Կայծեր/Մաս II/ԺԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԺԴ Կայծեր

Րաֆֆի

ԺԶ

ԺԵ

ՎԱՐԱԳ

Մեզ մնում էր տեսնել Վարագա վանքը, այնուհետև մեր հետազոտությունները Վանա շրջակայքում պետք էր վերջացած համարել:

Գեղեցիկ պայծառ առավոտ էր, երբ ես և Ասլանը ձի նստած դուրս եկանք Այգեստանի ծառազարդ փողոցներից և ուղևորվեցանք դեպի վանքը: Մեր առջևն էր Վարագա սարը իր սքանչելի տեսարաններով: Արևը դեռ նոր էր սկսել ծագել: Նա կամաց-կամաց վեր էր համբառնում Վարագա լեռնագագաթի ճիշտ այն ամենաբարձր կետից, որ կոչվում է Գալիլիա: Ես առաջին անգամն էի տեսնում արևի մի այնպիսի հրաշալի ծագումը: Ինձ այնպես էր թվում, որ տվնջյան լուսատուն գիշերը հանգչել էր Գալիլիայի գագաթի վրա, միևնույն նվիրական այրերի մեջ, որտեղ մի ժամանակ պատսպարված էր Հռիփսիմեն իր ընկերուհիների հետ, իսկ այժմ լուսաճաճանչ պայծառությամբ դուրս էր գալիս իր հանգստարանից՝ լուսավորելու հայոց աշխարհը: Նույն այրերի մեջ ճգնում էր երանլեի կույսը, նույն այրերից դուրս եկավ և նա և, որպես մի պայծառ լույս, ուղևորվեցավ դեպի Արարատ, կատարելու այն մեծ բարոյական պատերազմը հայոց հեթանոս թագավորի և հեթանոսական խավարի հետ, որի արդյունքը եղավ քրիստոնեության մուտքը Հայաստանում: Նույն այրերի մեջ թաքցրեց նա կենսատու փայտի ս. Նշանը, որ ամփոփված էր մի փոքրիկ խաչի մեջ և որը նրա կուրծքի ու պարանոցի աստվածային զարդն էր կազմում: Ամբողջ չորս դար հրաշալի սուրբ նշանը մնաց այնտեղ անհայտության մեջ, մինչև Թոդիկ ճգնավորի մշտական աղոթքով հայտնվեցավ նա և, արեգակի լուսափայլ պայծառությամբ, Վարագա լեռնագագաթի բարձրությունից թռչելով, իջավ նրա լանջաց վրա, և որպես մի ժամանակ զարդարում էր Հռիփսիմեի կուրծքը, այնուհետև դարձավ Վարագա լեռան կրծքի երկնային զարդը: Միևնույն տեղում հիմնվեցան տաճարներ, որ սուրբ նշանի անունով կոչվեցան Ս.Խաչ: Այդ տաճարներն էին, որ բոլորը միասին ներկայացնում էին Վարագա վանքը, ուր այն առավոտ ես և Ասլանը գնում էինք:

Արևը բարձրացավ: Նրա ճառագայթները հրեղեն շառավիղների նման տարածվեցան Վանա շրջակայքը, տարածվեցան ծովակի մանիշակագույն մակերևույթի վրա և լուսավորեցին առավոտյան մռայլի մեջ ծածկված հեռավոր լեռները: Ինձ տիրում էր խորին հոգեզմայլություն: Արևի ծագումը զարթեցնում էր իմ սրտում այդ նվիրական վայրերի և այդ սրբազան լեռների վաղեմի հիշատակները: Կարծես դարերը ետ-ետ էին գնում, և հին ավանդությունը կենդանանում էր, կերպարանք էր ստանում իմ աչքի առջև: Կարծես կրկին երևում էր ինձ Թոդիկ ճգնավորի սքանչելի տեսիլքը: Կենսատու ս. Նշանը թռչելով ցած է իջնում Վարագա լեռնագագաթի բարձրությունից, և նրանից ցոլանում են տասներկու լուսեղեն սյուներ, որոնք հանգչում են տասներկու տեղերի վրա: Հրեղեն սյուները այնքան ժամանակ մնում են այնպես կանգնած, մինչև երկրի իշխանները և ժողովուրդը տեսնում են նրանց: Հետո բարեպաշտ ժողովուրդը, միացած իր իշխանների հետ, կառուցանում են տասներկու տաճարներ միևնույն տեղերի վրա, ուր իջել էին լուսեղեն սյուները: Նրանցից երկուսը իջել էին այն տեղում, ուր շինվեցան Ս. Գրիգոր և Կարմրավոր վանքերը: Երեքը իջել էին Վերին Վարագում, որ և կոչվում է Գալիլիա: Իսկ յոթը՝ Ներքին Վարագում: Այդ յոթն տաճարներից բաղկացած եկեղեցիների խումբը, որոնց յուրաքանչյուրը առանձին-առանձին անուններ ունի, բոլորը միասին սարի անունով կոչվում են Վարագա վանք:

Այն օրից, որ հայտնվեցավ ս. Նշանը, հայոց եկեղեցին նրա համար տոն սահմանեց, որ կատարվում է մինչև մեր օրերը: Այն օրից, որ հայտնվեցավ ս. Նշանը, Վարագը դարձավ հայոց լեռների սուրբ Սիոնը: Նրա գագաթը, նրա կուրծքը, նրա ստորոտները ծածկվեցան վանքերով, և կրոնավորների բազմությունը լցրեց այդ վանքերը: Երկար տարիներ հիշյալ սուրբ Նշանը պահվում էր Վարագա վանքում, և ամեն կողմից ուխտավորների բազմությունը դիմում էր այնտեղ երկրպագության համար: Երկրի թե՛ հարուստը, թե՛ աղքատը թափում էր այնտեղ իր արծաթն ու ոսկին, նվիրում էր իր կյանքն ու կալվածքները ս. Նշանի սպասավորներին, որպեսզի Վասպուրականի այդ հռչակավոր սրբավայրը միշտ շեն ու պայծառ մնա: Աբեղաները այնտեղ վայելում էին ժողովրդի բարեպաշտության պտուղները և աղոթում էին աշխարհի համար:

Գագիկ Արծրունին ծախսեց իր գանձերից ահագին գումար և շինել տվեց հիշյալ ս. Նշանի համար մի ոսկյա տուփ և պահարան: Իսկ Աշոտ արքայորդին ծախսեց երեսուն հազար ոսկի և զարդարեց նրա պահարանը մարգարիտներով և թանկագին քարերով: Երբ Արծրունիների վերջին թագավոր Սենեքերիմը, իր ամբողջ պետությունը տալով հունաց կայսրին, ինքը տեղափոխվեցավ Սեբաստիա, նա իր թագավորությունից հոժարվեցավ զրկվել, բայց ս. Նշանը տարավ իր հետ: Իսկ հետո դժբախտ թագավորի մարմնի հետ կրկին փոխադրվեցավ Վարագ: Այնուհետև այդ թանկագին սրբությունը դարձավ զանազան բռնակալների ագահության առարկա: 1651 թվին Խոշաբ բերդին տիրող քուրդ Սուլեյման բեկը` Չոմար կոչված ավազակապետի առաջնորդությամբ եկավ, կողոպտեց Վարագա վանքի հարստությունները և ս. Նշանը գերի տարավ իր բերդը: Բարեպաշտ ժողովրդի առատաձեռնության դարևոր արդյունքները մի քանի օրվա մեջ ոչնչացան: Չորս տարի ս. Նշանը մնաց գերության մեջ: Իսկ Վանա հասարակությունը այդ չորս տարվա ընթացքում սուգ էր կատարում: Քանիցս անգամ պատգամավորներ ուղարկվեցան և մեծ փրկանքներ առաջարկվեցան, մինչև, վերջապես, կարողացան գերությունից ազատել իրանց աշխարհի սրբությունը:

Մենք այժմ բարձրանում էինք Վարագա լեռան զառիվերը: Մինչև մի որոշ գիծ՝ այդ սարը կանաչազարդ էր. տեղ-տեղ երևում են թուփեր ու պուրակներ, տեղ-տեղ պատած է խոտավետ մարգերով, շատ տեղերում ևս լեռան կողքերը ծածկված են հասունացած գարիի կամ ցորյանի ոսկեգույն արտերով: Հնձվորը գործում է, մանգաղը փայլում է, և աշխատասեր մշակի թախծալի երգը հնչեցնում է հսկա լեռան սրբազան վայրերը:

Արևը սկսել է այրել, չնայելով, որ դեռ առավոտ է: Հովիվը իր թաղիքյա վերարկուն (քափանակ) ձգելով ցուպի գլխին, նրան ամպահովանիի ձև է տվել և արևի կիզող ճառագայթներից պատսպարվելու համար նստել է նրա ստվերի ներքո: Նրա շուրջը, սփռված խոտավետ արոտամարգերի մեջ, արածում են ոչխարները, մի ժայռից դեպի մյուսը թռչկոտում են այծերը, իսկ աչալուրջ շները հեռվից հսկում են այդ միամիտ անասունների անհոգ զվարճությունների վրա, որ կարող է մի ակնթարթում սուգի փոխվել...

