Jump to content

ՀՍՀ/Աբբաս I

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աբբաս Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբբաս I

Աբբաս II


ԱԲԲԱՍ I Մեծ (Շահ-Աբբաս, 1571—1629), Իրանի Սեֆևյան հարստության շահ 1587-ից։ Հոր՝ շահ Խուդաբենդեի օրոք՝ Խորասանի փոխարքա։ Մինչև Ա. I Սեֆևյանների քաղաքական հենարանը Ատրպատականն էր։ Երկիրը տնտեսական քայքայվածությունից դուրս բերելու և իշխանությունը կենտրոնացնելու նպատակով Ա. կողմնորոշվեց դեպի պարսիկները։ Արտոնություններ տվեց հայ հոգևորականությանն ու վաճառականությանը, կառավարման մեջ ներգրավեց իրանական ավագանուն։ Թուլացրեց քոչվոր ղզլբաշական և այլ թուրքական ցեղերի ռազմական ազնվականության քաղաքական դերը, ավելի ուշ, 1598-ին մայրաքաղաքը Ղազվինից տեղափոխեց Սպահան։ Երկրի ներքին կյանքում կատարեց բարեփոխումներ, հումքի (մետաքս) մշակումը խրախուսելու նպատակով բացեց պետ. արհեստանոցներ, հովանավորեց Եվրոպայի հետ առևտուրը՝ ներգրավելով հայ առևտրականներին, մետաքսի արտահանությունը դարձրեց պետ. մենաշնորհ, կառուցեց իջևանատներ, ճանապարհներ, կամուրջներ, ոռոգման ջրանցքներ։ Դիվանագիտական կապեր հաստատեց Անգլիայի, Ռուսաստանի, Ավստրիայի, Իսպանիայի, Հոլանդիայի հետ։ Պարսկաստանի արմ. և հս. երկրամասերը ետ նվաճելու համար պատերազմ մղեց Թուրքիայի և Բուխարայի դեմ, գրավեց Լորիստանը, Գիլանը, Մազանդարանը և Խորասանը։ Իր իշխանությանը ենթարկեց Աֆղանստանի մեծ մասը։ 1601—13-ին թուրքերից վերագրավեց Ատրպատականը, Հայաստանի և Վրաստանի մի մասը, Շիրվանը։ 1623-ին գրավեց Բաղդադը, Մոսուլը, շիա աղանդի հետևորդների սրբավայր Քերբելան և Նաջաֆը։ Անգլ. Արևելա֊հնդկական ընկերության օժանդակությամբ պորտուգալացիներին դուրս մղեց Պարսից ծոցի շրջանից, Եվրոպայի հետ առևտրի ճանապարհը Թուրքիայից Իրան փոխադրելու դիտավորությամբ Պարսից ծոցի ափին կառուցեց Բենդեր֊Աբբաս նավահանգիստը (1623)։ Ա֊ի իշխանության վերջին տարիներին Սեֆևյանների տիրապետությունը տարածվեց Տիգրիսից Հնդկաստան։

Ա. մեծ արհավիրքներ բերեց հայերին։ Օգտագործելով նրանց դժգոհությունը թուրք․ տիրապետությունից՝ Ա. նպատակ ուներ հեշտացնել 1590-ին թուրքերի նվաճած անդրկովկասյան տերիտորիաների ետգրավումը և հայերի ու վրացիների գաղթեցումը Պարսկաստան։ Արցախի մի խումբ վաճառականներ ու մելիքներ, ինչպես նաև մի քանի գյուղերի բնակիչներ Ա֊ի թագավորության առաջին տարում գաղթեցին Սպահան։ Նույն միջոցին դիմեցին նաև Ատրպատականի թուրքահպատակ մահմեդական կալվածատերերից ոմանք և Էջմիածնի Գավիթ ու Մելքիսեթ կաթողիկոսները։ 1603-ին Ա. օսմանցիներից գրավեց Թավրիզը, Նախիջևանն ու Երևանը և գրաված վայրերի հայ բնակչությանը գաղթեցրեց Իրան։ 1604-ի աշնանը թուրքերը պարսկ. բանակին ստիպեցին նահանջել։ Ա. հրամայեց իր ճանապարհի վրա գտնվող շրջանների ամբողջ բնակչությանը (մոտ 300 հզ.)՝ Շիրակից մինչև Գողթն, բռնի գաղթեցնել Իրան։ Նրանց մեծ մասը զոհվեց ճանապարհին։ Այդ բռնագաղթը հայ ժողովրդի մեծագույն աղետներից էր։ Հայաստանի շրջանների բնակչությունը նոսրացավ, օտար տարրերի բնակեցման հնարավորությունները մեծացան, երկիրը երկար ժամանակ զրկվեց պաշտպանունակությունից (տես նաև Իրան, Հայերն Իրանում բաժինը)։

Գրկ. Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, 3 տպգ., Վաղ֊պատ, 1896։ Ավգոստինոս Բաջեցի, Պատմութիւն թագաւորացն հայոց որ ի Սիս, մաս 2. Ճանապարհորդութիւն յԵվրոպա, ՍՊԲ, 1884։ Տեր֊Հովհանյան Հ․, Պատմություն Նոր Ջուղայու, հ. 1—2, Ն. Ջուղա, 1880—81։ Գորոյանց Ն., Պարսկաստանի հայերը, Թեհրան, 1968։ Иванов М. С., Очерк истории Ирана, М., 1952. Տ. Հակոբյան