Jump to content

Կյանքիդ գարունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՅԱՆՔԻԴ ԳԱՐՈՒՆԸ

Օր. Ն. Ե.-ին

Ինչպես թևերն հարսնուկներուն
Վառ կարմիրով ծիածանին

Կը ծածանին.

Ցորենով լի դաշտին՝ հեռուն.
Հասկերն ինչպես, ոսկի՛ թըռան,

Կը թըրթըռան.

Հարս թիթեռները տարփագին
Կը ծավալեն գարնան հովեր

Եթերն ի վեր.

Շաղ թևերով շերեփաքին
Կ՚երփնավետի վարդին համար

Սիրով հիմար.

Շող-շող լույսով եթերասլաց
Փոսուռաներ, փըշրանք լուսնին,

Մեզ կը հասնին.

Շափրակներուն սըրտեն ծըլած
Սընդուս բուրումը լելակի

Կը վիլակի.

Ցոլք մ՚ասուպե, ծիլ մը լոռեն,
Բոլոր դյութանքը միասին

Մեր մայիսին

Ժըպիտներով կը բոլորեն
Մայր բընության պըսակ մ՚աղվոր,

Բայց անցավոր.

Այսպես և քու հոգվույդ գարուն,
Շընորհքներու դաբիր մաքուր

Եվ թաքթաքուր,

Հըմայքներով միշտ պատարուն՝
Պիտի ապրի ցորչափ համեն

Պատրանքդ ամեն:

1903