Jump to content

Մի արտելի պատմություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԻ ԱՐՏԵԼԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ

Նոր Բայազետի «Սարգսյանի» անվան կաթնարտելը հիմնվել է 1926 թվի մայիսին։ Արտելին անդամագրվել են 40 հոգի, որոնք ունեն 130 կով և 153 ոչխար։ Փայավճարը եղել է մի կովից 3 ռ., իսկ մուտքը վճարը՝ 50 կոպ.։ Արտելի վարչությանը հաջողվել է լիովին գանձել փայավճարները։ Նոր Բայազետի գավգործկոմն արտելին աջակցելու նպատակով հատկացրել է նրան առանձին հողամաս, որից ամենից համեստ հաշվով արտելը ստացել է 200 ռուբլի եկամուտ: Չբավականանալով ստացած հողամասով՝ արտելը վարձակալությամբ վերցրել է մի ուրիշ հողամաս: Երկու հողամասից արտելի անդամները հավաքել են 3000 փութ խոտ և բաժանել անդամագրված տնտեսությունների մեջ՝ կովերի գլխի համեմատ, խոտի փութը հաշվելով 22 կոպեկ։

1926 թ. մայիսից մինչև սեպտեմբերի վերջն արտելը իր անդամներից ստացել է 3300 փութ կաթ, մասնավոր գնումներով ձեռք է բերել 400 փութ: Ստացած կաթը վերամշակման ենթարկելով՝ արտելը պատրաստել է 405 փութ թուշի և 21 փութ չեչիլ պանիր ու չմամլած յուղ՝ 36 փութ։ Ապրանքի մեծ մասը վաճառված է «Պանիր֊յուղ» կենտրոնին։

Չնայած այն հանգամանքին, որ կարճ ժամանակամիջոցում վերամշակման է ենթարկվել բավականաչափ կաթ (4200 փութ) և վաճառվել է շատ ձեռնտու գներով, այնուամենայնիվ, կաթնարտելը վնաս է արել։ Ծանոթանանք առ 1-ն մարտի 1927 թ. նրանց հաշվեկշռի հետ։

Արտելի պասսիվից երևում է, որ աշխատանքներն սկսելուց նրանց տրամադրության տակ է եղել 2500 ռ. վարկով ստացած գումար, որից 1500 ռ. կարճատև վարկ, 1000-ը՝ երկարատև։ Այդ գումարին ավելացրել են 450 ռուբլու չափ փայավճար և 3000 ռ. կանխիկով սկսել աշխատանք։

Հաջող ղեկավարության և աշխատանքը լավ հիմքերի վրա դնելու դեպքում այս կաթնարտելը ուներ բոլոր տվյալները ո՛չ միայն օգուտով փակելու հաշվեկշիռը, այլև ավելացնելու անդամների թիվը, հենց առաջին տարում վերադարձնելու ստացած վարկի մի մասը։

Սակայն այդպես չի եղել, արտելը «սպառել» է նույնիսկ հիմնական դրամագլուխը։ Այդ է ասում ելումուտքի տախտակը։ Կատարած ծախքերի գումարը հասնում է 4700 ռուբլու, որի մի խոշոր մասը՝ 1000 ռուբլին, աշխատավարձ և օրապահիկ է։ Միայն վարչությունն ստացել է 580 ռուբլու աշխատավարձ մի քանի ամսվա ընթացքում և այդ այն ժամանակ, երբ գործը նոր էր հիմնվում, երբ ունեցած դրամագլուխը միայն վարկով ստացածն էր։ Վարչությունը գանձել է 450 ռուբլու փայավճար և ստացել է 580 ռուբլու աշխատավարձ։ Հասկանալի է, թե ինչո՛ւ տարեվերջին հաշվեկշիռը փակել են մոտ 1300 ռուբլու վնասով։

«Գյուղատնտեսական կյանքի» հարցումին, թե ինչո՞ւ և ո՞ւմ թույլտվությամբ են այդպիսի գումար ծախսել, «Պանիր-յուղ» կենտրոնի վարչությունը պատասխանում է. «Համաձայն 1926 թ. կազմած և հաստատված նախահաշվի, «Սարգսյան» կաթնարտելի նախագահ Գորոյանը աշխատավարձ պետք է ստանար 7 ամսվա ընթարթում 35֊ական ռուբլի, ընդամենը 245 ռ., այնինչ 3 ու կես ամսվա գործունեության ընթացքում Գորոյանը ստացել է 580 ռուբլի։ Նույնպիսի վարձատրություն տեղի է ունեցել և մյուս ծառայողների վերաբերյալ։

Այնքան, որքան նախահաշիվը հաստատել «Պանիր-յուղ» կենտրոնը, նրան է վերապահված և ընդհանուր հսկողությունը։ Ի՞նչպես և ո՞ւմ կողմից է կատարվել այդ թերությունը, որի հետևանքով վարչության նախագահը մի քանի անգամ ավելի է աշխատավարձ ստանում։ Էլ ինչո՞ւ համար է նախահաշիվը։

Կաթնարտելն իր կաթը շատ թանկ է գնահատել։ Մայիս և հունիս ամիսներին կաթի փութը դնել են 1 ռ. 20 կոպ., հուլիս և օգոստոսին՝ 1 ռ. 50 կ., իսկ սեպտեմբերին՝ 2 ռ.։ Իզուր է կաթնարտելի վարչությունն աշխատում կաթի բարձր գինը բացատրել «Նոր Բայազետի ինքնուրույն (!) պայմաններով»։ Ոչ մի «ինքնուրույն» պայման չի կարող փրկել վարչությանն այն մեղադրանքից, որպիսին հարկավոր է դնել նրա վրա՝ արտելի ուղուց շեղվելու և համայնքի ընդհանուր գործին մասնավոր «դուքանի» տեղ դնելու համար։

«Պանիր֊յուղ» կենտրոնի վարչությունն ևս համաձայն է, որ կաթի գները թանկ են։ «Կաթի գները նշանակել է արտելի վարչությունը հակառակ մեր որոշման։ Վարչությունս հրահանգել էր արտելներին և «Սարգսյան» կաթնարտելին 1 փութ կաթի դիմաց անդամներին վարկավորել 1 ռուբլու սահմաններում»։

Այսպես լինելով հանդերձ, «Պանիր֊յուղ» կենտրոնը գնել է արտելի համարյա բոլոր պանիրը։ Ո՞վ է տուժել մեջտեղում. ո՛չ «Պանիր֊յուղը և ոչ էլ արտելի անդամը, այլ ինքը՝ արտելը։ Բայց շարունակենք։

Արտելի վարչությունը որոշում է ազնվացեղ ցուլեր ձեռք բերել։ Ցուլերը տեղափոխվելուց հետո սատկում են. մեկը՝ «դաբաղից», մյուսը՝ «ժանտախտից»։ Արտելը վնասվում է 1130 ռուբլու չափ։ Ո՞ւմ անփութությամբ է այս վնասը իջել կաթնարտելի գլխին։ Գավառներում ունենք ագրոնոմներ, անասնաբույժներ, «Պանիր֊յուղ» կենտրոնն ունի հրահանգիչ, և այդ բոլորից հետո դաբաղ հիվանդությունից սատկում է ցուլը: Հայտնե՞լ են արդյոք, որ չի կարելի տեղափոխել, սրսկվա՞ծ են եղել ցուլերը շիճուկով, վերջապես՝ ի՞նչ է արել «Պանիր֊յուղ» կենտրոնը պատասխանատվության կանչելու հանցավորներին։ Խմբագրությանս հարցումին` «Պանիր-յուղ» կենտրոնը միայն նկարագրում է դեպքը, որպես երևույթ և չեզոք անձ, որին, ասես, չի վերաբերում կատարվածը։ «Ինչպես երևում է Նոր Բայազետի «Սարգսյան» անվան կաթնարտելի անդամների ընդհանուր ժողովի տվյալներից, նրանց կողմից գնված երկու ցուլերը (սիմենտալ և շվից) Ստեփանավանից Նոր Բայազետ տեղափոխելիս օրական 35֊50 վերստ ճանապարհ են անցել, որ միանգամայն անթույլատրելի երևույթ է։ Այդ առթիվ Ղարաքիլիսայում՝ վարչությանս հրահանգիչը խորհուրդ է տվել ցուլեր տեղափոխող կաթնարտելի վարչության նախագահ Գորոյանին, որ ցուլերն այդպես տեղափոխել չի կարելի, բայց վերջինս հրահանգչի խորհուրդը չի կատարել»։

Մի հարց ևս։ Ո՞վքեր են արտելի անդամները, ո՞ր խավից են և ի՞նչպես են նայում արտելին։ Արտելին անդամագրված 40 տնտեսությունից 16֊ն ունի 37 կով, յուրաքանչյուրը՝ 2 կով։ Մնացած 100 կովը 24 տնտեսության է պատկանում, որից մի քանիսն ուներ 7 կամ 8 կով: Ի՞նչ է ստացվում։ Քիչ կով ունեցող անտեսությունները որոշ վարձով իրենց կովերը հանձնել են արտելի անդամ ուժեղ տնտեսություններին, որպեսզի նրանք խնամեն, սարում պահեն, կթեն և կաթը տան արտելին։ Մի ուրիշ փաստ․ այս անգամ «Պանիր֊յուղ» կենտրոնի տված տեղեկության համաձայն, «արտելի 5 կուլակ անդամները կարողացել են վարկ ստանալ 3505 ռուբ. 50 կոպ. այն ժամանակ, երբ չքավոր և կով կթող արտելի մի անդամ կինը, որին հասնում էր 65 ռուբլի, հազիվ կարողացել է իր վերջնական հաշիվը ստանալ 27 թ. հունվար ամսին»: Հիշյալ բոլոր բացերը «Պանիր֊յուղ» կենտրոնը վերագրում է արտելի վարչության «անփույթ վերաբերմունքին»։

Այս բացատրությունը բավարար համարվել չի կարող։ 5 տնտեսությունն ստացել են 700֊ական ռուբլի, իսկ աղքատ կինը ամիսներով մաշել է արտելի վարչության դռները։ Այս արտել չէ՛, այլ ունևոր տնտեսությունների «դուքան»։ Եվ «Պանիր֊յուղ» կենտրոնը չէ, որ անտարբեր հանդիսատեսը պիտի լինի և արձանագրի փաստը, առանց մտահոգվելու այդպիսի արտելները վերակազմելու, եղած թերությունները վերացնելու և հանցավորներին պատասխանատվության կանչելու։

Մեր տնտեսությունը ոչինչ չի կորցնի, եթե Նոր Բայազետի կաթնարտելի պես արտելը գոյություն չունենա։ Հարկավոր է խիստ հսկողություն ունենալ, որպեսզի այդպիսի բացերը վերանան։