Jump to content

ՀՍՀ/Անիզոտրոպություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Անի» ամսագիր Հայկական Սովետական Հանրագիտարան

Անիզոտրոպություն

Անիզոֆիլիա


ԱՆԻԶՈՏՐՈՊՈՒԹՅՈՒՆ (<հուն. άνισος - անհավասար + τροπος – ուղղություն), նյութի ֆիզիկական (մեխանիկական, օպտիկական, էլեկտրական ևն) բոլոր կամ որոշ հատկությունների ոչ միատեսակությունը տարբեր ուղղություններով։ Օրինակ՝ բամբակե գործվածքը հեշտությամբ պատռվում է թելերի երկարությամբ (այդ ուղղությամբ գործվածքի նվազ ամրության հետևանքով)։

Բնական Ա. բյուրեղների բնութագրական առանձնահատկությունն է։ Բյուրեղների ֆիզիկական հատկությունները (ջերմահաղորդականությունը, լույսի բեկման ցուցիչը, առաձգականությունը ևն) կախված են ուղղությունից, այսինքն բյուրեղներն անիզոտրոպ են։ Սակայն բյուրեղների ոչ բոլոր հատկություններն են անիզոտրոպ (օրինակ՝ խտությունը, տեսակարար ջերմունակությունը)։ Ընդհանրապես բյուրեղների Ա. կախված է սիմետրիայից. որքան ցածր է սիմետրիայի կարգը, այնքան խիստ է արտահայտվում Ա.։

Անիզոտրոպ միջավայրը համասեռ է, եթե ֆիզիկական հատկությունների կախվածությունն ուղղությունից միևնույնն է նրա տարբեր կետերում, հակառակ դեպքում անիզոտրոպ միջավայրն անհամասեռ է կամ տեղային։ Համասեռ Ա. կարող է պայմանավորված լինել նյութի կառուցվածքով, մոլեկուլների ասիմետրիայով ևն։ Տեղային Ա. հետևանք է թրծման, ձգման, միակողմանի սեղմման և մեխանիկական այլ դեֆորմացիաների կամ ներքին լարումների անհավասար բաշխվածության։ Միևնույն միջավայրը կարող է անիզոտրոպ լինել մի հատկության (օրինակ՝ օպտիկական) և իզոտրոպ՝ մեկ այլ հատկության (օրինակ՝ մեխանիկական) նկատմամբ։ Միջավայրի օպտիկական հատկությունների, մասնավորապես՝ լույսի տարածման արագության կախվածությունը տարբեր ուղղություններից անվանում են օպտիկական Ա. (օրինակ՝ երկբեկման երևույթը բյուրեղներում)։

Մարմինը կարող է հանդես բերել նաև մագնիսական Ա., երբ մարմնի մագնիսական հատկությունները կախված են ուղղությունից։ Անիզոտրոպ հատկությունները մաթեմատիկորեն բնութագրվում են վեկտորական և տենզորական մեծություններով՝ ի տարբերություն իզոտրոպ հատկությունների, որոնք նկարագրվում են սկալյար մեծություններով։ Տես նաև Իզոտրոպություն։

Գրկ. Լանդսբերգ Գ. Ս., Օպտիկա, Ե., 1950։ Վ. Վարդանյան