Կանաչազարդ գծից դեպի վեր, մինչև գագաթը, Վարագա լեռը մերկ է և բաղկացած է անմատչելի, թխագույն-կարմիր ժայռերից: Այդ բարձրությունների վրա խիստ հազիվ անգամ դիպել է մարդու ոտքը: Երբեմն սրաթռիչ կաքավները միայն խմբովին թռչում են մի ապառաժից դեպի մյուսը, կամ սևափետուր արծիվը, որպես մի սգավոր և սևազգեստ ոգի, միայնակ նստած Գալիլիայի ժայռերից մեկի վրա, վերևից տխրությամբ նայում է դեպի ցած, դեպի Արծրունիների ավերակ պալատների բեկորները, այն Արծրունիների, որոնք այնքան շատ դարեր խնամել ու փայփայել էին նրան...

Վարագա լեռը Վանա հովտի շտեմարանն է. այստեղից են վազում ջրերի այն բազմաթիվ վտակները, որոնք ոռոգում են Այգեստանի ընդարձակ այգիները և ջուր են մատակարարում շատ գյուղերի, որոնք սփռված են լեռան ստորոտներում:

Վանքին դեռ ոչ բոլորովին մոտեցած, ճանապարհի մի կողմում տեսանք մի խումբ մարդիկ: Այստեղ, որպես երևում էր, երկրագործական մի նոր փորձ էին անում, վարում էին մի գութան, որը թե՛ իր ձևով և թե՛ տեսակով ամենևին նման չէր տեղական ծանր, անշարժ գութաններին: Գութանի մաճը բռնած` կառավարում էր մի բարձրահասակ անձնավորություն, որի հագուստից երևում էր, որ աշխարհական չէ: Նա ցույց էր տալիս վանքի անփորձ մաճկալներին նորաձև գութանի բանեցնելու եղանակը: Մյուսները հետաքրքրությամբ նայում էին: Մենք, երկրի սովորության համեմատ, «բարի աջողումն» ասելով անցանք: Տեսնելով, որ մենք դեպի վանքն ենք գնում, նրանցից մեկը խումբից բաժանվեցավ, եկավ մեզ հետ: Դա մի երիտասարդ աբեղա էր, որ առաջարկեց առաջնորդել մեզ մինչև վանքը: Երբ բավական մոտեցանք վանքին, Ասլանը հարցրեց նրանից.

— Մենք կարո՞ղ ենք գտնել Հայրիկին վանքումը:

Այդ անունով կոչում էին վանահորը:

— Դուք չճանաչեցի՞ք նրան, — զարմանալով հարցրեց աբեղան, — Հայրիկը հենց նա էր, որ վարում էր գութանը:

— Այդ ի՞նչ գութան էր:

— Հայրիկը նոր բերել տվեց Եվրոպայից. այսօր առաջին փորձն էին անում: Սպասում ենք ուրիշ երկրագործական անոթներ ևս շուտով ստանալ:

— Վանքը երկրագործությա՞մբ է պարապում:

— Այո, իր կալվածները ինքն է մշակում: Բայց մենք ունենք վանքում և երկրագործական դպրոց:

— Երկա՞ր կմնա Հայրիկը այնտեղ:

— Երկար չի մնա: Նա տեսավ, որ դուք վանքն եք գնում, ինձ պատվիրեց, որ ձեզ տանեմ, այնտեղ հանգստացնեմ, մինչև իր վերադարձը:

Երբ հասանք վանքը, երբ շրջապատի գլխավոր դռնից ներս մտանք, երբ հետզհետե երևան եղան այդ հինավուրց սրբավայրի պատկառելի շինվածքները, նրանց արտաքին տեսքը միայն իմ վրա այն տպավորությունը գործեց, որ ես հակամայից սկսեցի մտածել, թե այստեղ անպատճառ տեսնելու եմ Կտուց անապատի հակապատկերը: Եվ իրավ, այստեղ շնչում էր մի այլ կյանք, երևում էր մի այլ աշխարհ, այստեղի մթնոլորտը ներշնչված չէր անապատական մշտավառ խունկի թուլացնող և վհատեցնող ծխով, այստեղ միացրել էին հոգևորը և երկրայինը աշխարհայինի հետ:

Վանքը թե՛ արտաքուստ և թե՛ ներքուստ հովանավորված էր ծառերով ու պարտեզներով. վազում էին սառն, հստակ աղբյուրներ, և ջրերի վտակները հավաքվելով, մեծ աղմուկով դարձնում էին վանական ջրաղացի ծանր աղորիքը:

— Այդ ծառերը Հայրիկի տնկածն է, — ասաց մեր առաջնորդը, — այն ջրաղացը երկար ժամանակ խանգարած էր, չէր բանում, Հայրիկը նորոգեց:

Երիտասարդ աբեղան տարավ մեզ մի բավական մաքուր և ճաշակով կահավորված սենյակ և իսկույն սկսեց մեզ հետ խիստ մտերմական խոսակցություն, թե ո՞րտեղից ենք գալիս, ո՞ւր պիտի գնանք, արդյոք պարոն բժշկապետը երկա՞ր պիտի մնա Վանում, ի՞նչ ազգից է պարոն բժշկապետը, քանի՞ լեզու գիտե և այլն: Այդ բոլոր հարցմունքները այն աստիճան անկեղծ էին, որ Ասլանը առանց ձանձրանալու պատասխանում էր նրան:

— Շա՞տ ժամանակ է, որ Հայրիկը այդ վանքի վանահայրն է, — հարցրեց Ասլանը:

— Շատ ժամանակ չէ, — պատասխանեց աբեղան, — բայց այդ փոքր ժամանակում նա այնքան գործ կտարեց, որ մի ուրիշը որքան և մեծ ջանք ու եռանդ ունենար, հազիվ թե տասն, քսան տարիների ընթացքում կարող կլիներ կատարել:

Երիտասարդ աբեղան Հայրիկի աշակերտներից էր: Ես իսկույն նկատեցի, և այնուհետև ինձ շատ անգամ էր պատահել նկատել, որ նրա աշակերտները նրա մասին խոսելիս՝ նրանց տիրում էր խորին ոգևորություն, և նրանք մի առանձին պարծանքով էին հիշում այն մարդու անունը, որին այնքան սիրում էին, որին այնքան պատվում էին:

— Հայրիկից առաջ, — շարունակեց նա, — այդ վանքը համարյա թե ավերակ էր. ոչ դպրոց կար, ոչ՝ աշակերտ և ոչ՝ կանոնավոր տնտեսություն: Նրա եկամուտները կողոպտվում էին թե՛ ներքին և թե՛ արտաքին ավազակներից: Վանքը պարտքերի ներքո խեղդվում էր: Մինչև անգամ ս. Նշանը գրավ էր դրված թուրք վաշխառուների մոտ: Բայց Հայրիկը կյանք տվեց այդ վանքին: Բոլորը, ինչ որ տեսաք և ինչ որ պիտի տեսնեք, նրա աշխատության պտուղն է: Բայց փոխարենը, ինչ որ ստացավ նա և ինչ որ ստանում է, — միշտ եղել է ատելություն, հալածանք և դավադրություն իր խավարասեր թշնամիների կողմից...

Վերջին խոսքը արտասանելու միջոցին երիտասարդի ձայնը դողաց: Նա պատմեց մի ցավալի անցք, որ պատահել էր հենց նույն օրերում: Հայրիկը Վարագա վանքից, որպես նրա սովորությունն էր, միայնակ, ոտքով Վան քաղաքը գնալու ժամանակ, ճանապարհին հանդիպում է նրան մի քուրդ: Երբ Հայրիկը իր արծվի հայացքով նայում է նրա երեսին, ավազակը շփոթվում է, նրա ձեռքերը սկսում են դողալ:

— Ինչո՞ւ շփոթվեցար, բարեկամ, — հարցնում է Հայրիկը իր սովորական մեղմ ժպիտով:

— ՈՒզում էի քեզ սպանել, — պատասխանում է ավազակը և, չոքելով նրա առջև, գրկում է նրա ոտները:

— Ինչո՞ւ չսպանեցիր, — հարցնում է Հայրիկը վեր բարձրացնելով նրան:

— Աստված իմ ձեռքը բռնեց, — ասում է քուրդը և սկսում է պատմել, թե որպես Հայրիկի թշնամիները կաշառեցին նրան, և որպես ինքը խոստացավ կատարել այդ եղեռնագործությունը, բայց խղճի ձայնը ասաց նրան, թե պետք չէ սուր բարձրացնել, աստուծո օրհնյալի վրա:

— Դու էլ օրհնյալ լինիս, որդի, — ասում է նրան Հայրիկը: — Գնա խաղաղությամբ, բայց այդ բոլորը, ինչ որ պատմեցիր ինձ, ուրիշ ոչ ոքի չպիտի հայտնես:

— Դու խնայո՞ւմ ես քո թշնամիներին, — հարցնում է ավազակը զարմանալով:

— Աստված այդպես է պատվիրում, — պատասխանում է Հայրիկը:

Բայց, չնայելով Հայրիկի պատվերին, քուրդը ամեն տեղ պատմում է նրա կյանքի դեմ դավադրություն սարքող անձինքների անունները, և այդ լսում է ամբողջ քաղաքը:

— Ո՞վքեր են այդ դավաճանները, — հարցրեց Ասլանը:

— Մի քանի եկեղեցականներ, միացած մի քանի աղաների հետ, որոնց պարագլուխն է մեր քաղաքի սրբազան առաջնորդը, — պատասխանեց աբեղան:

— Ի՞նչն էր առիթ տվել նրանց՝ մինչ այդ աստիճան անիրավության դիմել, թափել տալով մի անմեղ արյուն, — հարցրեց Ասլանը փոքր-ինչ զայրացած ձայնով: — Մի՞թե դպրոցը, լույսը, կրթությունը այդքան ատելի է նրանց:

— Ես չեմ կարծում, — ասաց աբեղան, — որ նրանք լուսավորության թշնամի են և այդ պատճառով զինվորվում են նրա տարածողների դեմ: Նրանք չեն կարող թշնամի լինել լուսավորության, որի մասին ամենևին հասկացողություն չունեն, որի վրա երբեք չեն մտածել: Խնդիրը բոլորովին տնտեսական է: Մի ժամանակ, որպես քանի րոպե առաջ ասեցի, այդ վանքում կանոնավոր տնտեսություն չկար. նրա եկամուտները վատնում էին միաբանները, և ինչ էլ որ մնում էր, առաջնորդի կոկորդովն էր անցնում: Բայց երբ Հայրիկը վանահայր դարձավ, նախ վանքը մաքրեց անպիտան միաբաններից, նրանց փոխարեն խմբեց այստեղ ավելի արժանավոր անձինք, և այնուհետև վանական արդյունքները սեփականացրեց իր նոր կառուցած հիմնարկությունների պահպանության համար: Այդ բոլորից հետո, շատ բնական է, որ այն անձինքը, որոնք առաջ վատնում էին վանքի եկամուտները, կթշնամանային Հայրիկի հետ:

— Բայց մի՞թե Հայրիկը բարեկամներ չունի:

— Ունի, բայց Հայրիկի բարեկամները այնպիսի կարող, այնպիսի հզոր մարդիկ չեն, որպես նրա թշնամիները: Հայրիկի բարեկամները ժողովրդի հալածված, հարստահարված և ամեն իրավունքներից զրկված դասակարգն է: Հայրիկի բարեկամները աղքատ շինականներն են, քաղաքի արհեստավորներն են, և անտուն, անտեղ, անհող, անջուր սարակներն ու բանվորներն են, և մի քանի երիտասարդներ, որոնք ազնիվ սիրտ և բարի ցանկություններ ունեն, բայց իրանց ցանկությունները կատարելու համար ոչինչ միջոցներ չունեն:

Հայրիկը եկեղեցական աստիճանով դեռ վարդապետ էր, բայց նրա կատարած գործերը, ստացած հռչակը, վայելած ժողովրդական մեծ համարումը, այդ բոլորը չէին կարող չգրգռել մյուս եկեղեցականների նախանձը, որոնք թե՛ աստիճանով և թե՛ դիրքով ավելի բարձր էին քան թե նա, թեև երիտասարդ աբեղան նրանց թշնամությունը բացատրում էր միայն տնտեսական պատճառներով: Նրա կառուցած նոր հիմնարկությունները՝ իրանց նորությամբ անգամ՝ կարող էին օտարոտի և վնասակար թվել մյուս եկեղեցականներին: Նա հիմնել էր իր վանքում մի գիշերօթիկ դպրոց, որը մի տեսակ վարժապետանոց կարելի էր համարել, ուր հավաքել էր նա զանազան տեղերից մանուկներ, այն նպատակով, որ վարժապետացուք կամ կրթյալ քահանայացաք պատրաստվեն և, վերադառնալով իրանց հայրենիքը, գյուղական քահանաներ կամ վարժապետներ դառնան: Դպրոցը ուներ և երկրագործական բաժին: Գյուղական վարժապետը կամ գյուղի քահանան, Հայրիկի կարծիքով, բավական չէ, որ պետք է սովորեցնեին գրել, կարդալ, հաշվել, կամ կատարեին գյուղացու հոգևոր, եկեղեցական պետքերը, այլ, միևնույն ժամանակ, նրանք պետք է ցույց տային, թե որպես պետք է գյուղացին վարեր իր հողը և որպես պետք է դարմաներ իր անասունները, որ ավելի արդյունք ստանար: Բացի դպրոցից, Հայրիկը զանց չէր արել հիմնել կրթության երկրորդ գործիչը` տպագրական մամուլը: Նրա տպարանից լույս էին տեսնում զանազան դասագրքեր և, ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելու համար, փոքրիկ դյուրիմաստ գրքույկներ աշխարհիկ լեզվով, այլև մի ամսագիր, որ խմբագրվում էր գլխավորապես նրա միաբանության աշխատությամբ: Այդ բոլորի ի կատար ածելը` արժանի էր այնքան մեծ ջանքերի և այնքան անտանելի տառապանքների, որոնց դեմ միայն Հայրիկի նման մարդու երկաթյա հաստ ատամտությունը կարող էր պատերազմել: Քանի՜ — քանի՜ անգամ նա ոտքով Պոլիս էր գնացել, հարուստ ամիրաների դռները բախելու և իր հիմնարկությունների համար օժանդակություն խնդրելու: Նա միայնակ ստեղծեց այն բոլորը. նա առաջին օրինակը եղավ, որ դատարկամոլ և ձրիակեր կրոնավորների անկելանոց դարձած վանքին տվեց մի այնպիսի կազմակերպություն, որ նա սկսեց այնուհետև ծառայել իբրև մի բարձր հիմնարկություն ժողովրդի հոգևոր, բարոյական և մտավոր կրթության համար:

Որքա՜ն մեծ անհամբերությամբ ցանկանում էի տեսնել այդ մարդուն, լսել նրա ձայնը և խոսել նրա հետ: Նա մեզ երկար սպասել չտվեց, շուտով վերադարձավ գութանի մոտից, քրտնած, փոշիների մեջ թաթախված: Նախ վազեց իր սենյակը, երևի լվացվելու համար, հետո եկավ մեզ մոտ: Նա ուրախ էր, որովհետև նորաձև գութանի առաջին փորձը հաջողություն էր խոստանում:

Նա դեռ երիտասարդ էր, երեսունևվեց տարեկան հազիվ կլիներ. այդ հասակի համեմատ` «Հայրիկ» մականունը շատ օտարոտի կարող էր լինել, եթե նա չունենար մի սիրող հոր խնամքը, հոգածությունը և բոլոր բարեմասնությունները` թե դեպի իր վանքն ու միաբանությունը և թե դեպի ժողովուրդը: Բարձրահասակ էր նա և ամուր կազմվածքով. երևում էր, որ ծոմը, մշտական աղոթքը և խիստ ճգնությունները, որոնք մեր անապատականների բարեպաշտության գլխավոր արդյունքն են համարվում, չէին մաշել նրա մարմինը: Գլխին վեղար չուներ. շագանակի գույն խիտ մազերը կիսով չափ ծածկում էին նրա լայն ճակատը և, դեպի ետ սփրռվելով, անփույթ կերպով թափվում էին հզոր ուսերի վրա: Մորուքը թավամազ էր, որպես անապատական առյուծի բաշը: Ինչ որ ավելի նշանավոր էր նրա հեզ, միևնույն ժամանակ այրական դեմքի վրա՝ դրանք էին արծվի խոշոր աչքերը և արծվի կտցաձև քիթը, որոնք թռչունների այդ վեհափառ արքայի բնավորության հատկանիշներն էին արտահայտում, թե՛ նրա հեռատեսությունը և թե՛ նուրբ հոտառությունը: Գուցե այդ էր պատճառը, որ նա ստացել էր մի երկրորդ մականուն ևս՝ «Վասպուրականի արծիվ»: Հագուստը պարզ էր և վայելուչ, իսկ վարվողության ձևերի մեջ խիստ հասարակ էր նա և անկեղծ: Նայելով այդ կրոնավորի վրա, ի նկատի առնելով նրա անցյալը և ներկան, իսկույն երևում էր՝ մինչև շենականի աղքատ խրճիթը խոնարհված մարդու ռամկասիրություն, ռամկի բոլոր առաքինություններով, ռամկի բոլոր անփառասիրությամբ, և մարդասիրական բարձր գաղափարներով ոգևորված մի եկեղեցականի անձնազոհություն, որ իր աշխատության հոգևոր մխիթարությունը որոնում է նույնիսկ ռամկի, դարերով թշվառացած ռամկի, հանգստության և բարօրության մեջ: Նա ժողովրդի մարդ էր և ժողովրդի համար ծնված:

Ես առաջին անգամն էի տեսնում մի այսպիսի սիրելի անձնավորություն: Նա այն տեսակ աբեղաներիցն էր, որի բերանում Հիսուսի, Մովսեսի և Պողոսի անուների հետ ստեպ հիշվում էին իր ազգի նահապետների անունները, ոչ միայն հասարակ խոսակցության մեջ՝ այլև սուրբ տաճարի բեմից: Նա չէր խոսում բիբլիական Պաղեստինի և «Վերին Երուսաղեմի» երանությունների մասին. նրա ուխտյալ երկիրը Վասպուրականն էր: Հայրենասիրությունը հասնում էր նրա մեջ մինչև մոլեռանդության, իսկ կրոնասիրությունը՝ մինչև բարձր առաքինության:

Նրան տեսնելիս, ես մտաբերում էի մեր հինգերորդ դարերի աբեղաներից մեկին, որ, կարծես, նոր էր վերադարձել Աթենքից, և ցուպը ձեռին, մի թափառական դերվիշի նման, շրջում էր հայրենի երկրի զանազան կողմերը և տարածում էր այն լույսն ու գիտությունը, որ իր հետ բերել էր Սոկրատի և Արիստոտելի մայրաքաղաքից: Հայրենիքը չէ ընդունում իր մեջ կրթության նոր առաքյալին, իսկ խավարասեր կղերը ատելությամբ կատաղած է նրա դեմ: Բայց նա արհամարհում է խավարասերների հալածանքը և հաստատ, անվեհեր կամքով առաջ է տանում սուրբ գործը: Մի տեղից հալածվում է նա, մյուս օրը հայտնվում է մի այլ տեղում և սկսում է ցանել իր հայրենակիցների անապատ դարձած մտավոր անդաստանում այն բարի սերմերը, որ ինքը բերել էր հեռավոր երկրներից: Այդպես էր վարվել և Հայրիկը. ամբողջ Վասպարականը նրա ընդարձակ ագարակն էր, իսկ ինքը` մի անձնվեր մշակ:

Այդ մարդը կատարելապես սիրահարված էր իր հայրենիքի՝ Վասպուրականի վրա: Իսկ Վարագը, Վանը, Վանա ծովակը իր շրջակա գավառներով` նրա մտածության գեղեցիկ առարկաներն էին: Բայց նա իր հայրենիքում նույն դրության մեջն էր, որպես մի ժամանակ Խորենացին Տարոնում: Կղերը նրա դեմ ևս լարում էր զանադան որոգայթներ: Այդ էր պատճառը, որ Ասլանը հիշելով քանի օր առաջ պատահած աղետավոր անցքը, և հայտնելով իր խնդակցությունը նրա ազատության մասին, ասաց.

— Մի՛ վհատեցեք, Հայրիկ, նահատակությունը առաքելության հետ միշտ լծորդաբար է ընթանում:

Հայրիկը պատասխանեց իր սովորական ժպիտով:

— Այդպիսի դեպքեր ինձ չեն կարող վհատեցնել, ես մահից չեմ վախենում: Բայց չէի կամենա և մեռնել, պարոն բժշկապետ, որովհետև, ով որ նպատակներ ունի, ով որ գործ ունի կատարելու, կյանքը նրան պետք է:

Երկար խոսակցությունից հետո, որ մի առ մի չեմ ուզում հիշել, Ասլանը խնդրեց Հայրիկից, որ ցույց տա իր վանքի հիմնարկությունները:

— Մենք ամեն ինչ դեռ նոր ենք սկսում, պարոն բժշկապետ, — ասաց Հայրիկը, — այդ պատճառով մեր հյուրերին ցույց տալու դեռ մի արժանավոր բան չունենք: Մեզ մոտ ամեն ինչ դեռ իր տղայության մեջն է:

— Հենց այդ հասակից կերևա ապագա էակը, գոնե ֆիզիկական կողմից, թե որքան առողջ է և որքան լավ է կազմված:

— Այդ ճշմարիտ, բայց շատ անգամ ամենաառողջ տղան ևս ջլատվում է, այլանդակվում է վատ դայակների և խորթ մայրերի ձեռքում:

Մենք դուրս եկանք սենյակից: Վանքի բակում ոչ ոք չէր երևում, մի զույգ աղավնիներ միայն ճեմում էին պարտեզի կանաչազարդ ածուների շուրջը, նրանք ևս, երբ մեզ տեսան, թռան նստեցին բարձր զանգակատան գերանի վրա: Ոչ մի վանքում զանգակները այնպես հանգիստ չէին, որպես այստեղ: Կտուց անապատում նրանք հնչում էին ամեն ժամ, ամեն րոպե, և հրավիրում էին «մշտապաշտոն» միաբաններին շարունակելու անընդհատ ժամերգությունը: Իսկ այստեղ մերթ ընդ մերթ լսվում էր դպրոցի զանգակի ձայնը, որ որոշում էր դասամիջոցները: Աշակերտները խմբով դուրս էին թափվում, և վանական լուռ, խաղաղ պարիսպների մեջ տիրում էր մի կենդանի աղմուկ: Ոչինչ այնպես ախորժելի չէր կարող լինել, քան թե այդ աղմուկը, մանուկ սերնդի սրտի և հոգու ձայնը, որի արձագանքը լսելի է լինում ապագայում...

Հայրիկը տարավ մեզ նախ գրատունը, որ բաղկացած էր երեք սենյակներից, որոնց դռները բացվում էին միմյանց մեջ: Երբ մտանք առաջին սենյակը, նա ասաց.

— Այստեղ հավաքված են բոլոր տպագրված գրքերը, թե՛ հայոց և թե՛ օտար լեզուներով: Մեր միաբաններից յուրաքանչյուրը կարող է որոշյալ ժամերում մտնել այստեղ և օգուտ քաղել գրքերից:

Սենյակում բավական լույս կար. մեջտեղում դրած էր երկար գրասեղան, ծածկած կանաչագույն մահուդով, իսկ նրա վրա դարսած էին մի քանի լրագիրներ և ամսագիրներ, որ նոր էին ստացվել: Սենյակի շուրջը, փայտյա մեծ պահարանների մեջ, կարգով դասավորված էին զանազան գրքեր, որ երևում էին ապակիների ետևից: Դեպի որ կողմը և նայում էի, աչքի էր ընկնում կարգ, ճաշակ, մաքրություն և պարզություն: Այս սենյակը թե՛ գրատուն և թե՛ ընթերցարան էր. այստեղից մտանք մի այլ սենյակ, որը ցույց տալով, ասաց Հայրիկը.

— Այստեղ հավաքված են բոլոր գրչագրերը:

Կահավորությունը նույնն էր, ինչպես առաջին սենյակում. մեջտեղում կանաչ մահուդով ծածկած սեղան, շուրջանակի` փայտյա մեծ պահարաններ, և ապակիների ետևից երևում էին մեր բազմաշխատ նախնյաց մագաղաթյա վաստակները: Սենյակի ճակատին, ոսկյա շրջանակի մեջ, քարշ էին ընկած Սահակ Պարթևի և Մեսրոպի պատկերները, որոնք տվեցին հայերին գիր և դպրություն մայրենի լեզվով:

Ես ցավելով մտաբերեցի Կտուց անապատի եկեղեցու մթին և խոնավ ավանդատունը, որի մեջ փոշու տակ ծածկված և մի անկյունում հատակի վրա թափված գտանք ամենահազվագյուտ օրինակները նախնի մատենագրության:

Ի՞նչ համեմատություն այնտեղ և այստեղ...

— Գրքերի ցուցակ ունե՞ք, Հայրիկ, — հարցրեց Ասլանը:

— Ունենք, — պատասխանեց նա, դուրս բերելով մի գիրք, որ պահված էր պահարաններից մեկում: — Մենք դեռ չենք տպում այդ ցուցակը, որովհետև աշխատում ենք հետզհետե ավելացնել գրչագրերի թիվը:

Ասլանը նստեց գրասեղանի մոտ, սկսեց թերթել ցուցակը:

— Դարձյալ բավական գրչագրեր ունեք, — ասաց նա: — Դուք մեծ բարերարություն արած կլինեք, Հայրիկ, եթե կաշխատեք այս կողմերի բոլոր վանքերից ազատել գրչագրերը և այստեղ հավաքել: — Եվ նա պատմեց թե իր այցելության ժամանակ Կտուց անապատը ինչ ցավալի դրության մեջ գտավ այդ վանքի գրքերը:

— Բոլոր վանքերում միևնույնը կտեսնեք, — պատասխանեց Հայրիկը: — Բայց եթե գիտենայիք, թե ո՞րքան դժվարությունների, ո՞րքան անախորժությունների եմ հանդիպել, մինչև կարողացել եմ հավաքել այդ գրքերը: Մեր վանահայրերը ավելի շուտով հոժարվում են, որ իրանց վանքերում գտնված գրքերը անխնամ դրության մեջ փտեն, ոչնչանան, քան թե տան, որ մի ապահով տեղում պահվեն: Իսկ ռամիկ ժողովուրդը բոլորովին այլ կերպով է վարվում. նա իր ձեռքն ընկած գրչագիրը տանում է և մեծ երկյուղածությամբ թաղում է հողի տակ, ինչպես թաղում է նա իր սիրելի որդուն:

Ասլանը շարունակում էր թերթել ցուցակը:

— Այդ անում են և եկեղեցականները, — ասաց նա, — ես լսել եմ, թե ինչպես մի վանքում կատարել էին մի հանդիսավոր թաղում բոլոր ցեցակեր գրքերի:

— Ես գիտեմ մի այլ, ավելի ցավալի կորուստ, — ասաց Հայրիկը տխուր ձայնով և պատմեց հետևյալ անցքը.

Մի անապատում, որ հայոց ծովակներից մեկի կղզում է գտնվում, հանկարծ միաբանությունը լսում է, որ կաթողիկոսը գալիս է վանքը և, որպեսզի նորին վեհափառությունը վանքի գրքերը իրանց ողորմելի դրության մեջ չտեսնե, հավաքում են բոլորը, լցնում են կթոցների մեջ և թափում են ծովը: Երբ նորին վեհափառության նավակը մոտենում է կղզուն, նա նկատում է, որ մագաղաթի թերթիկները ջրի երեսին լողում են: Ալիքները նրանցից մեկը բերում է և խփում վեհափառի նավակի կողքին: Նա ձեռքը մեկնում է և վեր է առնում դժբախտ թերթը: Պատահմամբ դա լինում է Խորենացու գրքի հենց այն կտորը, որտեղ գրված է լինում նրա սգավոր ողբը, որի մեջ նա այնքան դառն կերպով նկարագրում է իր ժամանակի եկեղեցականների անպիտանությունները: Վեհափառի հանդեպ, նավակի մեջ, նստած է լինում կղզու վանահայրը, որ դուրս էր եկել ցամաքը նրան ընդունելու: Վեհափառը տալիս է նրան կարդալու սգավոր ողբի հետևյալ տողերը. «Վարդապետք տխմարք» և այլն:

— Այդ պատմությունը որքան հետաքրքիր, այնքան և տխուր է, — ասաց Ասլանը: — Բայց ես լսել եմ, որ ձեր կաթողիկոսներից մեկը նույնպես ազատ չէ եղել մի այդ տեսակ մեղքից. նա իր նախորդների հիշատակները ոչնչացնելու համար այրել է տվել նրանց գործերի բոլոր ատենական թղթերը: Բայց ես շատ ուրախ եղա, որ ձեր ցուցակի մեջ գտա, բացի գրքերի անուններից, և մի ամբողջ շարք զանազան կոնդակների, զանազան հրովարտակների, պարսից և տաճկաց թագավորներից ստացված, զանազան պայմանագրերի և հին կալվածագրերի, այդ բոլորը կարող է առատ նյութ տալ պատմության:

Մատենադարանի մի առանձին պահարանում հավաքված էին հայոց ամենահին տպագրությունները, որոնք եղել են մի քանի դարեր առաջ Վենետիկում, Հռոմում, Միլանում, Նոր-Ջուղայում, Ամստերդամում և այլ տեղերում:

Գրչագրերը քննելուց հետո մտանք երրորդ սենյակը, որ ավելի ընդարձակ էր, քան առաջինները:

— Այդ մեր թանգարանն է, — ասաց Հայրիկը, — բայց դեռ աղքատ թանգարան, որովհետև շատ ժամանակ չէ, որ գոյություն ունի:

Չնայելով, որ Հայրիկը խիստ համեստությամբ էր վերաբերվում դեպի թանգարանը, բայց այդ սենյակը, ավելի քան մյուսները, գրավեց իմ ուշադրությունը: Ինչե՜ր ասեք այնտեղ չկային: Ինչ որ մի անգամ որոնվել էին Վանա շրջակայքում կամ նրա ավերակների մեջ, հավաքել էին այնտեղ: Մի տեղ, փոքրիկ գզրոցներում, որոնց վերևի երեսները ծածկված էր ապակիով, դասավորած էին զանազան հին դրամներ: Մի տեղ, նույնպիսի գզրոցներում, կային զանազան կանացի զարդեր, որպիսիք են` ականջի օղեր, ապարանջաններ, հուլունքներ և այլն: Մի այլ տեղ կային հնադարյան զենքեր, պղնձյա ծանր վահաններ, սեպաձև արձանագրություններով և առասպելական դրոշմվածներով զարդարած, նիզակների և նետերի ծայրեր, տապարներ, սաղավարտների և զրահների կտորներ, բոլորը պղնձից: Այդ բոլոր հնություններից իմ ուշադրությունը գրավեցին երկու փոքրիկ արձաններ միայն, որոնցից մեկը պատած էր ոսկով և ներկայացնում էր մի դեռահաս կնոջ: Նա այնքան գեղեցիկ էր, որ ես պատրաստ էի ծունր իջնել և երկրպագել նրան: Երբ իմ հոգեզմայլությունը հայտնեցի, Հայրիկը ծիծաղելով ասաց.

— Մեզ ևս մի ժամանակ մեղադրում էին այդ մեղքի մեջ:

— Ի՞նչպես, — հարցրեց Ասլանը:

Հայրիկը պատմեց մի քանի հետաքրքիր անցքեր, թե ո՛րքան անախորժությունների է պատահել թանգարանի պատճառով: Թանգարանը շինվում է գլխավորապես այն նպատակներով, որ այնտեղ հետզհետե հահավաքեն բոլոր հնությունները, որոնք խիստ հաճախ գտնում են Վանա շրջակայքում, և ժողովուրդը, նրանց նշանակությանը չհասկանալով ոչնչացնում է: Օրինակ, պատահել էին այսպիսի դեպքեր. մի գյուղացի գտել էր մի մեհյանի երկաթյա զոհարանի մի մասը, տարել էր դարբնի մոտ, կոտրել էր տվել և իր համար արորի խոփ էր պատվիրել: Մի այլ գյուղացի գտել էր Սենեքերիմ թագավորի փղոսկրյա գահի առաջին ոտները, խիստ չնչին արժեքով վաճառել էր մի զինագործի, որը գնել էր խենջարի կոթեր շինելու համար: Մի քանի տարի առաջ միանգամից գտնվում են այն երկու արձանները, որ մենք տեսանք թանգարանում: Հայրիկը մեծ դժվարությամբ կարողանում է ազատել այդ գեղեցիկ հնությունները ռամկի մոլեռանդությունից. «կուռքե՜ր են» ասելով, ամեն կողմից հավաքվում են և կամենում են փշրել: Նրանցից մեկը հայտնի չէր, թե ի՞նչ աստվածություն է ներկայացնում, իսկ մյուսը` այն դեռահաս դիցուհին, որի գիսակների մեջ փայլում էր մի ճաճանչավոր աստղ, դա կարծվում է, թե պետք է Վասպուրականի տիկինը` Աստղիկը լինի: Արձանները տեղավորում են թանգարանի այն մասում, ուր ավելի լույս կար և որտեղ գրած էր մի հին աստվածամոր պատկեր: Անցնում են մի քանի օրեր, հանկարծ զայրացած խուժանը հարձակվում է վանքի վրա, փոքր է մնում, որ կործանե թանգարանը և ոչնչացնե ամեն ինչ: Հայրիկի երկար աղաչանքները հազիվ կարողանում են մեղմացնել խառնիճաղանջի կատաղությունը: Նրա հուզմունքի պատճառը այն է լինում, որ թանգարանը համարում է մի կռքատուն, ուր աստվածամոր պատկերը դրած է կուռքերի մոտ և նրանց հետ հավասար պաշտվում է:

— Միամիտ խուժանը կարող էր այդպես մտածել, — ասաց Հայրիկը իր պատմությունը վերջացնելուց հետո, — բայց ցավալին այն է, որ նրան գրգռել էին մեր դեմ իմ թշնամի եկեղեցականները: Ես հավատացած եմ, որ նրանք այդ արել էին ոչ թե չարամտությամբ, ոչ թե մեր վանքին վնասելու նպատակով, այլ իրանք ևս համոզված էին, որ մենք վանքումը կուռքեր ենք պաշտում, եթե ոչ, նրանց կարծիքով, ի՞նչ նպատակ կարող էր ունենալ, որ մենք կուռքերի արձանները վանքն էինք տարել և դրել էինք աստվածամոր պատկերի մոտ:

— Իսկ եթե նրանց պատահում է կուռքերի արձաններ գտնել, ի՞նչ են անում, — հարցրեց Ասլանը, աչքերը չհեռացնելով աստվածամոր պատկերից, որի մասին էր խոսքը:

— Փշրում են, ոչնչացնում են:

— Իսկ այդ աստվածամայրը հրաշալի բան է, — ասաց Ասլանը, շարունակելով նայել պատկերի վրա: — Դա, որպես երևում է, 15-րդ դարու իտալացի երևելի նկարիչներից մեկի գործն է: Բայց ինձ զարմացնում է այն, թե ինչպես է պատահել, որ այդ պատկերը հայտնվել է այստեղ:

— Շատ հավանական է, — ասաց Հայրիկը, — որ բերված լինի այն ժամանակներում, երբ վանից վաճառականները Վենետիկի և Իտալիայի հետ հարաբերություններ ունեին: Բայց գիտե՞ք որտեղից եմ դուրս բերել այդ պատկերը:

— Ո՞րտեղից:

— Մի կիսավեր գյուղական եկեղեցիից, որի հայ բնակիչները բոլորովին սպառվել էին, և նրանց տեղը քրդեր էին բնակվում: Այդ վերջինները, գուցե իրանք ևս հայկական ծագումից լինելով, դեռ պահպանել էին իրանց հավատը թե՛ դեպի եկեղեցին և թե՛ դեպի նրա սրբությունները:

Աստվածամոր պատկերը, որի մասին այնքան հիացած խոսում էին թե՛ Ասլանը և թե՛ Հայրիկը, ինձ ամենևին չէր գրավում, գուցե այն պատճառով, որ ես գեղարվեստի մասին ամենևին գաղափար չունեի: Ներկերը, որ առաջուց ևս խիստ մռայլ գույն էին ունեցել, ժամանակների ընթացքում ավելի և ավելի սևացել էին խունկի և մոմի ծուխից: Մի տեղում մոմը, ինչպես երևում էր, լուսարարի անհոգությունից ընկած է եղել և այրել է աստվածամոր գրկում մանուկ Հիսուսի ոտները, մի այլ տեղում կտավը պատռած էր:

Հայրիկը ցույց տվեց մեզ մի այլ հնություն, որը, որպես ասում էր նա, Արծրունյաց իշխանուհի օրիորդներից մեկի ձեռագործն էր, որ նվիրված էր Վարագա վանքին: Սեղանի ծածկոց էր այդ գեղեցիկ աշխատությունը, որի վրա օրիորդի ճարտար մատները ստեղծագործել էին զանազան պատկերներ ս. Գրիգոր Լուսավորիչի չարչարանքներից:

— Շատ անգամ մեր վանքերում կամ եկեղեցիներում պատահում են այնպիսի անոթներ, զգեստներ կամ այլ իրեղեններ, որոնք մաշված, հնացած և գործածությունից ընկած լինելով, այնպես, իբրև մի անպետք բան, ձգած են լինում եկեղեցիների խորաններում կամ պահարաններում, և այնտեղ փտում են: Երբեմն նրանց մեջ գտնվում են այնպիսի հազվագյուտ իրեղեններ, որոնք, իբրև հնություն արհեստի համար մեծ նշանակություն ունեն, — ասաց Հայրիկը, — մենք հոգ ենք տանում հավաքելու այդպիսնները: — Եվ նա ցույց տվեց մեզ զանազան սաղավարտներ, վակասներ,շուրջառներ, եպիսկոպոսական կամ վարդապետական գավազաններ, հնամաշ գորգերի կտորներ, կաթողիկոսական հողաթափներ և այլ իրեղեններ, որոնք ամենահին ժամանակներում բերվել էին Հնդկաստանից, Չինաստանից, Սպահանից կամ այլ հեռավոր երկրներից, որտեղ եղել են հայոց վաճառականներ:

Հետո Հայրիկը ցույց տվեց իր դպրոցը, որ գտնվում էր վանքի շինվածքների մի առանձին բաժնում: Ես մինչև այսօր տեսած էի երկու դպրոցներ միայն, մեկը տեր Թոդիկի դպրոցը, այն սարսափելի դժոխքը, որի աշակերտը լինելու դժբախտությունն էի ունեցել, մյուսը` Սիմոն պատվելիի դպրոցը, որ տեսա Վանա մեջ, և որը իր կազմակերպությամբ շատ չէր զանազանվում առաջինից: Այդ երկու հիմնարկություններից մեկը Պարսկաստանի, մյուսը Տաճկաստանի հայոց մանկավարժության կատարելատիպն էր, և գրեթե երկուսն էլ սահմանված էին մանուկներին բթացնելու և թե՛ բարոյապես, թե՛ մտավորապես սպանելու համար: Այդ դպրոցներից հետո, Հայրիկի դպրոցը, տարակույս չկա, որ աշխարհի յոթն հրաշալիքներից մեկն էր երևում ինձ: Եվ իրավ, նա իր տեսակի մեջ առաջին օրինակն էր այդ երկրում, և գուցե այդ էր պատճառը, որ իբրև նորություն ենթարկվել էր այնքան հալածանքների: Ես, իհարկե, չէի կարող քննել նրա ներքին, ուսումնական կազմակերպությունը, նրա ծրագիրը, ինձ գրավում էր նրա արտաքինը միայն: Այստեղ առաջին անգամ տեսա, որ աշակերտները դասավորված էին կարգով նստարանների վրա և ոչ թե, որպես տեր Թոդիկի դպրոցում, խառնիխուռն նստած էին հատակի վրա, իրանց տակին փռած ունենալով մի կտոր հասիր կամ այծի մորթի, որ բերում էին իրանց տներից: Այստեղ առաջին անգամ տեսա, որ աշակերտները դասավորած էին զանազան դասատներում, և յուրաքանչյուր դասատան մեջ վարժապետը պարապում էր բոլորի հետ միասին: Բայց տեր Թոդիկի դպրոցում, առանց ուշադրություն դարձնելու նրանց հասակի և ուսման աստիճանի վրա բոլոր աշակերտներին անխտիր ածել էին մեկ սենյակում, ինչպես ոչխարներին ածում են մեկ գոմի մեջ, և վարժապետը պարապում էր յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին, մեկը վայելչագրությամբ էր զբաղված, մյուսը ընթերցանությամբ, երրորդը վարժապետի կոշիկներն էր մաքրում, մի խոսքով, որքան աշակերտներ կային, նույն թվով և բաժանմունքներ կային նույն դասատան մեջ: Այստեղ առաջին անգամ տեսա սև գրատախտակը, որի վրա կավիճով էին գրում: Առաջին անգամ տեսա, որ աշակերտներին սովորեցնում էին առանց փայտի ու ծեծի: Այստեղ ֆալախկա, ճիպոտներ, խրատելու քանոն և դրանց նման պատժական գործիքներ չկային:

Բոլոր դասատները այցելելուց հետո Հայրիկը մեզ տարավ մի դահլիճ, որտեղ ես տեսա զանազան հանքային վեմեր, չորացած միջատներ, գույնզգույն թիթեռներ և ամենամանր պողոճներ: Միևնույն դահլիճում կային զանազան բույսեր ու ծաղիկներ, այնպես լավ չորացած, որ բնավ չէին կորցրել իրանց ձևը կամ գեղեցկությունը: Կային և մի քանի թռչունների պաճուճապատաններ, որոնք ինձ այնպես էին թվում, որ կարծես թե կենդանի լինեին:

— Այդ բոլորը մեր աշակերտների հավաքածուն է, պարոն բժշկապետ, — ասաց Հայրիկը այնպիսի հրճվանքով, որ կարծես ինքն ևս ուրախանում էր իր սաների առաջին երեխայրիքի վրա: — Նրանք երբեմն իրանց վարժապետների հետ փոքրիկ արշավանքներ են կատարում մեր շրջակա լեռների վրա և բնության մեջ ծանոթանում են բնության հետ:

— Դա հառաջադիմության մի մեծ քայլ պետք է համարել, Հայրիկ, — ասաց Ասլանը, — որ այստեղ, փոխանակ աշակերտներին զբաղեցնելու աստվա-ծաբանական մթին խնդիրներով, սովորեցնում են բնական գիտություններ:

— Իմ համոզմունքն այն է, պարոն բժշկապետ, — ասաց Հայրիկը, — որ մեր մանուկների կրթության հետ պետք է կապված լինի և այն նպատակը, որ նրանք, բացի լավ քրիստոնյա լինելուց, դառնան և՛ լավ արհեստավորներ, և՛ լավ հողագործներ: Մեր ժողովուրդը աղքատ է և սոված, նա հաց է պահանջում, պետք է ուսումը միջոց տա նրան իր ապրուստը հայթայթելու: Եվ հենց այդ նպատակով՝ ես միացրի այդ դպրոցի հետ և երկրագործական բաժին, իսկ եթե կհաջողվի ինձ, ժամանակով կավելացնեմ և մի արհեստանոց: Իմ վանքի սուրբերը խիստ բարի են և ներողամիտ, նրանք չեն ձանձրանա սղոցի, խարտոցի և մուրճի ձայնից: — Այդ ասելով, ավելացրեց նա, — իմ նպատակն այն չէ, թե պետք է բոլորովին զանց առնել հոգևոր կրթությունը, այլ, ընդհակառակը, պետք է ավելի մեծ հոգ տանել նրա մասին: — Եվ այդ խնդրի վրա երկար խոսելով, նա իր միտքը բացատրում էր նրանով, թե գաղթականությունը դեպի օտար երկրներ, բացի բազմաթիվ կորստաբեր հետևանքներից, տվեց և մի անբուժելի բարոյական հարված Վասպուրականի ժողովրդին. հայոց պանդուխտները, օտար երկրներում թափառելով, օտար երկրներից տեղափոխեցին իրանց դեռ կուսական դրության մեջ մնացած հայրենիքը` բազմատեսակ մոլություններ: Նախնական բարք ու վարքի սրբությունը կորավ, և մարդիկ ընկան ապականության մեջ: Ժողովուրդը այժմ կարոտ է բարոյական մաքրության: Դա, իհարկե, գլխավորապես կրոնի և հոգևոր կրթության գործը պետք է լինի: Ճշմարիտ կրոնը և նպատակահարմար հոգևոր դաստիարակությունը թե՛ եկեղեցու, թե՛ դպրոցի և թե՛ ընտանիքի մեջ, կարող է այդ նպատակին հասցնել, կարող է մեր մանուկներին բարոյական ուղղություն տալ:

Վանքի բոլոր ուշադրության արժանի հիմնարկությունները ցույց տալուց հետո Հայրիկը մեզ տարավ իր սենյակը: Այստեղ պատրաստված գտանք մի պարզ նախաճաշիկ: Սեղանի վրա նա դեռ շարունակում էր խոսել վանական կրթության մասին:

— Շատերը, — ասում էր նա, — հակառակ են վանական կրթության և կարծում են, թե վանքի խուլ և առանձնական կամարների տակ, հին նահատակների ու ճգնավորների պատկերների ազդեցության ներքո, չեն կարող պատրաստվել աշխարհի համար պիտանի մարդիկ: Այդ կարծիքը կարելի էր իրավացի համարել, եթե հայոց վանքը լիներ այնպիսի մի հիմնարկություն, որպես առհասարակ լինում են վանքերը: — Եվ նա բացատրում էր հայոց վանքի նշանակությունը թե՛ անցյալում և թե՛ ներկայում, ցույց էր տալիս, որ նա երբեք անջատված չէ եղել ժողովրդից, երբեք չէ ունեցել իր առանձին շահերը, այլ նրա շահերը միշտ կապված են եղել ժողովրդի շահերի հետ: Թեպետ եղել են բացառություններ, որ հիմնվել են կղերական ուղղությամբ վանքեր, բայց դրանք, խորթ և օտար լինելով հայոց ժողովրդի հատկություններին, չեն կարողացել պահպանել իրանց գոյությունը:

— Ինչո՞ւ օգուտ չքաղել վանքերից, — ասում էր նա, — մեր հայրերը թափեցին այնտեղ իրանց արծաթը, նվիրեցին նրանց ընդարձակ անշարժ կալվածքներ, և այդ հարստությունների մեծ մասը դեռ մնացել է:

Առաջ նրանց արդյունքը ծախսվում էին ուրիշ բարեգործական նպատակների համար, իսկ այժմ կծախսենք մեր ժողովրդի զավակների կրթության համար: Ժողովրդից ստացածը կրկին կվերադարձնենք ժողովրդին:

— Դուք կարծում եք, Հայրիկ, միայն կրթությունը բավակա՞ն կլինի, — հարցրեց Ասլանը:

— Բավական չի լինի, — պատասխանեց Հայրիկը: — Ժողովրդի զավակներին ուսում տալով և նրանց միջոցներ չտալով իրանց համար ապրուստ գտնելու, մենք միայն կպատրաստենք ուսումնական թշվառներ: Աղքատությունը այդ ժամանակ ավելի զգալի է լինում, որովհետև որքան ավելանում է մարդու մտավոր զարգացումը, այնքան ավելանում են և նրա կենսական պահանջները: Ռամիկը մի կտոր ցամաք հացով գոհ է մնում, բայց երբ այբ ու բենը մտցրիր նրա գլխում, նա կհասկանա, որ միսը ավելի սնունդ է տալիս: Եվ սև կլինի նրա օրը, եթե միս գտնել չկարողանա:

Ես զարմանում էի այդ եկեղեցականի դատողությունների վրա. նա բոլորովին հակառակն էր ասում, ինչ որ խոսում էին մյուս եկեղեցականները. նա չէր քարոզում աշխարհի ունայնությունը, նա չէր պախարակում կյանքի վայելչությունները, պնդելով, թե մարմինը զրկելով, մարդիկ ավելի մոտենում են երկնքին, ուր պետք է սպասել իսկական երջանկությունը:

— Այո՛, — ավելացրեց Ասլանը, — ուսումը պետք է լինի միջոց կյանքի իրական պահանջները հայթայթելու համար: Ասացեք, խնդրեմ, Հայրիկ, ո՞րն է ձեր կարծիքով ժողովրդի այժմյան ամենաանհրաժեշտ պահանջը, կամ, այլ խոսքով, ինչո՞ւմն է նրա գլխավոր հիվանդությունը, որը շուտափույթ բժշկության կարոտ է:

Կարծես տխրության մի ամպ անցավ Հայրիկի պայծառ դեմքի վրա, և նրա գույնը մռայլվեցավ:

— Մեր ժողովրդի հիվանդությունը, — ասաց նա, — այնքան բազմատեսակ է և բաղադրյալ, որ անկարելի է մի քանի խոսքով բացատրել, պարոն բժշկապետ: Բայց ձեզ, որպես բժշկի, ավելի հասկանալի պետք է լինի, երբ հիվանդությունները բաղադրյալ են, այդ դեպքում, գտնում են ամենագլխավորը, որ մահ է սպառնում հիվանդի կյանքին, և նրանից են սկսում բժշկությունը:

— Այդ իրավ է: Բայց ո՞րն է գլխավոր հիվանդությունը:

— Իմ կարծիքով գաղթականությունը:

Եվ նա սկսեց երկար խոսել այդ առարկայի վրա, բացատրելով այն միտքը, թե հային պետք է հնար տալ, որ կարողանա ապահովել իր ապրուստը հայրենի հողի վրա, և ստիպված չլինի օտար երկրներում հաց որոնել:

— Ես հասկանում եմ, երբ եվրոպացին գաղթում է, — ասաց նա: — Նրա երկիրը այնքան նեղ է, մարդիկը այնքան բազմացել են, որ հողը չէ բավականանում: Իսկ մեզ մոտ հողը ընդարձակ է, բայց մարդիկ նրանից օգուտ քաղել չեն կարողանում:

— Ուրեմն ինչի՞ց է հառաջ գալիս գաղթականությունը:

— Շատ և շատ պատճառներից. նրանցից, որ երկրագործությունը դեռ իր նահապետական դրության մեջն է, նրանից, որ ժողովրդի արդյունաբերող մասը, մշակը, կողոպտվում է զանազան հարստահարողներից, նրանից, որ ճանապարհների հաղորդակցությունները վատ են, և երկրի բերքը չէ արտահանվում, նրանից, որ մենք չունենք ոչ մի ընկերություն, ոչ մի հիմնարկություն, որ նպաստեր երկրի տնտեսական դրությունը բարվոքելու... — Ո՞ր մեկը ասեմ:

— Դուք կարծում եք, այժմյան հանգամանքների մեջ հնար կա՞ բարվոքելու...

Խոսակցությունը անցավ այն առարկայի վրա, թե արդյոք կարելի՞ է մի այնպիսի երկրում, ուր տիրող կառավարությունը, փոխանակ նպաստելու, ինքն է արգելք դնում ամեն հառաջադիմության, ուր մահմեդական ցեղերի կամայականությունը չափ և սահման չունի, ուր մարդու կյանքը, կայքը ամեն րոպե վտանգի ենթակա էր, մի այդպիսի երկրում կարո՞ղ է հայը անձնատուր լինի խաղաղ աշխատության և տնօրինել իր կյանքի բարին: Հայրիկը ասաց.

— Մեր շրջապատող աննպաստ հանգամանքների մեջ, իրավ է, մեր ժողովուրդը չէ կարող իրան նվիրել խաղաղ աշխատության, և այդ պետք է գլխավոր պատճառներից մեկը համարել, որ շատերը դուրս են փախչում հայրենիքից, գնում են օտար երկրներում բախտ որոնելու: Բայց խո բոլոր հանցանքը չէ՞ կարելի դնել միայն չարագործի վրա, որ կողոպտում է, հափշտակում է ուրիշի աշխատության արդյունքը: Նույնքան հանցավոր պետք է համարել և նրան, որ թույլ է տալիս իրան կողոպտել: Ես հավատացած եմ, որ քուրդ ավւսզակը երբեք չի մոտենա հայի ոչխարների հոտին, եթե գիտենա, որ կհանդիպի տիրոջը` հրացանը ձեռին:

— Ես էլ այդպես եմ կարծում, — ասաց Ասլանը: — Բայց ինչո՞ւ հոգևորականությունը, որ կարող էր ավելի ազդել, չէ քարոզում հայերին փոքր ի շատե անձնապաշտպանության սովորել: Արևելքում կրոնը և հոգևորականությունը միշտ դեր են խաղացել ամեն մի հասարակական շարժումների ժամանակ և պիտի խաղան:

Հայրիկի դեմքը դարձյալ մռայլվեցավ:

— Ես իմ պաշտոնակիցներից ա՛յդ չեմ սպասում, — ասաց նա, — որ նրանք քարոզեին ժողովրդին անձնապաշտպանության սովորել. ես նրանցից շատ գոհ կլինեի, եթե ստրկության չսովորեցնեին: Նրանք ամեն հոգսեր կառավարության վրա են դնում: Կառավարության գործն է, ասում են, հսկել կարգի և ժողովրդի հանգստության վրա: Իսկ երբ ինքը` կառավարությունը, թույլ է, անկարգ է, այլևս ի՞նչպես կարող է կարգ պահպանել: Նրանք այդ չեն մտածում և միշտ սպասում են, որ մի օր ամեն բան ինքնիրան կլավանա...

Հետո Հայրիկը մեծ ցավակցությամբ սկսեց խոսել այն երկպառակության վրա, որի պատճառով ամբողջ տասնյակ տարիներ Վանա հայ հասարակությունը ալեկոծության մեջ էր գտնվում, և որը այնքան աղետավոր չարիքների առիթ եղավ: Ժողովուրդը երկու կուսակցության էր բաժանված. մեկի պարագլուխն էր տեղային հոգևոր առաջնորդը մի քանի հարուստ աղաների և դավաճան էֆենդիների հետ, որոնք կառավարության պաշտոնների մեջ էին գտնվում, իսկ մյուս կուսակցության պարագլուխը նորահաս երիտասարդության մի խումբ էր, որոնց թվին պատկանում էր և Հայրիկը: Մի կողմում ուժ, հարստություն և իշխանություն, մյուս կողմում` եռանդ, բարի ցանկություններ և տկարություն: Մեկը անկարգ կառավարության կողմն էր, իսկ մյուսը` նեղված, հարստահարված ժողովրդի: Մեկը պահանջում էր կուրություն և անպայման հնազանդություն, իսկ մյուսը բողոքում էր կատարվող անիրավությունների դեմ: Այդ բոլորը լսելուց հետո, ես այն ժամանակ միայն ավելի պարզ հասկացա, թե ի՞նչն էր գրգել հոգևոր առաջնորդին և նրա կուսակից էֆենդիներին դավադրություն գործ դնել Հայրիկի կյանքի դեմ: Եվ այդ բոլորը պատմում էր նա հանդարտ և հանգիստ կերպով, առանց վրդովվելու և առանց բարկության: Ատելության մի նշույլ անգամ չէր նկատվում նրա խաղաղ դեմքի վրա: Բայց նրա սառնասրտությունը առաջ էր գալիս ոչ թե անտարբերությունից, այլ նրա մեծահոգությունից և բարձր առաքինությունից, որով ներողամտությամբ էր վերաբերվում դեպի իր թշնամիների չարությունները: Բայց, միևնույն ժամանակ, չէր կարելի չնկատել նրա խոսքերի ու ձայնի մեջ մի ցավ, մի դառն և խորին ցավ, որ թաքնված էր նրա սրտում. թե ինչո՞ւ այդպես պետք է լիներ, թե այդ անհամաձայնությունը, այդ երկպառակությունները, այդ ներքին կռիվը ո՞րքան ջլատում էին նրանց ուժերը, որքան ժամանակ էին խլում նրանցից, երբ կարող էին ավելի օգտավետ, ավելի նպատակահարմար գործերով զբաղված լինել:

— Ահա՛ այդպես է լինում, — շարունակեց նա, — երբ հոգևորականությունը չէ հասկանում, կամ չէ ցանկանում հասկանալ իր իսկական կոչումը, թե ինքը Քրիստոսի եկեղեցու, այսինքն հավատացյալ ժողովրդի սպասավորն է և նրանից ընտրված մի պաշտոնյա, թե իր բոլոր գործունեությունը պետք է նվիրված լինի նույն եկեղեցու սպասավորությանը և բարեկարգությանը, այդ դեպքում, նա շեղվում է ուղիղ ճանապարհից և ընկնում է մոլորությունների մեջ: Նա ծառայից դառնում է տեր, սկսում է իշխել և ծառայեցնել, իհարկե, ծառայեցնել իր շահերի համար: Այդ ժամանակ նա միանում է մարմնավոր իշխանության հետ, որ իրան նույնպես տեր է համարում և նրա կողմն է բռնում: Որքան և անկարգ լիներ այդ իշխանությունը, այնքան ավելի նպաստավոր է նրա համար: Ուրեմն, այլևս ինչո՞ւ ենք զարմանում, որ մեր քաղաքի հոգևոր առաջնորդը միացած է նահանգապետ փաշայի հետ, և ինքն էլ մի կողմից է կեղեքում խեղճ ժողովրդին...

— Ես փաշայի հետ տեսնվեցա, — ասաց Ասլանը, — նա չափազանց խորամանկ մարդ երևաց ինձ:

— Եվ խաբեբա մարդ, — ավելացրեց Հայրիկը: — Ինչպես ամեն թուրք պաշտոնակալ:

Երեկոյան պահուն, երբ օդը փոքր-ինչ զովացավ, Հայրիկը մեզ տարավ և երկար ման էր ածում իր վանքի շրջակայքում: Մեծ բավականությամբ ցույց էր տալիս նա այն բոլորը, ինչ որ արել էր և ինչ որ դիտավորություն ուներ անելու: Այդ եռանդոտ մարդը այն տպավորությունն էր գործում ինձ վրա, որպես մի լավ հողագործ, որին ծանոթ են իր ագարակի բոլոր բույսերը, բոլոր տունկերը, և որը գիտե նրանց բնավորությունը, ուսումնասիրել է նրանց կյանքը, և որը այնքան սիրում է նրանց, որպես մի քնքուշ տիկին սիրում է իր ձեռքով ցանած և իր ձեռքով հասցրած ծաղիկները: Նա ցույց էր տալիս այս և այն դաշտերը, ասելով.

— Ահա՛ այնտեղ սկսել են տորոնի մշակությունը, այդ առաջին փորձն է մեր կողմերում, որը մեծ արդյունք է խոստանում, ահա՛ այնտեղ թթենիներ են տնկած, դիտավորություն ունենք շերամապահությունը փորձել:

Խոսում էր գետնախնձորի մշակության մասին, ասելով.

— Գիտե՞ք, պարոն բժշկապետ, մի քանի տարի առաջ գետնախնձորը այստեղ բոլորովին անծանոթ էր. մեր վանքը առաջինը եղավ, որ սկսեց մշակել և մինչև այսօր մեծ դժվարություններ է կրում գյուղերում տարածելու: Մեր տերտերները դեռևս չեն լուծել այն հարցը, թե արդյոք գետնախնձորը կարելի՞ է ուտել պահոց օրերում:

Ասլանը ժպտաց:

— Շատերը ինձ մեղադրում են, — շարունակեց նա, — թե ինչո՞ւ վանքում ես հիմնեցի երկրագործական դպրոց, թե մի այդպիսի հիմնարկություն բոլորովին հակառակ է վանքի նշանակությանը և այլն: Ասեցեք խնդրեմ, պարոն բժշկապետ, ո՞վ արդյոք, ավելի քան վանականը, պետք է ծանոթ լինի երկրի ու նրա մշակության գործի հետ: Վանքը լոկ աղոթատեղի չէ, նա ունի ընդարձակ տնտեսություն, որը, կանոնավոր կերպով կառավարելու համար, պետք է երկրագործական մեծ հմտություններ ունենալ: Կարդացեք մեր վանքերի պատերի վրա քանդակած արձանագրությունները և դուք կտեսնեք, որ, սկսյալ մեր հին թագավորներից, իշխաններից և իշխանուհիներից, մինչև մեր ժամանակների բարեպաշտները, ընծայել են մեր վանքերին ամբողջ գյուղեր, ագարակներ, ընդարձակ անտառներ, այգիներ և այլն, այնպես որ, վանքերը մեր կողմերում, և առհասարակ Հայաստանի մեջ, ամենահարուստ կալվածատերերն են: — Վանականները ի՞նչպես կարող են կառավարել այդ կալվածները, եթե ծանոթ չեն գյուղատնտեսության հետ: Ամենաբարեխիղճ կապալառուն անգամ կարող է խաբել նրանց: Բացի դրանից, իրանց անընդունակությամբ միշտ կարող են վատնել կալվածները, ինչպես շատ վանքերինը վատնված է:

Ասլանը, որ բոլոր ժամանակը ուշադրությամբ լսում էր, հարցրեց.

— Դուք որևիցե վտանգ չե՞ք նախատեսում, Հայրիկ, երբ վանականները իրանց կալվածական հարստության հետ կստանան և՛ կրթություն, և՛ ուսում:

— Ի՞նչ վտանգ կարելի է սպասել կրթությունից, — հարցրեց Հայրիկը ոչ սակավ զարմանալով:

— Այն վտանգը, որ կոչվում է կղերականություն: Մինչև այսօր ձեր վանականները անզոր և անվնաս էին, որովհետև անկիրթ էին, բայց, կրթվելով, նրանք ուժ կստանան, կաշխատեն իշխել ժողովրդի վրա և հարստահարել նրան:

— Այդ հազիվ կարող է պատահել մեր մեջ, — պատասխանեց Հայրիկը: -«Կղերականությունը» հակառակ է մեր եկեղեցու ոգուն, որը կատարյալ ժողովրդական բնավորություն ունի: Եվ եթե վանականները կրթվելով կարող են բռնանալ ժողովրդի վրա և հարստահարել նրան, չէ՞ որ, որքան կրթվեն վանականները, նույն չափով և գուցե ավելի կկրթվի ժողովուրդը, և այսպիսով ուժերի հավասարակշռություն կպահպանվի, և մեկը մյուսին չէ կարող ճնշել: Հոգևորականությունը այն ժամանակ միայն սկսում է վտանգավոր դառնալ, երբ իր զարգացած աստիճանով շատ բարձր է լինում ժողովրդից:

Ասլանը չկամեցավ այդ հարցի մասին երկար խոսել, որովհետև շատ վիճելի էր: Արեգակը արդեն սկսել էր խոնարհվել դեպի իր մուտքը: Հայրիկը չէր շտապում վերադառնալ զրոսանքից և, ինչպես երևում էր, նա դիտավորություն ուներ այն գիշեր պահել մեզ վանքում: Բայց Ասլանը շնորհակալությամբ հրաժարվեցավ, ասելով, որ քաղաքում հարկավոր գործ ունի և չէ կարող մնալ: Երբ վերադարձանք վանքը, Ասլանը ինձ պատվիրեց, որ իսկույն ձիաները պատրաստել տամ: Ես գնացի դեպի ախոռատունը, իսկ նրան թողեցի Հայրիկի հետ միայնակ: