Jump to content

Կենտ կաղնի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿԵՆՏ ԿԱՂՆԻ


Կածանները մեկիկ-մեկիկ,
Գալիս հերթով ու խաչվում են
Ծառի շուրջը։
Կեսօրվա շոգ,
Հնձվորների աչքերի մեջ՝
                Մի շեն աշխարհ։
Եվ ստվերը կանաչ ծառի
Արտի հասուն դեղինությամբ
Կածաններ է տանում, բերում։
Իսկ երբ հանկարծ մութն ընկնում է,
Ծառը լքվում,
Թախծում է լուռ։
Մենության մեջ թվում է, թե
Մի մոլորված ճամփորդ է նա,
Ճամփաները ձգվել թել-թել,
Խճճվել են ոտքերի տակ
Ու... քայլելու հնար չկա։