Կայծեր/Մաս II/Լ
Լ
ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿԸ
Դեռ արևը չէր մտել, դեռ բավական լույս կար, երբ մոտեցանք Տավրոսի ստորոտներին, որ առանձին անունով կոչվում է Սիմ լյառ: Հեռվից, համանուն դաշտավայրի հարավային կողմում, երևում էր Մուշ քաղաքը: Նա կանգնած էր բավական բարձր, լայնանիստ բլուրի վրա և թախծալի կերպով նայում էր դեպի իր առջևը տարածված ընդարձակ ղաշտավայրը: Նրա թախծությանը փոքր ի շատե ուրախ կերպարանք էին տալիս խաղողի այգիները, որոնք, տների հետ միախառնված, բլուրի բարձրությունից իջնում էին մինչև ստորոտը: Դեպի ամեն կողմ տիրում էր երեկոյան լռությունը, գործադուլի և հանգստի լռությունը: Լսվում էր միայն աղմկալի գետակի ձայնը, որ, քաղաքի առջևից ոլորվելով, փրփրալով գնում էր ու խառնվում Մեղրի գետին: Լսվում էր և ջրաղացների խուլ դղրդյունը, որոնք երկար շարքով բանում էին այդ գետակի վրա:
Գեղեցի՜կ էր տեսարանը: Գեղասեր Տավրոսը, մոտենալով Մուշի դաշտավայրին, կարծես վախեցել էր չխանգարել նրա չքնաղությունը և, զգուշությամբ դեպի ետ քաշվելով, գոգավորվել էր, թողնելով այն լայնանիստ բլուրը միայն, քաղաքի շինվածքի համար: Այդ բլուրի դեպի վերը նայելիս, երևում էր քաղաքը իր մզկիթներով ու եկեղեցիներով: Բոլորովին գագաթի վրա կանգնած էր հին, կիսավեր ամրոցը: Բլուրի ստորոտից, հարթ տարածության վրա, անմիջապես սկսում էին ծխախոտի մշակության ընդարձակ արտորայքը, որոնք քաղաքացիների գլխավոր հարստությունն էին կազմում:
Չգիտեմ ինչո՞ւ ես տխուր էի այդ քաղաքին մոտենալու ժամանակ: Արդյոք նրա համար, որ Տարոնի մարդաշատ, մեծահարուստ քաղաքներից մնացել էր այդ մեկը միայն, և այն ևս ավելի մի մեծ ավանի տպավորություն էր գործում, քան թե քաղաքի: Չկար Կավ-Կավ կոչված ամրաշեն քաղաքը, իր անառիկ Ողական բերդով: Չկար Ձյունակերտ քաղաքը, որ Վախթանգ զորավարը նորոգելով, իր կնոջ անունով կոչեց Պորպես: Չկար Օձ քաղաքը, որի ահարկու բերդը շինեց Աշոտ Մսակերի որդի Դավիթ Բագրատունին: Չկար Վիշապ քաղաքը, որ Վաղարշակի օրերում հիմնեցին հնդկացի գաղթականները, որը այլ անունով կոչվում էր Տիրակատար քաղաք: Չկար և Մծուրք քաղաքը, որ հիմնեց Սանատրուկ արքան: Բոլո՜րը կորավ, բոլո՜րը անհետացավ, մնաց որբացած Մուշը միայն, որ այժմ մռայլ դեմքով նայում էր բարձրադիր բլուրի գագաթից և իմ մեջ զարթեցնում էր տխուր հիշողություններ: Բնության վսեմությունը, տեսարանների գեղեցկությունը, մասամբ Փարատում էին այդ հիշողությունները:
Երբ սկսեցինք բարձրանալ բլուրի զառիվերը, երբ բավական մոտեցանք քաղաքին, Արփիարը մեզ խորհուրդ տվեց չիջևանել պանդոկներում, այլ ընտրել մի հարմար կացարան: Բաղեշում հաջի-Իսաղի պանդոկում լավ խրատված լինելով, մենք հոժարությամբ ընդունեցինք Արփիարի առաջարկությունը:
— Բայց ուրիշ ի՞նչ հարմար կացարան կարող էինք գտնել, — հարցրեց Ասլանը:
— Քաղաքի եկեղեցիները ավելորդ սենյակներ ունեն պանդուխտների համար, կարելի է նրանցից մեկը ընտրել, — պատասխանեց Արփիարը:
— Դուք կարծում եք, որ դրանք պանդոկներից լա՞վ կլինեն:
— Եթե լավ չլինեն, վատ էլ չեն լինի: Միայն այն զանազանությունը կա, որ եկեղեցիների բակերում առանձնացած կլինենք, իսկ պանդոկներում կգտնենք մի խառնիճաղանջ բազմություն, որոնց մեջ շատ հաճելի չէր լինի մեզ երևնալ:
Ճանապարհը ոլոր-մոլոր պտույտներով բարձրանում էր դեպի վեր: Դաշտերից վերադառնում էին մշակները, բահերը ուսի վրա դրած, այգիներից վերադառնում էին այգեպանները բարձած ավանակներով: Փոշին մարդ էր խեղդում: Ավելի անտանելի էին ավանակները: Երբեմն այդ կամակոր անասուններից մեկը կամ խրտչում էր և համառելով կանգ էր առնում, ճանապարհ էր կտրում, կամ կողքե-կողք շեղվելով, իր վրա բարձած խաղողի կթոցը զարկում էր մեր ոտներին:
Վերջապես, մտանք քաղաքի նեղ փողոցների մեջ: Անցնելու տեղ չկար: Մարդ և անասուն խառնվել էին միմյանց: Մենք, կարծես թե, սանդուղքներից էինք բարձրանում, որովհետև փողոցները բլուրի զառիվեր դիրքն ունեին: Հայոց թաղերը բաժանված էին մահմեդականների թաղերից: Այդ արդեն նշան էր, որ այդ տարբեր ազգերը հաշտ դրացիներ չեն եղել: Մենք դիմում էինք դեպի հայոց թաղը:
Երեկոյան ժամերգությունը դեռ նոր էր ավարտված, դեռ նոր ժամավորները դուրս էին գալիս, երբ մտանք հայոց եկեղեցիներից մեկի բակը: Մեզ տեսնելով, ժամավորները կանգ առին և խմբվեցան մեր շուրջը: Բավական ժամանակ տևեց, մինչև եկեղեցու երեցփոխանը հայտնվեցավ: Դա մի կարճահասակ մարդ էր, որի ընդարձակ, ալեխառն մորուքը ծածկում էր ամբողջ կուրծքը, հետո, երկու կողմից տարածվելով, հասնում էր ուսերին և ապա բարձրանում էր դեպի ականջները և վերջը անհետանում էր մի կեղտոտ, լրջագույն ֆեսի տակ: Նրա մորուքը հնդկահավի բացված պոչի տպավորություն էր գործում, որի միջնավայրում երևում էր մի փոքրիկ, ողորմելի երես, նեղ, անհանգիստ աչքերով:
Մեր հարցին, թե կա՞ն արդյոք սենյակներ գիշերելու համար, նա պատասխանեց` «տեսնեմ»... և անհայտացավ ժամավորների մեջ: Կարծես թե ինքը չգիտեր և նոր պետք է տեղեկանար, արդյոք սենյակներ կային, թե ոչ:
Երկար սպասելուց հետո, վերջապես տեսանք, որ մորուքը բակի մյուս ծայրում խոսում էր տերտերի հետ, որը, այդ գաղտնի խորհրդակցությունից հետո, բարեհաճեց մոտենալ մեզ: Եթե ճշմարիտ է ժողովրդական կարծիքը, թե ձրի հացը մարդուն գերցնում է, պարարտացնում է, այդ կետից նայելով, պետք էր ընդունել, որ տեր հոր վրա շատ բարերար ազդեցություն էր գործել: Նրա երկու ձեռքերի ծայրերը հազիվ հասնում էին միմյանց, և ահագին փորի վրա դարձնում էին «տեր¬ողորմյայի» սև հատիկները, որոնց մեջ տեր-հայրը, երևի, վայելչության համար, կարմիրներ ևս խառնել էր: Հակառակ իր երեցփոխանին, նա կրում էր խիստ թեթև մորուք, և ծնոտների բաց մնացած կաշին պարարտությունից փայլում էր մուգ-աղյուսի գույնով: Արյունով լի աչքերը, կարծես ուզում էին դուրս թռչել իրանց բույներից: Նա մոտենում էր մեզ դանդաղ քայլերով և միևնույն ժամանակ ծանր շունչ էր առնում: Մեր զարմանքը մեծ եղավ, երբ այդ ահագին մարմնի միջից լսվեցավ մի երեխայի հազիվ լսելի ձայն:
— Բարեողջույն ձեր հրամանոցը... առակն անխոտելի է... կասեն` հազարից մեկ անգամ զատիկ կլինի... և այն օրն էլ ձյուն կգա... Մեր եկեղեցին, շատ տարի է, որ հյուր չէ ունեցել... այսօր հյուր եկավ, սենյակ չկա... Ապրի մեր ժողովուրդը... փառք աստծո, ի՞նչ էր պակաս... սենյակներ կային... բայց անցյալ տարի մեր մեղքից շատ անձրևներ եկան... կտուրները փլան... դեռ այնպես մնում են ու կմնան...
Պետք է շատ երկար սպասել, մինչև տեր հայրը, շունչ առնելով, փսփսալով, երբեմն դեպի մեզ և երբեմն դեպի իր ժամավորները նայելով, կվերջացներ իր երկար բացատրությունները: Բայց նրա խոսքը ընդհատեց մի մարդ, որ մոտեցավ մեզ և առաջարկեց իր հյուրասիրությունը, ասելով.
— Նվաստիս տունը շատ հեռու չէ եկեղեցուց, եթե կբարեհաճեիք, ինձ մեծ պատիվ արած կլինեիք, եթե այդ գիշերը իմ ծածկի տակ կանցկացնեիք:
Մենք հոժարությամբ ընդունեցինք: Նա ընկավ մեր առջևը, սկսեց տանել դեպի իր տունը:
Մեր ետևից բարձրացավ խառնաձայն աղմուկ. լսվում էին այդպիսի հանդիմանական խոսքեր. «Ինչո՞ւ խաբեցիր... ինչո՞ւ սուտ խոսեցիր... ինչո՞ւ մեզ ամաչացրիր այդ օտարականների մոտ. սենյակներում գարի ես լցրել և ասում ես, թե փլած են...»:
Երևում էր, որ տերտերին գզգզում էին:
Ես մեր հյուրընկալին նկատեցի.
— Ձեր տերտերը ժամասացությո՞ւնն էլ այդպես ձգձգում է, ինչպես սենյակների բացատրությունը:
— Շատ բառեր կուլ է տալիս, — պատասխանեց նա ժպտալով, — եթե ամեն խոսք կարդալու լիներ, մենք բոլորովին կորած էինք:
Մենք մտանք մի բավական կոկիկ տուն, փոքրիկ պարտեզով: Մաքուր, արևելյան ճաշակով կահավորված մի սենյակ էր, ուր ներս տարավ մեզ մեր հյուրընկալը և խնդրեց նստել, ասելով.
— Այնպես համարեցեք, որ ձեր տանն եք, ես իսկույն կպատվիրեմ, որ մեզ ուտելու մի բան տան:
Այստեղ, ինչպես այդ կողմերի բոլոր քաղաքներում, սովորություն ունեին կեսօրին` ճաշի ժամանակ` նախաճաշիկ ուտել, իսկ երեկոյան ընթրիքի ժամանակ` ճաշ ուտել: Որովհետև մարդիկ, ամբողջ օրը բազարում զբաղված լինելով, վերադառնում էին տուն երեկոյան միայն, ուր սպասում էր նրանց պատրաստի սեղանը:
Ընթրիքից հետո մեզ սուրճ տվեցին: Հայտնվեցավ, որ մեր հյուրընկալը քաղաքի ունևոր կալվածատերերից մեկն էր և ծխախոտի ընդարձակ մշակություն ուներ:
Արփիարը, մի կողմ քաշված, պառկել էր մինդարի վրա և լուռ ծխում էր: Փափուկ երիտասարդը հոգնած էր երևում: Մի ամբողջ օր ու գիշեր շարունակ ճանապարհ էր եկել, դա հեշտ չէր նրա համար: Ասլանը ինչ որ նամակ էր որոնում իր թղթապահի մեջ: Իսկ ես դեռ չէի մոռացել մորուքին, չէի մոռացել և հաստափոր տերտերին, այդ պատճառով հարցրի մեր հյուրընկալից, թե այն ի՞նչ աղմուկ էր, որ մեր հեռանալուց հետո բարձրացավ եկեղեցու բակում:
— Արժե՞ միթե դրա վրա խոսել, — պատասխանեց նա` ուսերը արհամարհական կերպով շարժելով. — մեր տերտերները խո գիտեք ի՜նչ են...
Մեր հյուրընկալը երևաց և բավական ծանր, լրջահայաց մարդ: Ասլանը խոսում էր նրա հետ քաղաքի մասին, հարցնում էր, թե որքան բնակիչ ունի, որքանը մահմեդական է, որքանը հայեր են, քանի եկեղեցի ունեն, քանի դպրոց ունեն: Նա բոլոր հարցերին բավական ճիշտ տեղեկություններ էր տալիս:
— Մահմեդականների հետ ձեր հարաբերությունները ի՞նչպես են:
— Ի՜նչպես պետք է լինի, — պատասխանեց նա տխուր ձայնով. — կողոպտում են, չենք բողոքում, հայհոյում են, ձայն չենք հանում, թքում են մեր երեսին, համբերում ենք, և այդպես կառավարվում ենք միմյանց հետ: Եվ ասում են, թե հայն ու տաճիկը լավ են «յոլա գնում»...
Այդ միջոցին Արփիարը գլուխը վեր բարձրացրեց իր պառկած տեղից և, դառնալով դեպի տան տերը, ասաց.
— Ձեր հայտնած թվանշանները ինձ համար շատ հետաքրքիր են. մոտավորապես քանի՞ տուն են հաշվում այդ քաղաքում:
— Մոտավորապես 2,500 տուն, որոնցից հազար տունը հայեր են, մնացածը` քուրդ և տաճիկ:
— Ո՞րքան գյուղ կա Մուշի ամբողջ դաշտում:
— Հայաբնակ գյուղերը 100 կարելի է հաշվել, իսկ մի 8 կամ 10 գյուղ քրդաբնակ են:
— Հայաբնակ գյուղերի յուրաքանչյուրը միջին թվով քանի՞ տուն կունենա:
— Յուրաքանչյուրը միջին թվով կունենա 70 տան:
— Ուրեմն 100 գյուղը 7.000 տուն: Իսկ յուրաքանչյուր տունը ո՞րքան հոգի կարելի է հաշվել:
— Յուրաքանչյուր տունը 10 հոգի կարելի է հաշվել:
— Դա շատ չի՞ լինի:
— Ոչ, շատ չի լինի, որովհետև մեր գյուղերում այնպիսի ընտանիքներ կան, որ 20, 30 կամ ավելի անդամներից են բաղկացած:
— Այսուամենայնիվ 10 հոգի մեծ թիվ է: Ընդունենք այդպես և կստանանք հետևյալ թվանշանները: Ամբողջ Մուշի դաշտի մեջ 100 հայաբնակ գյուղ, 7.000 տուն և 70.000 բնակիչ: Եվ եթե դրա վրա ավելացնենք քաղաքի 1.000 տան բնակիչները, ընդամենը կլինի 80,000 բնակիչ:
— Բայց դուք այն հարցրեք, — նկատեց մեր հյուրընկալը, — թե այդքան բնակիչներից ո՞րքանն է իր հայրենի հողի վրա բնակվում: Կարելի է ասել, որ կես մասը պանդխտության մեջ է ապրում:
— Պանդխտության մեջ ի՞նչ են շինում:
— Համալություն են անում:
— Անբա՜խտ Տարոն, — բացականչեց վշտացած երիտասարդը տխուր ձայնով, — քո գյուղացին առաջ գնում էր օտար երկրում կայսր էր դառնում, իսկ հիմա գնում է համալ է դառնում...
Մեր հյուրընկալի բարի աչքերը զարմանքից լայնացան: Զարմացա և ես:
— Ինչո՞ւ եք զարմանում, — դարձավ նա դեպի մեզ, — հունաց երեվելի Վասիլ կայսրը, որ Կ.Պոլսում գահ նստավ 867 թվին, Տարոնի Թիլ ավանիցն էր: Նրա թոռ Կոստանդին Պերփեռուժեն կայսրը նույնպես նշանավոր եղավ, որպես իր պապը, և գրեց նրա պատմությունը, որ լի է բազմաթիվ մեծագործություններով: Հայաստանը շատ կայսրներ ու մեծ զորապետներ է տվել թե՛ Հռոմին և թե՛ Բյուզանդիային, ուր նրա որդիները այժմ գնում են, համալություն են անում:
Ճրագի լույսը լուսավորում էր նրա գունաթափ դեմքը, որի վրա հայտնվեցավ մի թեթև կարմրություն: Նա հանեց ծոցի գրպանից մի փոքրիկ գրքույկ, ինչպես բողոքականի քարոզիչը ամեն դեպքում դուրս է բերում ծոցի ավետարանը: Նրա ձեռքերը զգալի կերպով դողում էին: Երևում էր, որ մեր հյուրընկալի հաղորդած թվանշանները ավելի գրգռեցին նրա տխուր զգացմունքները: Մենք ամենքս նայում էինք նրա երեսին: Նա թերթում էր փոքրիկ գրքույկը և մատիտով մի պատառ թղթի վրա նշանակում էր իր դիտողությունները: Երբ վերջացրեց, գլուխը վեր բարձրացրեց, ասելով.
— Ի՜նչ մեծ տարբերություն... այդ սարսափելի՜ է:
Ասլանը այնպիսի հիացմունքով նայում էր նրա վրա, ինչպես մի մեծ եղբայր, որ ուրախանում է կրտսերի առաջադիմությամբ:
Երիտասարդը դարձավ դեպի մեր հյուրընկալը:
— Մեր հին պատմաբաններից մեկը, Զենոբ Գլակը, թողել է մեզ մի քանի հետաքրքիր թվանշաններ, որոնցից կարելի է եզրակացնել, թե որքան մեծ բազմամարդություն է ունեցել Տարոնը առաջ և որքան փոքրացել է նրա բնակիչների թիվը այժմ: Պետք է գիտենաք, որ Զենոբ Գլակը Լուսավորչի ժամանակակից էր և նրա նշանավոր եպիսկոպոսներից մեկը, որին Լուսավորիչը Տարոնի Ս. Կարապետ վանքի առաջին վանահայր կարգեց: Եվ որովհետև Զենոբ Գլակը գործակից եղավ Լուսավորչին այդ վանքի կառուցանելու ժամանակ, այդ պատճառով վանքը կոչվեցավ և Գլակա վանք: Այդ վանքը այսօր էլ կա և ոչ միայն Տարոնի, այլ ամբողջ Հայաստանի ամենանշանավոր վանքերից մեկն է: Էջմիածնից հետո նրան կարելի է դնել: Գուցե ձեզ հայտնի է, որ Ս. Կարապետի վանքը առաջ մի կռատուն էր, հնդկացի գաղթականներից ամենահին ժամանակներում հիմնված: Լուսավորիչը այդ կռատունը քանդեց և նրա տեղում Ս. Կարապետի վանքը հիմնեց: Այդ բոլորը ասում եմ ձեզ, որ այդ վանքի մասին փոքր-ինչ պատմական գաղափար ունենաք, բայց բանը դրանում չէ: Ս. Կարապետի վանքը, դեռ կռատուն եղած ժամանակ, ուներ իր շրջակայքում տասնևերկու գյուղեր, իբրև վանական սեփականություն: Երբ կռատունը քրիստոնեական տաճարի փոխվեցավ, Լուսավորիչը նույն գյուղերը դարձյալ թողեց, որպես նույն վանքի ժառանգություն: Դժբախտաբար Զենոբը իր գրքի մեջ հիշյալ տասներկու գյուղերից միայն յոթնի անուններն է հիշում, բայց այդքանը ևս շատ բան է ապացուցանում այն ժամանակի վիճակագրության համար: Ես կկարդամ ձեզ նրանց անունները, թե յուրաքանչյուրը քանի երդ, այսինքն ծուխ ուներ, և որքա՛ն զորք կարող էր դուրս բերել պատերազմի ժամանակ:
Նա սկսեց փոքրիկ թղթի պատառի վրա կարդալ յոթն գյուղերի անունները, որ դուրս էր բերել Զենոբի գրքից:
1. Կուառս ուներ 3.012 երդ կամ ծուխ, 1.500 հեծյալ, 2.200 հետևակ զորք: 2. Մեղդի` 2.080 երդ, 800 հեծյալ, 1.030 հետևակ: 3. Խորտում` 900 երդ, 400 հետևակ: 4. Խորնի` մեր Մովսես Խորենացու ծննդավայրը 1.906 երդ, 700 հեծյալ, 1.008 հետևակ: 5. Կեղք` 1.600 երդ, 800 հեծյալ, 600 հետևակ: 6. Պարեխ` 1.680 երդ, 1.030 հեծյալ, 600 հետևակ: 7. Բազում` 3.200 երդ, 1.040 հեծյալ, 8.040 աղեղնավոր, 600 տեգավոր, 280 պարսավոր:
Ուրեմն 7 գյուղը ունեցել է 14.378 երդ կամ ծուխ: Եթե յուրաքանչյուր ծուխը հաշվելու լինենք 10 հոգի, ինչպես հաշվեցինք Մուշի գյուղորայքի այժմյան ծուխերը, կստանանք 143.780 հոգի: Կնշանակե` հին Տարոնի միայն յոթն գյուղը ունեցել է 63.780 բնակիչ ավելի, քան թե ունի այժմյան ամբողջ Տարոնը իր բոլոր գյուղերով և Մուշ քաղաքով: Դա սարսափելի՜ տարբերություն է, — կրկնեց նա, — դա մինչև անգամ անհավատալի է թվում: Բայց ես բոլորովին հավատում եմ Զենոբի թվանշաններին, նա չափազանց ճշմարտասեր մարդ էր: Բայց ո՜րքան ուրիշ շատ գյուղեր, ավաններ և քաղաքներ կային այն ժամանակ Տարոնում...
Նա լռեց, թախծալի մռայլը կրկին պատեց նրա պայծառ դեմքը:
— Հիշյալ յոթն քրմական ավանագյուղերը ունեին 20.708 հետևակ և հեծելազոր զինվորներ: Բավական մեծ ուժ է մի մեհյանի համար: Մի կռվի մեջ միայն քուրմերը դուրս բերեցին Լուսավորչի դեմ 6.946 զինված մարդիկ: Եվ այդ էր պատճառը, որ առանց արյունահեղության չկատարվեցավ կրոնական մեծ հեղափոխությունը Տարոնում:
Մեր հյուրընկալը խորին ուշադրությամբ լսում էր ոգելից երիտասարդի խոսքերը: Ինձ համար ևս շատ հետաքրքիր էին նրա հաղորդած նոր տեղեկությունները Տարոնի մասին, թեև շատ բան առաջուց ինձ պատմել էր նույնպես և Ասլանը:
Ասլանը այդ միջոցին գտավ այն նամակը, որ որոնում էր և, դառնալով դեպի մեր հյուրընկալը, հարցրեց.
— Դուք ճանաչո՞ւմ եք այդ մարդուն, — նա կարդաց նամակի հասցեն:
Մեր հյուրընկալի լուրջ դեմքի վրա խաղաց մի թեթև ժպիտ և, նամակը նրա ձեռքից առնելով, ասաց.
— Այդ մարդը ես եմ: Անշուշտ Վանում հանձնած կլինեն ձեզ այդ նամակը:
— Այո՛, մուսուլցի թումաջի վաճառական խոջա Թորոսի նամակն է:
Մեր հյուրընկալը նամակը մոտեցրեց ճրագին, կարդաց և, վերջացնելուց հետո, ասաց.
— Այդ նամակը, ինչպես երևում է, ուշացրել եք: Բայց ես դրանից առաջ մի այլ նամակ ևս ստացել եմ խոջա Թորոսից, համարյա միևնույն այդ բովանդակությամբ:
— Ուրեմն դուք ճանաչեցի՞ք մեզ եկեղեցու բակում:
— Ճանաչեցի: Ես ձեզ սպասում էի:
— Ուրեմն պատրաստե՞լ եք, ինչ-որ գրել են ձեզ:
— Ամեն ինչ պատրաստ է:
— Շատ շնորհակալ եմ, — ասաց Ասլանը, ձեռքը մեկնելով նրան: — Ես առավոտյան պետք է գնամ Աստղաբերդը տեսնելու: Այնտեղից կգնամ Առաքելոց վանքը: Հետո կվերադառնամ ձեզ մոտ և այստեղից ճանապարհ կընկնեմ...
— Մինչև ձեր վերադարձը ամեն ինչ պատրաստ կգտնեք ճանապարհի համար, — կրկնեց մեր հյուրընկալը: