Jump to content

«Սոբուչ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՍՈԲՈԻՉ»

Էլեկտրական մեծ լամպերը լույսով ողողել էին կայարանի պերրոնն ու զուգահեռ ընկած երկաթգծերը: Անձրևը նոր էր դադարել, և լույսի տակ պերրոնի սալահատակը փայլփլում էր մաքուր սրբած հայելու պես, իսկ ռելսերն ասես ապակե ձողեր լինեին: Անձրևաջուրը խառնվել էր ռելսերի մոտ թափված մազութին և շպալների արանքում գոյացրել սև, փոքրիկ լճակներ, որոնց յուղոտ մակերեսն արտացոլում էր լամպերի լույսը:

Հերթական գնացքն ուղևորվել էր: Մի քանի՝ աչքերն անքնությունից ուռած ուղևորներ հենվել էին փայտի մեծ աթոռներին, ննջում էին, ոտների արանքում կապոցներ, տոպրակներ: Կարմիր-կանաչ լապտերներով կոնդուկտորներ, անբաժան կողովը կամ մեծ կողպեքով արկղը թևի տակ, գնում գալիս էին, մտնում հերթապահի սենյակը կամ զանգի մոտ կանգնած զրուցում: Կեղտոտ գոգնոցով մեկն ավլում էր առանց այն էլ անձրևից լվացված պերրոնը:

Երրորդ գծի վրա տասնհինգի մոտ ապրանքատար վագոններ կային, առանց շոգեմեքենայի: Յուրաքանչյուր վագոնի առաջ խռնվել էին տղամարդ ու կին, կանչում էին, ծիծաղում, խոսում: Պերրոնի վրա անց ու դարձ անողները երբեմն կանգնում էին, նայում վագոնների կողմը, ծիծաղում, եթե լսվում էր սուր մի խոսք կամ հանաք:

Վսեոբուչի գնացող գյուղացի երիտասարդներ էին: Հեռվի մթության մեջ, մերթ ընդ մերթ, գիշերահավի պես կանչում էր շոգեմեքենան, որ պիտի գար, տասնհինգ վագոններն առներ ու տաներ:

Երգ, աղմուկ, աղաղակ և այդ ամենի հետ մի քանի զուռնա ու դհոլ, մի զիլ ծլնգացնող դուդուկ, որ ծղրտում էր առավոտյան գետի ափը վազող սագերի պես:

Յուրաքանչյուր վագոնի առաջ հավաքվել էին գնացողների հարազատները, նրանց խառնվել էին և կոնդուկտորներ, կայարանի հերթապահ ծառայողներ, կառապաններ և սոսկական ուղևորներ, որոնք հաջորդ գնացքով պիտի մեկնեին:

Մի վագոնում քյալալեցիք էին, մյուսում հոռոմցիք, երրորդում մաստարեցիք ու թալինցիք: Վագոնից վագոն ձայն էին տալիս, ամեն վագոն աշխատում էր իր զուռնան զլել, իր վրա դարձնել ամբոխի ուշադրությունը, ամենից համով խոսք ասել և ծիծաղեցնել, ծիծաղու կոտորել:

— Գյադա չալե, տո չալե, — ձայն էր տալիս մի հոռոմցի, որ ուրախությունից, թե գինուց հարբել, անվերջ երգում էր, պարում: Ընկերները նրան մի կերպ բարձրացնում են, տեղավորում վագոնում: Բայց հոռոմցին վագոնի մեջ էլ է պարում. շխրտում են հատակի տախտակներն ու մեկ էլ՝ հո՛պ, վագոնից թռնում է ներքև, պարը շարունակում:

— Ջոկապետ ջան, հորդ հոգուն մեռնիմ...Տո, թողեք խաղամ...

Մյուսները ծափ են զարկում: Հոռոմցու կենտպարը քիչ հետո դառնում է շուրջպար: Պարում են բոլորը՝ «սոբուչ» գնացողները, կառապան ու միլիցիոներ, կոնդուկտոր ու տելեֆոնիստ: Պարին զոռով խառնում են և մի պառավ կնոջ, որ մինչ այդ որդուց չէր հեռանում, խոսում էր, և ամեն խոսքի հետ արցունքն էր ծլլում:

Պարում էր պառավը մյուսների հետ, ճվում էին, ճչում, իսկ պառավը պարելիս էլ աղլուխով արցունքն էր սրբում:

— Ով ծափ չզարկի, կնիկը մեռնի...

— Տո Լևոն, ծափ տու, Շուշանդ մոռցա՞ր:

Ու Լևոնը ծափ է տալիս, ծափի հետ միտքը թռչում է Մաստարա՝ Շուշանի մոտ:

Մյուս վագոնի առաջ մի այլ խումբ է պարում: Աշխատում են գետնին ավելի պինդ խփեն, զուռնան զիլ է կանչում պարողներից մեկը զուռնայից էլ բարձր ձայն է տալիս.

— Տո, հոռոմցիք, ուռած փորեր, ի՞նչ եք տզկել...Ջա՛ն քյալալացիք, տո չալե՛, Մուկուչ, «Հոպոպը» չալե:

Պարը փոխում են: Հոռոմցիների մոտ հավաքվածներից ոմանք նրանց մոտ են գնում, ուրիշ վագոններից են գալիս և ոգևորված զուռնան մեկ ծկլթում է, մեկ հանդարտ է կլկլում:

Հոռոմցին ճարպիկ շարժումով բարձրանում է վագոն և բարձր կանչում.

— Տո Տերտերանց Օնիկը չե՞մ ես...ընկերներ և բանվորներ, ես ձեր ջանին ղուրբան...խորհրդային իշխանության վով որ մտքեն հակառակ է, ես էնոր ականջը...

Ամբոխը հռհռում է, ընկերները փորձում են ներս տանել նրան, բայց հոռոմցին նրանց ոտների արանքով դուրս է պրծնում, թռչում գետնին ու նորից բղավում բեզարած զուռնաչուն.

— Տո չալե, ես քու կյանքին մեռնիմ...

Մի այլ վագոնում նստոտել են տախտակների վրա: Մոմի թրթռացող լույսի տակ հազիվ են երևում դեմքերը: Վագոնի կիսամութ անկյունում նստած մեկը մեղմ, լալկան ձայնով երգում է.

— Ընկել ե՛մ գերի՛...

— Օտար երկրներ...

Մյուսները ձայնակցում են այդ երգ-աղերսին, ամեն մեկը բառերի մեջ դնելով այլ իմաստ՝ կովի, եզան, հողի, Շուշանների հետ կապված:

— Նստել ես վագո՛ն...

— Սալդաթ բալա ջան:

Մի ծեր կոնդուկտոր, որ վերի վագոնների տակ կռանում, լապտերով նայում էր, մի պահ կանգնեց, լսեց այդ երգն ու դարձավ նրանց.

— Տո ա՜յ օղուլ, ի՞նչ կուլաս: Նիկալայի վախտն էղներ, մերդ լացացնեին: Սոբուչ կերթաս Դիլիջան, հո Սիբիր չե՛ն քշե...

Երգողները մի պահ լռում են. քիչ հետո մի ուրիշն է բարակ ձայնով ծոր տալիս այն մասին, որ «երկնքուց կախված է Սողոմոնի գիրքը, կարդացեք, իմացեք սալդաթի միտքը»...

Ուկրաինացի մի քանի զինվորներ, որոնք վերադառնում են պահակատեղից, խառնվում են ամբոխին, հարցնում՝ թե ովքեր են գնացողները: Մի կառապան գյումրեցու ռուսերենով նրանց հասկացնում է: Ուկրաինացիք հետաքրքրվում են զուռնայով, մոտենում են պարողների մի խմբի: Ու հանկարծ պարողները մեջ են առնում նրանց. ուկրաինացի զինվորները քահ քահ ծիծաղելով պարում են «Հոռոմի» եղանակ:

Գնացողներից մի քանիսն աղմուկից հեռու ինչ-որ պատվիրում են իրենց հարազատներին: Մեկն իր բիձուն պատվիրում է ոչ մի դեպքում եզը չծախել, կոմսոմոլ մի տղա բջջի անդամին թերի թողած գործի մասին է պատմում: Պառավ կինը դեռ լալիս է, բարեմաղթում.

— Գնացեք, աջողություն ձեզի...

Մի ուրիշը իր ազգական երիտասարդին սրտանց հուսադրում է.

— Էրթաս մարդ կդառնաս, բալաս:

Միլիցիոները մոտը կանգնած կառապանին պատմում է, ականջը դեմի վագոնից լսվող երգին.

— Վագո՛ն, մի ժաժ տա՛...

— Մեր Էրթլու վախտը էստեղ շիվան էր...Սաղ կնկտինք բիթտուն կուլային: Ողորմած հոգի Բերբեռ Մուկուչը իսա երգն որ ըսեր, մեռլատան պես կուլային...

Հոռոմցի Օնիկը պարից բեզարել է, բայց չի հանդարտում: Եվ զուռնան կտրելուց բարձր կանչում է.

— Ա՛խ մի տաք փոր էղնի, քաշեմ փորիս...

Հռնդոցից հարևան վագոնի դուդուկի ձայնը չի լսվում: Ամբոխից մեկը կանչում է.

— Ա՛յ մորդ լուսը չքոռնա, Օնիկ:

Հանկարծ հեռվի մութում զիլ ծկլթում է շոգեմեքենան և շոգու փնչոցով մոտենում է վագոններին:

Իրարանցումն ուժեղանում է: Մնաս բարով են ասում, իրար խառնվում, իրար կանչում: Ջոկապետները վագոնից վագոն են անցնում, նստեցնում: Զուռնայի ձայնը վագոնի ներսից է գալիս:

— Գնա՛ց, տո, էլե՛ք, էլե՛ք...

Վագոնները շրխկոցով իրար են հրում: Հնչում է սուլոցը, վագոններն օրորվում են շոգեմեքենայի ամեն մի փնչոցի հետ: Լսվում է մի բարակ ձայն, շարունակում են երգել:

— Վագոն, մի՛ ժա՛ժ տա՛...

Պառավ կինը մոտեցել է վագոնին, որդին կռացել է վրան.

— Իրավունք կառնեմ, կուգամ:

Շոգեմեքենան սուլեց:

— Գնա՛ց, գնա՛ց...

Մեկ էլ թնդաց զուռնան ու դհոլը...Բազմաթիվ ձեռքեր ու գլխարկներ օդում ճոճվեցին.

— Բարի ճանապարհ, աջողություն ձեզի...

Քիչ հետո վագոնները փայլփլուն ռելսերի վրայով սուրալով կորան մութի մեջ: Վերջին վագոնի ետքին կարմիր ճրագը թարթում էր որպես մանկան աչք: Պերրոնի վրա կանգնած պառավ կինը զսպված հեկեկում էր, աչքը կարմիր, փոքրիկ ճրագին...