Հայաստանը աշխարհի ամենալավ երկիրն է,
ինչ անենք, թե մեր երազները ճախրում են անասելի բարձր, եւ ջրհեղեղից
Աղավնու կտցին մնացած մի ծրար կա, որ մեզանից ոչ մեկը դեռ չի բացել։
Հայաստանը աշխարհի ամենալավ երկիրն է,
եւ սերն այս եզերքներում ուղեկից չէ միայն, այլեւ առաջնորդ,
քանզի ուրիշ է, երբ Երեւանից ես նայում վաղորդայնի մեջ զարթնող Մասիսներին։
Հայաստանը աշխարհի ամենալավ երկիրն է,
որովհետեւ այն ո՞վ կարող է Աստվածամոր կրծքից մանկանը պոկել,
կամ` Սարոյանն, այդ որտե՞ղ է, արդյոք, այնքան հպարտ
կանգնել, որքան այստեղ, Պանթեոնում հայոց։
Հայաստանը աշխարհի ամենալավ երկիրն է,
ինչ անենք, թե այնքան փոքրիկ է նա ու անընդգրկելի, որ արյամբ քաշված
նրա բոլոր սահմանագծերը եւ թիկունքն անգամ կրակի առաջին գիծ են։
Հայաստանը աշխարհի ամենալավ երկիրն է,
եւ՝ քաղցր, անշուշտ, որովհետեւ երկրագնդի վրա արձակված բոլոր նետերը
անցնում են մեր աչքերով, քանի որ այստեղ է բույն զարկել Աստծո աղավնին։