Jump to content

Կայծեր/Մաս II/ԻԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կայծեր
 ԻԵ
ԻԷ 

ԻԶ

ԱՂԹԱՄԱՐԱ ՎԱՆՔԸ

Աղթամար կղզին գտնվում է Վանա ծովակի հարավ-արևելյան ափերի մոտ, մեկ ժամի ջրային ճանապարհով միայն հեռու է ցամաքից: Ամենահին ժամանակներում այս կղզին Ռշտունյաց հզոր նախարարության գլխավոր ամրոցներից մեկն էր: Ծովը և կղզու բարձր, ապառաժոտ դիրքը անմատչելի էին կացուցանում նրան թշնամու հարձակմունքներից: Ռշտունյաց նահապետներից առաջինն եղավ Ռաշամ, որ նրա վրա ամրություններ հիմնեց: Իսկ հետո, Տիգրան մեծի օրերում, Բարզափրան Ռշտունին ավելի ամրացրեց Աղթամարը նոր շինություններով և, բնակեցնելով այնտեղ Պաղեստինից բերած հրեա գերիների մի մասը, կղզուն ավանի ձև տվեց: Թեոդորոս Ռշտունին, յոթերորդ դարու հերոսը, ընտրեց Աղթամարը իր համար պաշտպանության մի ամուր դիրք: Այստեղ էր պատսպարվում նա, երբ պատահում էր նրան խույս տալ թշնամիներից:

Գագիկը, Արծրունյաց առաջին թագավորը, ավելի քան Ռշտունի նախարարները, հասկացավ Աղթամարա ռազմագիտական բարձր նշանակությունը իհարկե, իր ժամանակի պայմանների համեմատ: Իր հոյակապ շինություններով նա Աղթամարին նոր կյանք տվեց: Նախ, կղզին փոքր գտնելով իր ընդարձակ նպատակների համար, մտածեց լայնացնել նրան: Կղզու չորեքկողմից շրջանակաձև կտրեց ծովի մի մասը և կամեցավ նրան ցամաք դարձնել: Այդ մեծագործ ամբարտակի հիմքը դրեց ծովի հատակի վրա և սկսեց նրա ահագին խորությունը լցնել մեծամեծ քարերով: Երկրի բոլոր արհեստավորները և բանվորների ստվար բազմություն, զբաղված էին այդ հսկա գործով: Բոլորին հրահանգ և ուղղություն էր տալիս ինքը թագավորը: Նա իր անձնավստահ ձեռնարկության և՛ հիմնադիրն էր, և՛ ճարտարապետը: Երկար մաքառելով ջրի հետ, վերջապես հաղթեցին նրան: Ամբարտակը վեր բարձրացավ մակերևույթից, ավելի քան հինգ կանգուն:

Ժամանակի ականատես պատմաբանը, Թոմա Արծրունին, այդ շենքը աշխարհի հրաշալիքներից մեկն է համարում և, համեմատելով նրան Շամիրամի ամբարտակի հետ, ավելի ահեղ, ավելի գերազանց է գտնում: Բաբելոնի մեծագործ թագուհին հիմնեց իր ամբարտակը ցամաքի վրա և մի մեծ գետի ընթացքը դարձրեց դեպի Վանա հովիտը: Իսկ Արծրունի թագավորը իր ամբարտակի հիմքը դրեց ջրի հատակի վրա և ծովի մի մասը ցամաք դարձրեց:

Հիշյալ ամբարտակի վրա բարձրացրեց նա կղզու շրջապարիսպը, որը հինգ ձիարշավի տարածությամբ շրջապատ ուներ: Այդ շրջապարիսպը, պատմաբանի խոսքերով, էր` հրաշակերտ, ահեղակերպ, ամրացրած բարձր, լայնանիստ բուրգերով և զարդարած նույնպես բարձը, գեղեցիկ աշտարակներով: Աշտարակները անկյունավոր էին, խորանանման ձև ունեին, հարթ իբրև տախտակ: Նրանց մեջ կային սենյակներ, դահլիճներ, ուր երբեմն իր որդիների և ազատագունդ դրանիկների հետ ուրախություն էր վայելում արքան:

Հարկավոր էր կղզուն մի նավահանգիստ: Այդ անհրաժեշտության մեջ ևս թագավորի անզուսպ եռանդը անճար չմնաց: Նա կտրեց ծովի մի մասը և, ահագին պատնեշներ բարձրացնելով ջրի միջից, հիմնեց մի ընդարձակ, արհեստական նավահանգիստ: Ալեքսանդր մեծի արհեստական նավահանգիստը Մակեդոնիայում շատ նվաստ է գտնում պատմաբանը, հիշյալ նավահանգստի հետ համեմատելով: Դեպի այդ նավահանգիստն էին բացվում կղզու շրջապարիսպի ծանր, երկաթյա դռները:

Այդպես, կղզին չորեքկողմից բուրգերով, աշտարակներով և թանձր շրջապատով ամրացնելուց հետո նրան մի ահռելի բերդի ձև տվեց: Արհեստի հետ զուգապատշաճ էին և բնական ամրությունները: Կղզու միջնավայրից բարձրանում էր մի ապառաժ, որ նրա գագաթն էր կազմում: Այդ ապառաժի կողքերի վրա հիմնեց արքան իր բարձրադիր պալատները, որ նայում էին դեպի ընդարձակ ծովը: Պալատների մոտ կանգնած էին նրա գանձերի շտեմարանները, զենքերի մթերանոցները և պաշարների մեծամեծ ամբարանոցները:

Երբ բոլոր շինությունները վերջացած էին, թագավորը հրատարակեց այդ կղզին իբրև ապաստանի քաղաք: Թշնամիների կողմից եկած ամեն հեն և ապստամբ կարող էր այնտեղ պատսպարան գտնել: Հինգ տարվա ընթացքում քաղաքը լցվեցավ բազմաթիվ բնակիչներով:

Հայոց թագավորներից երկուսը ապաստանի քաղաքներ հիմնեցին. մեկը` Արշակ երկրորդը, Մասիս լեռան ստորոտում, մյուսը Գագիկ Արծրունին` Աղթամարա կղզու վրա: Երկուսի ձեռնարկությունն ևս միանման էր, բայց նպատակները տարբեր էին: Առաջինը, Արշակ երկրորդը, մտածում էր ջնջել նախարարությունները և առհասարակ ավատականությունը և, Հայաստանի բաժանված, մաս-մաս եղած իշխանությունները միացնելով` դարձնել նրանցից մի ինքնակալ, միահեծան պետություն: Այդ մտքով հիմնեց նա ապաստանի քաղաքը: Նախարարների հետ պատերազմելու համար հարկավոր էր նրան մի հզոր կուսակցություն, և այդ կուսակցությունը մտածում էր կազմել երկրի դժգոհներից: Բոլոր այն անձինք, որոնք նախարարների դեմ որևիցե հանցանք էին գործել, բոլոր պարտականները, որ անկարող էին իրանց պարտքը վճարել, և մինչև անգամ բոլոր մարդասպանները, գողերը, ավազակները, որոնք, կյանքի և ապրուստի անհրաժեշտություններից ստիպված, եղեռնագործության էին դիմել, մի խոսքով, բոլոր հանցավորներն ու դատապարտյալները կարող էին նրա քաղաքում ապաստան գտնել և ազատ մնալ թե օրենքից և թե դատաստանից: Նախարարների իշխանությունը խորտակելու համար մտածում էր նա ընտրել իբրև գործիք նախարարներից նեղված, հարստահարված թշվառներին: Բոլորովին տարբեր մտքով Գագիկ Արծրունին հիմնեց Աղթամարա ապաստանի քաղաքը: Նրա նպատակը այնպես ընդարձակ, այնպես հայրենասիրական չէր, որպես Արշակինը: Նրա նպատակը շատ նեղ և անձնական էր: Նա ինքը մի նախարար էր` Բագրատունի թագավորների գերիշխանության ներքո: Ապստամբվելով նրանց դեմ, հիմնեց նա Վասպուրականում մի նոր, հակաթոռ թագավորություն: Եվ Աղթամարը եղավ նրա ընդդիմադրության գլխավոր կռվանը:

Այն բոլոր շենքերից, որ կառուցվեցան, կատարվեցան կղզու վրա, ավելի հրաշափառը, ավելի գեղեցիկն էր այն տաճարը, որ թագավորը հիմնեց սուրբ խաչի անունով: Բազմաթիվ նավեր կրում էին ցամաքից վեմերի ամենաընտիրները տաճարի շինվածքի համար: Մինչև անգամ թագավորը կործանեց Բաղեշ գավառի Կոտոմ գյուղի հոյակապ բերդը, որ պատկանում էր Զուրարիկ անունով մի կռապաշտ ցեղի, և քարերը Աղթամար բերեց: Բացի քարերից, տաճարի շինվածքի մեջ գործ դրվեցավ ավելի քան երկու հարյուր հազար լիտր երկաթ:

Մանվել ճարտարապետը սպառեց իր բոլոր արարչագործ տաղանդը այդ տաճարը ավելի մեծաշուք, ավելի փառավոր կառուցանելու համար, քան մինչև այնօր եղածները Ռշտունյաց աշխարհում: Տաճարի բարձր գմբեթը պատած էր ոսկյա թիթեղներով, որոնք հեռվից վառվում էին, ճաճանչներ էին արձակում արեգակի ճառագայթների առջև: Տաճարի պատերը, թե ներսից և թե դրսից, զարդարված էին գեղեցիկ բարձրաքանդակ պատկերներով, որոնց իմաստը առնված էր հին և նոր կտակարաններից: Սկսյալ Աբրահամից, Դավթից մինչև Փրկչի կատարած տնօրինությունները, բոլոր նշանավոր անցքերի պատկերները ճշգրտած էին քարերի վրա: Իբրև շրջանակ այդ պատկերների, դրված էին խաղողի որթերի և զանազան բույսերի հյուսվածքներ, սքանչելի քանդակագործությամբ: Կային և այլ զանազան նկարներ, որոնք ներկայացնում էին մենամարտության հանդեսներ, առյուծների կռիվ, կամ թագավորը նստած գահի վրա, և շրջապատած մանկահասակ սենեկապետնրով, պար եկող աղջիկներով, երաժիշտների եւ գուսանների խումբով:

Բոլորից հրաշալի էր փրկչական պատկերը, որ քանդակված էր արևմտյան խորանի բարձր կամարի վրա, իսկ նրա հանդեպ, արևելյան կամարի վրա` Գագիկ թագավորի պատկերը, գլուխը հեզությամբ դեպի ցած խոնարհեցրած, որպես թե թողություն էր խնդրում, և իր հզոր բազուկների վրա բարձած ուներ իր հիմնած տաճարը, որ նվիրում էր փրկչին:

Ահագին գանձեր սպառվեցան տաճարի սրբություն-սրբությանցը զարդարելու համար: Ոսկիապատ և արծաթապատ դռները սքանչելի էին: Սրբոց պատկերները դրած էին մարգարտահյուս, ականակուռ շրջանակների մեջ: Պայծառ, թանկագին անոթները և զանազան սպասները աչք էին շլացնում:

Արծրունյաց առաջին թագավորի բոլոր մեծագործություններից մնացել էր հիշյալ տաճարը միայն, այն ևս դարերի ընթացքում շատ փոփոխությունների ենթարկվելով, շատ հարվածներ կրելով, կորցրել էր իր վաղեմի փառքն ու շքեղությունը: Մյուս շենքերի հետքերն էին միայն մնացել: Բացի ժամանակների աղետալի արհավիրքներից, բացի թշնամու կործանիչ ձեռքից, ինքը բնությունը ապստամբվեցավ մեծ մարդու մեծ գործի դեմ: Ծովը, կարծես, կամեցավ առնել իր հին վրեժը և, հետըզհետե բարձրանալով, կրկին ետ խլեց այն, ինչ որ բռնությամբ կտրել էին իրանից: Մեծակառույց ամբարտակը, վիթխարի շրջապարիսպը, բարձր աշտարակներն ու բուրգերը, բոլորը կորան ջրի տակ: Մեր տեսած ժամանակում հին ամրոցից մնացել էր միայն մի փոքրիկ բեկոր, ու մի մատուռի ծայրի հետ տխուր կերպով դուրս էին նայում ջրի տակից, և կոծվելով ալիքների հետ, կարծես ողբում էին, լաց էին լինում կորցրած մեծությունը...

Երկու դար անցել էր Արծրունյաց թագավորության հիմնվելուց հետո, մեկ դար անցել էր Արծրունյաց թագավորության վերջանալուց հետո, երբ Աղթամարը մի հակաթոռ արքունիքից դարձավ մի արքեպիսկոպոսի հակաթոռ կաթողիկոսարան: Պատերազմների համար զինվորված կղզին աբեղայի սքեմ զգեցավ: Գագիկը, ապստամբելով Բագրատունիների դեմ, այստեղ թագավորություն հիմնեց, իսկ Դավիթը, ապստամբելով Կիլիկիայի վեհարանի դեմ, այստեղ կաթողիկոսություն հիմնեց: Առաջինը ոչնչացավ, իսկ երկրորդը մնաց:

Աղթամարը տրամադրում է դեպի ապստամբություն: Նրա ծովը, շրջակա լեռները և անտառները ազատություն են սիրում:

Աղթամարա տաճարի մեջն էին պահվում ս. Գրիգոր Լուսավորչի սրբության սեղանը, նրա հայրապետական քողն ու գավազանը և նրա մաշկեղեն գոտին: Աղթամարա տաճարի մեջն էր պահվում և նրա սուրբ աջը: Այստեղ էր գտնվում նաև ս. Հռիփսիմե կույսի հողաթափների մի հատը և նրա գլխի շղարշը:

Այն աղետալի ժամանակներում, երբ հայոց կաթողիկոսարանները, թե Կիլիկիայում և թե Արարատյան նահանգում, օտարազգի իշխանների ձեռքում վաճառքի նյութ էին դարձել, Աղթամարա արքեպիսկոպոս Դավիթը, իր կողմը գրավելով տեղային իշխանին և հինգ եպիսկոպոսներ, նրանց ձեռքով կաթողիկոս ձեռնադրվեցավ: Նա գրավեց և իր թիմի ժողովրդի մոլեռանդությունը, այն առարկությամբ, թե վերոհիշյալ սրբությունները նրա վանքումն են գտնվում, և այդ պատճառով նրան է վայելում կաթողիկոսությունը: Թեև Կիլիկիայի այդ ժամանակվա մանկահասակ, բայց շնորհալի կաթողիկոսը, քսանամյա Գրիգոր Պահլավունին, կազմեց Սյավ լեռան ժողովը, որ բաղկացած էր երկու հազար և հինգ հարյուր հոգևորականներից, որոնք միաձայն Աղթամարա կաթողիկոսությանը նզովքի տակ դրին և այնտեղ պահված սրբությունները օգնեցին Դավթին մնալ իբրև կաթողիկոս, և նրա հիմնած կաթողիկոսությունը տևվեց մինչև մեր օրերը:

Ոչ մի հնարքով չկարողացան ոչնչացնել այդ կաթողիկոսությունը: Մինչև անգամ ս. Գրիգոր Լուսավորչի աջը, նրա գավազանը, նրա հայրապետական քողը Աղթամարա վանքից գողանալ տվին և Կիլիկիա տարան, որ թուլացնեն տեղային կաթողիկոսի զորությունը, բայց այդ ևս չօգնեց:

Ես բոլորովին այլ կարծիք ունեի Աղթամարա մասին: Այդ վանքը գալու ժամանակ` ես միշտ երևակայում էի, թե պիտի տեսնեմ Կտուց անապատի երկրորդ օրինակը, մի վանք, որտեղ աշխարհից անջատված աբեղաները անձնատուր են եղած միմիայն ճգնության և աղոթքի: Այդ էր պատճառը, երբ ճանապարհ ընկանք դեպի Աղթամար, ես խորին տհաճությամբ էի գնում, թեև իմ դժկամության մասին Ասլանին ոչինչ չհայտնեցի:

Առավոտից բավական անցել էր, երբ հասանք Աղթամարա «դրսի տունը». դա ևս Կտուց անապատի «դրսի տան» նման գտնվում էր ցամաքի վրա և բովանդակում էր իր մեջ վանքի ամբողջ տնտեսությունը: Զանազանությունը միայն նրանումն էր, որ Կտուց անապատի «դրսի տան» մեջ կար և մի կրթարան, ուր նորընծա աբեղաները պետք է տարիներով նախապատրաստվեին, փորձվեին և ապա վանքում ներս ընդունվեին ու միաբանության կարգը մտնեին, իսկ այստեղ մի այդպիսի նախակրթարան չկար: Դա արդեն նշան էր, որ վանական կարգերը այստեղ այնքան խիստ չէին: Այստեղ «դրսի տունը» ծառայում էր միայն վանքի տնտեսության համար: Այստեղ բացի ամբարներից, ախոռատներից, մշակների ու հովիվների բնակարաններից, կային և մի քանի սենյակներ, հատկապես կաթողիկոսի համար պատրաստված, ուր, երբեմն կղզուց դուրս գալով, նստում էր նա, ժողովրդի գործերին նայելու:

«Դրսի տան» մեջ մեզ ասացին, որ կաթողիկոսը հազիվ թե ժամանակ կունենա մեզ ընդունելու, որովհետև նա պետք է գնա վանական մի կալվածքի վիճելի սահմանները որոշելու, որտեղ ներկա կլինի և տեղային գայմագամը: Մենք դիմեցինք դեպի կղզին նույն փառավոր նավակով, որ պատրաստված էր կաթողիկոսին դուրս հանելու համար:

Ծովը հանդարտ էր: Կղզին երևում էր հեռվից, կարծես թե ներկված լիներ բոսորային կարմրությամբ: Արյո՜ւն էր հոտում այդ կղզին, արյո՜ւն... Արյունով էին ներկված նրա ապառաժները, սկսյալ այն օրից, երբ խստասիրտ Տիրանի դահիճները կոտորում էին Ռշտունյաց Զորա նահապետի ազգատոհմը, չխնայելով թե կանանց, թե մանկանց... Արյան գույն էին ստացել արեգակի ճառագայթները, որ շողշողում էին կարմրագույն ժայռերի վրա... Արյունով էր ներկված և հայրապետական աթոռը, որի վրա բազմած էր և ներկա կաթողիկոսը... Նրա նախորդը զոհ գնաց մի անհայտ եղեռնագործության...

Ես շատ բան էի լսել Ջոլամերիկի Մար-Շիմոնի մասին, հետո առիթ ունեցա տեսնելու նրան: Կորդվաց լեռների այդ պատրիարք-դյուցազնը թողել էր իմ վրա խորին տպավորություն: Ես առաջին անգամ տեսա մի կրոնական անձնավորություն, որ միացրել էր իր մեջ հոգևոր հայրապետի և մարմնավոր իշխանի կոչումը, — որ մի ձեռքում խաչ, առաջնորդում էր իր ժողովրդին դեպի երկնայինը, դեպի հոգևորը, իսկ մյուս ձեռքում սուր, պաշտպանում իր ժողովրդին, երբ որևէ վտանգ էր սպառնում նրան երկրային թշնամիներից: Այդ բոլորը տեսել էի ես: Իսկ երբ տեսա Աղթամարա կաթողիկոսին, իսկույն իմ մտքում ծագեց մի այդպիսի համեմատություն` ահա մի երկրորդ Մար-Շիմոն:

Մենք գտանք նրան ոտքի վրա, շրջապատված մի խումբ աբեղաներով, ծովեզրում սպասում էր նավակին:

— Հույս ունեմ, որ չեք մեղադրի ինձ, պարոն բժշկապետ, — ասաց նա, երբ մենք ոտք դրեցինք ցամաքի վրա և մոտեցանք աջը համբուրելու. — ես երեկ անհամբեր սպասում էի ձեզ... վարդապետը ինձ այդպես էր լուր տվել... Դուք երեկ պետք է շնորհ բերեիք:

Խոսքը Կարոյի մասին էր, երևում էր, որ նա սկզբից հայտնել էր նորին վեհափառությանը, որ նրա վանքում պետք է այցելություն գործի մի եվրոպացի ճանապարհորդ:

— Վարժապետը չէ սխալվել, մեղավորը ես եմ, — պատասխանեց Ասլանը, նույնպես ներողություն խնդրելով: — Իրավ է, ես երեկ պետք է գայի, բայց ինձանից շատ ժամանակ խլեցին Ոստանի ավերակները, և ես ստիպված եղա գիշերել վարժապետի եղած գյուղում, ձերդ վեհափառությանը այդպես անհանգստություն պատճառելով:

Կաթողիկոսի դեմքի վրա նշմարվեց մի տեսակ անվճռականություն: Ասլանը, այդ նկատելով, ասաց նրան.

— Ես ձեզ արգելք չեմ լինի, վեհափառ տեր, ինձ ասացին, որ գործով ուրիշ տեղ եք գնալու:

— Այո՛, այդ գործը երեկվա համար նշանակված էր, բայց ես հետաձգեցի ձեր պատճառով, պարոն բժշկապետ, որովհետև սպասում էի ձեզ ընդունելու: Դա մի հին վեճ է, պետք է մի կերպով վերջացնել: Ես կվերադառնամ երեկոյան, և մինչև իմ վերադարձը իմ միաբանները ամեն պատրաստականություն ցույց կտան ձեզ` հետազոտելու թե իմ վանքը և թե իմ կղզին:

— Դուք շատ ողորմած եք, վեհափառ տեր, ցավում եմ, որ այդպես պատահեց, ես մինչև ձեր վերադարձը իմ հետազոտությունները կվերջացնեմ:

Նա, հաջողություն բարեմաղթելով, բաժանվեցավ մեզանից, մտավ նավակի մեջ: Երկու աբեղաներ սկսեցին թիավարել:

Չնայելով իր տարիքին, բոլորովին առույգ և աշխույժ մարդ էր երևում կաթողիկոսը: Նա այնպես ցատկեց նավակի մեջ, ինչպես մի քսանուհինգամյա երիտասարդ: Հենց առաջին անգամից մեծ տպավորություն գործեց իմ վրա այդ բարձր հոգևորականը իր պատկառելի, փառահեղ դեմքով: Իր պարզ, շալեղեն հագուստով բնավ չէր որոշվում նա մյուս միաբաններից: Անապատի հալող, մաշող, թմրեցնող ազդեցությունը չէր սպանել նրա կենդանությունը, և գուցե Աղթամարա անապատը ազատ էր այդ ազդեցությունից: Ես նույնը նկատում էի և նրա միաբանների մեջ: Դրանք, Կտուց անապատի աբեղաների նման, մշտական աղոթքից և ճգնությունից բթացած, ապուշ դարձած, դանդաղկոտ մարդիկ չէին. դրանց մեջ երևում էին կյանքի և առողջության նշույլներ: Ռշտունյաց աշխարհը, երկրի բնության համեմատ, առաջ էր բերել մի ինքնուրույն հոգևորականություն: Այստեղ քահանան կրքեր ուներ, գիտեր վրեժխնդիր լինել: Երբ իր սիրած սուրբը չէր կատարում նրա խնդիրքը, նա դադարում էր նրա առջև խունկ ծխել և մոմ վառել:

Աղթամարա միաբանները, Կտուց անապատի աբեղաների նման, աշխարհից անջատված չէին, դրանք, իբրև միաբանություն մի կաթողիկոսի, ավելի կառավարչական անձանց նշանակություն ունեին, շատ անգամ դուրս էին գալիս կղզուց, շրջում էին վիճակներում, իրանց աթոռին պատկանյալ հոգևոր պտուղը հավաքելու: Թեև Աղթամարա կաթողիկոսության թեմը ավելի փոքր, ավելի սահմանափակ էր, քան Վանա աոաջնորդությունը, բայց նա մեծ ուժ ուներ, որովհետև ժողովուրդը խիստ սերտ կերպով կապված էր իր աթոռի հետ: Երբ նրա կաթողիկոսին մի որևէ վտանգ էր սպառնում, իսկույն շատախցին, սասունցին ձեռքը տանում էր դեպի իր խենջարը...

Կաթողիկոսից բաժանվելուց հետո Ասլանը, մի քանի աբեղաներ հետը առած, սկսեց պտտել կղզու մեջ, դիմեց դեպի հին բերդի ավերակները: Մեր ընկեր Ջալլադը խնդրեց բաց անել վանքի տաճարի դուռը, մտավ այնտեղ` ինչ-որ բաներ քննելու: Իսկ ես շրջում էի տաճարի շուրջը և՛ հիացած, և՛ խորին տխրությամբ նայում էի պատերի բարձրաքանդակ նկարների վրա:

Ահա այնտեղ Աբրահամը զոհում է իր անդրանիկին. սիրելի որդու պարանոցի վրա դրված է ուխտադիր հոր դանակը: Եհովայի հրեշտակը, երկնքից իջնելով, բռնել է հոր ձեռքը և մատով ցույց է տալիս խոյի վրա: Ամբողջ պատկերը շնչում է բիբլիական ջերմեռանդությամբ, երբ նա փրկությունը ու քավությունը արյան մեջ էր որոնում: Բայց հրեշտակի մի թևքը, Աբրահամի այն ձեռքը, որով բռնած ուներ դանակը և Իսահակի սիրուն գանգրահեր գլուխը ջարդված էին: Գեղեցիկ նկարը այլանդակվել էր...

