Հայաստանի սակավահողության հարցերից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱԿԱՎԱՀՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՑ
Ընթացիկ տարում արդեն վերջանում են ներքին հողաբաժանության և միջգյուղյա հողաշինարարության աշխատանքները, և, ուրեմն, կիրարկության է դրվում բոլոր գյուղերում հեղափոխության նվաճումներից մեկը՝ հողային ռեֆորմի առաջին մասը, որպես հողահավասարեցում ։ Այդ աշխատանքները հնարավորություն են տալիս մոտավոր գաղափար կազմելու թե՛ հողատեսքերի առերես քանակի և թե՛ հողով բավարարված բնակչության թվի ու նրանց ստացած հողային նորմաների մասին։
Խորհրդայնացում իր անմիջապես հետո գումարված հատուկ խորհրդակցության մշակած հողային նորմաները՝ կիրարկության դնելիս, հանրապետության հողասակավության պատճառով, կիսով չափ կրճահատված են։ Ըստ զոնաների որոշված էր շնչաբաժին հող տալ՝ տափարակում 1 դես․, նախալեռնային գոտում՝ 1 ¼ դես., լեռնայինում՝ 2 դես. և ալպյան գոտում՝ 3 դես., իսկ տրված է տափարակում՝ 1/5 — ½, նախալեռնայինում՝ ¼-½, լեռնային՝ ¾—1¼ և ալպյան գոտում՝ 1½—3 դես.: Համեմատաբար բարելավ վիճակի մեջ են ալպյան գոտում ընկած սակավաթիվ գյուղերը, որոնց շնչաբաժինն, ի հաշիվ գյուղերին կից պետական արոտների, հնարավոր եղավ նորմային մոտեցնելու, իսկ ավելի վատթար պայմաններում են նախալեռնային գոտու գյուղերը, որոնց բնակչությունը ընդհանուր թվի զգալի տոկոսն է կազմում։
Նախնական նորմաներով բնակչությանը բավարարելու համար հարկավոր էր 1 587 371 դես․ վարելահող և խոտհարք, այնինչ իրականում, հողաբաժանության ընթացքում, այդ թիվը կրճատվեց և հասավ 920 000 դես․, թեկուզ որոշ չափով բնակչության օգտագործության համար հատկացվեց նաև պետական արոտներից, որոնք հաշվի չէին առնված որպես բաշխման ենթակա հողային ֆոնդ։ Սակայն արոտներից զատված հողային ֆոնդը մի քանի տասնյակ հազար դես․ չի հասնում, նկատի ունենալով այն, որ քոչվորության ներկայությունն ինքնին արգելք էր արոտների անվերջ զատման։ Բացի այդ, արոտների հեռավորությունն ավելի սակավահող գյուղերից (առաջին հերթին՝ նախալեռնային գոտուց) հնարավոր էր դարձնում արոտների հաշվին բավարարել միայն ալպյան գոտու հողապակաս գյուղերին։ Բնիկներից բացի, հողաբաժանության ընթացքում գյուղերում տեղավորվել և տեղացիների հետ հավասար հող են ստացել 65000 գաղթականներ, որոնց հոծ բազմությունը գյուղից գյուղ էր թափառում և, ընչազուրկ լինելով, ապրում էր վարձու աշխատանքով։ Ներքին հողաբաժանության ընթացքում տեղավորված գաղթականների այդ թվի մեծ տոկոսն ընկնում է Սուրմալուի գավառի և ապա՝ Տաճկաստանի զանազան շրջանների վրա։ Այսպիսով, այդպիսի մի կոնտինգենտ հողի հետ կապելով՝ հանրապետությունը ոչ միայն ազատվեց հողազուրկ գաղթականությունից, այլև ձեռք բերեց շատ հմուտ բամբակագործների, ծխախոտագործների և այգեգործների։
Սակայն գավառների հողային հարմարությունները բավարար չեղան բոլոր հողազուրկներին տեղավորելու։ Եթե դրա վրա ավելացնենք և այն, որ շատ գյուղեր ստացել են չնչին հողաբաժին, որպիսին գյուղատնտեսության այսօրվա հետամնաց տեխնիկայով չի կարող բավարար եկամուտ հայթայթել հող ստացող ծխի համար, ապա պարզ կլինի, որ հողազուրկների կողքին մենք ունենք և հողապակաս գյուղացիների պատկառելի մի բազմություն, որ տեղափոխության և հողառատ շրջաններում տեղավորելու կարգով միայն կարողանալու են բարձրացնել իրենց տնտեսությունը և բարեկեցիկ վիճակ ստեղծել։ Հողվարչության թվերով՝ Հայաստանում դեռ մնում են 50 ООО-ի չափ հողազուրկ յուղացիներ, որոնց ճնշող մասը տեղացիներ չեն, և 40 ООО-ի չափ հողապակաս գյուղացիներ։ Հողի կարիք ունեցող 40 000 շունչն ըստ գավառների դասավորված են հետևյալ կերպ.
Գավառները | Հողազուրկ
գաղթ․ |
Հողապակաս
գյուղաց․ |
Ընդամենը |
---|---|---|---|
Ծխերով | |||
Երևան
Էջմիածին Լենինական Փամբակ-Լոռի Դիլիջան Զանգեզուր և Մեղրի Դարալագյազ Նոր Բայազետ |
3200
3100 2200 800 400 — — — |
1500
2500 500 500 1000 1000 600 400 |
4700
5600 2700 1300 1400 1000 600 400 |
Ընդամենը | 9700 | 8000 | 17700 |
Հանրապետության հողային պահեստի ֆոնդը շատ քիչ է բավարարելու թե՛ հողազուրկներին և թե՛ հողապակաս գյուղացիներին։ Այդ ֆոնդը գտնվում է լեռնային շրջաններում (Աղբաբա՝ 16000 դես. և ասարգեչար՝ 5000 դես., և եթե ընդունելու լինենք մինչ այժմ եղած նորման (շնչին 1½— 3 դես․), ապա այդ հողերի վրա կարող են տեղավորվել միայն 7000 հոգի։
Մնացածների տեղավորման համար հնարավոր է հատկացնել միայն այն հողերը, որոնք ոռոգման և մելիորացիայի են ենթարկվելու առաջիկա տասնամյակում Հայջրտնտեսության կողմից։ Այդ ժամանակամիջոցում ոռոգման ենթակա 123 953 դես. տարածությունից 27 950 դես. արդեն գրավված է տեղական բնակչության կողմից։ Մնացած 96500 դես. տարածությվրա է, որ պիտի տեղավորվեն թե՛ հողազուրկ գաղթականները և թե՛ տեղափոխման կարգով հողապակաս գյուղերից հեռացող գյուղացիք։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր մոտակա տարիներում հողի հետ կապելու գավառներում եղած հողազուրկ գաղթականների 10000 տնտեսությունը։
Հայջրտնտեսության կողմից ոռոգման և մելիորացիայի ենթարկվող հողերն, ըստ իրենց գյուղատնտեսական պիտանիության, հետևյալ տոկոսային հարաբերությունն են կազմում․ բամբակի համար պիտանի 35—40%, այգիների՝ 15%, բանջարանոցներ՝ 10—15%, հացահատիկների՝ 30% և անպետք՝ 10%։ Եթե հաշվելու լինենք, թե ի՛նչ եկամուտ է ստանում մեր ժողովրդական տնտեսությունն այդ հողերի բարելավումից և գաղթականներին տեղավորելուց հետո, հերիք կլինի միայն բամբակին հատկացնելիք տարածությունից սպասվող եկամուտը հաշվելու։ Ընդունելով բամբակի միջին բերքը մի դեսյատինից 60 փութ, ոռոգվող դաշտերի 30—40%-ից կստանանք 10—12 միլիոն ռուբլու հում նյութ, այսինքն՝ միայն բամբակը շատ կարճ ժամանակում կծածկի պետության կողմից ոռոգման համար կատարած ծախքերը, բացի այն, որ մենք այլևս հողազուրկներ չենք ունենա, կստեղծվեն մի քանի տասնյակ խոշոր և նոր գյուղեր և, վերջապես, ընդմիշտ լուծած կլինենք անցյալից ստացած գաղթականության ծանր պրոբլեմը։
Սակայն խնդիրը դրանով չի սպառվում։ Բացի տեղում եղած հողազուրկներից, աշխատավորական ներգաղթի կարգով Հայաստան են գալիս տաճկահայ գաղթականներ, որոնց մի մասը, ճիշտ է, տեղավորվում է քաղաքներում և քաղաքատիպ վայրերում, սակայն հողագործներին անհրաժեշտություն է տեղավորել գյուղերում։ Եթե ավելացնելու լինենք և հարևան հանրապետություններից մեր գավառները եկող ազգային փոքրամասնություններին (քուրդ, եզիդի, թուրք), որոնք նախկին բնիկներ են, և չնայած ներգաղթն արգելող հրահանգներին ու որոշումներին, դարձյալ փոքրաթիվ խմբերով վերադառնում են իրենց գյուղերը, եթե այդ էլ ավելացնելու լինենք, կպատկերացվի հողային այն դժվարությունները, որոնք ավելի են ծանրանում Հայաստանի ազգաբնակչության բնական աճման բարձր (3% ըստ Կենտվիճվարի) տոկոսի հետ և ստեղծում գյուղական նադելների մանրացման վտանգ և, վերջապես, ագրարային գերբնակչություն։
Ըստ տասնամյա պերսպեկտիվ պլանի, մեր երկրի մշակության համար պիտանի հողերի տարածությունը պիտի հասցվի 1 537 000 դես., որոնք, ըստ կուլտուրաների, պիտի բաշխվեն հետևյալ կարգով. հացաբույսերի մշակության՝ 853 545 դես., տեխնիկական և թանկարժեք բույսերի համար՝ 143 425 դես., անասնապահության համար (խոտհարք և ցանովի խոտ) 498 000 դես., քոչվորների օգտագործության՝ 45 000 դես., հողազուրկներին տեղավորելու համար՝ 67 000 դես.:
Մեր երկրի ինդուստրիալիզացիան և գյուղատնտեսության ինտենսիֆիկացիան այս թվերի լույսով ստանում են պարզ և կոնկրետ պատկեր։ Միայն այդ երկու միջոցն են, որոնց լրիվ կիրառումը պիտի մեղմի թե՛ ագրարային գերբնակչությունը և հողի հետ կապի թե՛ բնակչությունը, թե՛ տեղում եղած հողազուրկ գաղթականներին և թե՛ աշխատավորական ներգաղթի կարգով եկողներին։ Պետք է բոլոր միջոցները կիրառել, որպեսզի պակաս շնչաբաժին հողը կերակրի գյուղացու տնտեսության։ Այն բոլոր աշխատանքը՝ վարկային, կոոպերատիվ, ագրիկուլտուր և այլն, որոնք նպատակ ունեն բարձրացնելու գյուղացու տնտեսությունը և ապրանքայնացնելու այն, վերջին հաշվով գալիս են մեղմելու հանրապետության հողապակասությունը, արդյունաբերության ծաղկումը, նոր գործարանների հիմնելը, եղածների ծավալելն այդ գործարանների կողքին բանվորական բնակավայրեր ստեղծելով, իրենց կքաշեն ազատ բանվորական ձեռքերը և մեր երկրում ստեղծելով բանվորական նոր կադրեր՝ գյուղում մնացողներին հնարավորություն կտան իրենց տնտեսությունն է՛լ ավելի բարգավաճելու։
Հանրապետության տեղավորման կոմիտեն իր վերջին նիստերից մեկում քննության առնելով Հայաստանի սակավահողության խնդիրը, իր մի շարք գործնական որոշումների հետ, որոնք վերաբերում են տեղավորման և տեղափոխման կարգին, վարկավորման չափին, նոր գյուղերի ու բնակարանների կառուցման, հողապակաս գյուղացիների համար հողային նոր ֆոնդեր ստեղծելուն և այլն, ընդունել է և մի շատ կարևոր որոշում՝ համամիութենական միջոցներով, հենց այս տարվանից Հայաստանի արդյունաբերական կենտրոններում սկսել բանվորական գյուղակների (посёлок) կառուցման, գործարաններին կից բանվորական մշտական կադր ստեղծելու և մեր հողապակաս գյուղերի հողային կարիքները հոգալու նպատակով։
Շատ դժվարին խնդիրներ ենք լուծել։ Եվ ոչ մի կասկած, որ Խորհրդային Միության աջակցությամբ, Հայաստանի արդյունաբերության ծավալմամբ ու երկրի գյուղատնտեսության ինտենսիֆիկացիայով՝ առաջիկա տարիներում կլուծենք և սակավահողության հետ կապված մի շարք խնդիրներ։