Jump to content

Կայծեր/Մաս I/ԽԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կայծեր
 Խ
ԽԲ 

ԽԱ

ՍԻՐՈ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Վանքի տոնախմբությունը արդեն վերջացած էր: Ուխտավորները սկսել էին վերադառնալ դեպի իրանց երկրները: Ծերունի որսորդի ընտանիքը նույնպես պատրաստվում էր առավոտյան թողնել վանքը: Բայց իմ մեջ առաջ էր եկել մի զարմանալի փոփոխություն. ես մոռացել էի Մարոյին, մոռացել էի Սոնային, մոռացել էի մորս և քույրերիս, որոնք այնքան սիրում էին ինձ, և աշխատում էին ինձ իրանց հետ մեր տունը տանել: Ես սիրահարվել էի Ասլանի վրա: Կարծես թե այդ ոգելից երիտասարդը կախարդած լիներ ինձ. ես չէի ուզում բաժանվել նրանից: Թեև Ասլանի խոսքերն ինձ շատ մութն էին, թեև ես դեռ պարզ չէի հասկացել, թե ի՛նչ նպատակի է ձգտում նա, և ի՛նչ են ուզում անել նրա մտերիմ ընկերներն, այսուամենայնիվ, մտածում էի, թե լավ է նրանց հետ լինել, նրանց հետ գործել, — նրանք ազնիվ մարդիկ են: Այս պատճառով, երբ Ասլանը հայտնեց, թե «մի գործի» համար միտք ունի Վան քաղաքը գնալ, ես աղաչեցի, որ ինձ էլ իր հետ տանե: Նա չհոժարվեցավ, ասաց, թե դու եկել ես ծերունի որսորդի ընտանիքի հետ, պետք չէ նրանց անտեր թողնել: — Մարոն մեզ մոտ էր, նա լսեց այս խոսքերը և իրան հատուկ արհամարհական ոճով պատասխանեց, թե ես շատ հարկավոր չեմ նրանց, թե նրանք առանց ինձ էլ կարող են տուն վերադառնալ, թե որսորդի ընտանիքին ոչ ոք չի համարձակվի մոտենալ: Ով որ չէր ճանաչում Մարոյին, կարող էր վշտանալ այս խոսքերից, բայց ես գիտեի նրա սիրտը, թե որքան բարի էր նա, այս պատճառով նրա խոսքերը շարժեցին իմ ժպիտը միայն:

Երեկո էր: Այս խոսակցությունն անց էր կենում մեր մեջ մի բլուրի վրա, որ բավականին հեռու էր վանքից. այնտեղ գնացել էինք Մարոյի հետ «տիրամոր ծաղիկներ»7 քաղելու, ուր և հանդիպեցանք Ասլանին: Նա դարձյալ կերպարանափոխ էր եղած: Այժմ նմանում էր մի վանեցի վաճառականի:

Մարոն ևս իր կողմից խնդրեց Ասլանից, որ ինձ վեր առնե իր հետ, ասելով, թե ես ամենևին քաղաք չէի տեսել, հարկավոր էր ինձ քաղաք տեսնել, և մենք երկուսս էլ երկար թախանձելուց հետո, վերջապես նրան ընդունել տվինք:

— Ես դուրս եմ գալու հենց այսօր, արևը մտնելեն հետո, — ասաց նա. — մնում է մեկ ու կես ժամ:

Ես խնդրեցի մի փոքր սպասել, մինչև ես գնամ մորս և քույրերիս հետ տեսնվեմ:

— Սպասել կարող չեմ, — ասաց նա, — վաղը չէ մյուս օրը առավոտյան ես պետք է Վանում գտնվեմ:

— Ուրեմն, դու գիշերները չի՞ պիտի հանգստանաս, որ կարողանաս հասնել, — հարցրուց Մարոն:

— Ոչ, — պատասխանեց նա, — որովհետև երեք օրվա ճանապարհ է:

— Ուրեմն ես չի՞ պիտի կարողանամ տեսնել մորս:

Նա մոտեցավ ինձ և հազիվ լսելի ձայնով ասաց.

— Ով որ կամենում է մեր ետևից գալ, պետք է թողնե իր մորը, հորը, քույրերին և եղբայրներին: Հասկացա՞ր:

Այնուհետև Ասլանը հայտնեց, թեև ընդունում է ինձ իր հետ Վան տանել, բայց չէ կարող միասին դուրս գալ, այլ կսպասե ինձ առաջին իջևանում, որ այնքան հեռու չէր, և պատվիրեց գնալ ձի նստել և անմիջապես ճանապարհ ընկնել: Այնուհետև նա խիստ մտերմությամբ գրկեց Մարոյին և ինձ, հետո բաժանվեցանք: Մենք շտապեցինք դեպի մեր վրանը:

Ճանապարհին Մարոն ինձ ասաց:

— Գնա՛, Ֆարհատ, լավ ես անում, որ գնում ես, Վան քաղաքը կտեսնես, բայց Սոնային չմոռանաս...

Այս խոսքը ինձ կասկածանքի մեջ գցեց, և ես հարցրի, թե ի՞նչ մտքով էր ասում այդ:

— Սոնան սիրում է քեզ, Ֆարհատ, դու էլ նրան խոսք ես տվել... տղամարդը պետք է իր խոսքը կատարե...:

— Այս դու ո՞րտեղից գիտես:

— Ես բոլորը գիտեմ... ես գիտեմ, թե դուք ինչպես եք անցկացրել ձեր օրերը այն ժամանակ, երբ դու աշակերտ էիր նրա հոր տանը... ես ամենը գիտեմ...

Ես բոլորովին շփոթվեցա:

— Ո՞վ ասաց քեզ:

— Սոնան ինքը պատմեց ինձ: Նա այնպես ցավելով էր պատմում, որ ես չկարողացա իմ արտասուքը պահել:

Ես ոչինչ չպատասխանեցի, նա շարունակեց խոսել.

— Դու գիտե՞ս, Ֆարհատ, Սոնան որքան անբախտ է. նրա մխիթարությունն այժմ դու ես. բայց եթե դու էլ խաբես նրան, նա էլ չի ապրի:

Մարոյի ամեն մի բառը ինձ վրա կայծակի ներգործություն էր ունենում: Ես չգիտեի ինչ պատասխանեմ. նրա ասածները բոլորը ճշմարիտ էին. ես Սոնային խոսք էի տվել...

— Դու Սոնային խոսք ես տվել, — կրկնեց Մարոն, — լավ չէ, երբ տղամարդն իր խոսքը չէ կատարում...

— Բայց եթե աղջիկը չէ՞ կատարում...

— Նույնպես լավ չէ:

Ես նկատեցի, Մարոյի ձայնը զգալի կերպով դողում էր վերջին պատասխանը արտասանելու միջոցին:

Ես ասեցի:

— Դու էլ ինձ խոսք ես տվել...

— Տվել եմ, ճշմարիտ է, բայց ես չեմ ուզում ուրիշի սիրո փշրանքովը կշտանալ...

Ես թեև հասկացա, թե ինչ ասաց նա, բայց դարձյալ հարցրի.

— Ի՞նչ է նշանակում այդ:

Նա իսկույն չպատասխանեց, բայց ես նկատեցի, որ նրա աչքերը վառվում էին բարկության բոցով. և նա վերջապես պատասխանեց բոլորովին կատաղած կերպով.

— Ես գիտեի, որ դու խիղճ չունես, բայց հիմա տեսնում եմ, որ դու խելք էլ չունես: Ես չեմ կարող սիրել այն մարդուն, որ խաբել գիտե...

— Ուրեմն մեր մեջ ամեն ինչ վերջացած է:

— Հենց այն րոպեից, երբ «Կաթնաղբյուրի» ձորում, Սոնան քո մոտ նստած, իր անբախտությունն էր պատմում...

Մարոյի խոսքերն որքան և վիրավորական լինեին, որքան և կծու լինեին, բայց նրանք ուղիղ էին: Ես զգում էի իմ մեղքը, ո՛չ բարկանալու և ո՛չ ներողություն խնդրելու իրավունք չունեի...

Առժամանակյա լռությունից հետո նա հարցրուց.

— Եթե դու ուզում ես, որ մենք դարձյալ բարեկամներ մնանք, պետք է սիրես Սոնային:

— Ես ուզում եմ, որ մենք մնանք այնպես, ինչպես էինք առաջ...

— Դա անցավ: Պատասխան տուր, ինչ բանի համար հարցնում եմ քեզանից: Կսիրե՞ս Սոնային, թե ոչ:

— Իմ խոսքը հենց այն է...

Նա կանգնեց կես ճանապարհի վրա. ես նշմարեցի, նա ամբողջ մարմնով դողում էր, և գունատված դեմքի վրա նկարված էր վայրենի կատաղություն:

— Այստեղ մենք բաժանվում ենք, — ասաց նա աշխատելով զսպել իր վրդովմունքը: — Դու այլևս չես կարող ոտք կոխել որսորդի վրանը: Սպասի՛ր այստեղ. ես կգնամ, կուղարկեմ քո ձին և զենքերը, ուր որ ուզում ես, գնա:

— Ուրեմն դու արտաքսում ես ինձ:

— Ինչպես կուզես, այնպես հասկացիր...

— Անգո՜ւթ...

Նա շուռ տվեց երեսը, որ ես չտեսնեմ և շարունակեց շտապով գնալ դեպի ուխտավորների բանակը: Որքան էլ խռոված լինեի ես, դարձյալ չէր կարելի չնկատել նրա աչքերում արասուքի այն կաթիլները, որոնք դուրս ցայտեցին հրեղեն գնդակների նման:

Մինչև այսօր և գուցե հավիտյան, չեմ կարող մոռանալ այն վշտահար դեմքը իր արդար-վրեժխնդրական զարհուրանքով...

Ես բոլորովին սառեցա, մնացի քարե արձանի նման կանգնած: Աչքերիս առջևը մթնեց, ոտքերս դողացին և անշունչ դիակի նման գլորվեցա գետին...

Մութը բոլորովին պատել էր, երբ հուշի եկա: Ո՜րքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ գլուխս Մարոյի գրկումը գտա: Նա համբուրեց իմ ճակատը, ասելով:

— Դու կներես ինձ, Ֆարհատ, ես քո սիրտը կոտրեցի...

Նա սկսեց դառը կերպով հեկեկալ:

— Քո վերքը վտանգավոր չէ, Ֆարհատ, ես լվացի նրան, փաթաթեցի, արյունը բոլորովին դադարել է: Այժմ դու լավ ես:

Եվ իրավ, ես զգացի, որ ամբողջ մարմնով շաղախված եմ արյան մեջ: Իսկույն հասկացա, որ վայր ընկնելու միջոցիս գլուխս դիպցրել էի քարին, և Մարոն այդ տեսնելով, ետ էր դարձել ինձ օգնելու համար:

— Ես պատճառ եղա... — ասաց Մարոն, — ես կսիրեմ, մի՜շտ կսիրեմ քեզ: Մի՛ նախատիր ինձ, Ֆարհատ:

Եթե մեռած ևս լինեի, այս խոսքերը կարող էին կենդանացնել ինձ: Բայց արյան չափազանց հոսումը բավականին սպառել էր իմ ուժերը: Ես կարծես երազի մեջ լսում էի նրա խոսքերը, կարծես, երազի մեջ զգում էի նրա ջերմ շրթունքների հպավորությունը, որ ստեպ-ստեպ սեղմվում էին իմ երեսի վրա...

Մին էլ զգացի` մի հսկայական ձեռք վեր բարձրացրուց ինձ գետնից և ծտի նման գցեց ուսին. և ինձ լսելի եղան Մըհեի խոսքերը.

— Սատանան տանի... մի պստիկ ծվատվելուց ընկած է գետին, կթրթփա... չի էլ ամաչում... արյունից սիրտը կմարի՞...

Ես արթնացա մյուս անգամ, երբ գիշերից բավական անցել էր: Ծերունի որսորդի վրանի մեջ աղոտ լույսով վառվում էր յուղն սպառված լապտերը: Մարոն միայնակ նստած էր իմ մոտ. վրանում բացի մեզանից, ոչ ոք չկար. մյուսները քնած էին դրսումը: Մարոյի առաջին հարցմունքն եղավ, թե ի՞նչպես եմ զգում ինձ: Ես պատասխանեցի, թե լավ եմ, միայն շատ ցավում եմ, որ ետ մնացի Ասլանի հետ ճանապարհորդելուց:

— Մըհեն այստեղ է, — ասաց նա, — երբ բոլորովին կառողջանաս, նա քեզ կտանի Վան: Ասլանը այն տեղ մի քանի օր պետք է մնա: Դու դարձյալ կգտնես նրան:

— Ես կգնամ առավոտյան, վաղ առավոտյան: Ասլանը խոստացավ սպասել ինձ առաջին իջևանում, ես նրան սպասել չեմ տա:

Առավոտյան ինձ բոլորովին առողջ չէի զգում: Արյան չափազանց հոսումը բավական թուլացրել էր ինձ: Բայց մի քանի օրից հետո ես կարող էի ձի նստել և ճանապարհ գնալ: Մարոն առաջարկեց Մըհեին ինձ հետը վեր առնել:

— Մըհեն ի՞նչու է եկել, — հարցրի ես:

— Նա եկել է մեզ տանելու, — պատասխանեց նա:

— Ո՞վ է ուղարկել:

— Հայրս:

— Ուրեմն ես ի՞նչպես կարող եմ նրան առնել ձեզանից:

— Մենք առանց նրան ևս կարող ենք գնալ:

— Հենց ե՞ս կույր հավի պես չեմ կարող մենակ ճանապարհ գնալ:

— Կարող ես, բայց ճանապարհը կկորցնես: Բացի դրանից Մըհեն հորիցս նամակ ունի Ասլանի վրա, պետք է շուտով հասցնի:

Արևը դեռ չծագած Մըհեի հետ ճանապարհը ընկանք: Նա ձի նստելու սովորություն չուներ: «Մեղք է, ասում էր, ապա ոտքերս ինչո՞ւ համար ստեղծել է աստված»:

Մըհեն գնում էր իմ ձիու առջևից, ահագին լախտը իր թևի վրա դրած: Նա լուռ էր, նա չէր խոսում և իմ հարցերին տալիս էր խիստ կարճ պատասխաններ:

Ես ճանապարհին հազիվ կարողացա մտաբերել, թե որքան անքաղաքավարի կերպով բաժանվեցա Մարոյից: Ես նրան ոչ մի խոսք չասացի. նա այնքան տեղ եկավ ինձ հետ, նայում էր իմ վրա, սպասում էր մի քաղցր խոսք լսել: Ես մտաբերեցի, որ իմ հեռանալուց հետո, նա իսկույն չվերադարձավ դեպի վրանը, այլ նստեց ճանապարհի մոտ մի քարի վրա: Ես այժմս էլ հիշում եմ, թե ինչպես գլուխը քարշ գցած, նստած էր նա: Ես հարցրի Մըհեից: Մըհեն Մարոյի մոտ էր, նա հետո եկավ և հասավ ինձ:

«Նա լաց էր լինում», ասաց իմ ուղեցույց Հերքուլեսը:

— Ինչո՞ւ էր լաց լինում, Մըհե:

— Սատանան գիտե, թե աղջիկը ինչու լաց կլինի...

Մըհեն, ինչպես առաջ ես մտածում էի, այնքան հիմար չէր. նա երևաց ինձ խիստ ծածկամիտ մի մարդ: Որովհետև որքան ես աշխատեցի նրանից դուրս քաշել մի խոսք, թե ի՛նչ նպատակ ուներ նրա թափառելը մի օր այստեղ, մյուս օր այնտեղ, — նա ոչինչ չհայտնեց, տվեց միայն մի քանի արհամարհական պատասխաններ, ասելով. — «Եթե շատ բան գիտենաս` շուտ կպառավես»:

Առաջին իջևանում, ուր ժամադիր էր եղած Ասլանը ինձ սպասելու, նրան չգտանք: Դա մի փոքրիկ հայաբնակ գյուղ էր քրդերի հետ խառը: Բայց երբ մոտեցանք գյուղին, մի մարդ դուրս եկավ իմ առաջ, երևում էր, որ նա մեզ սպասում էր:

— Ի՞նչպես է քո անունը, — հարցրուց նա:

— Ֆարհատ:

Նա հանեց իր ծոցից մի կնքած թուղթ և տվեց ինձ: Նրա մեջ գրած էին այս խոսքերը.

«Ֆարհատ, մի դեպք առիթ տվեց ինձ շեղվիլ այն ճանապարհից, որ ուղղակի տանում է դեպի Վան: Ներիր, որ չկարողացա սպասել քեզ: Այս մարդուն պատվիրած եմ, որ քեզ ինձ մոտ բերե: Նա գիտե իմ տեղը: Ասլան»:

Թուղթը կարդալուց հետո այն մարդը հարցրուց.

— Եթե այստեղ հանգստանալու միտք չունեք, ես այս րոպեիս էլ պատրաստ եմ ձեզ առաջնորդելու:

Այս տղամարդը հագնված էր բոլորովին քրդի ձևով, և եթե նա հայերեն չխոսեր, ես նրան քուրդ պիտի կարծեի: Զենքերը նույնպես քրդի էին` երկար նիզակը ձեռին, մի զույգ ատրճանակներ գոտիումը խրած, ահագին երկաթապատ վահանը ուսին գցած և կեռ սուրը կողքից քարշ տված:

Նա սկսեց քրդերեն խոսել Մըհեի հետ: Երևում էր, երկուսն էլ ճանաչում էին միմյանց:

Ինձ էլ ծանոթ երևաց այն հսկա տղամարդի դեմքը, որպես թե մի անգամ պետք է տեսած լինեի նրան: Իսկույն մտաբերեցի, որ դա այն երկու զեյթունցի տղամարդերից մեկն է, որոնց ես տեսա արաբական մինարեթում, այն գիշերը, երբ առաջին անգամ հանդիպեցա Կարոյին: Այժմ հասկացա, թե ինչո՞ւ Ասլանը փոխել էր իր ճանապարհի ուղղությունը. երևի, զեյթունցին նրան մի անակնկալ բան հաղորդած պետք է լիներ, որ առիթ էր տվել նրան թողնել ուղղակի Վան գնալը:

Վերջացնելով իր խոսակցությունը նրա հետ, Մըհեն դարձավ դեպի ինձ այս խոսքերով.

— Ես հիմա գիտեմ, թե ուր է գնացել Ասլանը, ես քեզ կտանեմ ուղիղ նրա մոտ, այս մարդը մեզ պետք չէ:

— Բայց դու ճանապարհը ճանաչո՞ւմ ես, — հարցրի ես:

— Սատանայի պես:

— Բայց քանի որ դուք չեք ուզում այստեղ հանգստանալ, սպասեցեք, մինչև ես մի բան կբերեմ ճանապարհին ուտելու համար, — ասաց զեյթունցին և վազեց դեպի գյուղը:

Նա մտավ գյուղի ծայրումը գտնված տներից մեկի մեջ և քանի րոպեից հետո դուրս եկավ մի մաղ` ձեռին բռնած: Նրա մեջ դրած էին մի քանի հատ տափակ, լայն և բոլորակ հացի նման բաներ, մի փոքր դեղնագույն և երեսներն օծած մեղրով: Դա չորացրած սեր էր, բավականին հաստ զանգվածով, Հայաստանի պարարտ կաթի արդյունքն էր:

Մըհեն երկու հատ առեց, և փողի նման գալարելով, մի րոպեում կերավ:

— Մըհեն էսպիսի սատանայական բաներով չի կշտանա, գնա՛, հաց բեր, — ասաց զեյթունցուն:

Բայց ես մեկ հատի կեսը հազիվ կարողացա ուտել, այնքան պարարտ և սննդարար էր սերը:

— Ես հաց ունեմ հետս վերառած, երբ որ քաղցած լինես, կտամ, հիմա գնանք, ուշ է, Մըհե, — ասեցի նրան:

— Հիմա տո՛ւր, երբ փորս դատարկ է:

Զեյթունցի տղամարդը չթողեց ինձ բաց անել խուրջինը, որ կապած էր ձիուս գավակին, որի մեջ Մարոն ինձ համար ճանապարհի պաշար էր դրած, այլ ինքը գնաց, բերեց երկու հատ գարեհացի ահագին բլիթներ: Մըհեն նրանց ևս կերավ: Այնուհետև մենք ճանապարհ ընկանք:

Արևն արդեն սկսել էր թեքվել իր կեսօրվա կետից դեպի մուտքը: