Jump to content

Դիմավորում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԴԻՄԱՎՈՐՈՒՄ


Բողբոջը գնաց եւ տեսավ՝ հե՜ռվից
ինքն է իրեն ընդառաջ գալիս
ու գտավ հոգին շեմին գարունքվա։

Գարունը գնաց ու տեսավ՝ հեռվից
ինքն է իրեն ընդառաջ գալիս,
շունչը տեղ բերեց շեմին երազի։

Երազը գնաց եւ տեսավ՝ հեռվից
ինքն է իրեն ընդառաջ գալիս
եւ գտավ սերը շեմին տաք սրտի։

Ու սիրտը գնաց եւ տեսավ՝ հեռվից
ինքն է իրեն ընդառաջ գալիս
եւ գտավ հույսը շեմի՜ն մեծ սիրո։

Եվ սերը գնաց եւ տեսավ հեռվի՜ց
ցավն է իրեն ընդառաջ գալիս
եւ իր մեջ գտավ ... լույսը Աստծո։