Jump to content

Հայաստանի հայտնությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

[խմբագրել]
(23 մայիսի, 1991 թ.)

Խորհրդային բանակի, խորհրդային եւ ադրբեջանական ներքին գործերի նախարարությունների ստորաբաժանումները ապրիլի 29-ին սկսեցին Ադրբեջանում գտնվող հայաբնակ գյուղերի ռմբակոծությունը եւ այնուհետեւ աստիճանաբար իրենց ռազմական գործողությունները տարածեցին Հայաստանի սահմանամերձ գյուղերի վրա։ Ռազմական գործողությունների հետեւանքը եղավ Գետաշենից եւ Մարտունաշենից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ու նրա շրջակա գյուղերից հայ բնակչության բռնի տեղահանումը։ Այդ ընթացքում զոհվել են ավելի քան 50, տեղահանվել հազարավոր մարդիկ, շատ գյուղեր դատարկվել են։

Անցյալ հունվարին աշխարհն ականատես եղավ ռազմական ուժի կիրառման խորհրդային մեկ այլ գործողության, երբ Լիտվայի ժողովուրդը համարձակվեց իրեն պահել իբրեւ անկախ ազգ։ Այն ժամանակ ԽՍՀՄ Ֆեդերացիայի խորհրդի կողմից ես ուղարկվեցի Վիլնյուս` փաստերն ուսումնասիրելու եւ բռնությունները դադարեցնելու ուղիներ գտնելու համար։ Բանակի ապօրինի գործողությունների վերհանումը, ինչպես նաեւ դրանց նկատմամբ համաշխարհային հասարակայնության հակազդեցությունն օգնեցին դադարեցնել արյունահեղությունը։

Մոսկվան, լիտվական իր սխալից խուսափելու նպատակով, Հայաստանի դեպքում կիրառեց գործողությունների մի այլ ծրագիր, որը քողարկվում է 1990 թվականի հուլիսի` քաղաքացիների ապօրինի զինված կազմավորումները զինաթափելու մասին պրեզիդենտական հրամանագրով՝ «զինված ավազակ» անվանելով հայ միլիցիոներներին։ Համենայն դեպս, խորհրդային կառավարությունը դեռեւս ոչ մի կերպ չի հիմնավորել իր կողմից բիրտ ուժի գործադրումը։ Անցյալ օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին, առանց Մոսկվայի օգնության, Հայաստանի ժողովրդավարական իշխանությունները խաղաղ կերպով կարողացան զինաթափել բոլոր ինքնակոչ կամ ապօրինի զինված տարրերին։ Այդ միջոցով հնարավոր եղավ բռնագրավել վեց անգամ ավելի զենք, քան վերջերս արեց խորհրդային բանակը ուժի գործադրմամբ։

Հայաստանի կառավարությունը միլիցիայի կառուցվածքներում, հանրապետության օրինական իշխանությունների ենթակայության տակ ստեղծել է ինքնապաշտպանության ուժեր՝ իբրեւ հանրապետության կանոնավոր միլիցիայի մաս։ Դրանց նշանակությունն ու թվակազմը չափազանցվում են խորհրդային եւ ադրբեջանական հաղորդագրություններում։ Իսկ միլիցիայի ուժեղացումն անհրաժեշտ էր սահմանամերձ շրջանների բնակչությանը պաշտպանելու համար, ինչպես նաեւ թույլ չտալու՝ որ տեղային բախումները վերաճեն լայնամասշտաբ առճակատման։

Անհնար է, որ խորհրդային քաղաքական որոշումները եւ լայնածավալ ռազմական գործողություններն իրականացվեն առանց Գորբաչովի իմացության եւ համաձայնության։

Անցյալ օգոստոսից, ժողովրդավարական ուժերի հաղթանակից ի վեր, Հայաստանի խորհրդարանն ընդունել է բազմակուսակցական համակարգ, հողը բաժանել գյուղացիներին, սկսել է առեւտրի եւ արդյունաբերական օբյեկտների մասնավորեցումը, վավերացրել է մարդու քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագիրը, ընդունել է խղճի եւ դավանանքի ազատության համաշխարհային սկզբունքները։ Մենք կատարելագործում ենք մեր օրենսդրությունը եւ այժմ նախապատրաստվում իրավական բարեփոխումների։ Օգոստոսին Հայաստանի խորհրդարանն ընդունեց անկախության գործընթացի մասին Հռչակագիրը, որը վերջնական անկախության երկար ճանապարհի սկիզբն է։ Մենք անկախությունը դիտում ենք իբրեւ գործնական անհրաժեշտություն՝ ժողովրդավարական հաստատությունների ստեղծման համար։ Դա միջոց է ձերբազատվելու կայսերական այն կոնտեքստից, որտեղ դրացի հանրապետությունները դիտվում են իբրեւ թշնամիներ, իսկ Մոսկվան` որպես ազգային գոյատեւման միակ երաշխիք։ Ադրբեջանի հետ մենք նորմալ հարաբերություններ ենք ունեցել։ Հավատացած ենք, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը կարող է երկու հանրապետություններին բերել որոշակի փոխըմբռնման, եթե կողմնակի միջամտություններ մեզ չշեղեն դեպի խաղաղություն եւ ապահովություն տանող միակ ճանապարհից։

Հայաստանը միակ հանրապետությունն է, որի անկախության ռազմավարությունը հիմնված է Խորհրդային Սահմանադրության եւ Խորհրդային Միության կազմից դուրս գալու մասին օրենքի դրույթների վրա։ Հայաստանի խորհրդարանի՝ սեպտեմբերի 21-ի հանրաքվեի անցկացման մասին որոշումը դարձյալ հիմնված է խորհրդային օրենսդրության վրա։

Ադրբեջանի կառավարությունը, որը դեռեւս մնում է կոմունիստական, դարձել է Մոսկվայի հակաբարեփոխական ուժերի դաշնակիցը։ Երկուսն էլ շահագրգռված են ամբողջատիրության եւ կախյալ վիճակի պահպանմամբ։ Ուրեմն նրանց միացյալ ռազմավարության նպատակն է պատժել Հայաստանին՝ իր ժողովրդավարությունն ամրապնդելու եւ անկախության հանրաքվեն անցկացնելու որոշումների հաստատակամության համար, եւ վարձատրել Ադրբեջանին` Մոսկվային պաշտպանելու եւ կայսրության պահպանմանը նպաստելու համար։

Խորհրդային Միությունը փորձում է բախումը ներկայացնել որպես հայ-ադրբեջանական հակամարտության դրսեւորում։ Արեւմուտքի կառավարություններն ու թղթակիցները հաճախ այս մակերեսային մեկնաբանությունն ընդունում են իբրեւ բացարձակ ճշմարտություն։ Երկու հանրապետություններն էլ, ինչ խոսք, մեծ դժվարություններ են դիմագրավում, սակայն վերջին մի քանի շաբաթվա դեպքերն ապացուցեցին այն, ինչում ես միշտ համոզված էի. մեր ներկա հարցի հիմքը քաղաքական է եւ ոչ թե էթնիկ-ազգային։

Այսինքն, Հայաստանի դեմ ռազմական գործողությունները նպատակ ունեն Հայաստանը ներքաշելու Ադրբեջանի հետ պատերազմի մեջ, դրանով իսկ հայերին վերածելով խորհրդային բանակի դեմ անիմաստ պատերազմի ելած մարտիրոսների։ Անշուշտ, այդպիսի քայլերից մեկն էլ կօգտագործվեր խորհրդային բանակի զինված ներխուժումը Հայաստան արդարացնելու համար։

Հայաստանում չկան այն քաղաքական լծակները, որոնք կենտրոնական իշխանություններն ունեն ուրիշ հանրապետություններում, օրինակ` ազգային փոքրամասնություններ, իր գաղափարական կողմնորոշումներին հավատարիմ համայնավար կուսակցություն, ժողովրդի կողմից մասսայականություն չվայելող կառավարություն։ Այդ պատճառով է, որ Կենտրոնին անհրաժեշտ եղավ օգտագործել բռնի ուժը։

Այս ամենին հակառակ, Հայաստանը շարունակում է հաստատ մնալ իր ուղու վրա՝ ստեղծելով օրենքի եւ արդարության վրա հիմնված պետություն, որը ժողովրդին կտա նորմալ ապրելու հնարավորություն։ Հայաստանը որպես ժողովրդավարական եւ ինքնիշխան պետություն՝ չի բացառում Խորհրդային Միության եւ խորհրդային հանրապետությունների հետ անմիջական երկկողմ հարաբերությունները։

Հուսով եմ, որ ԱՄՆ-ը լրջորեն կվերաբերի Հայաստանի եւ ժողովրդավարական այլ հանրապետությունների նկատմամբ խորհրդային կառավարության միջամտությունների քաղաքականությանը։ Վստահ եմ, որ միջազգային հանրությունը պետք է հարգի ընդհանուր ապահովության, հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու եւ ինքնորոշման սկզբունքները ոչ միայն Խորհրդային Միությունից դուրս, այլեւ նրա ներսում։

«Հայաստանի Հանրապետություն», 28 մայիսի, 1991 թ.։
Թարգմանություն անգլերենից։ «Վաշինգտոն պոստ» ("The Washington post"), 23 մայիսի, 1991 թ.։