Jump to content

Կաքավների կղկղոցը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կաքավների կղկղոցը

1

Կաքավներին՝ լուռ, սգավոր,
Բզեզները ասին մի օր.
— Ի՞նչ եք այդպես տխուր, տրտում
Ինչո՞ւ երգեր էլ չեք երգում:
Ձեր երգերը, ձեր դայլայլիկ՝
Ջրի խոխոջ, ջրի ալիք,
Ձեր երգերը՝ անուշ զեփյուռ,
Արտի ծփանք, զանգակ աղբյուր:
— Ա՛խ, բզեզներ մեզ պես անճար,
Մեզ պատժեցին խիստ չարաչար
Մեր ցեղակից խռպոտ, անձայն,
Երգ չսիրող ու բաղաձայն,
Արյունարբու, արյունկզակ
Թռչունները՝ գող-ավազակ:
Մի օր արծվին գանգատ արին,
Գանգատ արին թագավորին,
Ասին. — Արքա՜, կաքավները,
Մեր ցեղակից թռչունները,
Պարապ-սարապ, անբան, անգործ:
Հա՜ երգում են, հա՜ կաքավում,
Ամեն անգամ մեզ խանգարում:
Հազար ու մի ցավի տեր ենք.
Կաքավներին ինչպե՞ս ներենք:
Ինչ էլ ասեք՝ քի՜չ է, քի՜չ է,
Օրինակը վարակիչ է:
Հրամայիր կաքավներին,
Այդ անխոհեմ թռչուններին,

Որ էլ չերգեն
Ու կաքավեն:

Արքան, ինքն էլ խիստ երգատյաց՝
Թռչուններին նա հավատաց,
Հրամայեց, որ էլ չերգենք,
Դրա համար լռեցինք մենք:
Բզեզները ասին նրանց.
— Ձեր արքային՝ չար ու նախանձ,
Չենք ճանաչում, արքա հզոր.
Լավ իմացեք, որ հենց էսօր,
Բզեզներիս ուժի զոռով
Գահը կանենք գլխին խռով,
Որ իմանա՝ ինչ է դատը,
Ի՞նչ է լավը, ի՞նչ է վատը:
Առանց թռչնի՝ ինչ բույն գտնենք,
Մենք խմբովի ներս կմտնենք.
Անունը ձու՝ կածենք գետին,
Էլ չենք նայի քչին, շատին:

2

Ինչպես ասին, այնպես արին,
Խիստ պատժեցին թռչուններին,
Նույնը արին հզոր Արծվին,
Չափսոսացին ոչ մի ձվին,
Ու բարձրացավ սուգ ու շիվան...
Դատարկ բներ... ջարդված ձվան...
Ով արքային գանգատ եկավ...
— Հանցավոր է, — ասավ, — կաքավ.
Իրենք կաքավ ու էսպես բա՞ն...
Խիստ կատաղած Արծիվ արքան
Բարձր գահից այսպես ճչաց.
— Ինչ է, մնամ ես անժառա՞նգ
Ու չունենամ թագաժառա՞նգ,
Կաքավներին, ա՜յ, հենց էսօր
Մա՜հ, կոտորա՜ծ, բանտ ու աքսո՜ր:
Լուրը հասավ կաքավներին
Էլ ճար չկար, ի՞նչ անեին:
Մեր ու մանուկ իրար անցան.
Այնպես ծածուկ, լռիկ, անձայն,
Չսպասելով մեծ սարսափին,
Բույն ու ձվան թողած տափին,
Թռան, մտան ժայռի ճեղքեր,
Սև-մութ այրեր, խոր անտառներ:

3

Արքայի մոտ հեռվից վըզ-վըզ,
Բզեզներր եկան բըզ-բըզ:
Եկան ասին. — Հզո՜ր արքա,
Ամեն մեղքին մի պատիժ կա,
Ի՞նչ ես գալիս տըրաք-տըրաք,
Ի՞նչ ես դառեք մի բուռ կրակ:
Մենք ենք ջարդել ձեր ձվերը,
Ի՞նչ մեղք ունեն կաքավները:
Բա՛ն ենք ասում, խելքի՜ արի,
Թե չէ, լսի՜ր. կլոր տարին
Մենք կպատժենք թռչուններին
Ու կգցենք քեզ այս օրին:
Դա՞տ ես անում, արա՜ արդար:
Դու՝ լսելով
Թռչուններին նախանձ ու չար.
Խիստ պատժեցիր կաքավներին
Ու վերջ դրիր երգ ու պարին:
Այդ հերիք չէր, այժմ էլ աքսոր,
Քե՜զ ենք ասում, արքա՜ հզոր,
Ետ առ, ետ առ քո վճիռը,
Ջընջի, ջընջի մահվան գիրը:
Թող վերանա նախանձ ու քեն,
Կաքավները նորից երգեն:
Նորից երգեն իրենց համար,
Ուրախանա արար աշխարհ:
Այդտեղ արքան իրեն ահից,
Որ չզրկվի մի օր գահից,
Ջնջեց իսկույն իր վճիռը՝
Աքսորի ու մահվան գիրը:

4

Բզեզները էլի բըզ-բըզ,
Արծվի մոտից թռան վըզ-վըզ
Ավետեցին կաքավներին,
Թե հաղթեցին չար արքային:
Ասին. — Երգիչ դուք կաքավներ,
Մեր սիրելի հարևաններ,
Վերադարձեք ձեր բները
Ու երգեցեք ձեր երգերը.
Երգին արգելք չկա երբեք,
Պետք է լսվի կաքավի երգ:

Աչքալույս էր կաքավներին,
Կտուցները լայն բաց արին,
Լայն բաց արին կրկին-կրկին,
Որ երգեին երգը նախկին:
Բայց ձայն չըկար՝ երգելու ձայն.
«Կղա, կղա» արին միայն,
«Կղա, կղա» երկու հնչյուն....
Վա՛յ քեզ, վա՛յ քեզ, կաքավ թռչուն,
Սրտիդ էնքան խորունկ վերքից
Դու զրկվեցիր ձայնից, երգից:
Ու այն օրից ձորամիջին,
Տխուր կանգնած մամռոտ քարին,
Լայն կտուցը լիքը արին,
«Կղա՛, կղա՛» կըղկըղալով,
Հոգու միջից մղկտալով,
Անցած փառքի սուգն է անում
Կըղկըղում է ու կըղկըղում: