Կովկասի Հայոց գրական ընկերությունն ու իր քննադատները
Էսպես են ասում «Մշակի» խմբագիրները, էն մարդիկ, որ հաստատ գիտեն՝ կանոնադրություն կա մեջտեղը և կանոնադրության § 4 ասում է․ «Ընկերության անդամների թիվը սահմանափակված չի և սեռի մեջ խտրություն չի դրվում. անդամներն ընտրվում են ընդհանուր ժողովում գաղտնի քվեարկությամբ»։
Բայց նրանք, «Մշակի» խմբագիրները, էն էլ գիտեն, որ Թիֆլիսում կա Ժուռնալիստների ընկերություն։ Գիտեն, որ իրենք անդամ են էդ ընկերությանը։ Գիտեն, որ էդ ընկերության մեջ էլ անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ։ Գիտեն, որ նույնիսկ իրենք են մասնակցել էդ ընկերության կանոնադրության կազմելուն, որ ասում է՝ անդամներին պետք է ընտրել գաղտնի քվեարկությամբ։ Գիտեն, որ էդ միևնույն կարգն է տիրում և Մոսկվայի ռուսաց գրական ընկերության մեջ։ Էդ ամենը գիտեն, և լավ գիտեն, և լավ գիտեն ու գտնում են շատ էլ կանոնավոր։ Բայց… հենց որ խնդիրը փոխադրվեց հայկական հողի վրա ու մեջտեղ եկան հայ գրողները, էդ միևնույն մարդիկ միևնույն կարգը անվանում են կուսակցականություն, ետին մտքով ու չար դիտավորությունով սարքած դավադրություն ու ամեն կերպ ճգնում ու տքնում են գործը տակն ու վրա անել։ Եվ խուլ մնալով հայոց հաստատությունների ու հայ անհատների շնորհավորություններին, ուրախությանն ու նվիրաբերություններին, էդ մասին տեղեկություն չտալով իրենց ընթերցողներին, այլև մերժելով ընկերության պաշտոնական շնորհակալությունների տպագրությունը, հրճվանքով արտատպում ու ձայնակցում են, թե Բաքվի «Каспий»-ն ասում՛ է՝ Հայոց գրական ընկերությունը պետք է կործանվի…
Արդյոք ինչո՞վ բացատրել էս հրեշավոր երևույթը, էս զարմանալի ու զարհուրելի վարմունքը։
«Մշակի» խմբագիրներն ասում են, թե իրենք չեն մասնակցում Հայոց գրական ընկերությանը նաև էն պատճառով, որովհետև նրա մեջ ընտրվել ու ընդունվել են և ո՛չ գրական մարդիկ։ Նույն առարկությունն է անում և Շիրվանզադեն՝ «Баку» թերթի մեջ։ Շատ լավ։ Էս առարկության արժեքը տեսնենք։
Թե՛ «Մշակի» խմբագրությունը, թե՛ Շիրվանզադեն չէին եկել հենց ընկերության բացումին, հենց առաջին ընդհանուր ժողովին։
Չէ՞ որ էն ժամանակ դեռ հայտնի էլ չէր, թե ինչ մարդիկ էին ընտրվելու, ուրեմն ո՞նց էին կարող նրանք էսպես մտածել և ինչպես են առաջ բերում էս առարկությունը։
Ինչ վերաբերում է հիմնադիրներին, նրանց անունները հայտնի էին Շիրվանզադեին դեռ կանոնադրության ստորագրության օրից, երբ իր անունը գրել է բժ. Զարգարյանի, բժ. Մինասյանի անունների շարքում, և դեռ նրանց մեջ էլ ամենավերջին տեղը։
Ի՞նչպես պատահեց, միայն նոր միտն ընկավ, որ նրանք գրականության (այլև գիտության ու հրապարակախոսության) հետ ոչ մի կապ չունեն։
Սակայն դեռ մնում է ամենից էականը։ Թե՛ «Մշակը», թե՛ Շիրվանզադեն գիտեն, որ կանոնադրության հենց § 1-վ Հայոց գրական ընկերությանը կարող են անդամագրվել բոլոր էն մարդիկ, որոնք հայոց մեջ աշխատում են գրականության, գիտության և մամուլի ասպարեզում, լինեն նրանք տաղանդավոր գրողներ, թե պարզ գրչի մշակներ, մեծ գիտնականներ, թե գիտությունը ժողովրդականացնող մահկանացուներ, նշանավոր հրապարակախոսներ, թե թերթերի համեստ աշխատակիցներ։
Արդ, հարց եմ տալիս. նրանք կարո՞ղ են ասել, թե ընդունվածների ցանկում կան մարդիկ, որոնք կանոնադրության տեսակետից չպիտի լինեին։ Իսկ թե բանը կբերեն անհատական գնահատության, համեցե՛ք, էնպես կրճատեմ ձեր գրողների թիվն էլ, հրապարակախոսներին էլ, որ երկու ձեռքիս մատներն էլ շատ գան հաշվելու համար։ Բայց կա հասարակական տեսակետ, կա կանոնադրություն, որ ավելի լայն է բաց անում ընկերության դռները, նշանավորների հետ ներս է հրավիրում և մեր մտավոր կյանքի համեստ աշխատավորներին, միասին հավաքվելու, միասին հոգալու գրականության ու գրողի հոգսը։ Ասացեք, աստծու սիրո համար, ի՞նչ կա էստեղ սարսափելի ու դատապարտելի։ Ընկերության նպատակը պարզած է կանոնադրության հետևյալ կետերում.
1. Իր անդամների նյութական դրության բարվոքումը։
2. Նրանց մտավոր, բարոյական և գեղարվեստական զարգացման նպաստելը։
3. Նյութական փոխադարձ օգնություն։
Էս երեք կետով եթե օգտվելու են մեծերը, ինչ կլինի որ փոքրերն էլ օգտվեն, չէ՞ որ փոքրից են մեծանում, աննշանից են նշանավոր դառնում։
Վերջապես մեր մեջ կան սկսնակներ, իսկ մենք, որ սկսնակ ենք եղել մի օր, գիտենք թե ինչ կնշանակի սկսնակ լինել մեր աշխարհքում։ Նրանց տաղանդի ու ապագայի վրա շատ հեշտ կարող են վեճ հարուցանել, ոչ գրական մարդիկ համարել ու թողնել դուրսը։ Բայց եթե երևակայենք, որ նրանց 10-ից կամ 20-ից մինը կարող է տաղանդավոր ու շնորհքով մարդ դուրս գալ մեր գրականության մեջ, դրա հետ կարող ենք գտնել և մեր խտրականության հանցանքի չափը։
Հայ գրողը եթե ուզում է գրականության մեջ զգույշ լինի ու խստապահանջ, թող էդպես լինի իր գրչի ու գրականության վերաբերությամբ, ոչ թե ուրիշների առաջ փակի օրենքով թույլ տված հիմնարկության դռները, մի հիմնարկության, որի անմիջական նպատակն է օգնել, զարգացնել ու բարձրացնել։
Շարունակելով հասարակության կարծիքը գրգռել նորաբաց Հայոց գրական ընկերության դեմ, «Մշակը» տարփողում է ցավագին բողոքելով, թե ընկերության ընդհանուր ժողովում ընտրական քվե չստացավ «իսկական գրող Շիրվանզադեն»։ Եվ գիտե՞ք երբ է բարձրացնում էս վայնասունը, նույնիսկ նրանից հետո, երբ Շիրվանզադեն ինքը հրապարակավ հայտարարել Է, թե ինքը չի եղել ընկերության ընդհանուր ժողովում, ոչ ոքի Էլ չի լիազորել իրեն կողմից երաշխավորելու և չի քվեարկվել, էն էլ ոչ թե պատահմամբ, այլ էդպես է նախորոշել։ Եվ էս բացատրությունից հետո էլ նրանք շարունակում են, թե՝ «իսկական գրող Շիրվանզադեն «Հայոց գրական ընկ<երության> մեջ ընտրական քվե չստացավ»։
Ի՞նչ է արդյոք սրա անունը, մի՞թե մի մարդ կգտնվի, որ կարողանա մի որևէ մխիթարական բացատրություն տալ էս երևույթին և մի՞թե հնարավոր են նման դեպքերը շատից քչից իրեն ճանաչող, իր գիրն ու գրականությունը հարգող հասարակության մեջ...
Հավատացնում են, թե կուսակցական է ընկերությունը։ Մի ակնարկ, միայն մի ակնարկ ընկերության հիմնադիրների, ընդհանուր ժողովի թե վարչութչան կազմի ցուցակին, ասում եմ՝ միայն մի ակնարկ, և բավական է, որ ամեն մարդ համոզվի, թե ինչ անորակելի անբարեխղճության են հասցնում գործը էդ անտանելի հակառակորդները իրենց չար ու փոքրիկ կրքերով։
եվ էս ամենը Հայոց առաջին գրական ընկերության հենց առաջին քայլերի հանդեպ...
Եվ էս բոլոր չար խոսքերն ու չար մտքերը բնականաբար հանգում են ևս ավելի չար ու դաժան մի եզրակացության, որ «Каспий»-ից առնելով ամենայն լրջությամբ հրապարակ է հանում «Մշակը», թե՝ Հայոց գրական ընկերությունը պետք է կործանվի...
Ո՛չ, չպետք է կործանվի Հայոց գրական ընկերությունը։ Քանի որ մի երկրում, մի հասարակության մեջ էդ տեսակ մարդիկ կան, էդ տեսակ մամուլ ու էդ տեսակ վերաբերմունք կա դեպի գրողն ու գրականությունը, նա, ընդհակառակը, պետք է հաստատուն կանգնի, մեծանա, ուժեղանա, հարազատ ու տաք օջախ դառնա հայոց հալածական գրականության համար, ամուր նեցուկ ու պաշտպան դառնա հայոց խանգարված գրողի համար և բարձր պատվար ամեն չարության ու հալածանքի հանդեպ։
Եվ նրա հարկի տակ պետք է հավաքվեն բոլոր նրանք, որոնք երազում ու ձգտում են տանելու հայ ժողովրդին դեպի գեղեցիկը, ազնիվն ու կատարյալը։