Ահա այնտեղ Հովսեփի եղբայրները ծախում են նրան եգիպտացի վաճառականներին. լուռ և տխուր դեմքով կանգնած էր հոր սիրելին և եղբայրների ատելին մարդավաճառների խումբի մեջ: Հովսեփի գեղեցիկ աչքերը փորած էին, եգիպտացի վաճառականին զրկել էին մի ոտից, և այնտեղ չոքած ուղտերի մեկի պարանոցը, մյուսի ծնկները փշրել էին: Հրաշալի պատկերի աղետալի կոտորածն էր միայն մնացել:

Ահա այնտեղ կաշառված Հուդան համբուրվում է փրկչի հետ, մատնիչը գրկել է համաշխարհային զոհին, քահանայապետի ծառաները, ջահերը բռնած, շրջապատել են նրան. մեծ վարդապետի թշվառ աշակերտները հեռվից երկչոտ դեմքերով նայում են: Սիրո և եղբայրության քարոզչին դատի են կանչում: Այդ պատկերի տխուր փշրանքներն էին միայն մնացել:

Ես մյուս պատկերներին նայել չկարողացա. աչքերս լցվեցան արտասուքով:

— Ո՞վ է կատարել այդ բարբարոսությունները, — հարցրի իմ մոտ կանգնած աբեղայից, որ ցույց էր տալիս ինձ նկարները:

— Եվ դուք հարցնո՞ւմ եք, պարոն, — պատասխանեց նա խորին վրդովմունքով, — մի՞թե չգիտեք, թե ի՜նչ տառապանքներ են անցել այդ տաճարի գլխով...

Մարդը, որքան էլ անզգա լիներ, չէ կարող սառնասիրտ մնալ, երբ տեսնում է այսպիսի անգթություններ, արհեստի, ճարտարության գեղեցիկ արդյունքը, աստծո սրբությունները զոհ են գնում կոպիտ վայրենության: Թշնամին իր բարբաբոսությունները կենդանի մարդկանց վրա գործ դնելուց հետո չէ խնայում և անմեղ քարերին... Տխո՜ւր է քո պատկերը, հայրենի աշխարհ, տխո՜ւր... կա՞ արդյոք քո մեջ մի տեղ, մի փոքրիկ տեղ, որ կրած չլիներ թշնամու դառն հարվածները...

Թախծալի զգացմունքներով մտա ես տաճարը: Ներսի խոնավ սառնությունը փոքր-ինչ զովացրեց իմ բորբոքված գլուխը: Այստեղ ևս անիրավ ձեռքը նույն բարբարոսություններն էր կատարել: Դեպի որ կողմը և նայում էի, երևում էր խորտակում և ավերած: Մանվել ճարտարապետի հրաշալի գործը աղավաղված էր: Լուսամուտների եզերքի գեղեցիկ հյուսվածքը, դռների կամարների սքանչելի դրվագները, սյուների պատուհանների և խոյակների հիանալի քանդակները ըստ մեծի մասին ջարդել ու փշրել էին:

Իմ աչքերը որոնում էին Ջալլադին: Ես գտա նրան մի մռայլ խորանում, ուր խրված էր մագաղաթների և փոշիների մեջ: Այդ ինձ շատ զարմացրեց: Ես այդ լուռ ու մունջ երիտասարդին մինչև անգամ գրագետ չէի համարում, այժմ նա մագաղաթներ էր քրքրում: Ես գտա նրան ուրախ տրամադրության մեջ, նայում էր մի հին Այսմավուրքի հաստ կազմի վրա:

Մեր հին գրչագրերի կազմերը առհասարակ շինված են լինում փայտից և պատած մաշկով: Իսկ այդ Այսմավուրքի կազմի մեջ, փայտի փոխարեն, դրել էին միմյանց կպցրած մագաղաթի թերթեր: Այդ թերթերն էր զգուշությամբ միմյանցից պոկում Ջալլադը, անդադար կրկնելով. «Դուք անհոգ կացեք, հայր սուրբ, ես ոչինչ չեմ փչացնի»: Հայր սուրբը մոմը ձեռին կանգնած էր նրա մոտ և լուսավորում էր նրա աշխատությունը: Հետո դարձավ նա դեպի հայր սուրբը այդ խոսքերով:

— Տեսնո՞ւմ եք, հայր սուրբ, այդ մագաղաթները տախտակի տեղ են բանեցրել կազմի մեջ:

— Տեսնում եմ, — պատասխանեց աբեղան:

— Ավելի լավ չէ՞ր լինի, որ չփչացնեին այդ մագաղաթները:

— Երևի ուրիշ բանի պետք չեն եղել: Բայց դրանց վրա տառեր են երևում: Այդ ի՞նչ տառեր են: Ջհուդի տառերի նման են:

— Ջհուդի տառեր չեն, — պատասխանեց Ջալլադը և շարունակեց իր գործը:

— Դուք ջհուդերեն իմանո՞ւմ եք:

— Իմանում եմ:

Հայր սուրբը զարմացավ: Ես նույնպես զարմացա:

— Եվ կարդո՞ւմ եք:

— Կարդում եմ: Եթե թույլ կտայիք ես այդ Այսմավուրքի կազմը կփոխեի:

— Օրհնած, ի՞նչ հարկ կա փոխելու, — ծիծաղելով պատասխանեց հայր սուրբը: — Մի քանի հարյուր տարի այդ կազմով «յոլա է գնացել», հիմա էլ թող «յոլա գնա»:

Ջալլադը իր միտքը ավելի պարզեց, ասելով, թե շատ շնորհակալ կլիներ, եթե հայր սուրբը թույլ կտար նրան վերառնել կազմի «անպետք» մագաղաթները, այդ կլիներ նրա համար մի թանկագին ընծա վանքի կողմից, և եթե հայր սուրբի իրավունքից դուրս է այդ թույլտվությունը, նա կխնդրե այդ մասին նորին վեհափառությունից:

— Այդ ի՛նչ բան է, որի համար հարկավոր լիներ նորին վեհափառությունից խնդրել, — ընդմիջեց մյուս աբեղան, որ ինձ հետ մտավ խոհարանը:

— Այո՛... բայց գուցե կասկածանքի պատճառներ կտայի... Որպեսզի որևէ տարակուսանք չպատահի, ես հետո կասեմ ձեզ, թե ի՛նչ նշանակություն ունեն ինձ համար այդ մագաղաթները:

Նա այն աստիճան հափշտակված էր իր գյուտով, որ բոլորովին մոռացել էր իր իսկական դերը: Նա վեր առեց ահագին Այսմավուրքը իր գիրկը, և մենք դուրս եկանք խորանից: Վարդապետները մեզ տարան այն խուցը, որ հատկապես պատրաստված էր մեզ համար: Ասլանը դեռ չէր վերադարձել: Մեզ իսկույն շրջապատեցին մի խումբ աբեղաներ, սկսեցին հարցուփորձ անել բժշկապետի մասին, թե որտեղացի է նա, ուր է գնում, քանի լեզու գիտե և այլն: Այդ հարցերի պատասխանը, որ ավելի ինձ էր պատկանում տալ, տալիս էր մեր ընկեր Ջալլադը: Ո՞րտեղից նա այնքան տեղեկություններ ուներ բժշկապետի մասին, այդ ինձ շատ անհասկանալի էր:

Երեկոյան կաթողիկոսը վերադարձավ շատ ուշ. նա հրամայեց Ասլանին իր մոտ կանչել: Ես և Ջալլադը մնացինք մեր խուցի մեջ միայնակ: Ասլանը երկար մնաց վեհափառի մոտ, մինչև ճրագները վառեցին, մինչև գիշերից բավական անցավ: Ես պառկած էի մահճակալի վրա և, այնօր տաճարում տեսած բարբարոսությունների տխուր տպավորության ներքո, մտածում էի` եթե անշունչ քարերի հետ այսպես են վարվել, ապա ո՜րքան աղետներ, ո՜րքան տառապանքներ պետք է կրած լինեն մեր նախնիքը հայրենիքի թշնամիներից... Ջալլադը լուռ նստած էր ճրագի մոտ և թերթում էր իր գտած մագաղաթները: Նա այն աստիճան խորասուզված էր իր գործի մեջ, որ, կարծես, իմ ներկայությունը չէր նկատում: Թերթերը դասավորում էր, համեմատում էր միմյանց հետ և երբեմն երկար, աչքերը հառած, նայում էր միևնույն տողերի վրա, որ ժամանակը և հնությունը եղծել էին:

— Ի՞նչ ազգի գրվածք են, — հարցրի նրանից:

— Տառերը հունարեն են, իսկ լեզուն` հայերեն, — պատասխանեց նա, աչքերը չհեռացնելով իր ձեռքի թերթից:

— Ինչո՞ւ են հունարեն տառերով գրել:

— Կար մի ժամանակ, որ մենք սեփական տառեր չունեինք, գրում էինք հունաց, ասորոց և պարսից տառերով, մինչև Մեսրոպը մեզ համար տառեր հնարեց:

— ՈՒրեմն այդ ձեռագրերը այնքան հի՞ն են, որ մեր տառերի գյուտից էլ առաջ են:

— Այո՛, և այդ պատճառով էլ թանկագին են:

— Ի՞նչ է գրած:

— Դեռևս դժվար է որոշել, թերթերը խառնվել են միմյանց: Բայց, ինչպես երևում է, այդ թերթերը երկու զանազան գրքերից են առնված, մի մասը Նոր կտակարանի թարգմանություն է, մյուս մասը` մի պատմական գրվածք է:

— Դուք հունարեն կարդո՞ւմ եք:

— Կարդում եմ:

— Եվ լեզուն գիտե՞ք:

— Գիտեմ:

— Դուք ասացիք, որ հրեից լեզուն նույնպես իմանում եք:

— Իմանում եմ:

— Ի՞նչ պետք էին ձեզ այդ լեզուները:

— Իմ ընտրած առարկան չէր կարելի, առանց այդ լեզուների գրականության հետ լավ ծանոթ լինելու, հիմնավոր կերպով ուսումնասիրել:

Նրա դեմքը փայլում էր, ինչպես փայլում է դեմքը մի աղքատի, երբ գանձ է գտնում: Ես այժմ մի առանձին հարգանքով էի նայում նրա վրա, որին առաջ մի մեծ բանի տեղ չէի դնում: Նա հին լեզուներ գիտեր, նա հին, գործածությունից ընկած, տառերի վերծանությունն էր իմանում: Նա սովորել էր և մի առարկա, մի գիտություն, որի մասին ինձ ոչինչ չհայտնեց: Դարձյալ մի գաղտնիք, դարձյալ մի հանելուկ, որ մնում էր ինձ լուծել...

Զարմանալի բան է, թե ինչպես մարդ մի նոր կերպարանք է ստանում մեր աչքում, երբ փոխում ենք մեր նախապաշարմունքը, մեր կարծիքները նրա մասին: Առաջ, երբ ես համարում էի նրան մի հասարակ գործիչ, թեև լավ ձիավոր և քաջ երիտասարդ, նա բոլորովին այլ տպավորություն էր գործում իմ վրա: Իսկ այժմ, երբ նայում էի նրա վրա, որպես մի ուսումնական անձի վրա, ամեն ինչ նրա մեջ փոխված էի տեսնում: Նրա դեմքի արտահայտությունն անգամ փոխվել էր իմ աչքում: Վաղեմի խստությունը մեղմացել էր, և ես նշմարում էի այնպիսի խորին, անբացատրելի գծեր, որպիսիները կարդում էր նա այն խորհրդավոր մագաղաթների վրա, որ բռնած էր իր ձեռքում: Այժմ նրա ձայնն անգամ այլապես էր հնչում, քան թե առաջ, մի անուշ, սրտի խորքը թափանցող ձայն, որ ջերմ համակրանք էր ազդում: Այժմ նրա խելացի աչքերի խորության մեջ նկատում էի ես անսահման հեզություն, անսահման առաքինություն, ներշնչված բարձր, աստվածային գաղափարներով:

Նա այնպես երկյուղով և զգուշությամբ էր շոշափում մագաղաթի ցեցակեր թերթերը, որ, կարծես թե, դիպչում էր իր սրտի ամենանուրբ թելերին: Մի փոքրիկ կտոր նրանցից պատռվելիս, նրա սրտից մի բան պատռվում էր և ամբողջ մարմնով դողում էր նա: Ինձ թվում էր, որ միանգամից նա փափագում էր իմանալ, թե ի՞նչեր էին թաքնված այն հին, մոռացված թերթերի մեջ:

Ես ընդհատեցի նրա պարապմունքը, հարցնելով.

— Ասլանը շա՜տ ուշացավ:

— Ի՞նչ զարմանալու բան կա, — պատասխանեց նա ժպտալով, — բժիշկ և կաթողիկոս, իհարկե, միշտ նյութ կգտնեն խոսալու: Ձեզ հետ դանակ ունե՞ք, — փոխեց նա խոսքը:

Ես տվեցի նրան իմ դանակը: Նա աշխատում էր բաժանել երկու միմյանց կպցրած թերթեր: «Այդպես կարելի է փչացնել, պետք է մի հեղանյութով լուծել սոսինձը», խոսում էր ինքն իրան: Դանակը մի կողմ դրեց, վեր կացավ իր խուրջինի մեջ մի բան որոնելու:

Թե ի՞նչ ժամանակ վերադարձել էր Ասլանը կաթողիկոսի մոտից, կամ մինչև գիշերվա ո՞ր ժամը Ջալլադը զբաղված էր իր մագաղաթներով, ես տեսնել չկարողացա, որովհետև անգործությունից քունս տարավ և աչքերս բաց արի այն ժամանակ միայն, երբ առավոտյան արեգակի ճառագայթները ներս էին շողացել մեր խուցի նեղ լուսամուտներից: Անապատում լինել և այնպես հանգիստ քնել, դա աներևակայելի բան է: Գիշերը ո՜րքան տանջեցին մեզ Կտուց անապատում: Բայց այստեղ ոչ ոք չբախեց մեր դուռը, ոչ ոք չարթնացրեց մեզ, ժամ հրավիրելով, թեև այստեղ ևս միաբանները սովորություն ունեին գիշերային ժամերգություններ կատարելու:

Ասլանը սովորականից ավելի ուրախ էր. ուրախ էր և Ջալլադը: Նրանք շտապեցրին ինձ շուտով հավաքել մեր իրեղենները, որ ճանապարհ ընկնեինք: Կղզու ափում սպասում էր մեզ վանքի նավակը: Մենք նախ գնացինք կաթողիկոսի մոտ, նրա աջը համբուրեցինք և առինք նրա օրհնությունը: Բարի ծերունին արտասուքը աչքերում ճանապարհ դրեց մեզ, որպես մի գթառատ հայր, որ ուղարկում է իր որդիներին դեպի հեռու աշխարհներ, մարգարիտներ որոնելու: Մի քանի աբեղաներ բերեցին մեզ մինչև կղզու ափը: Մեծ շնորհակալությամբ բաժանվեցանք մենք այդ առաքինի կրոնավորներից, որոնք այնքան անմոռանալի հիշատակներ թողեցին իմ մեջ... Մոտավորապես մեկ ժամից հետո նավակը մեզ հանեց ցամաքը: Այստեղ, «դրսի տան» մեջ, պահված էին մեր ձիաները: Նստեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը...