառականությունը: — Այս ասպարեզը մնաց հույներին: — «Հույնը անհավատարիմ է», ասում է թուրքը, և նրա վրա վստահություն չունի, նրան գործ չէ հանձնում: Դա իրավ է: Որովհետև հույնը այնքան մեծամիտ է, որ նա չէր կարող հայի պես իրան այնքան ստորացնել, որ կարող լիներ հաշտվել իր ատելի թշնամու հետ, — իր երկիրը տիրողի և իր ազգակիցներին ստրկացնողի հետ: Այս պատճառով հույն դրամատերերը չուզեցին ամիրաներ, սառաֆներ և տերության կապալառուներ դառնալ. նրանք ձեռք առին ազատ վաճառականությունը, սկսեցին երկրի արդյունաբերությունը դուրս հանել և դրսից ներս բերել: Եվ ահա այսօրվա օրում Տաճկաստանի ընդարձակ վաճառականությունը նրանց ձեռքումն է:
— Բայց հայերը բոլորովին զուրկ չեն վաճառականությունից, — կտրեցի ես Ասլանի խոսքը:
— Այն քո տեսածը վաճառականություն չէ, — պատասխանեց նա, — այն մի տեսակ վաշխառություն է, որով պարապվում են հրեաները: Վեր առնենք, օրինակ, Վանա նահանգը, որը ձեզ փոքր ի շատե ծանոթ է, քննելով այստեղի վաճառականների գործունեությունը, դուք կտեսնեք միևնույնը, ինչ որ անում են մայրաքաղաքներում մեր խոշոր դրամատերերը: Զանազանությունը միայն նրանումն է, որ դրանք մանր հարստահարողներ են, այլ խոսքով, փոքրիկ ավազակներ են, իսկ նրանք — մեծ: Մեր գյուղացիները միշտ փողի կարոտություն ունեն հարկեր վճարելու համար և այլ կենսական պահանջների համար: Փողը նրանք ստանում են վաճառականից, իհարկե, ծանր տոկոսներ վճարելով: Գյուղացիները նույնպես պարտքով գնում են վաճառականից իրանց տան, հագուստի և այլ հարկավորությանց վերաբերյալ իրեղենները: Գալիս է պարտքը վճարելու ժամանակը. գյուղացին փող չունի որ տա, վաճառականը հափշտակում է նրա բոլոր երկրագործական արդյունքը կես գնով: Այսպիսի ավազակները կցանկանա՞ն, որ գյուղացու վիճակը բարվոքվի, կցանկանա՞ն, որ նա փողի կարոտություն չունենա: Ավելացնենք դրա վրա քրդի, թուրքի, տերության հարկահանների հարստահարությունները. — խե՜ղճ գյուղացին ինչո՞վ կարող է այս բոլորին բավականություն տալ: Նրա երկրագործությունը դեռ իր նահապետական ձևի մեջն է, ավելի արդյունք չէ տալիս: Նա արհեստ չգիտե, որ իր ձեռքի արդյունաբերությունը մշակված կերպով վաճառահանե դեպի օտար երկրներ: Այլևս ինչո՞վ կարող է նա իր ընտանիքը պահել, երբ իր աշխատության այն փոքրիկ վաստակն ևս ձեռքիցը խլում են: Ահա այստեղից է ծագում այն տխուր երևույթը, որ մեր ժողովուրդը հայրենի հողի վրա իր ապրուստը ճարելու հնարներ չունի: Նրա աշխատության արդյունքը նրա ձեռքից խլում են. նա մնում է միշտ աղքատ և միշտ առանց հացի, և այդ պատճառով ստիպված է թողնել հայրենի հողը և օտար երկրներում բախտ որոնել: Եվ քանի՜ հազար թշվառ ընտանիքներ այժմ մնացել են առանց տղամարդների. միայն Կոստանդնուպոլսում այժմ 40 հազար հայ պանդուխտներ կան, և նրանց մեծ մասը վանեցիներ են: Ի՞նչ անե խեղճ գյուղացին, որ չգաղթե: Թողյալ այն, որ նրան կողոպտում է թուրքը, քուրդը և տերության պաշտոնյան, — նույնիսկ իր արյունակիցը, իր կրոնակից հայը նրա կյանքի զորությունը ծծում է, նրան խեղճության և թշվառության մեջ է գցում: Տաճկաստանի բոլոր քաղաքները լցված են հայ մշակներով կամ հայ համալներով. — բայց դրանք մեր երկրի գլխավոր ուժերն են, որ մաշվում են և ոչնչանում են պանդխտության մեջ:
— Դուք տեսաք, — շարունակեց նա, — որ հայ դրամատերերը, հայ վաճառականը` մեր հասարակության բոլորովին ավերված և վնասակար մասն է. նրանցից մենք ոչինչ բարիք չենք սպասում: Նրանք պաշտում են իրանց քսակը և ավելի ոչինչ: Վաճառականը ազգ և հայրենիք չունի, նրա հայրենիքն այնտեղ է, որտեղ են նրա շահերը: Եվ այս տեսակ վաճառականությունը (եթե կարելի է վաճառականություն կոչել) ավելի վտանգավոր է դառնում, երբ նա ներքին կապ ունի կառավարության պաշտոնակալների և նրանց անիրավ գործունեության հետ: Դուք շատ անգամ և շատ տեղ տեսած եք այս բանը. օրինակ, գյուղացին պատրաստի արծաթ չունի և հարկի փոխարեն տալիս է իր արդյունաբերած նյութի մի մասը. հարկահանը չէ ընդունում, և ոչ ժամանակ է տալիս նրան, որ կանոնավոր կերպով վաճառե և հարկը լրացնե: Դուք տեսնում եք, որ իսկույն հայտնվում է հայ վաճառականը, և օգուտ քաղելով գյուղացու նեղ դրությունից, խոստանում է հարկահանի փողը տալ, և խիստ չնչին գնով առնում է գյուղացու դառն աշխատության պտուղը: Հիմա տեսնո՞ւմ եք, դրանք բոլորն էլ քեռի պետրոսներ են, միայն զանազան կերպարանքներով... — Քեռի պետրոսներին միշտ ձեռնտու է միանալ քուրդ իշխանների հետ և դավադրություն մեքենայել մեր դեմ...
Ասլանի ասածները ես բոլորը հասկանում էի, որովհետև իմ փորձած և տեսած բաներ էին: Կարծես թե, ես բոլորը առաջուց գիտեի, թե ոչ մի անգամ իմ մտքով անցած չէին նրանք, և ոչ մի անգամ իմ ուշադրությունը գրաված չէին: Կյանքի խոսքը միշտ հասկանալի է լինում մարդուն, որքան և նա անզգա լիներ, որովհետև այն խոսքը ուղղակի վերաբերում է նրա գոյության պահանջներին:
— Այս բոլորը հասկանում եմ, — ասեցի ես, — թե ինչո՞ւ քեռի պետրոսներն այսպես են վարվում, բայց չեմ հասկանում մի բան, թե մեր տեր թոդիկներն ի՞նչ շահ ունեն միանալու դրանց հետ:
— Դրանք էլ մի տեսակ վաճառականներ են, — պատասխանեց նա. — դրանք էլ ունեն իրանց կրոնական մենավաճառությունները: Զանազանությունը միայն վաճառքի նյութի մեջն է: Եվ վաճառականը միշտ խաբեբա է, միշտ խարդախ է, միշտ անիրավ է: Իբրև օրինակ, ես կխոսեմ միայն այս վանքի վանահայր Կարապետ վարդապետի վրա: Դա առաջ տեր Հուսական որդու վանքի վանահայրն էր, որն այս կողմերի աննշան և ոչ այնքան արդյունավոր վանքերից մեկն է: Նա մտածեց ձեռք ձգել սուրբ աստվածածնի վանքը, և ի՞նչ միջոցով. — խոստացավ մի քուրդ իշխանի, թե տարեկան արդյունքի կեսը նրան կտա, միայն թե նա օգնե իրան վանահայր լինելու, և այսպիսով հասավ իր նպատակին: Եվ դուք ձեր աչքով տեսաք, թե ո՛րպես քուրդ իշխանի գործակալները, մտած մեր տաճարի սրբարանի մեջ, հսկում էին գանձանակների վրա: Հիմա հարցնում եմ, դուք մի պարզ նմանություն չե՞ք տեսնում այս եկեղեցականի և կառավարության կապալառվի մեջ...:
Մեր խոսակցությունն ընդհատեց պառավ կախարդի ձայնը, որն իր անրջային զառանցությանց մեջ խոսում էր զանազան կցկտուր և մեզ անհասկանալի խոսքեր: Եվ զարմանալին այն է, որ նա խոսում էր խիստ մաքուր հայերեն լեզվով: Նրա խոսքերի մեջ ստեպ լսելի էր լինում անունս Հռիփսիմե: «Ես կայրեմ ամրոցը... ասում էր նա. կխորտակեմ նրա պարիսպները... իմ Հռիփսիմեն այնտեղ տխուր է... ես կազատեմ նրան... մոտ է օրը... տագնապի մեծ օրը... արյուն, հուր և փոթորիկը կմաքրե այս երկիրը... Հռիփսիմե՛, շա՜տ տանջվեցար... ես կսրբեմ քո արտասուքը»...
— Այս պառավը միշտ խոսում է մի «ամրոցի» և այնտեղ պահված մի «աղջկա» մասին, — ասացի ես Ասլանին:
— Դա նրա ցնորքն է... — պատասխանեց նա. — խելագարները շատ անգամ ունենում են մի երևակայական ինքնագաղափար, որը մոռանալ կարող չեն...:
— Դա խոսում է հայերեն, և ո՜րքան լավ է խոսում, ես առաջին անգամ լսում եմ դրա հայերեն խոսելը, — մեջ մտավ Մարոն:
— Բոշաներն ամեն լեզվով խոսում են, — ասաց Ասլանը ժպտալով. — երևի նա զգում է, որ Հայաստանումն է պառկած...:
— Բայց այս փոքրիկ վհուկը ի՞նչու լուռ է, — ասաց Մարոն, և խոնարհվելով` համբուրեց Հյուբբիի երեսը:
— Նա խելացի է... — պատասխանեց Ասլանը, ապա խոսքը փոխեց, — դուք ավելի լավ կանեք, որ այժմ հեռանաք այստեղից. ահա մոտ է արեգակի ծագելը. թող ձեզ չտեսնեն այստեղ:
Արշալույսը, իրավ, սկսել էր շառագունել. մենք առանց նկատելու անցուցել էինք ամբողջ գիշերը: Բայց Ասլանի մեզ հեռացնելու պատճառը ոչ այնքան լույսի ծագելն էր, որքան այն, որ նա վախում էր, չլինի թե մենք լսեինք պառավ կախարդի բերնից մի անզգույշ խոսք, որը կմերկացներ այն գաղտնիքը, թե ի՞նչու պառավը իր փոքրիկ Հյուբբիի հետ միշտ անբաժան էին Կարոյից և նրա ընկերներից, և կամ այն ի՜նչ «ամրոցային աղջիկ» էր, որ պառավ կախարդի երևակայության մշտական ցնորքն էր դարձել, որպես աշխատում էր մեզ հավատացնել ծածկամիտ Ասլանը...
Մենք ընդունեցինք Ասլանի ասածը և պատրաստվեցինք գնալու դեպի վանքը:
— Քանի որ այստեղ եք, — ասաց նա, — մենք կրկին ու կրկին անգամ պետք է տեսնվենք, և հարկավոր է, որ տեսնվենք. մենք խոսելու շատ բաներ ունենք...