Պարզ կապույտ եմ,
Կապույտ երկնի անհունություն.
Եվ ամեն օր ալիքվում եմ
Թեւերի տակ մաքրամաքուր
Երազներիս...
Երբ մթնում է
Ու ճամփեքը չեն երեւում,
Երբ երազիս թռչունները
Լքում են ինձ
Կարճ պահերով,
Չգիտեմ, թե ծվարում՝ ուր,
Չեմ տրտնջում
Ու չեմ թողնում գիշերային
Մթությունը
Թմրության պես ինձ պարուրի:
Ես աստղեր եմ վառում հույսի
Ու ժպտում եմ,
Որ չկորցնեմ պարզությունս...
Կրկնությունն եմ ես երկնքի...