Jump to content

ՀՍՀ/Ալիխանով Աբրահամ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ալիխանյան Սոս Հայկական Սովետական Հանրագիտարան

Ալիխանով Աբրահամ

Ալի–Ղամարլու


ԱԼԻԽԱՆՈՎ Աբրահամ Իսահակի (1904– 1970), հայ սովետական ֆիզիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), սոցիալիստական աշխատանքի հերոս (1954)։ Ծնվել է փետրվարի 20(մարտի 3)–ին, Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստ–ը (1929)։ 1927–41-ին աշխատել է ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկատեխնիկական ինստ–ում։ Առաջին աշխատությունները վերաբերում են ռենտգենակառուցվածքային անալիզին և ռենտգենյան ճառագայթների ֆիզիկային։ 1934-ից հետազոտել է ռադիոակտիվությունը և ռադիոակտիվ ճառագայթումը, Ա. Ալիխանյանի և Մ. Կոզոդաևի հետ հայտնաբերել և հետազոտել է գրգռված միջուկներից էլեկտրոն–պոզիտրոն զույգերի արձակման երևույթը։ Նա Ա. Ալիխանյանի հետ սահմանել է (1935) β-սպեկտրների կախումը տարրի ատոմական համարից և ճշգրտել Ռեզերֆորդի ստացած որոշ արդյունքներ։ Ալիխանյանի և Լ. Ա. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել է (1936) իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն–պոզիտրոն զույգերի անիհիլացման ժամանակ։

Ա. կազմակերպել է Էլբրուսի տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը (1940)։ Ապացուցել է էլեկտրոնների ու ֆոտոնների նույնությունը՝ մասնիկների հեղեղներ առաջացնելու տեսանկյունից։ 1943-ին Ալիխանյանի հետ զբաղվել է տիեզերական ճառագայթների ուսումնասիրությամբ (Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայան) և նրանց հեղեղի մեջ հայտնաբերել մեծ էներգիայի պրոտոնների հոսք, որը համաշխարհային առումով վճռական դեր խաղաց տիեզերական ճառագայթների ֆիզիկայի ասպարեզում կատարվելիք հետագա ուսումնասիրությունների համար։ Ա. հետազոտել է արագ պրոտոնների ու նեյտրոնների ներգործությամբ թյամբ միջուկում կատարվող պրոցեսները և պարզել ծնվող մասնիկների բնույթը։

1945–68-ին եղել է Ջերմատեխնիկական լաբորատորիայի (1957-ից՝ ՍՍՀՄ ԳԱ տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստ.) դիրեկտոր։ Ա. իր աշխատակիցների հետ ստեղծել է (1949) ծանր ջրային դանդաղեցուցիչով ՍՍՀՄ–ում առաջին միջուկային ռեակտորը։ Ա. միջուկային ֆիզիկայի սովետական դպրոցի և ՍՍՀՄ–ում տարրական մասնիկների արագացուցիչների ստեղծման հիմնադիրներից է։ Նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ սկսվել է (1961) Մոսկվայի 7 Գէվ էներգիայով պրոտոնների կոշտ կիզակետմամբ արագացուցիչի կառուցումը։ Ա–ի ղեկավարությամբ է նախագծվել նաև 70 Գէվ էներգիայով պրոտոնային արագացուցիչը։ ՍՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր էր (1941, 1948, 1953), պարգևատրվել է Լենինի երեք և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է դեկտ. 8-ին, Մոսկվայում։

Երկ. Слабые взаимодействия. М., 1960.

Գրկ. Шестидесятилетие академика А. И. Алиханова, «Атомная энергия», 1964, т. 16, в. 4. Գ. Մատիկյան

ԱԼԻ–ՂԱՄԱՐԼՈՒ, գյուղ նախկին Երևանի նահանգի Սուրմալուի գավառում, Իգդիր գյուղաքաղաքից ոչ հեռու (այժմ Թուրքիայում)։ XX դ. սկզբին ուներ 1045 հայ բն. (126 տուն)։ Ա–ի բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և դպրոց։ 1920-ին Ա–ի բնակիչների մեծ մասը գաղթել և բնակություն է հաստատել Սովետական Հայաստանում։


ԱԼԻՄԵՆՏ (<լատ. almentum – սնունդ, ապրուստի միջոց), ապրուստի միջոց, որը օրենքով սահմանված դեպքերում ընտանիքի որոշ անդամներ վճարում են ընտանիքի մյուս՝ դրա կարիքն ունեցող անդամներին։ Ա. վճարելու կամ ստանալու փոխադարձ պարտականությունը և իրավունքը բխում են ազգակցությունից, ամուսնությունից և երեխաների մշտական դաստիարակության ու խնամքի հոգսը ստանձնելուց։ Սովետական օրենսդրությամբ ծնողները պարտավոր են հոգալ իրենց երեխաների ապրուստը մինչև նրանց 18 տարին լրանալը։ Ա. գանձվում է մեկ երեխայի համար վաստակի (եկամտի) 1/4, երկուսի համար՝ 1/3, երեք և ավելի երեխաների համար՝ կեսի չափով։ Օրենքով սահմանված դեպքերում դատարանը կարող է նվազեցնել Ա–ի չափը կամ վերացնել դրա վճարման պարտավորությունը։ Եթե Ա. գանձվում է ամուսնու, չափահաս զավակի, քույրերի և եղբայրների, պապի, տատի և թոռների, խորթ ծնողի կամ խորթ զավակի համար, ապա ստացողը պետք է լինի անաշխատունակ և կարիքավոր, իսկ տվողը՝ վճարունակ։ Բաժանված ամուսինն իրավունք ունի Ա. ստանալու իր նախկին ամուսնուց, եթե անաշխատունակ է դարձել ամուսնալուծությունից հետո 1 տարվա ընթացքում։ Եթե ամուսինները երկար ժամանակ եղել են ամուսնական կապի մեջ, դատարանը կարող է ապահարզանված կարիքավոր ամուսնու օգտին Ա. բռնագանձել նաև այն դեպքում, երբ հայցվորը կենսաթոշակային տարիքի է հասել ամուսնալուծության պահից ոչ ուշ, քան 5 տարում։ Ս. Հովհաննիսյան


ԱԼԻՄՋԱՆ Համիդ (1909-1944), ուզբեկ սովետական բանաստեղծ։ Ուզբ. ՍՍՀ ԳԱ թղթ–անդամ (1943)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ծնվել է դեկտեմբերի 12-ին, Ջիզակում։ Առաջին գիրքը՝ «Գարուն», լույս է տեսել 1926-ին։ Ա–ի տաղանդն առավել ցայտուն դրսևորվել է «Սիմուրղ», «Այգուլ և Բախտիար», «Զայնաբ և Աման» պոեմներում։ «Վերցրու զենքը ձեռքդ» բանաստեղծությունների ժողովածուում (1942) և «Ռոքսանայի արցունքները» (1944) պոեմում երգել է սովետական մարտիկների սխրանքները։ Գրել է նաև «Մուքաննա» (1942–43) պատմական դրաման։ Մահացել է հուլիսի 3-ին։


ԱԼԻՆԱԽ (իսկական անունը՝ Հովհաննես, ծն. և մահ. թթ. անհտ.), XIV դարի հայ գրիչ, ծաղկող, կազմող։ Ստեղծագործել է Տարոնի Ա. Կարապետ վանքում, ապա՝ Խորձեան և Եկեղյաց գավառներում, ուր արտագրել և ծաղկել է երկու ավետարան։ 1370-ին նկարազարդել է Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմութիւն»–ը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 1886)։


ԱԼԻՇԱՆ Ղևոնդ (իսկական անուն–ազգանունը՝ Քերովբե Ալիշանյան Պետրոս–Մարգարի, 1820–1901), հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ , թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1838-ից։ Ծնվել է հուլիսի 6(18)–ին, Կ. Պոլսում, դրամագետ–հնագետի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը տեղի Չալըխյան վարժարանում ստանալուց (1830–32) հետո ուսումը շարունակել է Վենետիկի Մխիթարյանների դպրոցում (1832–41)։ Հետագայում աշխատել է Վենետիկի Ռափայելյան վարժարանում որպես ուսուցիչ (1841–50, ապա՝ 1866–72), տեսուչ (1848-ից), «Բազմավեպ»–ի խմբագիր (1849–51), ուսուցիչ Փարիզի Մուրատյան վարժարանում (1859–61)։ 1872-ից ամբողջովին նվիրվել է գիտական գործունեության։ Եղել է ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1886), Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր (1897), անդամակցել է իտալական, ռուսական ևն գիտական ընկերությունների։ Մահացել է նոյեմբ. 9(22)–ին և թաղվել Վենետիկի Ս. Ղազար կղզում։

Ա. գրական ասպարեզ է իջել որպես բանաստեղծ։ Շարունակելով Մխիթարյանների գրական ավանդները՝ սկզբում գրել է կրոնական թեմաներով, գրաբարով։ Հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության և համախմբման շրջանում, երբ ժողովրդի ազատագրական ձգտումները նոր մարմնավորում էին ստանում, Ա–ի ստեղծագործությունը դարձավ դրա արձագանքն ու արտացոլումը։ Այդ երկերում, որոնք գրված են աշխարհաբարով, նա պատկերել է հայ ժողովրդի պատմական անցյալի հերոսական դրվագները։ 1847–60-ին «Բազմավեպ»–ում Նահապետ ստորագրությամբ Ա. հրատարակել է մի շարք բանաստեղծություններ և պոեմներ («Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Հրազդան», «Մասիսու սարերն», «Հայոց աշխարհիկ», «Վերջին երգ վիրավոր բամբռահարին», «Աշոտ Երկաթ ի ծովուն Սևանա», «Պլպուլըն Ավարայրի», «Շուշանն Շավարշանա»), որոնք նրա պոեզիայի բարձրակետն են։

Ա. իր ուժերը փորձել է նաև գեղարվեստական արձակում՝ հրատարակելով «Յուշիկք հայրենեաց հայոց» (հ. 1–2, 1869–70) պատմա–գեղարվեստական ստեղծագործությունը։ Հայ ժողովրդի հերոսական անցյալի օրինակով նա երիտասարդ սերնդին սովորեցրել է սիրել հայրենիքը, չխնայել կյանքը նրա փրկության համար («Կարմիրն Վարդան»), գնահատել ու պահպանել ժողովրդի մշակույթը («Աբգար Դպիր») ևն։

Տիրապետելով եվրոպական ու ասիական բազմաթիվ լեզուների՝ Ա. կատարել է մի շարք թարգմանություններ, օր. Ջ. Միլտոնի «Դրախտ Կորուսյալ»–ը (հատված, «Ծաղկաքաղ քերդողաց Անգղիացւոց», 1852), Ջ. Բայրոնի «Իտալիա»–ն («Չայլղ Հարոլդ» պոեմի չորրորդ երգը, 1860), Ֆ. Շիլլերի «Երգ ի զանգակն» (1871), Հ. Լոնգֆելլոյի «Հնձողն և ծաղկունք»–ը («Քնար Ամերիկյան», 1874) ևն։

Ա. եղել է հայ ժողովրդական բանարվեստի առաջին գնահատողներից և բանահավաք–ուսումնասիրողներից։ «Հայոց երգք ռամկականք» (1852, համատեղ տրված են հայերեն բնագիրն ու անգլերեն թարգմանությունը) ժողովածուն մեր գիտական բանագիտության առաջին աշխատություններից է։

Իր լավագույն ստեղծագործություններով Ա. հաղթահարել է կլասիցիզմը և ուղի հարթել ռոմանտիզմի համար՝ դառնալով այդ ուղղության հիմնադիրներից մեկը հայ գրականության մեջ։

Կոչ անելով հայությանը «զենքն ի ձեrին» ազատագրել հայրենիքը, պայքարով ձեռք բերել սեփական ազատությունն ու անկախությունը՝ Ա., սակայն, ապագա Հայաստանի հասարակական–քաղաքական կառուցվածքը պատկերացրել է որպես լուսավորյալ միապետություն («Յուշիկք…»–ի «Ըսկիզբն տարւոյ և մարդկութեան ի Հայս», «Աշոտ Ա և Հայաստան հազար տարի առաջ» գլուխները)։

Գիտական հոդվածներով Ա. հանդես է եկել 1843-ից՝ «Բազմավեպ»–ի էջերում։ «Տեղագիր Հայոց Մեծաց» (1855) աշխատության մեջ տեղագրել է պատմական Հայաստանի գավառները, տվել նրանց համապատասխան գիտա–աշխարհագրական բնութագրությունը։ Ա. նախատեսել էր գրել պատմական Հայաստանի բոլոր տասնհինգ նահանգների մասին պատմաաշխարհագրական բնույթի աշխատություններ, որոնք պետք է զետեղվեին 20–22 մեծադիր հատորներում։ Շարքի առա–