Jump to content

Կշեռք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿՇԵՌՔ


Բառը բանաձեւում է արյունը՝ ծաղիկներ նետիր
ապագայի մեջ, քանզի
անցյալի 100 տարին թեթեւ է կշռում գալիքի
1 վայրկյանից։ Մարտադաշտում զոհված ճանապարհներով
գալիս են տղաները
ամբողջովին դարձած երեխա։

Սեւը խեղճացել է դաշտի ծայրին, բարունակներում երկնքի,
գմբեթի վրա անհամբերության,
դարձել խեղճ՝ ինչպես
պարող ամբոխի երջանկություն՝ լոտոյով շահած մեքենայի շուրջ։
Եվ օրը ծանր սահում է այն
ամպի տեսքով, որի ետեւում չի տեսնվում չերեւացող աստղը։
Միայնակ՝
միայնակների մեջ։

Ես շրջում եմ Երեւանի փողոցներում, մարդաշատ վայրերում,
ես դիտում եմ ՀՀ բոլոր հեռուստաալիքները եւ տեսնում եմ, որ
ոչ մի հայ անտխուր չէ, իսկ
եթե փորձում է մեկը ժպտալ, երգել, ուրախանալ կամ խաղալ,
ոչինչ չի փոխվում, դրանից նա դառնում է ավելի անուրախ։

Ավերակի անշրջանակ պատուհաններից մարտակերտցի երեխաները
գլուխները հանել ու
նայում են աշխարհին՝ աներեւակայելի պայծառ ու թախծոտ։
Մարկ Շագալը հրեշտակների ձեռքից բռնած

անընդհատ իջնում-բարձրանում է Հակոբի սանդուղքով։
(Ծանր է միայն նրանց համար, ովքեր
այդպես էլ աշխարհ չեկան, որովհետեւ
նրանք երբեք չեն տեսնելու ծնվել-մեռնելու անփոխարինելի տառապանքը)։

Եվ անիմաստից ոչինչ իմաստավոր չէ աշխարհում։ Բայց եթե հեռվի
կանչ կա անվանդ մեջ՝ ոտքերիդ ծայրին անվերջ ուտվելու է մութը։