ՀՍՀ/Աբաղյանց
← Աբաղայի դաշտ | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աբամելիք → |
ԱԲԱՂՅԱՆՑ Հայկ Ավագի (1902–1964), հայ սովետական ջերմատեխնիկ, տեխ․ գիտ․ դ֊ր (1951), պրոֆ․ (1952)։ Ծնվել է նոյեմբերի 22֊ին, Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի ռազմածովային բարձրագույն ինժեներական ուսումնարանը (1928)։ 1931–50֊ին վարել է նույն ուսումնարանի ջերմատեխնիկայի տեսական հիմունքների, ապա՝ նավաշոգեկաթսաների, իսկ 1960֊ից Լենինգրադի նավաշինական ինստ֊ի միջուկային էներգետիկայի ամբիոնները։ 1952–54֊ին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական, 1956–64֊ին՝ Լենինգրադի նավաշինական ինստ֊ներում։ Ա․ ուսումնասիրել է հնոցային պրոցեսները նավակաթսաներում և մշակել ռոտացիոն բոցամուղների տեսությունն ու հաշվարկի մեթոդիկան։ Հետազոտել է ջերմափոխանցման պրոցեսները նավային և միջուկային շոգեգեներատորներում, միջուկային ռեակտորներում, մշակել դրանց տեսությանն ու հաշվարկին վերաբերող հարցեր։ Մահացել է ապրիլի 20֊ին, Լենինգրադում։
Երկ․ Технологические каналы и сборки с трубчатыми тепловыделяющими элементами, Л., 1962; Работа ядерных парапроизводящих установок на переменных режимах, Л., 1963․