Jump to content

Ցորնատերն ու ջաղացպանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ցորնատերն ու ջաղացպանը

Մեկը ցորեն տարավ ջաղաց,
Էն ցորենից ալյուր աղաց,
Ջաղացպանն էլ բաղարջ թխեց,
Թոնրից հանեց, մեջտեղ դրեց.
— Արի պատմենք մի-մի առակ,
Ումը լինի լավ, ընդունակ,
Էս բաղարջը թող նա ուտի,
Էլ չնայենք ղորթի, սուտի:
Ցորնատերը թե՝ ես կասեմ,
Ջաղացպանը թե՝ կլսեմ:
— Մենք ունեինք մի մեծ աքլար,
Որին ընկեր մի տեղ չկար.
Հերու էր, թե մեկել տարին,
Հայրս հեծավ էդ աքլարին,
Գնաց Լոռի. ցորեն բերի,
Որ թանկ տարին տունը պահի:
Բայց քարքարոտ, երկար ճամփին
Ձին ու տերը հասած ամպին՝
Իրենցից ցած չեն նկատում,
Գայլը ձիու կողն է ուտում:
Շատ են գնում, քիչ են գնում,
Մեկ էլ հայրս ցած է իջնում,
Որ ջուր խմի. հանգստանա,
Իր ձին հեծնի, ճամփա գնա:
Բայց նա էդտեղ տեսնում է, որ
Ձի-աքլարի կողը կլոր
Կերած է: Էլ նա չի կանգնում,
Գնում, ծառից ուռ է բերում,
Էն աքլարի կողը գործում,
Լվանում է ու ջուր ածում,
Նորից հեծնում է աքլարին,
Ման է գալիս կլոր տարին,
Ոլ հազար փութ ցորեն բարձած,
Ինքն էլ բեռան վրա նստած,
Գալիս, կանգնում մեր տան դռան:
Մենք շինեցինք մի ելարան,
Ելանք հորս ներքև բերիք,
Բեռով ցորենն էլ ներս դրինք,
Էն ցորենիցն է, դու, ահա,
Էս բաղարջն ես թիխել հիմա:
Ջաղացպանը թե՝ ես կասեմ,
Ցորնատերը թե՝ կլսեմ:
— Մենք ունեինք մի մեղրաճանճ.
Հա՜մ պոզ ուներ, հա՜մ էլ ականջ:
Մի օր ճանճը փախավ տանից
Հորս պարապ արավ բանից.
Խեղճը գնաց, շատ ման եկավ,
Բայց գիժ ճանճը էլ ձեռք չընկավ:
Վերջը հայրս դարձավ գեղը,
Մորիցս առավ մեծ ասեղը,
Տարավ տնկեց գոմի կտրան
Ու ջուխտ ոտով կանգնեց վրան:
Մեկ էլ տեսավ դաշտի միջին՝
Որ գութան են լծել ճանճին:
Տուն-տնովի դաշտ վազեցինք,
Ճանճին գութնից արձակեցինք
Ու տուն բերինք բռնած պոչից,
Բռնած գժի ջուխտ ականջից:
Բայց, արի տես, մեր առյուծը,
Որ չէր տեսած գոմշի լուծը,
Տրորել էր իրա ուսը.
Հայրս քաշեց իր դմբուզը,
Ջարդեց մի մաղ տան ընկուզը
Ու ընկուզից հանած եղը
Քսեց ուսի ցաված տեղը:
Ամռան օր էր… սիրո՛ւն... պայծա՛ռ...
Իսկույն ուսից բուսավ մի ծառ:
Ծառը տեսավ մի մեծ ագռավ,
Եկավ ծառի վրա թառավ.
Մի հողի կոշտ հայրս առավ,
Էդ ագռավին վրա արավ:
Կոշտը ցրվեց, դարձավ մի հող,
Մի օրավար վարելահող:
Երբ որ եկավ, հասավ մարտը,
Ցորեն արինք մենք էն արտը:
Մտանք հունիս, ընկավ քաղը,
Ես վեր առա սուր մանգաղը
Մտա արտը ու քաղեցի,
Բայց մի սաստիկ ճիչ լսեցի.
Խեղճ աղվեսը, էն անմեղը,
Արտի միջին, քնած տեղը,
Իմ մանգաղին դարձել էր զոհ:
Իմ արածից ես էլ դժգոհ
Բերի խեղճին ու քերթեցի,
Մորթին մսից բաժանեցի,
Բայց ի՞նչ կասես՝ մորթու տակից,
Ետի ոտի աջ կրընկից
Մի թուղթ ելավ ձեռքով ծալած
Ու միջին էլ գրչով գրած.
— Ա՜յ ցորնատեր, գնա՜ բանին:
Բաղարջը տուր ջաղացպանին:
Ցորնատերը թուղթը կարդաց,
Ալյուրն առավ, սոված գնաց: