Jump to content

Կայծեր/Մաս II/ԼԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կայծեր
 ԼԲ
ԼԴ 

ԼԳ

ԱՄՐՈՑԻ ԱՂՋԻԿԸ

Անցան տարինե՜ր: Քանի՞ տարիներ, լավ չեմ հիշում...

Տխո՜ւր ու ծա՜նր էին ժամանակները: Կարծես, մի բան բոլոր սրտերի վրա ճնշում էր, բոլորին շվարեցնում էր: Մարդիկ դժգոհ էին, բայց չգիտեին թե ի՞նչ բանից են դժգոհ: Տիրում էր ընդհանուր վհատություն, ընդհանուր թախծության հետ: Ոչինչ մխիթարական չկար, ոչինչ չէր զորացնում բեկված սրտերը: Ամեն ոք մի խուլ անբացատրելի տագնապի մեջ էր գտնվում: Կարծես օդի մեջ շարժվում էր մի դիվական շունչ, որ բոլորի վրա սարսափ էր ազդում:

Մի բան սպասվում էր:

Գիշերները մարդիկ տանից դուրս չէին գալիս: Ցերեկը շինականները խումբերով էին գնում իրանց դաշտային մշակությունները անելու: Անասունները գյուղերից շատ հեռու չէին քշում արածացնելու համար: Աղքատը դժգոհ էր, որ ոչինչ չունի, հարուստը դժգոհ էր, թե ի՞նչպես պահե ունեցածը: Ճանապարհները դատարկվել էին, քարավանների երթևեկություն չկար: Լեռների մեջ ամեն քար, ամեն ժայռ ավազակ էր դարձել: Անցնելու հնար չկար:

Ինքը բնությունը զայրացել էր. պատժում էր մարդիկներին: Երեք տարի շարունակ երաշտությունից հետո սկսվեցավ կատաղի սովը: Քուրդերը իրանց երեխաներին ածել էին բազարներում և անցնողներին ասում էին. «Տարեք, պահեցե՛ք, ձեզ ծառա և ստրուկ դարձրեք, միայն հաց ուտացրեք, որ չմեռնեն»: Շունը, կատուն արժեք ուներ, բայց մարդկանց որդիները արժեք չունեին: Փողոցները ծածկված էին նվաղած, գունատված սովալլուկներով:

Ամեն կողմից վատ լուրեր էին լսվում:

Մուշ քաղաքի մեջ սովատանջները հարձակվել էին արքունի հացի ամբարների վրա և բոլորը հափշտակել էին: Վանի մեջ հրդեհել էին հազարից ավելի խանութներ և վաճառքները կողոպտել էին: Այն գիշերը հեռու տեղերից եկած գյուղացիներ քաղաքի պարիսպների մոտ բեռնավորում էին իրանց գրաստները հափշտակած կողոպուտով: Արտոս լեռան ստորոտներում, յուր չադրի մեջ, մի անհայտ չարագործ սպանել էր Նեհրիի նշանավոր շեյխին: Մի քանի գողեր մտել էին Վանի Հայոց առաջնորդի քնարանը և, դանակի ծայրը նրա կուրծքի վրա դնելով, սրբազանին բաց անել էին տվել ոսկիների սնդուկը: Վանի ծովակի վրա երևացել էին ջրային ավազակների նավակներ: Շատախի գայմադամի կնոջը,երկու երեխաների հետ մի ուխտատեղից վերադառնալու միջոցին, բռնել, տարել լեռների մեջ պահել էին, հազար ոսկի փրկանք էին պահանջում բաց թողնելու համար: Կառավարությունը տագնապի մեջ էր. նա, ինչպես այլ խոսքով ասում են, գլուխը կորցրել էր, չգիտեր ի՞նչպես առնել չարիքի առաջը: Մինչև մի տեղ հայտնված անկարգությունը խաղաղեցնում էր, նրա փոխարեն, ուրիշ տեղերում, հայտնվում էին ավելի վատթար անկարգություններ: Բաղեշում մի կին օր-ցերեկով մտել էր ոստիկանության սենյակը և ատրճանակով սպանել էր ոստիկանության պետին:

Վա՜տ էին ժամանակները, շա՜տ վատ:

Տեղ-տեղ պատահում էին ներքին կռիվներ, ներքին ընդհարումներ: Տեղ-տեղ հայտնվում էին ասպատակների ստվար խումբեր, ոչնչացնում էին ամբողջ գյուղորայք և դարձյալ ուրվականների նման աներևույթ էին լինում: Մարդ չգիտեր, թե վտանգը ո՛ր կողմից է գալու, որ նրա համար պատրաստ լինի: Բանտերը լցվում էին կալանավորներով, բայց անկարգությունը ավելի և ավելի աճում էր: Վանի միջնաբերդի զինարանը, վառոդի մթերանոցները մի գիշեր դեպի օդը ցնդեցին: Նույն գիշերը այրվեցավ փաշայի պալատի մի մասը: Սպանությունները թիվ ու չափ չունեին: Ամեն մարդ գիշերը սարսափելով էր յուր գլուխը դնում բարձի վրա, առանց հույս ունենալու, թե առավոտյան կենդանի կվեր կենա: Կյանքի և կայքի ապահովությունը վտանգի մեջ էր: Ամեն ոք յուր վերարկուի տակ սուր էր ման ածում, սպասելով, որ թշնամին ետևում կանգնած է: Երբեմն ժողովրդի մեջ տարածվում էին զանազան լեզուներով տպված թղթի կտորներ:

Այդ թղթերը այնպես էին ծածկում փողոցները, կարծես կարկուտի նման երկնքից էին թափվում: Ի՞նչ էին ուզում, ի՞նչ էին պահանջում, ոչ ոք չէր հասկանում: Թե մեչիտներում և թե եկեղեցիներում աղոթում էին, որ մի հանգստություն լինի: Մոլլան և տերտերը խրատում էին սրիկաներին, որ խելքի գան: Բայց Զեյթունից ապստամբության ձայն էր լսվում: Արզրումի մեջ որոնում էին մի ինչ-որ դավադրություն: Իսկ Կ. Պոլսում այդ միջոցին զբաղված էին երկու հանելուկային թվերով՝ 16 և 61:

Այդպես անցավ գարունը, այդպես անցավ ամառը, այդպես անցավ և աշունը: Եկավ սաստիկ ձմեռը, և թանձր ձյունը փակեց բոլոր ճանապարհները: Մի քանի շաբաթ էր, որ հաղորդակցությունները դեպի ամեն կողմ կտրված էին: Ծերունիները խոսում էին, թե մի այդպիսի ձմեռ իրանց կյանքում չէին տեսել: Գյուղերում փողոցները ձյունով լցված էին: Ձյունը բարձրացել էր մինչև կտուրները: Հարևանները ձյունի տակից էին միմյանց տունը գնում: Սովը այդ ժամանակ ավելի սաստկացավ: Սովը մարդիկներից անցավ և՛ վայրենի անասունների, և՛ վայրենի թռչունների մեջ: Ձյունը այնպես էր լցրել դար ու փոս, սար ու ձոր, որ բաց տեղ չէր մնացել: Վայրենի անասունները, ճարակ չգտնելով, մոտեցել էին մարդկանց բնակարաններին: Աղբյուրները, գետակները սառել էին: Վայրենի բադերը, սագերը մնացել էին ձյունի երեսին: Մարդիկ հալած սառույցով էին զովացնում իրանց ծարավը: Ամեն ոք մտածում էր, թե աշխարհի վերջը հասել է. մտածում էր, թե երկինք, երկիր, մարդ, անասուն, բոլորը կսառչեն և կկազմեն մի մեծ սառցային զանգված:

Ահա այդ ձմեռվա գիշերներից մեկում, Քոհնաշահարի մոտ, մեզ ծանոթ արաբական մինարեթում, քարե հատակի վրա կրակ էր վառվում: Մի խումբ զինված մարդիկ, բոլորած կրակի շուրջը, տաքանում էին: Իսկ մինարեթի դրսում, դռան մոտ, նրանց ձիաները գարի էին ուտում գլուխներից քարշ ընկած տոպրակներից:

Գիշերը մթին էր: Ձյունային տարափը այնպես ազատությամբ մաղվում էր երկնքից, որ մտածում էիր, թե մի քանի րոպեում ամբողջ երկիրը կծածկե, կանհետացնե թանձր խավի տակ:

Ձիաների մոտ, մեկը, փաթաթված յուր վերարկուի մեջ, կծկվել էր պատի տակին: Նա անշարժ էր, որպես արձան, միայն շարժվում էր, երբ թափ էր տալիս վերարկուն, որ յուր վրա հավաքված ձյունը մի կողմ թափվի, և դարձյալ ընդունում էր յուր անշարժ դիրքը: Անշարժ էին և նրա աչքերը, կարծես ցուրտը սառեցրած լիներ նրանց: Նրանք նայում էին խավարի մեջ, միշտ միևնույն կետի վրա և ամենևին չէին շեղվում դեպի մի այլ կողմ: Ի՞նչ էր դիտում նա այն մթության մեջ, աստված գիտե, բայց նա շարունակ նայում էր:

Ոչ մի կենդանի արարած այդ միջոցին չկար շրջակա ամայության մեջ, ոչ մի ձայն չէր լսվում, և բամբակի նման փափուկ ձյունային տարափն անգամ ձայն չէր հանում: Մինարեթի ներսում խարույկի շուրջը խմբված մարդիկ նույնպես ձայն չէին հանում, նրանք միայն ծխում էին:

Դրսում մենավոր պահակը դեռ նայում էր:

Հանկարծ այն կողմում, որ կողմ հառած էին նրա անշարժ աչքերը, հեռվից երևաց լույսի փայլփլող մի նշույլ: Այդ լույսը հրեղեն լեզվի նման կանգնած էր բարձր, շատ բարձր, օդի մեջ: Եթե նրա շառագույն փայլը չլիներ, կարելի էր մի լուսավոր աստղի տեղ ընդունել: Բայց երկինքը այդ գիշեր այնպես ամպամած էր, որ աստղերը բնավ չէին երևում:

Հրեղեն լեզուն կանգնած էր միևնույն կետի վրա, նա երբեմն աճում էր, երբեմն նվազում էր, իսկ երբեմն բոլորովին անհայտանում էր և մի քանի րոպեից հետո դարձյալ երևում էր:

Այդ տեսնելով, մենավոր պահակը ցնցվեցավ որպես մի մարդ, որ լարում է յուր ուշադրությունը:

Համարյա միևնույն վայրկյանում, երբ հայտնվեցավ առաջին հրեղեն լեզուն, նրա հորիզոնական ուղղությամբ, մոտ երկու հարյուր քայլ հեռավորության վրա, հայտնվեցավ մի այլ լույս, բոլորովին նման առաջինին: Այդ երկու լույսերը, երկու բևեռական աստղների նման, հակառակ կողմից կանգնած էին միմյանց հանդեպ:

Այժմ մենավոր պահակի աչքերը սկսեցին շարժվել: Նա երբեմն նայում էր առաջինի, երբեմն նայում էր երկրորդի վրա:

Շատ չանցավ, երկու հրեղեն լեզուները աճեցին, աճեցին, և երկու ջահերի ձև ստացան: Այդ միջոցին նրանք երևան հանեցին երկու ձեռքեր, որ բռնած ունեին այդ ջահերը, և երկու կանացի գլուխներ, մինչև կուրծքը: Այդ հերարձակ գլուխները երկու ֆուրիաների նմանություն ունեին: Մեկը մանկահասակ էր, մյուսը` պառավ: Առաջինի դեմքը ժպտում էր, երկրորդի վրա երևում էր կատաղություն: Այնպես էր թվում, որ այդ երկու գլուխները, իրանց բռնած ջահերով, կախված լինեին օդի մեջ: Բայց զորեղ աչքը կարող էր նկատել, որ նրանք երևում էին երկու բարձր աշտարակների կատարից, որոնց վերին մասը լուսավորված էր ջահերի լույսով: Երկու աշտարակները կազմում էին մի ամրոցի ճակատի երկու անկյունները:

Այդ երևույթը այնքան կարճատև եղավ և այնպես շուտ անցավ, որ տեսնողը կկարծեր, թե երևակայության մի խարդավանք է:

Այդպես չկարծեց մենավոր պահակը: Նա հանդարտ վեր կացավ յուր նստած տեղից, մոտեցավ ձիաներից մեկին և սկսեց սանձը գլուխը դնել: Նրա սուլելու ձայնից` մինարեթի մեջ նստած մարդիկ նույնպես ոտքի ելան և յուրաքանչյուրը լուռ մոտեցավ իր ձիուն: Մի քանի րոպեից հետո ամբողջ ասպախումբը անհայտացավ գիշերային խավարի մեջ:

Ձյունը շարունակում էր տեղալ: Այդ միջոցին բարձրացավ մի թեթև քամի, որ սկսեց տարուբերել ձնային հոսանքը: Քամին հետզհետե սաստկանում էր, սպառնալով բուք, բորան: Ցուրտը կարծես ածելիի նման կտրատում էր մարդու երեսը, ականջները, ձեռքերը: Թուքը բերանի մեջ սառցնելու չափ ցուրտ էր:

Փոթորիկը ավելի սաստկացավ: Քամին մռնչում էր և, պտտացնելով ձնային տարափը օդի մեջ, նույն մետալական ձայնն էր հանում, որպես հնչում էր նա, երբ ուժգին սաստկությամբ անցնում էր արտերի հասունացած հասկերի վրայով:

Անցավ մի կամ երկու ժամ:

Նույն կողմում, որտեղ երևացին երկու ջահերը, այժմ տեղ-տեղ բարձրանում էին հազիվ նշմարելի կապտագույն բոցեր: Երբեմն լսվում էր խուլ դղրդյուն: Կարծես մի շինվածք քանդվում էր, քայքայվում էր: Քամին խլացնում էր բոլոր ձայները, իսկ ձյունային փոթորիկը երբեմն ծածկում էր բոցերի նշույլները: Բայց դարձյալ մերթ ընդ մերթ խավար մթնոլորտը լցվում էր միլիոնավոր հրեղեն կայծերով, որպես թե դրանք դուրս էին վազում մի ահագին հրանոթի բերանից:

Բոցերը, որ սկզբում հայտնվեցան զանազան կետերի վրա, հետզհետե աճելով մի քանիսը միախառնվեցան և կազմեցին լայնածավալ հրեղեն հոսանք: Շրջայկայքը լուսավորվեցավ: Այժմ պարզ երևում էին բարձր պարիսպներ և բարձր աշտարակներ: Մի հին ամրոց այրվում էր ծառազարդ շրջապատի մեջ:

Կրակը խանգարեց սպիտակ աղավնիների գիշերային հանգստությունը, որոնք բույն էին դրած աշտարակների վերին դարանների մեջ: Նրանք շփոթված, սարսափած դուրս թռան իրանց բույներից և խելագարի պես ճախրում էին, սավառնում էին աշտարակների կատարների վրա: Այստեղ այրվում էին նրանց ձագուկները... Ձնային սպիտակ պատառները, խառնվելով այդ սպիտակ թռչունների մրրիկի հետ, հրեղեն լուսավորության մեջ, ներկայացնում էին մի տխուր, սրտաշարժ տեսարան:

Կրակը վրդովեցրեց ախոռատան նժույգների հանգստությունը, որոնք խրտնած, կապակոտոր եղած, դուրս նետվեցան կիսավառ դռանրից, և կատաղաբար վազվզում էին ամրոցի շուրջը, ձյունային փոշիների մեջ: Հմուտ ձիապանների ձեռքի տակ սնված, փայփայված անասունների` որի գեղեցիկ բաշն էր խանձված, որի թավամազ ագին էր այրված, որը օրհասական տագնապի մեջ, դողդողում էր, ընկնում էր, թաղվում էր ձնային խորության մեջ:

Կրակը դուրս քշեց որսորդական շների, բարակների բազմությունը, որոնք արծաթյա վզկապներով, նախշուն, մահուդյա ջուլերով, մոլորված, շվարած, չգիտեին, թե որ կողմը փախչեն: Անտեր, անօգնական թափառում էին տիրոջ սիրելիները և իրանց տխուր, մահագուշակ վայուններով հնչեցնում էին ամրոցի շրջակայքը:

Կրակը դուրս քշեց և հարեմի փափկասուն գեղեցկուհիներին, որոնք դուրս թռչելով մետաքսյա անկողիններից, կիսամերկ, հերարձակ, բոբիկ ոտներով վազվզում էին ձյուների մեջ և թաքչելու տեղ չէին գտնում: Նրանց լացն ու կոծը, ճիչն ու աղաղակը խլանում էին ամրոցի կործանվող կամարների դղրդյունի մեջ: Սևամորթ ներքինիները, շվարած, շփոթված, չգիտեին` իրանց գլուխը ազատեն թե իրանց խանումների պաշտպանությանը դիմեն:

Այդ բոլորը կատարվում էր հրդեհի լուսավորության մեջ, բոցերի և կայծերի փայլատակության մեջ:

Կրակը մի հսկա վիշապի նման լափում էր ամրոցի զարդարանքները և, ինչ որ չէր կարողանում կլանել, դուրս էր ժայթքում: Դրսում, հուսահատ անկարգության մեջ, խառնված էին միմյանց հետ ամրոցի շարժական հարստությունները` ձիաները, որսորդական շները, հարեմի գեղեցկուհիները, սևամորթ ներքինիները, իսկ ներսում, ինչ որ փախչել չէր կարող, այրվում էր... Այրվում էր մետաքսը, այրվում էր շալը, այրվում էին արծաթն ու ոսկին...

Երբեմն լսվում էին խուլ նետումներ, և քամին բերում էր վառոդի անախորժ հոտը... երբեմն հրեղեն լուսավորության մեջ երևում էր սրերի փայլը... մարդիկ կանգնում էին, մարդիկ ընկնում էին... Այնտեղ խոցոտում էին միմյանց...

Հրդեհը ավելի տարածվեցավ: Այժմ այրվում էին ամրոցի շրջապատի դարևոր ծառերը: Լուսավորությունը, ճառագայթելով ձնային սպիտակ հարթադաշտի վրա, աչք էր շլացնում:

Այդ միջոցին միևնույն ձիավորները, որ դուրս եկան արաբական մինարեթից, հայտնվեցան պայծառ, բոսորային լուսավորության մեջ: Ձիավորներից մեկին ետևից գրկած ուներ մի մանկահասակ կին: Ձին արագությամբ վազում էր, պատառելով ձյունի թանձրությունը: Եթե սառցային փոշին արգելք չլիներ, կարելի էր ճանաչել Կարոյի այրական դեմքը: Նրա ետևից ոտքով վազ էին տալիս երկու արարածներ` նույն պառավը և նույն մանկահասակ օրիորդը, որ, ջահերը ձեռներին, առաջին անգամ հայտնվեցան աշտարակների բարձրության վրա: Դրանցից մեկը Հյուբբին էր, մյուսը` պառավ Սուսանը...

Հյուբբին առեց վրեժը... Հյուբբին ազատեց մորը, որ տարիներով փակված էր Դինբուլիների անմատչելի ամրոցի մեջ...