Jump to content

Հարցազրույց «Արգումենտի ի Ֆակտի» շաբաթաթերթին 2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից




ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԱՐԳՈՒՄԵՆՏԻ Ի ՖԱԿՏԻ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

[խմբագրել]
(մայիս, 1991 թ.)
[1]

― Ավարտվո՞ւմ է արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ― Եւրոպայում անընդհատ հեղափոխության իր գաղափարի տապալումից հետո՝ 1920–21 թթ. Խորհրդային Ռուսաստանն իր հայացքն ուղղեց դեպի Արեւելք՝ ձգտելով ձեռք բերել մուսուլման ժողովուրդների, եւ, ամենից առաջ, Թուրքիայի համակրանքը։ Հենց այդ նպատակին հասնելու համար Հայաստանը մասնատվեց։ Կարսի նահանգը Ռուսաստանը զիջեց Թուրքիային, իսկ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը՝ Ադրբեջանին։ Կարսի նահանգում եւ Նախիջեւանում իրականացվեց հայերի բռնի տեղահանություն։ Ահա այստեղից էլ սկսվեց հայտնի հակամարտությունը, որի արձագանքներն այսօր ցնցում են երկու հանրապետությունները։ Բողոքի հանրահավաքները, որ ընդգրկեցին Լեռնային Ղարաբաղը 1988 թվականին, ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումը Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին նպատակ ունեին թույլ չտալ Նախիջեւանի ճակատագրի կրկնությունը։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Ղարաբաղի հակամարտությունը կենտրոնական օղակն է։ Սակայն կան նաեւ դրանից ածանցված այլ հիմնահարցեր։

― Կարծիք կա, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը հենց սկզբից հրահրված էր մաֆիոզ կառույցների կողմից։ Որքանո՞վ է այդ պնդումն արդարացի Ձեր տեսակետից։ Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Նման կարծիք կա, եւ այն անհիմն չէ, բայց այդ հակամարտությունը բարդ նախապատմություն ունի։ Այն դժվար է բացատրել միայն այդ պատճառով։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,– Նման պնդումը կարելի էր ծիծաղելի համարել, եթե այն այդքան վտանգավոր չլիներ։ Խորհրդային համակարգն իր ամբողջ պատմության ընթացքում սեփական սխալներն ու անհաջողությունները բացատրել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թշնամիներ փնտրելով։ Սովոր սխեմաներով էր առաջնորդվել նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի դեմ հարուցված հետաքննությունը։ Հակամարտությունը կաշառակեր տարրերի, մաֆիոզ կառույցների կամ վերակառուցման հակառակորդների կողմից հրահրված լինելու վարկածի անհեթեթության մեջ կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով այդ հետաքննության ավելի քան 60 հատոր կազմող նյութերը։

― Ո՞ւմ է ձեռնտու հակամարտությունը։ Կա՞ն արդյոք նման ուժեր Հայաստանում եւ Ադրբեջանում։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ― Իմ խորին համոզմամբ հակամարտությունը ձեռնտու չէ ո՛չ հայ, ո՛չ ադրբեջանական ժողովուրդներին։ Ըստ երեւույթին այն ձեռնտու է Կենտրոնի որոշակի շրջանակների եւ Ադրբեջանի ղեկավար շրջաններին, որոնց համար այն Գորբաչովի վերակառուցման քաղաքականության վարկաբեկման ու իշխանության համար քաղաքական պայքարում դիվիդենտներ շահելու լուրջ փաստարկ է։ Ադրբեջանի այսօրվա իշխանություններին հակամարտությունը ձեռնտու է նաեւ նրանով, որ այն հնարավորություն է տալիս ադրբեջանական ժողովրդի ուշադրությունը շեղել հանրապետության սոցիալ-քաղաքական ներքին հիմնահարցերից։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Հակամարտությունը չի սկսվել այն պատճառով, որ ձեռնտու է ինչ-որ մեկին։ Ավելի շուտ այն սադրեցին, որովհետեւ կային մարդիկ, որ իրենց կողմից բարձրացված աղմուկի միջոցով հույս ունեին խուսափել իրենց գործած հանցանքների համար պատասխանատվությունից։ Ձեր հարցի առիթով ես հիշեցի վերջերս «Շտեռն» ամսագրում հրապարակված մի հոդված։ Նրանում հեղինակը, ի դեպ՝ Հայաստանից, գրում է, որ ԼՂԻՄ-ում լարվածությունն առաջացավ այն բանից հետո, երբ 1987 թ. ԽՄԿԿ ԿԿ պլենումներից մեկում սուր քննադա տության ենթարկվեց Հայաստանի այն ժամանակվա ղեկավար Կարեն Դեմիրճյանը։ Անցավ մի քանի ամիս, եւ նախ Երեւանում՝ 1987թ. աշնանը, իսկ հետո 1988թ. փետրվարին Ստեփանակերտում, սկսվեցին հայտնի իրադարձությունները։ Ղարաբաղի հիմնահարցը Հայաստանում ձեռնտու դարձավ նրանց, ովքեր այդ հանրապետությունում իշխանության էին ձգտում, եւ այդ պատճառով անընդհատ բորբոքում էին այն։ Հենց այդ հիմնահարցի շնորհիվ Հայաստանում իշխանության գլուխ անցան «Ղարաբաղ»շարժման լիդերները։ Անկասկած, Ադրբեջանում էլ կան մարդիկ, որ դժգոհ են Ադրբեջանի ներքին գործերին Հայաստանի միջամտությունը կանխելու՝ իշխանությունների անզորությունից։ Բնական է, որ Ղարաբաղի հիմնահարցը, նույն նպատակներով, ինչ որ Հայաստանում էր, օգտագործվում է օպոզիցիայի կողմից, որը պնդում է, թե ինքը կարող է լուծել հիմնահարցը, եթե լինի իշխանության գլուխ, չնայած, իմ կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, որ առկա է փակուղային իրավիճակ։

― Հակամարտության պատմության մեջ եղե՞լ է, արդյոք, մի պահ, երբ ամեն ինչ հնարավոր էր լուծել խաղաղ ճանապարհով։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Նման պահ կար ամենասկզբում։ Պետք է աշխատեին փորձագետները, որ կկանխագուշակեին հակամարտության ծանր հետեւանքները, պետք է իր խոսքն ասեր Կենտրոնը։ Հակամարտությունը կարելի էր կանխել արմատապես։ Սակայն այդ դեպքում պետք էր փոխզիջում փնտրել, որ նման հարցերում պարզապես չկա։ Օրինակ՝ մեր հանրապետությունը բազմիցս Կենտրոնին նախազգուշացրել է հակամարտության ծավալման հնարավոր կործանարար հետեւանքների մասին։ Ցավոք, կյանքը հաստատեց մեր կանխատեսումները։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,― Այո՛, նման պահ կար 1988թ. մարտին՝ սումգայիթյան ողբերգությունից անմիջապես հետո։ Այն ժամանակ Կենտրոնը կարող էր վճռականություն հանդես բերել եւ ԼՂԻՄ-ը դուրս բերել Ադրբեջանի կազմից, քանզի ակնհայտ էր, որ Ադրբեջանի հայ բնակչությանը եղեռն է սպառնում։ Կարծում եմ, որ այն ժամանակ ե՛ւ ադրբեջանական իշխանությունների, ե՛ւ ժողովրդի մոտ մեղքի զգացումն այնքան խորն էր, որ նրանք հազիվ թե ընդդիմանային Կենտրոնի նման որոշմանը։ Ես այստեղ կնշեի նաեւ Հայաստանի այն ժամանակվա ղեկավա րության մեղքը, որը փոխանակ աջակցելու հայ ժողովրդի արդարացի պահանջին, ընդհակառակը, բոլոր ուժերով խոչընդոտում էր մեր ժողովրդավարական շարժմանը։

― Պատմության մեջ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ շատ հակամարտություններ են եղել. գտնո՞ւմ եք Դուք, որ այդ երկու ժողովուրդները ընդհանրապես չեն կարող կողք-կողքի գոյատեւել։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,― Միայն ձեւական պատմական վիճակագրության տեսակետից կարելի է երկու ժողովուրդների հարեւանությունը դիտել իբրեւ մշտական հակամարտությունների շղթա։ Իրականում կոնֆլիկտային պահերը ժամանակային առումով բավականին աննշան են երկար տարիների խաղաղ գոյակցության ֆոնի վրա։ Բացառություն չէ նաեւ վերջին 70 տարին, որի ընթացքում, չնայած առկա քաղաքական հակասություններին, երկու ժողովուրդները գտնում էին համագործակցության զանազան փոխշահավետ ձեւեր։ Ես համոզված եմ, որ ղարաբաղյան հիմնահարցի արդարացի լուծման դեպքում մեր ժողովուրդները կարճ ժամանակում դարձյալ կգտնեն խաղաղ գոյակցության ավանդույթների պահպանման ուղիները։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Ո՛չ, չեմ գտնում։ Խորհրդային իշխանության բոլոր 70 տարիներին հայերն ու ադրբեջանցիները ոչ միայն գոյակցել, այլեւ բարեկամություն են արել։ Բացի այդ, իսլամը, ինչպես եւ քրիստոնեությունը, քարոզում են միակ Աստծուն հավատացող բոլոր ժողովուրդների նկատմամբ հանդուրժողականություն։

― Չեք գտնո՞ւմ, արդյոք, որ հակամարտության վրա ազդում է կրոնական գործոնը։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Ադրբեջանական եւ հայ ժողովուրդների միջեւ ոչ մի հակամարտություն, այդ թվում՝ նաեւ կրոնական, չկա, ինչքան էլ փորձեն մեզ պարտադրել։ Հակառակ դեպքում չէին լինի հազարավոր խառը ընտանիքները։ Ղարաբաղյան հակամարտությունը նրանց կրկնակի դժբախտություն բերեց, որովհետեւ այժմ նրանք հանգրվան չեն գտնում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,― Այդ թեման հաճախ է շոշափվում Արեւմուտքի զանգվածային իրազեկման միջոցներում։ Մի շարք հրապարակումներում պնդումներ կան, որ հակամարտության հիմքում, իբր, ընկած է մեր ազգերի էթնիկական անտագոնիզմը։ Ես ուզում եմ հերքել այդ բոլոր վարկածները, եւ հայտարարել, որ հակամարտության հիմքում չկա ո՛չ էթնիկական, ո՛չ ռասայական, ո՛չ ազգային, ո՛չ առավել եւս՝ կրոնական գործոն։ Հայ ժողովուրդը սերտորեն համագործակցում է ինչպես Խորհրդային Միության, այնպես էլ ողջ աշխարհի մուսուլման ժողովուրդների հետ։ Մասնավորապես՝ Իրանում, Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում, Հորդանանում, Քուվեյթում, Եգիպտոսում կան հայկական գաղթօջախներ, որոնց բնակիչներն օգտվում են ազգային փոքրամասնություններին տրված բոլոր իրավունքներից։ Եւ ընդհանրապես, մեր ժողովուրդը հակաիսլամական բարդույթ չունի։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնահարցին, ապա նրա էությունը ԼՂԻՄ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է։

― Հակամարտության ծագման եւ ծավալման մեջ տեսնո՞ւմ եք, արդյոք, Կենտրոնի որոշակի մեղքը։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,― Ես գտնում եմ, որ Կենտրոնը տվյալ հակամարտության մեղավորն է ի սկզբանե, քանի որ, ինչպես ասացի, հենց նա 1920–21 թթ. «քարկապեց» ղարաբաղյան հանգույցը։ Այսօր Կենտրոնն ընդունել է մի դիրք, ըստ որի՝ հակամարտությունը վերաբերում է միայն հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին, ու կոչ է անում մեզ՝ հիմնահարցը լուծել երկխոսության ճանապարհով։ Արտաքուստ նման մոտեցումը թվում է արդարացի եւ օբյեկտիվ, սակայն դրանով Կենտրոնն իրվրայից գցում է ցանկացած պատասխանատվություն։ Բայց նման իրավիճակում նա պարզապես բարոյական իրավունք չունի պատասխանատվությունից խուսափելու։ Մեզ կոչելով երկխոսության, Կենտրոնը միաժամանակ իր կոպիտ միջամտությամբ՝ ԼՂԻՄ-ը խորհրդային զորքերով օկուպացնելով, փաստորեն վիժեցնում է այդ երկխոսությունը։ Ես համոզված եմ, որ առանց այդ միջամտության հայերն ու ադրբեջանցիները շատ արագ կարող են հանգել փոխադարձ ընդունելի որոշման։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Դատեցեք ինքներդ՝ կարելի՞ է արդյոք հասարակ սխալ համարել հենց ամենասկզբում հակամարտությունը կանխելու՝ ղեկավարության անվճռականությունը։ Վախենում եմ, որ բանն այստեղ կանխակալությունն է, երկու կողմերի հավասար մեղավորության հաշվեկշիռ ստեղծելու ձգտումը։ Եթե հենց սկզբում Հայաստանում զգային Ադրբե ջանից ԼՂԻՄ-ն անջատելու ձգտումների անհեռանկարայնությունը, ապա անջատողականներն այդքան հեռուն չէին գնա։ Նշանակում է՝ ինչ-որ մեկը Մոսկվայում նրանց աջակցություն էր խոստացել։

― Կարիք ունե՞ք Դուք տվյալ հիմնահարցի լուծման մեջ ինչ-որ մեկի միջնորդությանը։ Եթե այո, ապա ո՞վ կարող է միջնորդի դեր կատարել։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Միջնորդներն այստեղ բացառվում են։ Հիմնահարցը կարող են լուծել ԼՂԻՄ-ի հայկական եւ ադրբեջանական համայնքները՝ առանց դրսի որեւէ միջնորդության։ Երկու համայնքներն էլ հոգնել են պատերազմից, նրանք վաղուց արդեն հաշտություն են ուզում, սակայն դրան չեն կարողանում հասնել դրսի ճնշման պատճառով։ Հաշտության ընթացքին խանգարում են Հայաստանից ուղարկվող գրոհայինները, որոնք դիրքավորվել են մարզի տարածքում, այնտեղ ունեն ահաբեկչական բազաներ, շատ զենք, եւ հասարակ մարդիկ չեն կարողանում հանդես գալ խաղաղասիրական նախաձեռնությամբ, որովհետեւ վախենում են վրեժից։ Ահա դա է խանգարում, չնայած գիշերվա քողի տակ ԼՂԻՄ-ի հայերն ու ադրբեջանցիները առաջվա պես շփվում են միմյանց հետ։ Ես այդ գիտեմ, որովհետեւ վերջերս եղել եմ Ղարաբաղում։ Հին կապերը չեն կտրվում։ Դա երաշխիք է, որ խաղաղությունը կարելի է արագ վերահաստատել, եթե մարդկանց չխանգարեն։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,– Ես համոզված եմ, որ եթե Ադրբեջանում լիներ երկխոսության ընդունակ ժողովրդավարական կառավարություն, ապա որեւէ միջնորդության կարիք չէր լինի։ Բայց քանի որ Ադրբեջանում իշխում է Կենտրոնի վարչահրամայական համակարգի լրիվ աջակցությունը վայելող կոմունիստական ռեժիմը, ապա կոնստրուկտիվ երկխոսություն հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է միջազգային մարմիններին, ապա, երեւի թե, իմաստ ունի նրանց դիմել միայն մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստեր ի առիթով. չէ՞ որ Արցախում արդեն երկար ժամանակ ոտնահարվում են մարդկային ամենատարրական իրավունքները՝ կյանքի, գույքի անձեռնմխելիության եւ այլն։ Քաղաքական տեսակետից ես հոռետեսորեն եմ տրամադրված միջազգային կազմակերպությունների նկատմամբ։ Մենք բազմիցս համոզվել ենք նրանց անգործունակության մեջ. պաղեստինյան հիմնահարցը չլու ծելը, Օլսթերում շարունակվող ճգնաժամը, Իրաքում քրդերի ճնշումները դրա խոսուն ապացույցներն են։

― Եթե Դուք լինեիք Ձեր ընդդիմախոսի տեղը, ո՞րը կլիներ իրավիճակի նորմալացման Ձեր առաջին քայլը։ Այդ ուղղությամբ ի՞նչ առաջին քայլեր եք պատրաստ անել Դուք Ձե՛ր տեղում։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,― Ոչ մի անհրաժեշտություն չկա ինձ Այազ Մութալիբովի տեղը դնելու, որպեսզի կատարեմ իրավիճակի նորմալացման առաջին քայլը, քանզի այդ քայլը ես արդեն արել եմ՝ լինելով ի՛մ տեղում։ Դա երկխոսության պատրաստակամությունն է, որը ես հայտնել եմ իշխանության գլուխ անցնելուց անմիջապես հետո։ Խոսքով Այազ Մութալիբովը նույնպես երկխոսության կողմնակից է, սակայն անցած ութ ամիսները ցույց տվեցին, որ նա ընտրել է երկխոսությունը ձգձգելու ուղին։ Երեւում է, որ մարզի օկուպացումը խորհրդային զորքերի կողմից, որոնցով Մութալիբովն իրական ացնում է իր քաղաքականությունը, առավել ձեռնտու է Ադրբեջանի կոմունիստական ղեկավարությանը։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Մենք սպասում ենք ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու մասին Հայաստանի Գերագույն խորհրդի հակասահմանադրական որոշման չեղյալ հայտարարելուն։ Այդ որոշումն իրավական ուժ չունի, սակայն մեզ համար կարեւոր է այդ որոշման ձեւական վերացումը իբրեւ հաշտության ազդանշան։ Մենք արդեն քիչ քայլեր չենք արել։ Մեր գլխավոր նպատակն է, որ Ղարաբաղում չլինեն ահաբեկիչներ։ Եթե այդ ապահովվի, մենք այնտեղից դուրս կբերենք ՕՄՕՆ-ը, կսկսենք բանակցությունները, վիճելի հարցերը լուծելու համար կձեւավորենք հաշտեցնող հանձնաժողով։ Մենք կմտածենք այն մասին, թե ինչպես ԼՂԻՄ-ում անցկացնենք Ադրբեջանի Գերագույն խորհրդի, իսկ հետո ուղղաձիգ, նաեւ մյուս կառուցվածքների ընտրությունները, կվերականգնենք կուսակցական օրգանները։ Այս բոլոր միջոցառումները կիրականացվեն միայն ու միայն նրանց հետ, ովքեր ապրում են Ղարաբաղում, առանց դրսի միջամտության։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ու Հայաստանի անմիջական հարաբերություններին, ապա չի խանգարի, որ երկու հանրապետություններն էլ սովորեն ինքնիշխան պետությունների փոխհարաբերությունների էթիկան։ Պետք է դադարեցնել փոխադարձ վիրավորանքների հոսքը, որ միմյանց հղում են զանգվածային տեղեկատվության միջոցները, վերջ տալ պատմությունն անընդհատ փորփրելուն եւ, վերջապես, գիտակցել, որ ադրբեջանցիներն ու հայերը եղել են ու կմնան հարեւաններ։

― Ադրբեջանը հիմնահարցի լուծման բանալին համարում է Ադրբեջանի քաղաքականությունը չընդունող հայերի տեղահանությունը, եւ, դատելով վերջին իրադարձություններից, արդեն ձեռնամուխ է եղել դրա իրականացմանը։ Ինչպիսի՞ն կարող են լինել Ձեր կարծիքով, այդ քայլերի հետեւանքները։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,― Իրոք, ըստ մեր ունեցած տվյալների, Ադրբեջանի ղեկավարությունը հենց այդպիսի ճանապարհի կողմնակից է՝ չկան հայեր, չկա եւ հիմնահարցը։ Ապրիլի 16-ի խորհրդակցությունում Այազ Մութալիբովը իրավապահ մարմիններին՝ ՊԱԿ-ին, ՆԳՆ-ին եւ դատախազությանը կոչ արեց տեղահանել ԼՂԻՄ-ի, Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի բնակիչներին, եթե նրանք չենթարկվեն Ադրբեջանի Սահմանադրությանը։ Համարյա նույնը նա կրկնեց ապրիլի 27-ին՝ հանդես գալով ադրբեջանական հեռուստատեսությամբ։ Եւ, սկսած ապրիլի 19-ից, տեղահանությունն արդեն սկսվել է խորհրդային զորքերի անմիջական մասնակցությամբ։ Ինչի՞ կհանգեցնի նման քաղաքականությունը։ Պետք է ասել, որ վերջին տարվա ընթացքում տարածաշրջանում հաստատվել է որոշակի ստատուս-քվո։ Եւ այսօր իրավիճակի կայունացման ցանկացած փորձ ապարդյուն կլինի, եթե այդ ստատուս-քվոն խախտվի. նկատի ունեմ առաջին հերթին հայկական Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի եւ Բերդաձոր գյուղի ճակատագիրը։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Ոչ մի բռնի տեղահանության մասին հարց մենք չենք դրել եւ չենք դնում։ Նման պնդումները պարզ ջրի պղտորում են, չնայած, անկեղծ ասած, մենք բարոյական իրավունք ունենք հարցը հենց այդ հարթության վրա դնելու։ Մի մոռացեք, որ կարճ ժամանակում Հայաստանից արտաքսվեցին մոտ 200 հազար ադրբեջանցիներ, որոնք մի սերունդ չէ, որ ապրում էին այնտեղ։ Փաստորեն այժմ նրանք այնտեղ չկան։ Ադրբեջանում ապրող հայերը պետք է ենթարկվեն Ադրբեջանի եւ ԽՍՀՄ-ի սահմանադրություններին։ Այլ պայման չկա։ Այլ հարց է, որ որոշ հայ ընտանիքներ վճռել են կամավոր հեռանալ մեր հանրապե տությունից։ Նրանց մենք չենք խոչընդոտի։ Ավելին՝ կօգնենք տրանսպորտով…Վստահ եմ, որ հարցի նման լուծումը կօգնի տարածաշրջանում հանգստության հաստատմանը։

― Կարծո՞ւմ եք արդյոք, որ կոնֆլիկտը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Ցանկացած պատերազմ, միեւնույն է, ավարտվում է բանակցությունների սեղանի շուրջ։ Հասկանալով արյունահեղության ողջ անիմաստությունը, մենք ամեն ջանք կգործադրենք, որ հակամարտությունը մարենք խաղաղ միջոցներով։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,― Հակամարտության լուծման ռազմական ուղին ես բացառում եմ։ Մենք քաղաքական երկխոսության երդվյալ կողմնակիցներ ենք։ Սակայն ես չեմ բացառում անկառավարելի տարրերի կողմից ԼՂԻՄ-ի հայ բնակչության նկատմամբ զանգվածային ահաբեկչության փորձերը, ինչպես դա եղավ Սումգայիթում եւ Բաքվում։

«Հայաստանի Հանրապետություն», 10 մայիսի, 1991 թ.։
Թարգմանություն ռուսերենից։ «Արգումենտի ի Ֆակտի»("Аргументы и Факты"), հ. 18, 1991 թ.։
Հրատարակված՝ «Լեռնային Ղարաբաղ. երկու հայացք հիմնահարցին։ Հայաստանի եւ Ադրբեջանի լիդերների դիրքորոշումը» վերնագրով։

  1. Հարցազրույցը, հավանաբար, կայացել է 1991թ․ ապրիլի վերջին օրերին։