Հայաստան հանրագիտարան/Ազգային անվտանգության մարմինները
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Ազգային անվտանգությունը (ԱԱ) պետության և հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված են անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութ. և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին ու արտաքին սպառնալիքներից։
ՀՀ ԱԱ-յան մարմինները հանրապետության անվտանգության միասնական համակարգի բաղկացուցիչ մասն են և իրենց իրավասության սահմաններում ապահովում են անձի, հասարակության ու պետության անվտանգությունը։ Կազմված են կենտրոնական և մարզային մարմիններից, սահմանապահ զորքերից, ուսումնական կենտրոններից, հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումներից։ ԱԱ-յան մարմինների գործունեությունն իրականացվում է հետախուզության, հակահետախուզության, ռազմ․ հակահետախուզության, պետ․ սահմանի պահպանության և հանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով։
ՀՀ անվտանգության նոր համակարգը ձևավորվել է անկախության հռչակումից (1991) հետո՝ Ադրբեջանի հետ խորացող հակամարտության և Թուրքիայի կոշտ քաղաքականության պայմաններում։ Երկրի ներքին անվտանգության ապահովման աշխատանքին զուգընթաց կատարվել են նաև արցախահայության և Ադրբեջանի հետ ՀՀ սահմանամերձ շրջանների բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման միջոցառումներ։
ՀՀ ԱԱ մարմինների, հասարակության և պետության համար լուրջ փորձություն էր 1999-ի հոկտ. 27-ին ՀՀ ԱԺ-ում Նաիրի Հունանյանի հանցախմբի կատարած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել են ԱԺ-ի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և ուր․ (տես Հավելված 1-3)։
«ՀՀ Կառավարության կառուցվածքի և կազմի մասին» ՀՀ օրենքով (1991) Պետ․ անվտանգության կոմիտեն (ՊԱԿ) վերանվանվել է ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության (ԱԱՊՎ)։ 1995-ին ՀՀ ԱԱՊՎ-ն վերակազմավորվել է ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ, նախարար՝ Սերժ Սարգսյան), 1996-ի նոյեմբ-ին ԱԱՆ-ն միավորվել է ՆԳՆ-ի հետ և կոչվել ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարություն (կառույցը շարունակել է ղեկավարել Ս. Սարգսյանը՝ մինչև 1999-ի նոյեմբ.)։ 1999-ի նոյեմբ-ին նախարարությունը տարանջատվել է՝ ՆԳՆ-ի և ԱԱՆ-ի (նախարար՝ Կառլոս Պետրոսյան՝ 1999-2004)։ Վերջինս 2002-ի դեկտ-ին վերակազմավորվել է ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ, պետ՝ գեն-գնդապետ Գորիկ Հակոբյան՝ 2004-ից)։
ՀՀ ԱԱԾ-ի կազմում են նաև սահմանապահ զորքերը, որոնք լուծում են ՀՀ պետական սահմանի պահպանության և ազգ․ անվտանգության ապահովման այլ խնդիրներ՝ սահմանակից պետությունների տարածքների և դրանց ռազմ․ ստորաբաժանումների հետ անմիջական շփման գծում։
ՀՀ սահմանապահ զորքերն ստեղծվել են 1992-ի փետր-ին՝ ՀՀ ՊՆ կազմում, իսկ 1993-ի սեպտ-ին տրվել են ՀՀ ԱԱՊՎ-ի ենթակայությանը։ [ 22 ] 1993-ի դեկտ-ին ՌԴ-ի հետ կնքվել է միջպետ․ պայմանագիր՝ «ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործառույթների իրագործման պայմանների մասին», որով հայ և ռուս սահմանապահները համատեղ իրականացնում են Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ 350 կմ երկարության սահմանի պաշտպանությունը։
ՀՀ սահմանապահների ներկայիս խնդիրներն են՝ ահաբեկչության, մաքսանենգության, ապօրինի միգրացիայի, մարդկանց առևտրի և այլ հանցագործությունների դեմ պայքարը։
ՀՀ սահմանապահները համագործակցում են ԱՊՀ երկրների սահմանապահների հետ տեղեկատվության փոխանակման, ռազմատեխ. և այլ ոլորտներում։
ՀՀ սահմանապահի օրը նշվում է ապրիլի 26-ին (1994-ի այդ օրն ընդունվել է «ՀՀ պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը կիրարկելու մասին» ՀՀ ԳԽ որոշումը)։
Հայաստանում ներքին և արտաքին անվտանգության ապահովման գործն սկզբնավորվել է դեռևս հնագույն ժամանակներից։ Պետության զարգացման տարբեր փուլերում անվտանգության միջոցառումների համակարգը վստահել են ինչպես արքունիքի առանձին պաշտոնյաների ու նրանց ենթականերին, այնպես էլ նախարար․ (գործակալություններ) տներին։
Երկրում պետականության կորստից հետո անվտանգության համակարգը վերացել է։ Հայաստանի առաջին հանրապետության (1918-20) տարիներին, ի թիվս պետ․ այլ կառույցների, ստեղծվել է նաև ռազմ․ նախարարություն, որի գլխ․ շտաբում գործել է հետախուզության բաժանմունք։ 1918-ի օգոստ. 8-ին գլխ․ շտաբի հակահետախուզության աշխատանքների ղեկավար է նշանակվել Արտեմի Հովհաննիսյանը (Հովհան Խան-Կոտորսկի կամ Ղոթուրի)։ 1919-ի սեպտ-ին բաժանմունքը ղեկավարել է Ալեքսանդր Շնուրը, 1919-ի հունվ-ից մինչև 1920-ի ապրիլը՝ Վահագն Մուրադյանը, 1920-ի ապրիլ-դեկտ.՝ Տիգրան Դևոյանը։
Հետախուզության բաժանմունքում գործել են նաև հետախուզության, հակահետախուզության, հանցագործության դեմ պայքարի, դիտարկման և գործակալների աշխատանքների ղեկավարման ստորաբաժանումներ։
Հայաստանի անվտանգության համակարգի զարգացման 2-րդ փուլն սկսվել է երկրում խորհրդ․ կարգերի հաստատումով (1920-ի դեկտ. 2), երբ համակարգն իր տեղ․ բնույթի մասնակի յուրահատկություններով դարձել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների մասը։ 1920-ի դեկտ-ին Հայաստանի Հեղկոմի դեկրետով ստեղծվել է Հանրապետության արտակարգ հանձնաժողով (ռուս. հապավումը՝ ՉԿ՝ չեկա)՝ 1917-ին ստեղծված Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի նմանությամբ, իսկ Կարմիր բանակում՝ հակահեղափոխական հանցագործությունների դեմ պայքարի հանձնաժողովին կից՝ Հատուկ բաժին (պետեր՝ Նիկոլայ Այվազով, Շավարշ Ամիրխանյան, Սերգեյ Մելիք-Օսիպով)։ 1926-ին Հայաստանի անվտանգության համակարգը վերակազմավորվել է Պետական քաղաքական վարչության (ՊՔՎ), որն զբաղվել է միայն պետական անվտանգությանը վերաբերող հարցերով և ենթարկվել է 1924-ին ստեղծված ԽՍՀՄ Միացյալ պետքաղվարչությանը։ ՀԽՍՀ ՊՔՎ-ն ղեկավարել են Սեդրակ Մարգարյանը, Հայկ Պետրոսյանը, Սեդրակ Օթյանը, Ս. Մելիք-Օսիպովը, որոնք 1937-38-ին դարձել են ստալինյան բռնաճնշումների զոհ։ 1934-41-ին անվտանգության մարմինները գործել են ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԳԺԿ) կազմում։ 1941-ի փետր-ին ՆԳԺԿ-ից անջատվել է Պետանվտանգության ժողկոմատը, 1946-53-ին՝ պետանվտանգության նախարարություն (ՊԱՆ)։
Հայրեն. մեծ պատերազմի (1941-45) տարիներին և 1952-54-ին Հայաստանի պետանվտանգության մարմինների աշխատանքները ղեկավարել է Գեորգի Մարտիրոսովը, 1945-47-ին՝ Նիկիտա Քրիմյանը, 1947-52-ին՝ Սերգեյ Կորխմազյանը։
Ստալինյան բռնապետության շրջանում պետանվտանգության մարմինների գործունեության մեջ տեղ են գտել բազմաթիվ խեղաթյուրումներ։ Նրանք վերածվել են Երկրի ղեկավարության պատժիչ քաղաքականությունն իրականացնող գործիքի և դարձել տասնյակհազարավոր մարդկանց աքսորի ու կործանման պատճառ։
1953-54-ին ՊԱՆ-ը դարձյալ միավորվել է ՆԳՆ-ի հետ, իսկ 1954-ին առանձնացվել է որպես ՀԽՍՀ պետանվտանգության կոմիտե։