Չնաշխարհիկ
Իմ աքլարիկ,
Ձայնդ զիլ-զիլ,
Ոսկի ծիլ-ծիլ,
Երգերիդ մեջ
Բյուր ելևէջ:
— Կրկու քուրիկ,
Հուրիկ, բուրիկ,
Քո ձայնն էլ է
Լավ գեղգեղում,
Ծոր է տալիս
Ու մըղմըղում.
Երգ եմ լսել
Ես շատ ու քիչ,
Բայց չեմ տեսել
Քեզ պես երգիչ:
— Ոսկեփետուր,
Անուշ իմ քուր,
Կուզեմ լսել
Ձայնդ անսպառ
Միշտ անդադար:
— Պուճպուճուրիկ,
Մի պուտ ջրիկ,
Կկու քուրի՜կ,
Երդվում եմ ես,
Որ լռում ես
Էսքան պուճուր՝
Ըսպասելով
Իմ աչքերը
Կտրում են ջուր:
Որտեղի՞ց է
Քեզ էդպես ձայն,
Մաքուր, քնքուշ
Ու զրնգզրնգան:
Դուք էդպես եք
Ամբողջ ցեղով,
Մի բուռ բան եք
Թեև տեղով,
Բայց ձեր երգը
Խիստ աջողակ,
Չունի՜, չունի՜
Ոչ մի սոխակ:
— Գոհ եմ քեզնից,
Ջիվան աքլար.
Խըղճով ասենք`
Դու միալար
Լավ ես երգում
Դրախտահավից,
Թռչունների
Լավի լավից:
Ողջ աշխարհը
Խոսքիս վկա,
Քեզ պես երգիչ
Չըկա՜, չըկա՜,
Էստեղ ծիտը,
Ծիտիկ-միտիկ,
Ասավ. հլա
Սըրանց մտիկ,
Ինչ լավ գիտեն
Իրար եղել.
Ասա թողի՞ն
Պակաս տեղ էլ:
Է, լա՛վ, հերի՜ք
Իրար գովեք.
Աշխարհ գիտի,
Թե դուք ով եք: