Jump to content

Կուրիսեցի Անդրեասի դիմումը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կուրիսեցի Անդրեասի դիմումը

ԿՈԻՐԻՍԵՑԻ ԱՆԴՐԵԱՍԻ ԴԻՄՈԻՄԸ

Այս պատմությունը սկսվում է այն օրից, երբ հողաբաժանության հերթը հասնում է Մեղրու գավառի Կուրիս գյուղին: Հողաչափը ջորու վրա նստած հենց որ հասնում է գյուղ և իր թղթերը ցույց տալիս, հավաքվում են, ժողով անում, հողկոմ ընտրում, հողերի ցուցակը կազմում: Մյուս օրը սկսում են հողերը չափել:

Այսպես տևում է տասներկու օր: Կուրիսը փոքր գյուղ է, ունի մոտ հիսուն ծուխ: Հողն էլ քիչ է, շնչին հասնում է 800 քառ, սաժեն: Տասներկու օրում հողերը բաժանելուց հետո, հողաչափը համայնքի ժողով է գումարում: Կուրիսի համայնքը հաստատում է հողերի բաժանքը, չքավորները ուրախությամբ ստորագրում են արձանագրությունը: Ով մինչ այդ հող չուներ, ուրիշի հողերն էր վարձով վարում, հող է ստանում:

Թղթերը խուրջինի մեջ դրած, հողաչափը նստում է ջորին, մնաս բարով ասում Կուրիսին, ուրիշ գյուղ գնում: Այսպես անցնում են ամիսներ, մոռացվում է Կուրիսն էլ, նրա հողաբաժանքի պատմությունն էլ:

ԿՈԻՐԻՍԻ ՀՈՂԱԲԱԺԱՆՔԸ

Աշունքվա մի օր փոստը բերում է մի դիմում, վրան գրած՝ «Հայաստանի Գերագույն Խորհուրդին»: Փոստի ցրիչը միտք է անում, թե այս ինչ «Գերագույն Խորհուրդ» է և որոշում է, որ երևի Կենտգործկոմը կլինի: Եվ իսկապես ցրիչը չի սխալվում, դիմումը պիտի հասներ հենց այդտեղ:

Ո՞վ էր գրել դիմումը և ինչի՞ մասին: Կուրիս գյուղացի Անդրեաս Հովհաննիսյանը նույն գյուղի հողաբաժանքի մասին: Կարդում են, զարմանում: Այսպե՞ս էլ դիմում, մի՞թե այդքան անարդարություն է եղել հողերը բաժանելիս: Ի՞նչ էր գրել կուրիսեցի Անդրեասը իր սեփական ձեռքով, թղթի չոր երեսի վրա:

«Կուրիսում հողերը չափելիս ոչինչ չեն խնայել: Քարերը, քոլերը, պատերը, անպետք հողերը չափել են, բաժանել»:

Եվ դրանից տուժել է «չքավոր դասակարգը», հողաչափը ոչ մի ուշադրություն չի դարձրել գյուղացոց բողոքին, սպառնացել է ծեծով, գյուղացիք էլ սուս են արել, համաձայնվել բաժանքին: Այդ գրելուց հետո Անդրեասը իր ցավից է գրում.

«Ինձանից խլեցին իմ սեփական հողերս, որոնք ինձ ապրուստի միջոց էին տալիս: Հինգ հարյուր վազ ունեցող խաղողի այգի եմ տվել, կարծելով թե ձեռք կվերցնեն ինձանից: Սակայն որտեղ...Առանց իմ կամքը հարցնելու խլել են ինձանից ամենալավ հողերս, ինձ զրկելով ապրուստից…»:

Դիմումի վրա, վերև բերած այս խոսքերի դիմաց «Գերագույն Խորհուրդից» մի ընկեր կարմիր մատիտով նշանակել է «չքավոր դասակարգ», երևի քննիչին հիշեցնելու համար Անդրեաս Հովհաննիսյանի այն խոսքը, թե «հողաչափը չքավոր դասակարգին ճնշել է»:

Հողաբաժանքի դեմ բողոքելուց հետո կուրիսցի Անդրեասը ավելորդ չի համարել նկարագրել գյուղի ներքին կյանքը, նրա պակաս կողմերը, որպեսզի կարդացողի համար պարզ լինի, թե ինչքան ծանր դրության մեջ է Կուրիսը և ինչքան արդար է ինքը՝ Անդրեասը:

ԳԱՅԼԵՐՆ ՈԻՏՈԻՄ ԵՆ ԳԱՌՆԵՐԻՆ

«Մեզանում այն է նկատվում, — գրել է Անդրեասը, — որ ջուրս պղտորել ես, պետք է քեզ ուտեմ»:

Երևի ուզում է հիշեցնել գայլի և գառան պատմությունը, ցույց տալու համար, թե ինչպիսի գայլեր կան Կուրիս գյուղում, գայլեր, որոնք մի պատճառ են փնտրում Անդրեաս Հովհաննիսյանի «չքավոր դասակարգին» գառան պես կուլ տալու: Դրանից հետո Անդրեասը գրել է.

«Տեղն է գալիս Միքայել Նալբանդյանի խոսքը, թե ազատություն կա, բանտից շատ նեղ է: Կուրիսում մի ահռելի ուսումնարան ենք կառուցել և ես 2 տարի տուժել եմ, մեջքիս գաճ ու քար կրելով, որից ավելի քայքայվել եմ»:

Եվ դարձյալ խոսքը շուռ է տալիս հողի մասին:

«Իսկ հողը շնչի են վերածում: Խնդրում եմ հինգ շնչի իսկական հող թողնել ինձ: Հավատացնում եմ, որ իմ հողերս ինձ համար իբրև կանոնավոր ապրելու միջոց շատ քիչ են: Նաև մի սխալ, որ ինձ տվել են չորս շնչի, այնինչ ես հինգ շունչ եմ»:

Այս բոլորը կարդալուց հետո մարդ ակամա զարմանում է այն հողաչափի վրա, որ ջորու վրա նստած եկավ, չափեց ու գնաց և գրեց, թե հողաբաժանքը կանոնավոր է, և բողոք չկա:

ԱՆԴՐԵԱՍԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ է ՉՔԱՎՈՐ ԴԱՍԱԿԱՐԳԻՆ

«Ձեզանից բարձր էլ ո՞ւմ դիմենք, — հարցնում է Անդրեասը «Գերագույն Խորհրդին» և ավելացնում.

— Տեղն է գալիս Ռաֆայել Պատկանյանի «Վանեցոց գանգատը». «Աստված, որ դու շատ բարի ես, մենք վար, դու վեր, շատ հեռու ես, խոշոր գործերով կպարապվես, ապա որին մենք գանգատվենք»:

«Վանեցոց գանգատն» անելուց հետո կուրիսեցի Անդրեասը բողոքում է գյուղում կատարված մի շարք գողությունների մասին, որի դեմ խորհուրդը ոչ մի միջոց ձեռք չի առել: Օրինակ, ամառվա ընթացքում նրա պատշգամբից գողացել են մի կարպետ, գողն այդպես էլ անպատիժ մնացել է:

«Մեզանում օրենքները գոյություն չունեն, թալանում են ամեն բան ազատ կերպով: Հույս ունեմ, որ Գերագույն Խորհուրդը ուշադրություն կդարձնե այս չարիքը վերացնելու»:

Ներողություն խնդրելով, որ երկար է գրում, Անդրեասը, գանգատվելով գյուղի...հավերից («ինչո՞ւ հավերը չեն բանտարկում, որ ցանքսը չփչացնեն», — գրում է կուրիսցին) հայտնում է, որ փոստի ծախքը չկարողանալով գտնել, դիմումն ուղարկում է շատ ուշ:

Հե՛յ գիտի «չքավոր դասակարգ»:

ԴԻՄՈՒՄԸ ՀԱՍԱՎ «ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ»

Հենց որ գործավարը այս դիմումը դնում է «Գերագույն Խորհրդի» մի ընկերոջ սեղանի վրա և այդ ընկերն էլ ուշի ուշով կարդում է կուրիսցու գրածը, հենց նույն օրն էլ կարգադրվում է քննել, տեղում մանրամասն ստուգել, թե ինչե՞ր է կատարվում Կուրիսում, ի՞նչ թալանի մասին է խոսքը, ո՞վ էր այն հողաչափը, որ ցեխը ձյունով ծածկեց, ձյունը հալվեց ու տակից ցեխը երևաց:

Բավականին ժամանակ անցավ, մինչև այդ կարգադրությունը ձեռքե ձեռք անցնելով, հասավ Կուրիս գյուղը: Փոքրիկ թղթի հետ միասին գյուղ գնացին և մի քանի մարդիկ, ժողով անելու և քննելու, թե երբ է թալան եղել, ինչ գողեր են, որ ազատ ման են գալիս և ինչիցն է, որ Կուրիս գյուղում օրենքները չեն գործում և գառներին, ջուրը պղտորելու համար, գայլերն ուտում են:

Ժողով են կանչում, ժողովում հողաբաժանքի հարցն են դնում, գողության, թալանի, կորած կարպետի, մի խոսքով այն բոլոր հարցերի, որի մասին կուրիսցին գրել է իր դիմումի մեջ:

Հնարավորություն չկա ժողովին մասնակցող գյուղացիների ասածները մեկ-մեկ գրելու, ինչպես և նրանց գրավոր ցուցմունքները տալու: Եթե Կուրիսի գյուղխորհուրդը մի թուղթ էր ստացել «շտապ քննություն կատարելու» մասին, այդ ժողովից հետո Կուրիս գյուղի հողաբաժանքի և Անդրեաս Հովհաննիսյանի գրած հարցերի մասին դրանից ավել թուղթ է գրվում:

Ի՞նչ է պարզել քննությունը, ի՞նչ է ասում Կուրիսի չքավոր դասակարգը Անդրեաս Հովհաննիսյանի մասին:

Ամենից առաջ հաստատվում է, որ նրա հինգերորդ շունչը, որին հող չեն տվել, ծնվել է հողը բաժանելուց հետո: Իհարկե, հողաչափը հանցավոր է, որ հուլիսին է հողերը բաժանել և երեք ամիս չի սպասել, որ Անդրեասը մի ժառանգ էլ ունենար:

Անդրեասը Կուրիսի հողով հարուստ մարդն է եղել: Տարիներ շարունակ նրա հողերի վրա ուրիշներն են մշակություն արել, իսկ ինքը քաղաքներում ապրելով, ազատ ժամերին կարդացել է Ռաֆայել Պատկանյանի վանեցոց գանգատները:

Ոչ մի այգի չի տվել, հինգ հարյուր վազով: Անդրեասը հողով լրիվ բավարարված է և նույնիսկ մի քիչ էլ ավելի: Այդպես էլ գրված է համայնքի արձանագրության մեջ.

«Անդրեաս Հովհաննիսյանը Պատվակ անվանվող տեղում ուներ երկու մեծ հողամաս: Այդ հողամասերից մեկը, որ ավելի վատ էր, կտրված է, իսկ մյուսը, որն ավելի լավ է, թողնված է իրեն: Նա ստացել է հողատերի նորմայով և լավ կատեգորիա»:

Մարկայի փող չունեցող Անդրեասը, որ իր դիմումն ուշացրել էր դրա պատճառով, միջակից բարձր տնտեսություն ունի, գյուղի ունևորներից է: Իսկ ի՞նչ գողություն է, որ կատարվել է Կուրիսում և գողերին անպատիժ են թողել:

ԿՈԻՐԻՍՈԻՄ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱԼԱՆ

Կուրիս գյուղում երկու տարվա ընթացքում անթիվ անհամար գողություն է եղել: Տարել են մի ուլ և երկու հավ: Ուլը հետ է մնացել հոտից, կուրիսցի երկու ջահել ուլին պառկեցրել են փոսի մեջ և դանակը խրել կոկորդում: Ուլը բղավել է, օգնություն կանչել գյուղխորհրդից, բայց նախագահը չի լսել և կուրիսցի երկու ջահել ուլը անուշ են արել, բայց մյուս օրն ևեթ վճարել են ուլի արժեքը: Իսկ հավերը գողացել են անհայտ չարագործներ: Կալը կալսելիս հարևանի երկու հավ դեզի վրա քուջուջ անելու համար արժանացել են մահվան և տապակվել են կալատիրոջ կաթսայում:

Կուրիս գյուղում եղել է մի չտեսնված թալան, որի համար իրավունք ուներ Անդրեասը բողոք տալու «Գերագույն Խորհրդին»: Գյուղի հովիվը ամառվա շոգին անցնում է մի բոստանի կողքով, աչքն ընկնում է կանաչ վարունգին: Սարի չոբա՛ն, Կուրիսի վարունգ...Հովիվը թռնում է ցանկապատի վրայով, ծոցը լցնում է վարունգով: Հարա՛յ-հրոց, աղմուկ-աղաղակ: Հովիվը կարողանում է միայն վարունգի կեսը կուլ տալ, որովհետև տերը վրա է հասնում, բկից բռնում: Ահա միակ թալանը երկու տարվա րնթացքում:

Ժողովում քննում են Անդրեաս Հովհաննիսյանի պատշգամբից գողացած կարպետի պատմությունը: Այս ամենից զարմանալին է: Դուրս է գալիս, որ կարպետն ուրիշինն է եղել, կարպետը կորել է գյուղի դպրոցից: Մեկը վեր է կենում և հայտարարում, որ ինքը «կասկածում է Անդրեաս Հովհաննիսյանի վրա նույն կարպետի մասին»:

ՔՆՆՈԻԹՅՈԻՆ ՄԻՆՉԵՎ «ՅՈԹ ՊՈՐՏԸ»

Ասում է ինչքան անտառի խորքը մտնես, այնքան շատ ցախ կհավաքես: Քննում են Անդրեասի «յոթ պորտը», և պարզվում է, որ հնում կուրիսցին ինչ-որ պատմություն է ունեցել, որի համար նրան գյուղից հեռացրել են:

«Անդրեաս Հովհաննիսյանը խարդախ մարդ է: Հողաբաժանքից հետո լարված դրության մեջ է մեր գյուղում: Նա անցյալում էլ խարդախ մարդ էր, որին հեռացրինք գյուղիցս: Եվ միայն վերջերս է եկել գյուղ...»:

Այսպես են ասել գյուղացիք նրա մասին, քննության ժամանակ:

Կա մի հեքիաթ, թե ինչպես երկու սոված մարդ թագավորի ախոռի կտրան մի հատ չամիչ են գտնում, փորում են կտուրը, ավելի շատ են գտնում, վերջը ծակում են և ընկնում չամիչով լի ախոռը:

Քննության ժամանակ փորել են, մի չամիչ են գտել, մի քիչ հետո երկուսը, երեքը, և վերջն ընկել են Անդրեասի ախոռը, այսինքն գտել են իսկական պատճառը, որի մասին արձանագրության մեջ միայն երկու խոսք է ասված:

Անդրեասը մի ուրիշ գյուղացու շատ ծածուկ հայտնել է.

— Դու մի քիչ հեռու կաց, ես խորհուրդը ցրեմ: Այդ մասին ես աշխատում եմ:

Եվ նույն ճանապարհով մի թուղթ էլ գնաց, ուղղված Կուրիս գյուղի բնակիչ Անդրեաս Հովհաննիսյանին: Կուրիսցին կարդաց, աչքերը չռեց:

— Ձեր դիմումը թողված է անհետևանք...