Jump to content

Կողովը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿՈՂՈՎԸ

                Նվիրում եմ Համո Սահյանին

Պապս հյուսել էր մի կողով,
Կողովը մրգով էր լցնում,
Ծածկում էր տերեւի քողով,
Բերում, տուն էր հասցնում։

Նա ետ էր տանում քողը
Ծաղկախառն ու ցողոտ,
Մրգերի մեջ խաղում շողը
Եվ ընկնում էր դեմքին հողոտ։

Եվ մեզ էին ասես ժպտում
Նուռ ու ալոճ, տանձ ու զկեռ...
Ճամփան ձիգ էր արտի մոտով -
Կողովում կան պոկված հասկեր։

Երկու հասկեր սյունից կախում,
Իսկ մրգերը ներս ենք տանում,
Ուր կան եւ չոր սամիթ, թարխուն...
Դեհ, ի՞նչ չկար մեր մառանում։

Այդ կողովն էր պատին մնում՝
Մի քիչ չոր խոտ ներսում պահած.
Չալ հավն այնտեղ ձու էր դնում,
Որ հանդ տանի պապը - անհաց։

Ե՞րբ էր, պապս հանդում մնաց,
Սպասեցինք երկա՜ր-երկա՜ր...
Այգին ցամաք, անջուր մնաց,
Այգու շաղն ու շողը չկա՛ն։

Երեկ պապունց տուն գնացի,
Կողովը իմ աչքով ընկավ.
Անլաց լացով լուռ մնացի,
Պապիս ձայնը հեռվից եկավ։

Չկա այգին՝ ծաղկունքի մեջ,
Չկա նրա ցախե դուռը...
Եվ իմ սրտում՝ ասես մի ցեց,
Բուն է դրել սեւ մրմուռը։

Պապս հյուսել էր մի կողով,
Կողովը մրգով էր լցնում,
Ծածկում էր տերեւի քողով,
Բերում, տուն էր հասցնում։