Կյանքը՝ զրոյից մինչեւ զրո

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես դուրս եկա Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Կյանքը՝ զրոյից մինչեւ զրո)

Վարդան Հակոբյան

Դիմավորում
ԿՅԱՆՔԸ՝ ԶՐՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԶՐՈ


Ծաղկի ճանապարհը
         սկսվում է շողի եւ քարի համբույրից
եւ ձգվում է
         մինչեւ նվիրումը տիեզերական.
Առվի ճանապարհը
         սկսվում է ժայռի մեջ երանության արթնացումից
եւ ձգվում է
         մինչեւ հուշի ծաղկումը արցունքների մեջ.
Քամու ճանապարհը
         սկսվում է լուսնի շոյանքով խտուտ եկող շշուկից
եւ ձգվում է
         մինչեւ գիշերվա բերանն ընկած երազի ճերմակ ծամոնը.
Սրտի ճանապարհը
         սկսվում է ցավի դաժան ու աններում ասեղնահարումից
եւ ձգվում է
         մինչեւ ցավի դաժան ու աններում ասեղնահարումը։